Արևմտահայ գրականություն, թվային գրադարան
Վահան Թեքեյան
Թեքեյան Վահան Միհրանի` հայ ժողովրդական բանաստեղծ։
Նա եղեռնից պատահաբար փրկված հայ այն լավագույն ստեղծագործողն է, որը բարձր պահեց ապագայի հավատը և իր ստեղծագործություններում արծարծեց կենսուրախության ու հերոսության գաղափարները։
Ծնվել է 1878 թ հունվարի 21-ին Կ.Պոլսի Օրթագյուղ թաղամասում։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, եղել Ներսիսյան, Պերպերյան, Կեդրոնական վարժարանի սանը։
Վախճանվել է Կահիրեում 1945 թ ապրիլի 4–ին։ Թեքեյանի աճյունը հանգչում է Կահիրեի հայկական գերեզմանատանը։
Թեքեյանի լիրիկական պոեզիան սիմվոլիզմի և ռոմանտիզմի յուրoրինակ համատեղություն է։
Համիդյան բռնակալության անկումից հետո Թեքեյանը «Շիրակը» տեղափոխում է Կ.Պոլիս, հաստատվում այստեղ, մասնակցում ազգային-հասարակական կյանքին։ 1914 թվականին Թեքեյանը կրկին Եգիպտոսում էր, մի բարեբախտության, որը նրան հնարավորություն տվեց փրկվելու արյունահեղ կոտորածից։ Սակայն գրական-մանկավարժական կյանքը, ծննդավայրում անցկացնելու ձգտումը դարձյալ հանգիստ չի տալիս նրան, և վերադառնալով Պոլիս, սկսում է խմբագրել «Ժողովուրդի ձայն» օրաթերթը, ապա վարում Կեդրոնական վարժարանի տնօրենի պաշտոնը։
1901 թ. Փարիզում հրատարակվում է Թեքեյանի բանաստեղծությունների առաջին հավաքածուն՝ «Հոգեր»։ Այնուհետև, նա հրատարակել է «Հրաշալի յարութիւն» (1914), «Կէս գիշերէն մինչեւ արշալոյս» (1919), «Սէր» (1933), «Հայերգութիւն» (1943) և «Տաղարան» (1944) հավաքածուները։
Զարեհ Խրախունի
Զարեհ Ստեփանի Խրախունի (Ճյումպյուշյան Արթո)
Ծնվել է 1926թ, հոկտեմբերի 16-ին, Կոստանդնուպոլսում:
Խրախունու պոեզիան հատկանշվում է փիլիսոփայական ենթատեքստով, բանաստեղծական ավանդույթների յուրովի օգտագործումով։ Հեղինակ է բանաստեղծությունների ժողովածուների, արվեստաբանական ու գրականագիտական ուսումնասիրությունների։
Սովորել է Գաբամաճյան վարժարանում, 1945 թվականին ավարտել է Վիեննայի Մխիթարյանների վարժարանը,1951 թվականին` Կ. Պոլսի համալսարանը։
1952-1958 թթ. պաշտոնավարել է Էսայան վարժարանում՝ դասավանդելով փիլիսոփայություն, տրամաբանություն, հոգեբանություն և հայերեն։
Գրել է բազմաթիվ բանաստեղծական ժողովածուներ, հոդվածներ, ուսումնասիրություններ, գրախոսականներ, խմբագրականներ, կատարել թարգմանություններ՝ հատկապես ֆրանսիական արդի գրականությունից։
Հրատարակել է «Լուսնապարտեզ», 1968 «Տոնակարգ», 1973 «Ձբոսապտոյտ», 1978 «Ամպ ու ավազ ափերուս», 1982, թրգմ. Ֆրանսերեն, 1988 «Ստուեր և արձագանք», 1988, Ես և ուրիշներ, Ե., 1982, Ազատերգություն, Ե., 1993, Քար Հայաստանի, էջմիածին, 1997:
Գրիգոր Զոհրապ
Գրիգոր Զոհրապը հայ նշանավոր գրող, քաղաքագետ, փաստաբան և բարեգործ։ Ծնվել է 1861թ-ի հունիսի 26-ին, Կ.Պոլսի Պեշիկթաշ թաղամասում:
1880 թվականին աշխատանքի է անցնում խորթ հոր իրավաբանական գրասենյակում, իբրև գրագիր և միաժամանակ սկսում է հաճախել Կալաթասարայի իրավագիտության բաժինը։ Սակայն շուտով վարժարանը, որն ուներ 45 հայ, 2 իսլամ, 2 հրեա և 3 հույն ուսանող, փակվում է իսլամ աշակերտներ չունենալու պատճառով։
1881 թվականին բացվում է «Հուգուգի» վարժարանը։ Մեկ տարի անց Զոհրապը տեղափոխվում է «Հուգուգ», որտեղ երկու տարի սովորելուց հետո հեռանում է՝ վկայական չստանալով։ 1884թվականին Էդիրնե քաղաքում քննություն է հանձնում և ստանում փաստաբան-իրավաբանի վկայական։
Նախնական կրթությունը ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում։ Ապա՝ Թարգմանչաց վարժարանում: 1876 թ.-ին Զոհրապն ընդունվում է Թուրքիայի միակ բարձրագույն հաստատությունը՝ Կալաթասարայի վարժարանը:
Գրել է Անհետացած սերունդ մը (1885-86, վեպ), Խղճմտանքի ձայներ (1909, նովելների ժողովածու)Փոստալ, Թեֆարիկ,Այրին, Կյանքը ինչպես որ է (1911, նովելների ժողովածու) Ճիտին պարտքը, Այինկա, Երջանիկ մահը, Լուռ ցավեր (1911, նովելների ժողովածու), Զաբուղոն, Առջի սեր առջի բարի, Ռեհան, Զմարաղտա:
Մահացել է 1915թ,Մեծ Եղեռնի զոհ է:
Դանիել Վարուժան
Դանիել Վարուժան (Դանիել Չպուգքյարյան), 20-րդ դարի արևմտահայ բանաստեղծ։ Ծնվել է 1884 թվականին, Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։ Նա մեծացել է գեղեցիկ բնության մեջ, իրենց գյուղի գետեզերքներին թախծող ուռիների օրորի տակ։ Վարուժանը գրել է «Սարսուռներ» 1906, «Ցեղին սիրտը» 1909, «Հեթանոս երգեր» 1912, «Հացին երգը» 1921, Տրտունջք, Սեբաստիա 1911, Երկեր, Ե., 1946, Հեթանոս երգեր, Երուսաղեմ, 1953, Բանաստեղծություններ, Ե., 1955, Երկեր, Ե., 1969, Երկեր, Ե., 1984, Նամականի, Ե., 1965, Poemes, Beyrouth, 1972.գրքերը:
1915 թվականն էր։ Վարուժանը շարունակում էր լրացնել գյուղի չքնաղ երգերի՝ «Հացին երգի» շարքը, պատրաստվում էր գրել «Հայկական հոմերագիրք» ժողովածուն, ուր պետք է տեղավորեր հին հայկական առասպելների ու ավանդությունների մշակումները, երազում էր ամբողջովին մշակել «Սասնա ծռեր» ժողովրդական էպոսը։
Բայց վրա հասավ արյունալի աղետը։ Արտերը ներկվում էին արյունով։ Բանաստեղծի խոսքերով ասած կյանքը մորթվում էր արտերի մեջ, միտքը՝ գանգի մեջ։ Այս ողբերգական օրերի զոհերից մեկը եղավ Վարուժանը։ Թուրք մարդասպանները աքսորի ճանապարհին, Չանղըրի քաղաքի մոտ մի ձորում հոշոտեցին 31-ամյա բանաստեղծին։
Զահրատ
Զահրատ (Զարեհ Յալտըզճյան, 1924, մայիսի 10, Կ. Պոլիս - 2007, փետրվարի 20, Կ. Պոլիս), հայ բանաստեղծ, արձակագիր:
Ավարտել է Կ. Պոլսի Մխիթարյան վարժարանը (1942):
Աշխատակցել է սփյուռքի և հայաստանյան թերթերին, հանդեսներին, տարեգրքերին («Ժամանակ», «Մարմարա», «Սան», «Հանդէս մշակոյթի», «Երջանիկի տարեգիրք», «Շողակաթ», «Քուլիս», «Սուրբ Փրկիչ», «Նոր Դար», «Բազմավէպ», «Գարուն» (Երևան), «Անդաստան» (Փարիզ), «Ահեկան» (Բեյրութ), «Շիրակ» (Բեյրութ), «Միութիւն» (Դետրոյդ), «Հայ ընտանիք» (Վենետիկ) և այլն):
Առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1943-ին, «Ժամանակ» օրաթերթում: Հաջորդաբար լույս է ընծայել «Մեծ քաղաք»-ը (1960, Ստամբուլ, 1978, Երևան, Ալեքսանդր Թոփչյանի աշխատասիրությամբ), «Գունավոր սահմաններ» (1968, Ստամբուլ), «Բարի երկինք» (1971, Ստամբուլ), «Բանաստեղծություններ» (1971, Փարիզ-Բեյրութ), «Կանաչ հող» (1976, Փարիզ), «Մեկ քարով, երկու գարուն» (Ստամբուլ, 1989, Բեյրութ, 1997), «Ծուռ նստինք, Կիկօ խոսինք» (Ստամբուլ, 1994), «Մաղ մը ջուր» (Ստամբուլ, 1995), «Առանց խաչի առանց քարի խաչքար» (Երևան, 1998), «Զահրատ 75 տարեկան» (Ստամբուլ, 1998), «Ծայրը ծայրին» (Ստամբուլ, 2001), «Ջուրը պատեն վեր» (Ստամբուլ, 2004), «Բառերուն տակին քերթվածը» (Երևան, 2004), «Բառ բառի քով» (Երևան, 2007) ժողովածուները:
Նրա բանաստեղծությունները թարգմանվել են 27 լեզուներով (թուրքերեն, հունարեն, ֆրանսերեն, արաբերեն, անգլերեն, իտալերեն, գերմաներեն, լեհերեն, պարսկերեն, ռուսերեն, իսպաներեն և այլն): Արժանացել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի սրբատառ կոնդակին և «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» շքանշանին:
Վազգեն Շուշանյան
Վազգէն Շուշանեան` տղայ մը, որ սիրտ ունի:
Վազգեն (Օննիկ) Գրիգորի Շուշանյան (1903, փետրվարի 9, Ռոդոսթո, Արևելյան Թրակիա – 1941, հունիսի 2, Փարիզ), ֆրանսահայ արձակագիր:
Նախնական կրթությունն ստացել է Ռոտոսթոյի Սուրբ Խաչի Հիսուսյան և Սուրբ թագավոր թաղի Հովհանյան նախակրթարանում (1906-11):
1915-ին Շուշանյանների ընտանիքը աքսորվում է Մերձավոր Արևելքի անապատները, և պատանի Վազգենը կորցնում է հարազատներին, որոնք բոլորն էլ զոհ են գնում թուրքական յաթաղանին:
1919-ին որբացած Շուշանյանն ընդունվում է Արմաշի երկրագործական վարժարանը և այդ վարժարանի կազմի հետ էլ տեղափոխվում է Կ. Պոլիս, ապա Հայաստան, որտեղ մնում է մոտ մեկ տարի և կրկին վերադառնում ետ: Սկսվում է թափառական կյանքը Կ. Պոլսից մինչև Նյու Յորք, Նյու Յորքից ետ` Իզմիր, կրկին Կ. Պոլիս և, վերջապես, 1922-ի նոյեմբերի 30-ին` Փարիզ: Փարիզում ունենում է անհանգիստ կյանք, պայքարում ապրուստի համար: Բանվորություն է անում Ռընոյի գործարանում և Մոնրուժի մետաղագործարանում, սովորում` երկրագործություն և կաթնային արդյունաբերություն, հետագայում` Սորբոնի համալսարանում:
Մահացել է ֆրանսիական մի հիվանդանոցում, միայնակ ու լքված:
Շուշանյանի ստեղծագործության հիմնական թեման սփյուռքն է, սփյուռքահայի դժվարին ու հակասական կյանքը, պայքարն ուծացման վտանգի դեմ: Լույս են տեսել Շուշանյանի «Գարնանային» (1927), «Օրերը գեղեցիկ չեն» (1929), «Մթին պատանութիւն» (1956), «Ճերմակ Վարսենիկ» (1960) վեպերը, «Մահուան առագաստը» (1959) պատմվածքների ու վիպակների ժողովածուն: 1960-ականների Շուշանյանի արխիվը բերվել է Հայաստան, որից հետո Երևանում տպագրվել են նրա մի շարք ստեղծագործություններ ևս («Երկիր հիշատակաց», 1966, Երկու վիպակ, 1983, Ներքին դաշտանկար, 1995, Օրագիր, 1999, Քրոնիկոն քնարական, 2000, Խառնիխուռն, 2001):
Շահան Շահնուր
Շահան Շահնուր կամ Արմեն Լյուբեն (իսկական անունը՝ Շահնուր Քերեսթեճյան, 1903 օգոստոսի 3, Կ.Պոլիս– 1973Օգոստոսի 20, Փարիզ), հայ գրող, սփյուռքահայ գրականության հիմնադիրներից է։ Ծնվել է Պոլսի Սկյուտար թաղամասում։ 1916-ին կիսատ թողնելով ուսման ընթացքը թաղի Սեմերճյան վարժարանում (շենքը թրքական հիվանդանոց էին դարձրել), մտնում է Պոլսի հայտնի Պերպերյան վարժարանը, որն ավարտում է 1921-ին՝ «պսակավոր ի դպրություն» տիտղոսով։
1922-ին քեմալականներից ահաբեկված Պոլսից փախչողների թվում էր նաև Շահնուրը, որը ապաստան է գտնում Փարիզում։
1929-ին սկզբում մամուլում, ապա նաև առանձին գրքով լույս տեսած «Նահանջը առանց երգի» վեպը մեծ ճանաչում է բերում Շահնուրին։ Ապա լույս է տեսնում երկրորդ գիրքը՝ «Հարալեզներուն դավաճանությունը» պատմվածքների ժողովածուն`1933-ին։
1930-ական թվականների վերջում Շահնուրը փորձում է գրել ֆրանսերեն և մեծ հաջողություններ է ունենում։ Այդ իսկ ժամանակից ծանր հիվանդությունը երկար տարիներ նրան գամում է անկողնուն, և գրողի հետագա գրեթե ողջ կյանքը անցնում է բուժարաններում ու առողջարաններում։
1940-60-ականներին լույս են տեսնում նրա ֆրանսերեն արձակ ու չափածո գրքերը, («Պրպտումներ անտեղին — 1942, «Գաղտագողի անցորդը»— 1946, «Գիշերային փոխադրություն» — 1955, «Սրբազան համբերություն» — 1951, «Բարձր դարավանդներ»— 1957, Հուր ընդ հրո» — 1964, 1968), որոնցից մի քանիսը արժանանում են գրական բարձր մրցանակների։
1958-ին՝ «Թերթիս կիրակնօրյա թիվը» գրքում հավաքվում են Շահնուրի հայերեն գրությունները, որ ցրված էին մամուլի էջերում։
1960-ականներից Շահնուրը կրկին անցնում է հայերենին՝ գրելով մի շարք գեղարվեստական, հուշագրական ու գրադատական գործեր, որոնք լույս են տեսնում մամուլում, ինչպես նաև առանձին ժողովածուներով («Զույգ մը կարմիր տետրակներ»— 1967, «Վաղը և Ազատն Կոմիտաս»— 1970, «Բաց տոմար»— 1971, «Կրակը կողքիս»— 1973)։ 1962-ին Երևանում հրատարակվում է նրա «Երկերը» մեկ գրքով։
Համաստեղ
Բանաստեղծ, արձակագիր, թատերերգու Համաստեղը` Համբարձում Կելենյանը (գրական անունը կազմված է իր և երկու եղբայրների` Աստուրի և Եղիայի անունների սկզբնատառերից` Համ-Աստ-Եղ), ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգի Փերճենչ գյուղում:
… Ճակատագրական էր 1913-ին Համաստեղի Ամերիկա մեկնելը, ուր նրան իր մոտ է կանչում հայրը: Համաստեղը թեև ֆիզիկապես զոհ չգնաց Եղեռնին, սակայն հոգեպես անկման ծանր պահեր ունեցավ, փոթորկվեց հոգին, մղկտաց սիրտը ավերակված հայրենի գյուղի կարոտից, ուր թողել էր իր մանկությունն ու երազանքները մաքուր, իր պատանության բոլոր պայծառ գույները:
«… Ու ես պիտի երգեմ երգը եզին, արորին, խոփին, երգը հպարտ գոմեշին, ցորյաններով լեցուն սայլին, այգիի ճամբուն, խաղողի բեռան տակ իր ականջները թույլ ձգող էշին: Պիտի երգեմ երգը հնձվորին, կալին, հունձքին, մանգաղին: Պիտի երգեմ արևին տակ խլրտացող երգը սերմին, երգը կամուրջին, առվին, ջրտուքին, երգը հողե տուներու…», - 1929թ. Փարիզում լույս տեսած իր «Անձրև» ժողովածուի «Զրույց շունը մը հետ» պատմվածքում գրում է կարոտաբաղձ գրողը:
Հայ արձակի նվաճումներից են Համաստեղի «Գյուղը» (1924) և «Անձրև» (1929) պատմվածքների ժողովածուները, որոնց հատուկ են հոգեբանական ռեալիզմը, փիլիսոփայական խոր ընդհանրացումները։ Լույս են տեսել Համաստեղի «Սպիտակ ձիավորը» (հ. 1-2, 1952) վեպը, «Քաջն Նազար և 13 պատմվածքներ» (1955), «Աղոթարան» (1957), «Այծետոմար» (1960), «Առաջին սերը» (1966) ժողովածուները։ Ինքնատիպ ոճով ու աշխարհայեցողությամբ Համաստեղն իր ուրույն տեղն ունի հայ գրականության մեջ։
… 1966թ. նոյեմբերի 27-ին, Կալիֆորնիայում, իր 70-ամյա հոբելյանական հանդեսի օրը ամբիոնի մոտ կաթվածից մահացավ Համաստեղը:
Հակոբ Մնձուրի
Հակոբ Մնձուրի (Տեմիրճյան) (1886-1978)
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Երզնկայի գավառի Փոքր Արմտան գյուղում։ Նախնական կրթությունը ստանում է գյուղում։ 1897-ին Պոլսում փռապան աշխատող հայրը տղային տանում է իր մոտ և ուղարկում Ղալաթիա թաղամասի նախակրթարան, ապա Ռոբերտ քոլեջ։ 1905-ին թողնում է քոլեջը, օգնում է հորը, միաժամանակ զբաղվելով ինքնակրթությամբ, ծանոթանում է հայ, եվրոպական և ռուս նշանավոր գրողների ստեղծագործություններին։
1907-ի ամռանը վերադառնում է հայրենի գյուղ։ Ուսուցչություն է անում, զբաղվում է գյուղատնտեսական աշխատանքներով, սկսում է գրական փորձերը։
1914-ի օգոստոսին նշագեղձերը հեռացնելու նպատակով մեկնում է Պոլիս։ Սկսվում է պատերազմը, ճանապարհները փակվում են, և նա մնում է Պոլսում։ Մեծ եղեռնին զոհ են գնում Մնձուրու հարազատները, ողջ գյուղը։
Փռի աշխատող Մնձուրին դառնում է հացագործ զինվոր։
Պատերազմի ավարտից հետո սկսվում է երկրորդ կյանքը։ Հազար ու մի աշխատանքով վաստակում է օրվա հացը, կազմում նոր ընտանիք։ Հետագա ողջ կյանքը անցնում է Պոլսում։
Առաջին գրվածքը՝ «Հարս և կեսուր» վերնագրով պատմվածքը տպագրվում է «Մասիս»-ում 1906-ին։ Պատերազմից առաջ ստորագրում է Հակոբ Փափազյան, ապա` Հակոբ Տեմիրճյան, իսկ պատերազմից հետո՝ Հակոբ Մնձուրի։ Ստեղծագործական բեղուն շրջանը սկսվում է 1923-ից հետո։
1931 թ. առանձին գրքույկով լույս է տեսնում նրա «Երկրորդ ամուսնություն» վիպակը։
Մնձուրու պատմվածքների առաջին հավաքածուն՝ «Կապույտ լույս» խորագրով Եսայան տանուց միության կողմից հրատարակվում է 1958 թ.։ 1966-ին լույս է տեսնում երկրորդ ժողովածուն՝ «Արմտանը»։ 1974 թ. «Մարմարա» մատենաշարով լույս է տեսնում «Կռունկ, ուստի՞ կուգաս» ժողովածուն, իբրև Մնձուրու ամբողջական երկերի առաջին հատոր։ Մնձուրու ստեղծագործության մեծ մասը մնում է մամուլի էջերում։
1965 թ. Երևանում լույս է տեսել Մնձուրու պատմվածքների ժողովածուն՝ «Կապույտ լույս» խորագրով։
Զարեհ Որբունի
Զարեհ Որբունի (Էոքսյուզյան) (1902—1981)
Ծնվել է Սև ծովի ափին գտնվող Օրդու քաղաքում։ Սովորել է ծննդավայրի Մովսիսյան վարժարանում մինչև 1915-ը։ Հայրը սպանվել է մեծ եղեռնի ժամանակ։ Մայրը երեխաներին փախցրել է Ռուսաստան։ 1919-ին Սևաստոպոլից նրանց ընտանիքը տեղափոխվել է Պոլիս։ Մինչև 1922-ը սովորել է Պերպերյան վարժարանում, 1922-ին փախել է Ֆրանսիա։
Օրվա ապրուստը հայթայթելով այլազան աշխատանքներով, Որբունին 20-ական թվականներից եռանդուն մասնակցություն է բերում ֆրանսահայ գրական–մշակութային կյանքին։ Պետրոս Զարոյանի հետ կարճ ընթացքում հրատարակում է «Նոր հավատք» հանդեսը, «Լուսաբաց» ամսաթերթը, աշխատակցում է սփյուռքի առաջադիմական մամուլին, և հատկապես ֆրանսահայ հանդեսներին ու թերթերին («Նավասարդ», «Նոր գիր», «Մշակույթ», «Կյանք և արվեստ», «Մենք», «Անդաստան» և այլն)։
Գրական փորձերն սկսել է աշակերտական տարիներից։ Պերպերյանում սովորելու տարիներին առաջին անգամ Պոլսի «Ժողովրդի ձայն» թերթում Թեքեյանը հրատարակել է նրա «Գարուն» բանաստեղծությունը։ «Հալածվածները» խորագրով չորս հատորով ծրագրված վեպի առաջին հատորը «Փորձը» վերնագրով լույս է ընծայել 1929 թվականին։ Հետագայում լույս տեսան նաև մյուս երեք հատորները («Թեկնածուն»— 1967, «Տարօրինակ օր մը», «Ասֆալտը»— 1972)։
Որբունին հրատարակել է նաև պատմվածքների ժողովածուներ՝ «Վարձու սենյակ» (1939), «Անձրևոտ օրեր» (1958), «Պատմվածքներ» (1966)։ Առանձին գրքով, 1947 թ. լույս է ընծայել «Դեպի երկիր» հայրենական հուշերի գիրքը, 1964 թ. «Եվ եղև մարդ» վեպը։
Որպես Սովետական Հայաստանի բարեկամ այցելել է հայրենիք, հրավերով մասնակցել սովետահայ գրողների երկրորդ համագումարին։ 1967 թ. Երևանում լույս է տեսել նրա երկերի ժողովածուն՝ «Եվ եղև մարդ» խորագրով:
Սիամանթո
Սիամանթոն հայ պոեզիայի ամենաինքնատիպ դեմքերից է։
Սիամանթո (Ատոմ Հովհաննեսի Յարճանյան) , արևմտահայ հայտնի բանաստեղծ։ Սիամանթոն ծնվել է 1878 թ. օգոստոսի 15-ին Արևմտյան Հայաստանի Ակն քաղաքում: 1891 թ. հոր հետ տեղափոխվել է Կ․ Պոլիս, կրթություն ստացել նախ Գում-Գափուի Միրիճանյան դպրոցում, այնուհետև՝ Սկյուտարի Պերպերյան վարժարանում: Սիամանթոյի աոաջին բանաստեղծությունը՝ «Աքսորված խաղաղություն»-ը (ավելի ուշ՝ «Մահվան տեսիլք»), որ հայտնի է եղել նաև «Կոտորած» վերնագրով, լույս է տեսել 1898 թ. «Վաղվան ձայնը» (Մանչեստր) թերթում։ Հաջորդ գործերը տպագրվել են «Անահիտ» (Փարիզ), «Բանբեր» (Պետերբուրգ), «Հայրենիք» (Բոստոն), և այլ պարբերականներում։ Դրանք հայկական ջարդերից տպավորված բանաստեղծական արձագանքներ էին, որ արդեն նախանշում էին Սիամանթոյիի ստեղծագործության ուղղությունը։
1902 թ. տպագրվեց նրա «Դյուցազնորեն» ժողովածուն, որը միանգամից հաստատեց գաղափարի բանաստեղծի հայտնությունը:
«Հայորդիներ» (1905, 1906, 1908) բանաստեղծական երեք շարքերում Սիամանթոյի գեղարվեստական մտածողությունը միստիկական խորհրդապաշտությունից անցել է իրական աշխարհի պատկերներին: Այդ տրամադրությունների արտահայտությունն է «Հոգեվարքի և հույսի ջահեր » (1907) քնարական մատյանը:Ցավագին ու հակասական մտորումները միմյանց են հաջորդում, վերհուշները թրծվում են հայրենի եզերքի կարոտով («Արցունքներս», «Հայրենի աղբյուր», «Ափ մը մոխիր, հայրենի տուն...»), հույսերը խամրում են կորսված երազների մշուշում, բանականությունը մթագնում է չարագուշակ տեսիլների հալածանքով («Չարչարանքի երազ», «Հոգեվարքի իրիկուն», «Մահվան տեսիլք», Անդրշիրիմյան աղաղակ»), և բանաստեղծը ձեռք է մեկնում իր հոգու մտերիմներին՝ վերստին գտնելու պայքարի ու գաղափարի երգը («Ձեռքերդ ինձ երկարե», «Ես երգելով կուզեմ մեռնիլ», «Ասպետի երգը», «Հույսին հա¬ մար»)։ Կ. Պոլսում Սիամանթոն ստեղծել է իր «Կարմիր լուրեր բարեկամես» (1909) շարքը:
Սիամանթոն արձագանքել է «հեթանոսական շարժմանը» («Նավասարդյան աղոթք առ դիցուհին Անահիտ»), գրել առանձին բանաստեղծություններ «Կամքի իրիկուններ» ծրագրված շարքից, որոնց մեջ փառաբանել է հայոց անցյալի հոգևոր մեծությունը, իմաստավորել կամքի, ստեղծման ու մաքառման խորհուրդը («Խոսքեր անծանոթ անցորդին», 1911, «Թող զորությունը ձեզ խոսի», 1911)։
Հայ գրերի գյուտի համազգային տոնի օրերին բանաստեղծը գրել է «Սուրբ Մեսրոպ» (1912) պոեմը, որը հերոսական հիմն է հայոց այբուբենն ստեղծողին։ 1915թ դարձել է Մեծ եղեռնի զոհերից մեկը:
« Գրական Ժամ » © 2022 grakanjam.wixsite.com/armenia
բոլոր իրավունքները պաշտպանված են