top of page

Վահան  Թեքեյան

         

Ես սիրեցի…

 

Ես սիրեցի

Ես սիրեցի, բայց ոչ ոք

Սիրածներես գիտցավ թե՝

Զինքը որքա՜ն սիրեցի...

Ո՞վ կարդալ սիրտը գիտե։

Ամենեն մեծ հրճվանքիս,

Ամենեն սուր վշտերուս

Ներշնչողները, ավա՜ղ,

Զիս չեն ճանչնար այս պահուս։

Սերս կարծես այն գետն էր,

Որ իր հոսանքը անբավ

Առավ լեռան ձյուներեն

Ու լեռը զայն չտեսավ։

Սերս այն դուռն էր կարծես,

Ուրկե ոչ ոք մտավ ներս.

Ծաղիկներով ծածկըված՝

Գաղտնի պարտեզ մըն էր սերս։

Ու եթե սերս ոմանք

Երկքնին վրա՝ անսահմա՜ն

Տեսան ծուխի մը նման,

Կրակն անոր չտեսան...

Ես սիրեցի, բայց ոչ ոք

Սիրածներես գիտցավ թե՝

Զինքը որքա՜ն սիրեցի,

Ո՞վ կարդալ սիրտը գիտե...

 

 

Անունդ


Ինչո՞ւ անունըդ այստեղ չըկարենա՜մ գրել ես
Եվ աշխարհի չհայտնեմ, թե քեզ ինչպես սիրեցի...

Երկու վանկերը անոր կզրուցեմ գաղտնապես, 
Եվ այն ամբողջ կթըվի սիրո մատյան մը ինձի...
Ինչո՞ւ անունըդ այստեղ չըկարենամ գրել ես...։
     
Հիմա, հեռու իրարմե՝ միայն անունըդ ունիմ
Բերնիս վրա, համբույրի մը պես աննյութ և անուշ...
Գիշեր ատեն, սենեկիս մենության մեջ մտերիմ, 
Ես զայն կըսեմ և ահա քեզ կտեսնեմ քաղցրահուշ...
Հիմա, հեռու իրարմե՝ միայն անունըդ ունիմ...։
     
Գեղեցկությունդ ու իմ սերս հորինեցին զայն կարծես...
Սիրտս իր անդուլ տրոփմամբ անընդհատ զայն կհեգե՝
Թէպետ վաղուց մտքիս մեջ քեզ ամբողջ գոց գիտեմ ես...
Քեզ չըճանչցած ունեի՞ր դուն այդ անունը միթե...
Գեղեցկությունդ ու իմ սերս հորինեցին զայն կարծես...
     
Ո’չ, չեմ ուզեր, չեմ կրնա՜ր ես զայն հանձնել աշխարհի.
Երկու վանկովն իր կուզեմ խնկել իմ կյանքս միայն, 
Եվ երբ վերջին արևիս վերջին ճաճանչը մարի՝
Անունդ ի շուրթ դեռ կուզեմ ողջունել այգը մահվան.
 Ո’չ, չեմ ուզեր, չեմ կրնա՜ր ես զայն հանձնել աշխարհի...

 

 

Իմ վերջին սերս…

 

Իմ վերջին սերս, օ՜հ, այնքան առաջինին դեռ նման,
Սիրտս դեռ տաք է քեզմով ու կտանիմ քեզ հիմա
Զգուշաքյլ, երկյուղած՝ մոխրի մը պես սրբազան
Ուրկե փյունիկ մը հառնել ու դեռ տանջել զիս կրնա...

Իմ վերջին սերս, օ՜հ, թռչո՛ւն չորս օր ապրած, չորս գիշեր,
Իմ և անոր աչքերուն, շարժումներուն ալ միջև,
Եվ մատնված տանջանքի, երբ դեռ հազիվ կբխեր
Երգին աղբյուրը կուրծքեն, հազի՜վ բացած էր ան թև․․․

Ի՜նչպես անուշ եղար դուն և ան ի՜նչպես կրցավ քեզ
Խոցել բառով մը միակ, երբ մոտեցր քիչ մ'իրեն,
Ինք որ տեսած էր զքեզ, քեզի ժպտած հեռուեն...
Եվ դուն ի՜նչպես, վերջին սեր, եղար խոնարհ, եղար հեզ,
Ի՜նչպես անձայն, անպաշտպան ծռեցիր վիզդ ու ինկար,
Ի՜նչպես մնաց սրտիս մեջ քու մահու ճիչդ երկար...

 

 

Աղվորները
      
Աղվորն ա՜ն է հավիտյան, որ անցավ օր մը քովեդ
Եվ աչվընե՛րըդ օծեց, ― աստվածային այցելո՛ւ, ―
Գեղեցկությամբ մը, որուն ա՛լ չդարձար նայելու, 
Եվ չուզեցիր հանդիպել անոր անգամ մըն ալ գեթ...
     
Աղվորն ան է տակավին, ― հավիտյանե հավիտյան, ―
Որ նայվածքիդ արևին տակ կմեծնար համրորեն, 
Որ զերթ ծաղիկ մ՚օրորվող գարնան անուշ հովերեն, 
Երբ մեկնեցար՝ մտքիս մեջ մնաց միշտ թարմ, մի՜շտ
բուրյան...
     
Եվ աղվո՛րը, ― դուն գիտե՜ս օրհնյալ անունը անոր, ―
Անիկա՛ է, որ կարծես պիտի կրնար քեզ սիրել, 
Որ սերդ անշուշտ գուշակեց ու սպակեց ակընկոր, 
Որուն սակայն լավ է, որ չուզեցիր սիրտը խռովել...
Աղվորն անոնք են միայն, որ տենչանքիդ ընդմիջեն
Անցան, գացի՜ն ու հիմա քեզ հեռուեն կկանչեն...։

 

 

Այս ծաղիկներն...
     
Այս ծաղիկներն ալ գարնան, 
Տենչանքներուս այս նման, 
Պիտի խամրին ու իյնան...
     
Այգաբացին ջինջ ու զով, 
Վարդերն ինչպես սարսռալով
Կը մերկանան միմյանց քով, 
     
Այնպես իղձերըս վերջին
Կը խըլրտին, կը բացվին, 
Կու տան իրենց խունկ հոգին...
     
Վերջին ծաղիկ մը միայն, 
Այս վերջին իղձը ունայն, -
Ես կ՛ուզեի պահել զայն։
     
Իղձը հոգին գրկելու
Անոր որ քաղցր ու հըլու՝
Ձեռքն իր ձեռքիս կը թողու...։

 

 

Փափագ
        
Անուշ հոգի մը ըլլար, 
Ես այն հոգվույն սիրահար, 
Ան իմ երկինքըս ըլլար։
     
Ես այդ հոգին պաշտեի
Ինչպես երկինքը ծավի, 
Զայն հեռուե՜ն պաշտեի։
     
Ան ցոլանա՜ր սրտիս մեջ
Իր լույսերովը անշեջ, 
Ես սուզվեի՜ անոր մեջ։
     
Անուշ հոգի՜ մը միայն, 

Ու գրկեի՜ ես անձայն
Զայն հոգիիս մեջ միայն...

 

 

Կանթեղ
     
Իմ սրտիս մեջ՝ բյուրեղ կանթեղ, 
Նշուլեցավ բոցը սիրույդ, 

Եվ կանթեղին մեջ, յուղի տեղ, 
Հոսեցուցի կյանքըս պուտ-պուտ։
     
Հոն, խորանին մեջ հոգիիս, 
Ժամանակե ի վեր անհուշ, 
Գամված է քու, ո՜վ պաշտելիս, 
Քու ոսկեգիծ պատկերն անուշ։
     
Այդ պատկերին առջև ահա, 
Որ հրեշտակի ունի անուն, 
Սիրույս կանթեղը կմխա
Բոցով մը փոքր ու պլպլուն։
     
Իմ մարմնիս թաց սպունգեն
Քամված կյանքը երբ որ ցամքի՝
Սիրույս կանթեղն ալ այն ատեն, 
Լոկ այն ատեն մարի՜ պիտի։

 

 

Մահերգ նահատակաց
        
Անոնց համար որ ինկան
Ըզմեզ ազատ ուզելով՝
Սրտերը մեր քովե քով
Կ'ըլլան այսօր մեկ խորան։
     

Անոնց հոգվոյն պաշտամունք
Մեր մեն մի խոհն է հիմա, 
Դեպի անոնց կ'ամբառնայ

Մեր յոյսն ու սերն իբրեւ խունկ
     

Եվ մեր ցավի սըկիհեն
Անոնց մարմինն ու արյունն
Իբր անսահման սրբություն
Մենք կ'ընդունինք սրբօրեն։

 

 

Երազ

 

Այս գիշեր զքեզ ես երազեցի
Եվ կփնտըրեմ այսօր ամեն տեղ
Մազերըդ՝ խավար, նայվածքըդ՝ կանթեղ,
Ակռաներդ՝ մարգրիտ, ականջըդ՝ խեցի։
Այս գիշեր զքեզ ես երազեցի
Եվ բերնիս վրա շրթունքիդ հյութեղ
Վերադարձավ համն ու դողաց այնտեղ։
Քայլերուդ առաջ լայնորեն բացի
Ժանգոտած հոգիս և եկար, անգե՛տ,
ճամփորգութենե մը ինչպես երկար
Բազուկներուս մեջ՝ որբ քու մարմինեդ։
0'հ, նստե հիմա և ա՛լ մի՛ երթար,
Հիմա՛, մեղքըցիր և եթե կրնաս
Զիս քիչ մը սիրե՛, ո՛վ բարի տղաս...

 

 

Իմ գյուղը

 

Իմ գյուղը միշտ իր լայն ու լույս երկնքով,
Իր արտերի հղությունով հանդարտ,
Մանկությունով աղբյուրների իր թոթով
Եվ լեռների շրջությունով զվարթ,
Ուր որ երթամ՝ կդառնա շուրջը մտքիս,
Ծովահայաց ճամփաների մեջ իրեն
Մերթ բռնում է հոգնած աչքերս ու հոգիս,
Մերթ փչո՜ւմ է երեսիս մի հով իր հովից...
Իր տղոցով գյուղս կաճեր ու կերգեր
Կսարսռա՜ր իր սերերով ծաղկավետ,
Կօրհնաձայներ իր ծերերի շուրթի հետ...
Իմ գյուղը, տեր, արդյոք, ինչ զով զեփյուռներ,
Հով արևներ, ծով ստվերներ կտեղա
Այնտեղ թողած, այնտեղ թաղվա՜ծ սրտիս վրա։

 

 

 Լուսավորչի կանթեղը            

 

Երկնի անթիվ աստղերեն մերն է միայն անիկա՛ ...
Ամեն գիշեր վերը, հո՛ն, Արագածի գլխուն վրա
Ան կշողա առանձին, այնքան անջատ մյուսներեն,
Որ ուրիշ ձեռք մը կարծես զանի վառեց գաղտնորեն:
Զանի վառեց ու կախեց հո՛ն, մեզ համար, հավիտյան...
Ան կանթեղն է՝ լույս առած Լուսավորչեն Հայության,
Անկե լցված, անոր ջինջ արտասուքեն՝ յուղի տեղ,
Պլպլացող քաղցրությամբ, պլպլալիք միշտ կանթեղ...
Այդպես հավտաց ու այդպես դեռ կհավտա հայ հոգին,
Որ միշտ դարձավ, նայեցավ և հառեցավ անձկագին
Առտուն ձյունոտ Մասիսին և գիշերներն ալ անոր...
Այդպես և ե՛ս, ո՛վ մեծ սուրբ, հավատարծարծ կանթեղիդ
Զգացի, որ հոգվույս մեջ կծագեր շողը վճիտ
Եվ կմեծնա՜ր, կմեծնա՜ր, մինչև կըլլա՜ր Այգ մը նոր...

 

 

Մութին մեջ

 

Մութին մեջ կուզեմ որ կյանքըս անցնի,
Երազի մը պես մեղմ ու կարճատև,
Անձայն, անշշուկ, ամենին գաղտնի
Լայն ճամփուն մեջեն քայլով մը թեթև,
Առանց ստվերիս շղթային բռնի։
Չեմ ուզեր տեսնել աստղերը երկնի,
Որոնք կբացվին հոն՝
ժպիտ իբրև, Իբրև ժպիտներ մարդոց ծերունի–
Մութին մեջ։
Ինչպես որ ցցված վիզե մը ծխանի
Մոլթր ելլելով կերթա համրաթև
Տնդիլ օդին մեջ ու իրեն հետև
Չի թողուր ո՛չ մեկ հետք հիշատակի,
Այնպե՛ս թող իմ կյանքն հալի՛, տարտղնի՛
Մութին մեջ։

 

 

Վայրի ծաղիկ

 

Վայրի ծաղիկ, բայց ինչպե՞ս
Արևն ու ծովն ալ վըրադ
Դողացեր են ու ըզքեզ՝
Մայրիկիդ հետ խանդակաթ

Գգվանքներով են ծածկեր
Վայրի ծաղիկ․ բայց որքան
Թափեր է լոյս երազներ
Աչքերուդ մեջ լուսընկան

Երբոր գյուղիդ երկինքեն
Քեզ կը դիտեր հիացմամբ
Օրօրցիդ մեջ՝ արդեն
Էիր լուսնակ մը անամպ։

Վայրի ծաղիկ, քեզ այսօր,
Շքեզ վարդե մ'ավելի,
Տենչով մը նոր ու հզոր
Քաղել, շընչել ուզեցի...։

 

 

Վերջին մրմունջք

 

Յիշատակներ գունդագունդ կը խուԺեն վրաս այս գիշեր...
Ինչ որ եղաւ ու չեղաւ կ'անցնի մտքիս առջեւէն՝
Արեւահատ, սովահար տղոց նման լուսեղէն,
Որոնց ես մահը տեսայ ու կը լսեմ ճիչը դեռ...։

Իմ ամբողջ կեանքս այս գիշեր. իր յոյսերով, յուշերով՝
Իր վարդերուն յոյսերով, իր յուշերով փուշերուն,
Կը գրաւէ սիրտս անսէր, կ'ողողէ աչքս անքուն,
Մինչեւ կոկորդս ան կ'ելլէ իբրեւ աղի, լեղի ծով...։

Ա՜հ, լաւագոյն է չըլլալ եւ լաւագոյն է հիմայ
Դադրիլ այլեւս ըլլալէ ու երթալ հոն ուր չըկայ
Ոչ ըսպասում, ոչ պատրանք, ոչ անցեալ, ոչ ապաքայ...։

Ալ հիմայ պէտք է, հոգիս, պատրաստըւիլ լռության,
Չաւաղելով, չողբալով, եւ մոռնալով յավիտեան
Գալարատանջ երգելու այս սփոփանքն ալ ունայն...։

 

 

Քեզմե ոչինչ

 

Քեզմե ոչինչ, ինձմե՝ ամեն բան, ամեն․
Քեզմե միայն խաղաղություն, լռություն,
Մինչ իմ սրտիս մեջ ժպիտներ կիսարթուն՝
Դատապարտված, նորեն մահվան կսպասեն...

Դուն չես գիտեր, ի՞նչպես գիտնալ դուն կըրնաս,
Թե ինձ համար շատ ավելին ես քեզմե,
Իմ կարոտս ես, որ զիս մեղմիվ կսփոփե,
Իմ մթությունս, որ իբրև լույս կիջնե վրաս...

― Ո՛վ սերըդ իմ, մինակ, առանց վայելքի,
Եվ փոքրագույն առանց հույսի մը անգամ,
Մահվան արև, որ հոգվույս դեմ կծագի...

Ի՜նչ փույթ․ նորեն ես ընդառաջ քեզ կուգամ

Ու կխնդրեմ, ես կխնդրեմ այս միայն,
Որ իմ սրտիս միշտ ցանկալի պահես զայն...

Քու հիշատակդ այս գիշեր

 

Քու հիշատակդ, այս գիշեր, զիս լալու չափ կհուզե.
Կարծես մեկնած էր սրտես, և գաղտնաբար այս գիշեր

Ետ կդառնա, ու հին տեղն ու հին գգվանքը կուզե,
Կսեղմվի գրկիս մեջ, կբարձրանա կուրծքս ի վեր։

Քու պատկերըդ աչքիս մեջ և քու ձայնըդ ականջիս,
Կթրթըռան այս գիշեր, երակներուս մեջ կարծես
Քաղցրահոտ շունչդ է լեցված, որ կզգլխե, կօրրե զիս,
Մինչ երեսես ալ կանցնին կարծես մատներըդ անտես։

Ետ կդառնան մի առ մի մեր հին ժամերն անկորուստ,
Կարավանին հետ աստեղց անոնք կուգան վերստին,
Հոգիս փարախն է բացվող ընդդեմ իր քաղցր հոտին։

Հիշատակովդ, այս գիշեր, կզգամ անչափ զիս հարուստ,
Այնչափ բարի, երջանիկ... որ գթությամբ մը անհուն
Կմտածեմ զայն բաժնել երկրի բոլո՜ր խեղճերուն...։

Ահավոր բան մը այնտեղ

 

Ահավոր բան մը այնտեղ կը կատարուի մութին մէջ... 
ԴըԺոխային այս տըռամն ի՞նչպէս կրնայ պատմըւիլ... 
Ազգ մը ամբողջ, խորհեցէ՛ք, երէկ կ՛ապրէր, կ՛ոգորէր, 
Միտքը լոյսին կը բանար եւ տակաւ սիրտն ալ յոյսին, 
Կը բարձրանար ճահիճէն ուր խըրած էր ատենօք, 
Թեւերն արդէն կը թօթուէր, ինքզինք արդէն եթերին, 
Ամպերուն մէջ կը կարծէր... եւ ահա՛ ճիշտ այդ պահուն 
Ոսոխ աստուած մը անշուշտ՝ որ դարանած կը դիտէր՝ 
Անոր վըրայ արձակեց ամբողջ չարիքն աշխարհի, 
Ոտքի հանեց բովանդակ Հըրէշութիւնը ի քուն ՝ 
Մեծ օձերու, վագրերու, շաքալներու դէմքերով, 
Փաթթըւեցաւ ոտքերուն, խածատեց կուրծքն ու հասաւ 
Անոր վիզին, աչքերուն, եւ իր Ժանիքը մըխեց 
Ճիշտ ուղեղին մէջ անոր ՝ զոր արիւնին հետ ահա՛ 
Ան կը լըզէ հեշտագին, ան կը ծըծէ՜ ըզգըլխած... 
Ահաւոր բան մը այնտեղ կը կատարուի մութին մէջ. 
Կ՛սպաննեն ազգ մը այնտեղ որ կեանք ունէր եւ շընորհ, 
Ունէր հանճարն ապրելու, նորոգելու ալ ինքզինք, 
Գեղեցկացած էր տակաւ ու թարմացած, ա՛հ ո՜րքան, 
Եւ այդ ազգը մերինն էր, եւ կ՛սպաննե՜ն զայն հիմա, 
Զայն կ՛սպաննեն... Օգնութի՛ւն, ա՜հ, օգնութի՜ւն, 
օգնութի՜ւն... 
Լա՛ց չգիտնալով, խեղճ, անգե՛տ տղաս,
Խե՜ղճ որսը կյանքին, ա՜հ, լա՛ց, որ մեծնաս…

Կենդանութիին հայրենի

 

Կենդանութի՛ւն Հայրենի, 
Ո՛վ դուն, մարմի՛ն եւ հոգի՛, 
Աւի՜շ անվերջ, հո՛ւր անշէջ. 
Ո՛վ մեր Երէ՜կն աղուալոյս 
Եւ ո՛վ, պահուած անոր մէջ, 
Գեղեցկագոյն Վաղուան Յո՛յս... 
Զմեզ օտարը խոցեց, 
Խոցոտեցինք մենք ալ զմեզ, 
Պարպըւեցար երակներէն դուն մերին, 
Մարմինն հիւծած, միտքն ոգեվար 
Դուն թողուցիր ու հեռացար, 
Կենդանութի՜ւն հայրենի...։ 
* * * 
Իննըսուն չորսէն Իննըսուն եւ վեց... 
Փայլակի նըման 
Հրդեհներ անցան 
Հայ ծեր հոգիէն. 
Ու հոգին շողաց, ու հոգին հեծեց, 
Յետոյ հանգչեցաւ ՝ ցաւին հետ, նորէն, 
Յո՛յս մ՛ալ օրրելէն։ 
* * * 
Իննհարիւր եւ ութ... Մութէն դուրս ոստում. 
Երգ, ճառ, արտասուք. 
Դըրօշակ, ծաղիկ, ծափեր անհատնում... 
Մխիթարուած սուգ ՝ 
Ցամաքի, ծովու մեռելոց վըրայ... 
“Կեցցէ եւ անկցի.” 
“Բռնապետութիւնն անիծեալ լլայ.” 
“Ամէնքս օսմանցի...” 
Մինչեւ որ տակաւ 
Հոգին հանգչեցաւ ՝ 
Յոյսին հետ նորէ՜ն 
Ցաւ մ՛ալ օրրելէն...։ 

* * * 
Ինն միս յետոյ... Երկունք եւ ծընունդ... 
Արիւններու մէջ բան մը կը շարԺի 
Եւ կ՛իյնայ անդունդ... 
ՎիԺո՛ւմ հաւատքի... 
Շրթներու վըրայ 
Կը մընայ սառած բառ մը ՝ Ատանա՜... 
* * * 
Վեց տարի յետոյ... 
Ըսէ՛ք, յետոյ ի՞նչ, յետոյ ի՞նչ սակայն... 
Ամայի, ու ծանր, ու լո՜ւռ երեկոյ 
Հայ հողին, հոգւոյն, կեանքին վրայ համայն... 
Փոթորիկ մ՛ահեղ 
Անցեր ու քըշե՜ր է իր առջեւէն 
Ամէն ինչ, ամէ՜ն... 
Չըկա՜ն ո՛չ արեւ, ո՛չ Հայեր այնտեղ... 
Բայց հեռուն, հեռո՛ւն ահա կը ճըչեն 
Շուքեր ահադող... 
Հեռուն ՝ հեռացող 
Զանգուածները հոծ 
Տակաւ կը հալին... 
Հեռուն ՝ ծուխ ու բոց... 
Հեռուն ՝ անդունդներ յառած երկինքին 
Եւ հեռո՜ւն, ո՛վ Տէր, 
Դեռ Յոյսի՛ կայծեր... 
* * * 
Եւ օր մ՛ալ յանկարծ 
Շեփորը գոռաց 
Ու կըմախք սիրտեր, կըմախք մարմիններ 
Ստուեր առ ստուեր 
Հաւաքուած, եկած միատեղ նորէն ՝ 
Կեանքին, արեւին աչք, ձե՜ռք կ՛երկարեն...։ 
Ու նաւ մ՛ահա կը ծըփայ 
Կը ծփծըփա՜յ ծովուն վրայ, 
Կ՛երթայ հեռու, կու գայ մօտ ՝ 
Առագաստովն արեւոտ. 
Մերթ կը մեծնայ ՝ հորիզոնն 
Ամբողջ աչքէ ծածկելով, 
Կը պահուըտի մերթ ալ հոն 
Ու կ՛ելլէ դուրս նազանքով... 
Կը կարդացուի նաւուն վրան:

 

 

Ասուպներ

 

Աչքերըս լեցուն են ասուսյներով. 
Ամառ գիշերներ ժողվեցի զանոնք, 
Երբ որ երկնքեն կիյնային սիրով, 
Ինչպես քնի մեջ լույս աչքե'ր անհոգ: 
Ժողվեցի զանոնք, ամառ գիշերներ, 
Աշվրներուս մեջ, երբ որ երկնքեն 
Կիյնային' չինկած հողին վրա դեռ, 
Զինջ սերե՛ր ծնած և մեռած արդեն։ 
Հիմա իմ հոգիս լուսավոր է միշտ. 
Աչքերս գոհարի տուփեր են մեյմեկ. 
Եվ օրը երբ որ շատ ճնշե իմ վիշտ, 
Շատ աղքատ մնամ և մռայլ ու մեգ 
Շրջապատե զիս,— աստղեր կկազմեմ 
Այն ասուպկերեն և, լո'ւռ, կդիտեմ։

 

 

Ուխտ մը

Ւմ պարտեղիս մեջ ճերմակ պատերով
Փոթորիկի խիստ օրե մը հետո,
Ուխտ մը տնկեցի Անպահանջ Սիրո,
Դողացող երկար իր նուրբ ցողունով։

Եվ ոռոգեցի զայն ջերմ արցունքով.
Ամեն առավոտ, ամեն երեկո
Հակեցա ծաղկանցն իր վրա անգո,
Եվ շատ գիշերներ լուսցուցի իր քով...

Գիշեր մը, լուսնեն երազ մը իջավ
Եվ, հովհարելով, իմ աչվըներուս
Զորցուց արցունքը, նայվածքըս կորույս
Արթնությունը իր և երբ որ անբավ
Ժպտով արթընցա՝ Ուխտըս չորցած էր.
Սև ու ճարճատուն, ինչպես ճյուղ մը ծեր...

 

 

Ժամադրությունը

Դողացող լույսին տակ լապտերներուն,
Սառած մայթին վրա, կքալե խոհուն։
Աչքը կվառի երբ որ հեռուեն,
Կտեսնի մեկն, որ կուգա դեպ իրեն։
Կանցնի՛ այն մարդն ալ. գլուխը կիյնա
Ավելի տխուր, իր կուրծքին վրա։
... Ուսին վրայեն մեկուն կնայի,
Կժպտի անոր ժպիտ մ'հիվանդի։
Թևը կերկնցնե մեջքի մը անտես,
Շրթներ կնետեն համբույր հրակեզ։
Կդիտե հեոոլն, պահ մը կխոկա
Ու կմրմնշա՝ “գիտեմ, չպիտի գա”։
Գողացող լույսին տ՛ակ լապտերներուն,
Սառած մայթին վրա, կքալե խոհուն։ 

 

 

Կարավանը

Հորիզոնեն կարավանը կփրթի,
Ու կսպասեմ։ Վետվետումներն ուղտերուն
Կգծագրվին ու կմեծնան, օրորուն
Կմոտենան, շողացնելով արծաթի
Սանձերն իրենց... Ու կսպասեմ։ Անջրդի
Անապատի ծարավ մըն է անանուն,
Զոր հոգվույս մեջ այդ քալողներն կը լընուն
Մինչ արևն ալ դաշտին հետևն կանհետի։
Եվ կլսեմ, վետվետող ծովը մութին,
Բոժոժներուն ղողանջը դաշն ու տրտում,
Մանուկներուն, կիներուն սիրտ ի խնդում
Ավետավոր ճիչերն ու երգ... բայց մթին
Կուլան աչքերս, երբ անոնց մեջ չեն ճանչնար
Ւնչ որ գնաց չդառնալու ալ համար... 

 

 

Օգնելու համար

Օգնելու համար ինկած հոգիիս
Վեր կանգնել նորեն, ո՛վ իմ անծ՛անոթ,
Ո՛վ իմ բարձրաշուք, ո՛վ իմ քաղցրահոտ
Տղաա, մոաեցո՛ւր հոգիդ հոգիիս։
Այսպես երազ մը. քովյըդ ամեն օր,
Ամեն օր քիչ մր ավելի խոնարհ,
Մինչև որ այլևս հետքը չմնար
Անցյալ կսկիծես, վերքերուն անոր։
Ով հոժարակամ Զրկանքին ճամփան
Առաջնորդող դուռ մը, զոր կբանան
Իմ հիացքներուս բալլիքներն ոսկի...
Սրահներու մեջ շրջվելու համար
Ամբողջ սյունազարդ ու ամբողջ մարմար,
Ուր Հանդարտությո՛ւնը կբնակի... 

 

 

Անցավ գնաց
Տ. Ս.–ի ն


Անցավ գնաց ու կսպասեմ իր դարձին,
Ինչպես մոմ մը' հովին դեմը դողալով. 
Անցորդները պատրանքով զիս խոցեցին
Եվ ինչպես մոմ, որուն վրա փչեր հով,

Ես կհալիմ' սպասելով իր դարձին։
Ու կխորհիմ. “Ինչպես երկա՛ր, ձանձրացող 
Թարթիչներու տակ աչքերով'առանձին
Կերթա, քայլվածքն գետնի փոշին հմայող։

Արքա'ն անուշ պիտի ըլլար իր քովեն
Քալել, հուշիկ, ճամփու մը մեջ ծաղկաշեն, 
Շնչելով լո՛ւռ վարդերուն սիրտն անձնվեր.
Մինչ կպատե խավարին ցանցն ալ զմեզ։

Ի'նչ երջանիկ պիտի ըլլար, գողի պես,
Ատեն-ատեն նայիլ սիրով ուսն ի վեր...”։

 

 

Հազարներու մեջեն

Հազարներու մեջեն մեկն, եղար այն մեկը այսօր,
Զոր զգայի թե սիրել անհունորեն կ'ըրնայի,
Նայվածքդ այնքա՜ն էր անուշ, ժպիտդ այնքա՜ն էր աղվոր, 
Որ բխվեցավ հանկարծ հույսն հոգիիս մեջ ամայի...

Մազերդ էին ծոծրակիդ վրա ուղիղ կտրված,
Ինչպես մազերն Սփինքսին, և դեմքիդ գույնը ուներ
Հախճապակվո մը ազնիվ, ու թարթիչներդ աղվաբաց
Կը հուսեին այտերուդ վրա լուսնի ճաճանչներ...

Ոտքի ելար ու հանկարծ սիրտս թռավ կուրծքիս տակ,
Հասակդ ինչքա՜ն էր ճկուն, ինչքա՜ն փափուկ ու հարուստ,
Կ'երթար քայլվածքդ ալ՝ ինչպես կուտա երազ մը փախուստ...

ՈՒ հեռացար, շա՛տ անուշ, շա՜տ գեղեցիկ, շա՜տ հստակ.
Մթընցնելով, պարպելով սրահն ամբողջ քեզի հետ,
Շնորհներուդ բազմությամբ լեցընելով զիս հավետ

 

 

Հաշվեհարդար


Հաշվեհարդար. ի՞նչ մնաց, կյանքեն ինծի ի՞նչ մնաց.
Ինչ որ տվի ուրիշին, տարօրինա՜կ, ա՜յն միայն.
Խանդաղատանք մը ծածուկ,օրհնություններ անիմաց,
Երբեմն հատնումը սրտիս ու մերթ արցունք մը անձայն...

Ինչ որ գնաց ուրիշին`վերադարձավ անուշցած
ՈՒ զորացած` հոգիիս մեջ մնալու հավիտյան.
Ինչ որ տարավ սերն ինծմե`չկորսընցուց զայն Աստված,
Տվավ ինծի ետ ու ըրավ կյանքըս անով միշտ բուրյան...

Եվ այժմ, ո՜վ ,Տեր, հակառակ իմ տանջանքիս, հակառակ 
Ինծի համար սա՛ չորցած երջանկության աղբյուրին,
Հին գինիով հորդաբուխ ես կ'արբենա՜մ տակավին...

ՈՒ չեմ ըսեր <<ի՞նչ մընաց...>>:Ի՞նչ կը մնա հողին տակ
Եղեգներեն դյուրաթեք,կաղնիներեն հաստաբուն.
Արևն ըմպած ըլլալու մխիթարանքը անհուն:

 

 

Գիտեմ  գաղտնիք  մ'ահավոր

 

Գիտեմ գաղտնիք մ'ահավոր, -- այս աստվածն է սուտ աստված,
Որ խաբած է մարդը միշտ և մարդը զայն է խաբած,
Եվ այժմ անոնք հուսկ ուրեմն եկած կեցած դեմառդեմ,
Զիրար կռվի կկանչեն` դիմակաթափ, ծաղրադեմ...

Ուրիշ ոչինչ, այս միայն. և դրաման այս երկար
Պիտի տևե տակավին, բայց ոչ մեկ բան չի կրնար
Փոխել վախճանը անոր, որ չէ այլ ինչ, եթե ոչ
Մահն այս երկու կռվողաց ճիչով մը խառն, ահագոչ:

Պիտի մեռնի այս աստվածն այս մարդու հետ գիրկընդխառն,
Որ բուն աստվածն`աքսորված սրտեն, մտքեն իր զավկին
Վերադառնա ու կազմե նորեն անոր նոր հոգին:

Պիտի մեռնի մարդը այս, -- հրճվանքս է մեծ, թեև դառն,--
Իր գործերովը բոլոր, ու պիտի նոր մարդը ծնի
Բանաստեղծի մը թերևս գրգեն սիրո, ցասումի....

 

 

Պիտի իյնաս
(թուրքին)



Պիտի իյնա´ս այս անգամ, և ա´լ իսպառ, անհարիր
Պիտի մնաս գետնին վրա ճանկռտելով հողը դեռ,
Եւ դեռ երկա՜ր չմեռնիս պիտի, և տունդ մոխիր
Եղած՝ ծածկե պիտի քեզ, երբեմնի տու՜նդ եռուզեռ...

Հերի´ք որքան աշխարհի ցավ ու չարիք հասցուցիր,
Որքան ի սուգ թաթխեցիր քաղաք ու գյուղ, դաշտ ու լեռ,
Հերի´ք մայրերը լացին բոյներուն վրա ցանուցիր,
Եվ մեր սիրող սրտերուն մեջ լեցուցի´ր ոխ ու հեռ...

Պիտի իյնա´ս, կ´իյնաս ալ... Բայց որպես զի դեռ ճանչնաս
Քու անարգ սիրտդ ծակող մեծագույն ցավը վերջին՝
Պիտի զարնեն քեզ անո´նք, որ քեզ հաճախ փրկեցին...։

Ու չմեռած դեռ տեսնե´ս պիտի, արդա´ր պատուհաս,
Ծաղկիլը մե´ր աշխարհին, որ թողուցիր ավերակ,
Ու ցնծությու´նը մերին՝ քու ստրուկի աչքիդ տակ...։

 

 

Կանձրևե, տղա՛ս

 

Կանձրևե, տղա՛ս… Աշունը թաց է,
Թաց աչքերուն պես խեղճ խաբված սիրույն…
Պատուհանն ու դուռը գնա գոցե
Եվ դեմըս եկուր նստիլ վեհագույն
Լռության մը մեջ…: Կանձրևե տղա՛ս…
Կանձրևե՞ երբեմն հոգիիդ մեջ ալ,
Կմըսի՞ սիրտըդ, և կդողդըղա՞ս`
Խորհելով պայծառ արևին անցյալ,
Դռան մը ներքև գո՜ց ճակատագրին…
Բայց կուլաս, տըղա’ս… Մութին մեջ հանկարծ
Ծանր արցունքներ աչքերդ կգլորին…
Լա՛ց անմեղության արցունքը անդարձ,

bottom of page