Գրիգոր Զոհրապ
Անծանոթը
Փողոցին մեջ կերթար, կարծես կը սահեր,
Հուշիկ քայլով, դանդաղ, գրեթե շփացող,
Դեմքը կազե լաչակի մեջ կը պահեր,
Պատմուճան մը ուներ հովեն ծըփացող:
Աղվո՞ր, տգե՞ղ, ինչ փույթ. բավեց որ մտքես
Մարմին մը տամ ես ուզածիս պես իրեն,
Վրդովիչ հով, պչրանք մը լուռ, վերջապես
Ամեն բաներն որոնց համար կը սիրեն:
Ու տարիներ սրտիս խորքը ջանացի
Պահել զինքը մասունքի պես, և մե՛կուն
Չըսի անոր հրապույրները կանացի
Որ գիշերներս ըրին խռոված և անքուն:
Ի՞նչպես եղավ, ո՛վ երազի ծնունդ կին,
Որ ըստուգիվ մարմին առած, խրոխտ ու վես,
Դեռ անցյալ օր թատրոնի մը հոծ մուտքին`
Չճանչցողի մը պես ամցար իմ քովես:
1900
Եկուր
Երբոր օր մը զգաս պետքը,
Զըզված՝ շուրջիդ կյանքեն շինծու,
Երջանկության փախչող հետքը
Անցյալին մեջ փնտրելու:
Որովհետև, ո՜վ դառնություն,
Ասկից վերջը աչքիդ՝ ծարիր
Պետք է դնես և անարյուն
Շրթունքներուդ՝ քիչ մը կարմիր:
Քալած ատենդ երբոր ճամբան,
Նայվածքդ ամենքը չը թովե,
Եվ զարմացած՝ չը փըսփըսան.
«Այս աղվոր կինն արդյոք ո՞վ է»:
Երբոր ներկան՝ ցուրտ ու ցամաք
Դառնա քեզի կամաց կամաց,
Կսկիծներով լեցվի համակ
Ապագադ ալ՝ մըռայլամած,
Եվ ուրանա իսկ քեզ, ո՜վ իմ,
Կյա´նքըս, աշխարհը համորեն,
Ես անցյալն եմ հավատարիմ,
Իմ գիրկիս մեջ եկո´ւր նորեն:
1908
Զատկի առթիվ
Անկյուն մ'ունիմ սրտիս մեջ ուր՝
Կառանձնանամ ամեն ատեն,
Վերհիշումներ երբոր տըխուր
Երկրեն զիս պահ մը կանջատեն։
Հոն` կը կենամ ես ծնադիր
Ինչպես առաջքը խորանին,
Եվ ուր միայն կը ծաղկի իր
Կես սուգին մեջ եղրևանին։
Հոդ շարված են իրարու մոտ
Մութ փոսերը իմ իղձերուս,
Հիշատակներ` հիմա աղոտ,
Անուններ` զոր չըսեր լեզուս։
Խոլ տենչանքներ, թռիչք անհուն
Զոր ձեռքովըս տվի հողին,
Մեռելներ` զոր ուրիշներուն
Պես հարության հույսը չունին։
1902
Լուսանալու դեմ
Լուսանալու դեմ գիշեր մըն է լուռ ու տխուր.
Մութ մը վճիտ, լեցուն լույսե բիծերով,
Գիշեր հստակ, համեստ իղձի մը պես, ուր
Կը գծագրվի աշխարհ` տարտամ գիծերով։
Այս մութը չէ այրիին քողն, այլ աղվոր
Երևնալու համար հնարված թելը նուրբ.
Ընդնշմարել միայն տըվող շղարշը` որ
Կը ցուցընե դեմքերն ամեն գողտր ու սուրբ։
Ես ավելի կը սիրեմ մութն այս պայծառ
Անգաղտնապահ ցորեկներու լույսերեն.
Ինչպես կնոջ համակրությունն անբարբառ
Բացե ի բաց խոստովանած իր սերեն։
1899
Համկերպություն
Դուն լայն ճամփեդ գընա, ա՛ղվոր,
Ես կերթամ մութ արահետես,
Երջանիկ այն համոզմամբ, որ
Սրտով գոնե ինծի հետ ես:
Ու անխռով կայքես նըսեմ
Աչքըս հառած շավղիդ, ո՛վ իմ
Դալուկ լույսըս, պիտի սպասեմ
Քեզի որչափ որ ես ապրիմ:
Մեկ խնդիրք մը միայն. վերջին
Ժամուս կուզեմ որ մոտս ըլլաս,
Եվ երբ ամենքն ինե փախչին,
Դու գեթ անուշ դեմքըդ ցույց տաս:
Եվ ամեն փառքի փոխարեն,
Միայն պատկերըդ հստակ ու ջինջ
Հետըս տանիմ այս աշխարհեն
Չը հիշելով ուրիշ ոչինչ:
1901
Հարցում
Խոստովանե´, Տիկին, հիմա որ անցան
Մեր մրըրկոտ սիրուն վըրդով օրերը,
Հիմա որ ա´լ անոնց հուշքը ցիրուցան
Անհետացան տարիներու խորերը:
Հիմա որ քեզ փոխանակ «կյա´նքս» ըսելու,
«Տիկի´ն», կըսեմ, որ կը խոսիմ հետդ ու առանց
Դողի կարող եմ ձայնդ անուշ լըսելու,
Հիմա որ վրադ ո´չ կիրք կզգամ, ո´չ նախանձ:
Հիմա որ ճիշտ երեսունդ անցուկ` կը կենաս,
Շըքեղ արձա´ն, միշտ ըզմայլիչ գիծերով,
Պաշտողներու խումբ մը շուրջըդ կունենաս,
Ամբարտավան կո´ւռք, մարմարե ծիծերով:
Ըսե´ ինծի, կարոտը հին սերերնուս
Կանցնի՞ երբեմն ներսեդ, արագ ու թեթև,
Գինովցընող պաշտումներեդ կը զարթնո՞ւս
Անցյալին մեջ զարթումով մը կարճատև:
Անցյալն անոնք են որ մենե կը փախչին,
Էջեր գրքին որ ինքնիրեն կը գոցվին,
Էջեր միշտ գողտըր, բաներ անուշ ու չնչին,
Ուրկե սիրտն ալ չարյունիր, բայց… կը խոցվի:
1901
Հպարտություն
Ժամանակը թևես բռնած կը տանի.
Եւ կուրորեն կը հետևիմ ես անոր,
Փըճացող հեք իղձերուս տեղ մեկ քանի,
Մեկ քանի հույս, լույս դընելով ամեն օր:
Մերթ կը քալեմ գնացքով համր ու տարտամ,
Հորձանքին հետ մերթ կը վազեմ շուտափույթ,
Կընկըղմիմ և իսկույն նորեն կը ծփամ,
Կը ծփամ, վերն է միշտ երկինքը կապույտ:
Փախչի՞լդ ինե, իրավունքդ է, ո՛վ սերդ իմ,
Ինչպես բոլոր երազներուս ծերունի,
Թռչուններու խուճապ, որուն կը ժպտիմ,
Ժպիտով մը, որ լացի շատ կը նմանի:
Եվ կամքով մը հըզոր սիրուս հավասար,
Ես անտրտունջ կերթամ ճամփես զարտուղի,
Հիմա գոցված գիշերով թանձր ու ըստվար,
Թանձր ու ըստվար` վաղորդյանով մը հղի:
1908
Հսկում
Քակե' մազիդ խուրձը ոսկի օձերու
Որ պլլվին պարանոցիդ ձյունեղեն,
Ուսիդ, մեջքիդ փաթթվելով քեզ նեղեն
Միսիդ վրա իբրև քողք մը բոցերու։
Մերկ, խրոխտ, շքեղ օթոցիդ վրա պառկե՛ դուն
Սև մետաքսե գուլպաներըդ պահելով,
Երազներ հյուսե՛, քնացիր դեմս անվրդով,
Ես ըսպասեմ այսահարի պես արթուն։
Կեցի՛ր այդպես, որ իմ հոգվույս մեջ տըպեմ
Ձայտքը, էջքը, թավալումը գիծերուդ,
Հիշեմ տեղվանքն հոս հոն ցրված բիծերուդ,
Ինքզինքըս անով խաբեմ, խաբխըբեմ։
1908
Ձյունը
Ակնախըտիղ անբըծություն մը վերեն
Երկնից վճիտ բարձրութենեն կիջնար վար,
Վարանելով, օրորվելով, ծուլորեն,
Քալվածքին պես կնոջ մը մարմնեղ և ըստվար:
Ու փողոցին մայթին վրա կը փռեր
Ճերմակությունն իրեն քընքուշ` ցեխին քով.
Ոտքերու տակ կը կոխկըրտվեր, կը լռեր,
Անտրտունջ միշտ ու քիչ մըն ալ հաճույքով:
Վերեն հիմա ձյունը առատ կը մաղվեր,
Հոժարակամ թողլով եթերը կապույտ.
Անձնամատույց կին էր ան որ կը թաղվեր
Փոսի մը մեջ ցեխի, անհոգ ու անփույթ:
1901
Ոչ ոք
Դաշնակ մըն է հոգիս լեցուն
Նվագներով շատոնց լռած`
Որ մատիդ ծայրը դիպչելուն
Կը սարսըռա, կերգե հանկարծ:
Երգեր մոռցուկ, երգերս իմ հին,
Խոր քուներնին թողածի պես,
Որ շըփելով գոց աչվընին
Կանցնին կարգով ահա դեմես:
Նախ երգերը օրորոցիս
Որոնցմով մայրս զիս մեծցուց.
Ու խոլ երգերն իմ փողոցիս
Զոր տակավին գիտեմ բերնուց:
Վերջը, սիրո երգերը որ
Կես մը իրավ, կես մը կատակ,
Նետեցի չորս դին ամեն օր,
Ծաղկանց նըման ոտքերու տակ:
Վերջը, վերջը բոլոր զվարթ
Այդ երգերուն, - դադարը մեծ,
Լըռությունը, զոր մինչև ցարդ
Քենե զատ ո՛չ ոք չէ վըրդովեր:
1901
Վառարանը
Կը վառեր ան գիշեր ցորեկ, ամեն օր
Սենյակիդ մեջ: Գետնին գորգին վըրա դուն
Ընկողմանած էիր կես քուն, կես արթուն,
Սըփռված շուրջըդ մարմնիդ հրապույրը բոլոր:
Ու դըռնակեն՝ լույսը կրակին կը փայլեր
Տաքցընելով մորթըդ կատվի պես մըսկոտ
Եվ մութին հետ շինելով ըստվերն այն աղոտ
Որ քու մըռայլ գեղեցկությանդ կը վայլեր:
Եվ տեսնելով մարմինդ լեցուն խոստումով,
Քեզ նայող բոցը այդ լուռ կըրակին
Խելքը գլխեն գացածի պես, աղվոր կին,
Կը ցատկըռտեր հոս հոն հիմար ոստումով:
1901
Տարակույս
Տանթելներուդ փրփուրովը կը մտնես
Երերալով` նավու մը պես ալեհերձ,
Աչքերու մեջ ցանկություններ կը գըտնես,
Ու կը հրճվիս կնկան մը պես այլամերձ:
Մատուցումի մը պես կարծես կը ծփան
Կոհակավետ մարմնիդ բոլոր գիծերը,
Ծըփանքով մը օձագալար խոլական,
Եվ կը զմայլին ապշած տղան ու ծերը:
Ամեն այրերն հորձանքիդ մեջ կը դառնան,
Ու կը փոխվին խելոքներն ալ խենթերու,
Սուրբերն անգամ իսկույն վրադ աչք կը բառնան,
Հոսանքն ես դուն սարսուռներու, տենդերու:
Ըսե՛ շիտակ, թե որ սիրեցիր քիչ մը զիս,
Ո՜վ հասուն կին, որ խոնջենքը մարմնիդ մեջ
Տարիներուն դեմը կելլես, կընդվըզիս,
Ձյունածաղի՞կ արդյոք կամ հո՞ւր ես անշեջ:
1908