Դանիել Վարուժան
Մեռնող բանվոր
Քամին կ’ոռնա ու տընակն իր հիմերեն կը ցընցե
Իբրև ահեղ դամբարան:
Ծյուրախտավոր բանվոր մ’հոն կը վախճանի մազկըռինչ`
Խարին վրա հոտևան:
Հանո՜ւն պատառ մը հացի` գործատան մեջ թաղեց ան
Ճառագայթներն հոգիին.
Տըվավ փերթ փերթ որ ուտեն մեքենաները վիշապ
Միսերն հուժկու կըռնակին:
Անիվներուն ակռաներն ողնածուծո՛վն օծանեց,
Եվ սըրբեց իր մազերով.
Հընոցին դեմ` մերկալանջ, ժահրոտ օդին մեջ` մըղձկուկ
Ապրեցավ միշտ մեռնելով:
Արդ տապալող նոճիի հանգույն բան մ’է այդ տըղան,
Այդ հա՛ղթ ռամիկն երբեմնի:
Երկաթներու հետ պայքար մ’եղավ իր կյանքն հարատև.
Արդ կը փըշրի զերդ վանի:
Գերեզմանին դեղին հո՛ղն իր աչքերուն վրա կապույտ
Սըփռեր է Մահն անժըպիտ.
Մեղրամոմի պես մարմինն ահավասիկ կը հալի
Մատերն ի վար շիթ առ շիթ:
Ի զո՜ւր գարունն երազեց, և հովերուն մեջ ազատ
Կաղնիացումն հասակին.
Ի զո՜ւր տենչաց երգով լի շրթունքներն իր երկարել
Աղբյուրներու ջինջ ակին:
Արևուն տեղ` դալկություն, շուշաններու տեղ` մըրուր
Պըսակեցին ճակատն իր:
Սիրո երգին փոխարեն` եկավ փըրփրիլ շըրթունքին
Հըրատապ հազ մը կարմիր:
Արդ կը հազա՜, կը հազա՜ իր զոհի գլուխը դրած
Ծոցին մեջ մո՛րն աղեկե՜զ`
Որուն կուրցա՛ծ աչքերն իսկ արտասուք կը բըղխին`
Հողեն պըտղող ջուրին պես:
Վար կը կախվի սընարեն Հիսուսի խաչը կարմիր,
Բայց ճակատին վրա չինկած
Շիթ մ’Արյունեն փրկության-որ սառե՜ր է խաչին վրա–
Ինք կը մեռնի, վաստակած:
Քամին կ’ոռնա ու տընակն իր հիմերեն կը ցընցե
Իբրև ահեղ դամբարան…
Ու սև կատուն տընակին կը մըլավե՜ խելահեղ
Ճանկըռթելով շեմքը դրան:
Խաբված կույեր
Կ’աշխատեիք հյուղակին մեջ, ճըրագին տակ արդար,
Հարուստներուն պատմուճան, մերթ ալ պատանք կարելով.
Ասեղն հյուծած մատներուդ միջև ցուրտեն կը սարսռար…
Հոգինիդ էր անվըրդո՜վ:
Բայց հեշտությունն ամբարիշտ կը դավեր քա՛ղցը ձերին,
Եվ ծախեց ձեր հոգիները` գընելով մարմիննիդ:
Անմեղությունն անպաշտպան` կուրություն մ’է երկնային`
Զոր խաբեցին ուխտն ու ժպիտ:
Օ՜, այն հարուստ պարոններն, այն հըտպիտները շըքեղ,
Որոնք ոսկի ցանեցին` որ ***ությունը հըձեն,
Ձեր հյուղերեն ներս մըտան սիրահարի պես անմեղ,
Եվ դուրս ելան քըրքջալեն:
Ձեր սիրտն անոնց համար լո՛լ բաժակ մ’եղավ գինիի`
Զոր, պարպելե վերջ, հարբածը կը կոտրե հաճույքով:
Ու օր մ’ալ երբ մայր եղաք` անոնք ըրին ձեզ այրի
Արցունքներու մեջ թողլով:
Եվ փողոցնե՜րը ինկաք. Դուք օր մ’ազնիվ բյուրեղներ,
Կոխոտվելով մարդերեն` եղած էիք այժըմ ցեխ:
Սակայն ոճիրն հըտպիտին արգանդնուդ մեջ գոհար մ’էր,
Եվ կը մեծնար սիրազեղ:
Դուք կոչվեցած Գաթինա, և կամ Ֆանթին արտալած`
Որ պաշտպանեց ***ությամբ իր մայրությունը անզեն.
Մարգարիտա կոչվեցաք` Դըժոխքեն իսկ պըղծըված,
Մարիամ` եղծված Երկինքեն:
Ես կը տեսնեմ ձեզմե մին կեցած ահա հորին քով:
Սըրտաճըմլիկ փորին վրա կիներ ծածուկ կը ժըպտին:
Իրմե հեռուն կը խուսեն կույսերն անբիծ` զինք թողլով
Իր դույլին հետ` առանձին:
Ահա ուրիշ մը լըքված` խավարներուն մեջ հյուղին…
Կը հանդերձե նորածինն իր վարսերով տըխրաշուք.
Քըքույշ բերնին կը ճըմլե ծիծերն, ուրկե կը ծորին
Կաթերու տեղ` արտասուք:
Խարտիշուհի մ’հերատո՜ւկն ահա կ’ըլլա փողոցին,
Եվ իր սերը կը դընե հացի մ’համար գըրավի:
Ու օր մ’ալ` երբ ճարահատ` դուռը զարնե ***նոցին,
Դըժո՛խքն իրեն կը բացվի:
Եվ դուք, ծեփած սընգույրով բոլոր ամոթն այտերնուդ,
Ահա կ’անցնիք բյուրավոր տըռփանքներուն ընդմեջեն.
Ա՛լ միսերնիդ կը լըկտան` բաց ի ձերին մայրագութ
Նվիրագործված ըստներեն:
Ես կ’արտասվեմ ձեր վրա, ո՛վ տարաբախտ իմ Քույրեր.
Ես ձեր այպանքը կու լամ` աչքերս այպեն փակելով.
Գինետան հույր տակառին կատարն եք դուք պըսակեր
Ձեր կուսության պըսակով:
Զազրաթորմի ձեր մազերն հոգվույս վըրա կը սողան`
Շընչելով քեն մ’արյունիս, օձերու պես թունավոր.
Եվ ես քենո՛վ կ’անիծեմ դարուս կավատ Մարդկության
Ոսկի Հորթերը բոլոր:
Ո՛վ Լալագե
Կը հիշե՞ս, ո՛վ Լալագե.
Ես քեզի հետ, ծանր ամիսին հըղությանդ,
Այգիիս մեջ ման եկա
Պըտղաբերձ օր մը աշնան:
Մայրամուտին շողերուն տակ դալկահար
Ծառերն էին ոսկեձույլ:
Եվ ողկույզներն աչքերու պես հըրեղեն
Քաղցրություններ կը ծորեին հողին վրա:
Օ՜, իմ այգիս, օ՜, իմ այգիս կութքի՛ մեջ…
Հարյուրավոր ժիր գերիներըս հըլու`
Երկայնքն ի վեր ցանկերուն`
Կը կըթեին սարբինան.
Եվ կողովներն հյուսված էին հրաշագեղ
Մայրամուտի ոսկեառէջ նշույլներով…
Անապատի անծանոթ երգ մը` շուրթին,
Եթովպուհին խընձորենին կը թոթվեր
Ծիծերն ի վար, գոգին մեջ:
Հոն, տըղաներ խառնածին`
Կանանչացած, լեղակե թուխ ձեռքերով`
Կը ժողվեին ընկույզներ:
Անդին բլուրեն վար, դեպ Քաղաքը, ճռընչուն,
Մեծղի եզներ, որոնց եղջյուրն այգեպանն
Որթատունկի սաղարթներով է պսակեր,
Կը քաշեին սայլերն ամբող բեռնաբարձ
Ողկույզներու դեզերով
Եվ ալիքով գինիի:
Եվ փարչին մեջ, աղբյուրներուն վրա բոլոր
Տերևներ լյո՜ւղ, տերևներ լյո՜ւղ կու գային…
Արդ հիշեցի՞ր դուն այն օրն, ո՛վ Լալագե,
Ակոսներու և կողերուդ ընդմեջեն,
Այն ծանր ամիսն հղությանդ,
Կ’անցներ ալիքն հողին հորդող ույժերուն:
Արեգակի արյունին նուռն էր` ծոցիդ
Մեջ հասունցած: Բուներն ի վար ծառերուն
Կը ծորեին շիթ առ շիթ
Հույզերը` նման արցունքի:
Քու համբուրված մարմինի պես ծանրակիր
Հողն էր թըրջված, էր կպչուն
Քաղցուներով և մեղրով:
Անուշաբույր իր բեռին տակ կը կըքեր
Դեղձենին քե՛զ նըմանակ,
Քու ծիծերուդ նըմանակ
Ողկույզներն այն լեցուն էին` ապագա
Ծիծաղներով, ցընծությունով ու կայթով:
Ու իրիկունն այն` կ’ուռեր կո՜ւրծքը հողին…
Հընձաններուն քովեն անցանք մենք դյութված
Խազմուզին բարկ բուրումեն:
Գերուհիներ, պարեգոտնին հանգրըճած
Մինչև իրենց պորտին տակ,
Կը կոխեին խաղողն ատոք`թըրջելով
Մինչև իրենց պորտին տակն, ո՛վ Լալագե:
Վայրածըփիկ մազերնուն ծայրը համակ
Կը ներկըվեր բոսորագեղ հույզին մեջ
Եվ քովն իրենց` հընաբույր լայն կարասներ
Նվիրագործված ամեն տարի, ծոցիդ պես,
Լեցո՛ւն էին գինիներով – ծոցիդ պես–
Լեցուն շողո՛վ, հաղթանակո՛վ, բերկրանքո՛վ,
Հավերժակա՛ն կյանքերով:
Հետըդ անցանք ծիծաղներու, երգերու
Մեջեն առույգ, զոր աշխատող հոգիներ
Կը պոռթկային տերևներուն ներքևեն.
Ու բուրումներն աշունին
Կը հասնեին մինչև աստղերն արծարծուն.
Ու այգին, լի պըտուղներով բազմազան,
Կարծես կ’այրեր, կը ծավալեր խունկ մ’անույշ
Վա՛րը, մինչև Քաղաքին վրա հեթանոս,
Քաղաքի՛ն վրա որ միշտ, տոնի խրախի մեջ,
Կը սպառեր հողն ու ավիշները հողին:
Այն ատեն (թույլ կու տա՞ս ինձ
Խոստովնիլ, Լալագե՛)
Ես ունեցա ընդվըզումներ արյունի:
Ու ցանկացա արեգակին, հողին պես
Ուռճացընել ինձ մերձեցող ամե՛ն հունտ.
Ու – Թո՛ւյլ տուր ինձ խոստովանիլ, Լալա՜գե–
Երբ դուն անդին` կարկառուն նուռը ծառեն
Կը քաղեիր, ու հետո
Կը խածնեիր լիաբերան հեշտանքով
Անոր բոսոր մարգրիտներուն շարքն անույշ`
Ես ասդին թուխ Եթովպուհին – որ ջլեբաց`
Հընձանին մեջ կը ճըմլեր կուզն –
Համբուրեցի՜… բըռնած հընդիկ ծամերեն
Պառկեցուցի ժըպտագին գլուխը կուրծքիս,
Եվ հեշտաբո՜ւռըն շրթներով, Լալագե՛,
Համբուրեցի՛…
… Բայց դուն ինչո՞ւ կ’արտասվես:
Այն հեռավոր աշունին
Բուրումներուն մատնըչությանը համար,
Ո՛վ աշնագեղ Լալագե,
Արտասվել չա՜րժեր այսօր:
Սպասում
Ահավասիկ շուրջն ընդրիկի սեղանին
Նըստան տղաքն ու կինը ծեր բանվորին:
Մեջտեղը լուռ կը պաղի
Ոսպապուրն իր գոլորշիին մեջ անդորր:
Մայրը հացերը լեղի
Իր սըրտին պես բաժնեց կըտոր առ կըտոր
Տըղոցն համար և ամուսնույն` որ գործեն
Պիտի դառնա… կը սպասեն…
Մըխոտ ճրագին շառ լույսեն
Հացերն ամբողջ կարմիր են.
Կարծես անոնք թորեին
Արյո՜ւն, նըման Քրիստոսի մը կողին,
Ջուրը գույնով քացախի
Կ’երազե հոն ըմպանակի մեջ մեծղի:
Խաղաղավետ օրհնությունով մ’ընդհանուր
Օծված սեղան, հաց և ջուր,
Կ’ընեն աղոթքն ըսպասումի մը երկար
Երբ իրիկուն հոգնած բանվորը չի՛ գար:
Ի՜նքն է. ահա գոռ սանդալներ կը հընչեն
Մայթին վըրա փողոցին…
Ի՜նքն է. ո՛հ, ո՛չ. դըրացին`
Որ տընակին առջևեն
Օրհնություն
Ափ մը ցորյան ափերուդ մեջ
Թող լեցընեմ, կըտրի՛ճ Որդիս.
Կըտրիճ Որդիս, գոտի՛ն մեջքիս
Թող մաճակալ բազուկներեդ
Քըսան ցուլի արյուն անցնի,
Եվ եղևնի քու հասակեդ
Քըսան տունի սյունը կանգնի.
Ու երբ թիվովը մատերուդ
Սերմանես քու սերմընցուն`
Հընձես թիվո՜վն աստղերուն:
Ափ մը ցորյան գըլուխդ ի վար
Թող որ թափեմ, Թոռնի՛կ սիրված,
Թոռնիկ սիրված, ցո՛ւպըս ծաղկած.
Թող ճակատիդ վըա գըրվի
Հարյուր սաղմոս իմաստության,
Եվ ուսերուդ վըրա դըրվի
Տապանակը ըզգաստության.
Ու երբ հոտիդ օր մ'այցելես`
Թող քու ափիդ գարիին
Հազա՜ր ոչխար երկարին:
Ափ մը ցորյան մազերուդ մեջ
Թող որ տեղամ, վա՛րդ Թոռնուհիս,
Վարդ Թոռնուհիս, պըսա՛կ շիրմիս.
Թող այտերուդ վըրա շողան
Ամեն գարուն նո՛ր կակաչներ,
Եվ աչքերուդ մեջը լողան
Ամեն ամառ նո՛ր ճաճանչներ.
Ու երբ տընկես ճյուղ մ'ուռիի
Ամեն ապրիլ դուն տեսնես
Իր շուքին տակ կանա՜նչ քեզ:
Ափ մը ցորյան ծոցերուդ մեջ
Թող որ ցանեմ, Հա՛րսըս աղվոր,
Հարսըս աղվոր, սե՜րս հեռավոր.
Թող անկողնիդ ակոսին մեջ
Հասկ մը ծըլի` լըման շարքով,
Եվ օրորած օրոցքիդ մեջ
Արշալույսնե՜ր նընջեն փառքով,
Ու երբ կըթես քառսուն երինջ
Դույլերուդ մեջ մակըրդի
Կաթը` արծաթ, դալն` ոսկի:
Ափ մը ցորյան, ափ մը ցորյան
Ա՜յ իմ պառավ, ա՜յ իմ Աննա,
Մեր գըլխուն ալ թող որ տեղա.
Թող չըսառի՜ արևն աշնան
Մեր մազերուն ձյուներուն մեջ.
Չը մարի՜ մեր մոմն իրիկվան
Ժամուն մարմար սյուներուն մեջ`
Ու երբ դրվինք ա՛լ գերեզման`
Մեր ներքև հո՛ղը, Աննա՛,
Քիչ մը կակո՜ւղ թող ըլլա:
Անդաստան
Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությու՜ն թող ըլլա...
Ոչ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին
Ու երբ հընչե կոչնակն ամեն գյուղակի`
Օրհներգությու՜ն թող ըլլա:
Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությու՜ն թող ըլլա...
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածին`
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:
Հյուսիսային կողմն աշխարհի
Առատությու՜ն թող ըլլա...
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդի.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի`
Բերկըրությու՜ն թող ըլլա:
Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերություն թող ըլլա...
Ծաղկի` մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի`
Սիրերգությու՜ն թող ըլլա:
Առկայծ ճրագ
Հաղթանակի գիշերն է այս տօնական. -
Հա՛րս, եղ լեցո՛ւր ճրագին։
Պիտի դառնայ կռիւէն տղաս յաղթական. -
Հա՛րս, քիթը ա՛ռ պատրոյգին.
Սայլ մը կեցաւ դրան առջեւ, հորին քով. -
Հա՛րս, վառէ՛ լոյսը ճրագին։
Տղաս կու գայ ճակատն հպարտ դափնիով. -
Հա՛րս, բեր ճրագը շեմին։
Բայց... սայլին վրայ արի՞ւն եւ սո՞ւգ բեռցեր են...
Հա՛րս, ճրագը ասդի՛ն երկարէ։
Հերոս տղաս հոն զարնուա՜ծ է սրտէն․ -
Ա՜խ, հա՛րս, ճրագըդ մարէ՜...։
Հին սեր
Մամ ու ծերուկ, երկու թարշամ հոգիներ,
Եկան նըստիլ շուքին ներքև ծիրանվույն`
Որուն քընքույշ Ծաղիկներն էին զարդարեր
Օր մը գըլուխը հանվույն:
Անոնք սաստիկ կը դողդոջեն` իբր ըլլան
Սիրահարներ հանկարծ իրար հանդիպած.
Բայց քովերնին` ցուպե՛րն իրենց լոկ կը մնան
Խոտին վըրա` գըրկըված:
Չունին այլևս հըրդեհումներն արյունին.
Անոնց հոգին համբույրի երգը չունի.
Ոչ ալ հոգնած կողերնուն մեջ կը ծաղկին
Սերմերը` նման շուշանի:
Պապուն նայվածքն աչվըներուն մեջ մամուն
Կը նվաղի` չըթափանցած դեռ սըրտին.
Եվ կը մըսի գաղջ ճառագայթն արևուն
Անոնց ծոցին մեջ ցըրտին:
Եթե փորձե՛ն իսկ տարփանքի փորձ մ'անմեղ
Գարնան դըրդիչ բուրումներեն սըրարբած`
Կը փըշրի՜ սիրտն` իբրև բաժակ մը բյուրեղ
Հանկարծ կրակին դեմ ճաթած:
Կարմիր հողը
Գրասեղանիս վրայ, սա
Սկաւառակին մէջ կայ բուռ մ ' հող, բերուած հոն
Հայրենիքի դաշտերէն:
Նուէր է ան . - Զայն ինձ ձօնողը կարծեց
Սիրտն իր տրուած, առանց երբեք գիտնալու
Թէ կու տար իր պապերունն ալ միասին:
Զայն կը դիտեմ . - մերթ ժամեր
Բիբերս անոր վրայ յառած կը մնամ
Լո՜ւռ եւ թախծո՜տ, իբր այդ հողին մէջ յուռթի
Նայուածքս արմատ արձակէր : -
Կը մտածեմ . - Գուցէ իր գոյնը բոսոր
Չէ պարգեւուած բնութեան ներհուն օրէնքէն .
Վէրքերու սպունգ մ ' ըլլալով
Խմած է մաս մը կեանքի, մաս մ ' արեւու .
Եւ իբր տարր անպաշտպան
Կարմիր հող մ ' է եղած, հայ հող մ ' ըլլալուն:
Գուցէ իր մէջ կը բաբախեն տակաւին
Դարերը հին-հին փառքին,
Կայծն ամրակուռ սմբակներու որոնց գոռ
Արշաւանքն օր մը ծածկեց
Հայկեան վաշտերն յաղթութեան տաք փոշիով:
Կ'ըսեմ . - Իր մէջ դեռ կ'ապրի
Ինքնատիպ ուժն այն որ կազմեց շունչ առ շունչ,
Կեանքս իմ, քու կեանքդ, ու տուաւ,
Կարծես ձեռքով գիտակից,
Նոյն թուխ աչուին նոյն եւ նման հոգիով
Կիրք մ ' Եփրատէն առնուած,
Սիրտ մը կամշոտ, թաքստոց
Ըմբոստանքի ու նաեւ բո՛ւռըն սիրոյ:
Իր մէջ, իր մէջ կը կայծկլտայ հոգի մ ' հին ՝
Հին դիւցազնի եղած փսոր մը գուցէ ՝
Կոյսի մ ' աղուոր արցունքով .
Հիւլէ մը կայ Հայկէն, փոշի մ ' Արամէն,
Անանիայէն բիբ մը դէտ ՝
Դեռ աստղերու ճաճանչներով թաթաղուն.
Ա՜զգ մը կայ հոն, սեղանիս վրայ ազգ մը հին,
Որ այսօր իր վերաշողշող այգուն մէջ,
Հողի բնատուր մարմնոյն տակ ինձ կը խօսի,
Կ՚ոգեզինէ - եւ աստղերու ինչպէս ցանն
Անհունութեան մէջ կապոյտ -
Փոշիներովն իր հրաբորբ
Հոգիս քաղցրիկ փայլակներով կ'ոռոգէ :
Ու այն ատեն լարը ջղերուս կը դողայ
Սարսուռով մ ' յորդ, ա՛յն սարսուռով ՝ որ մտքին
Հերկերուն վրայ աւելի՛
Ըստեղծիչ է քան գարնան հովն արփագաղջ:
Ու կը զգամ անցքն ուղեղէս
Նոր յուշերո՜ւ, հոգիներո՜ւ դեռ կարմիր
Խոր վէրքերովն իրենց, վրէժի՛ շրթունքներ.
Եւ այդ հողն, այդ փոշին, զոր ես կը պահեմ
Այնքա՜ն սիրով՝ որքան հոգիս պիտ՚ չընէր
Եթէ մարմնոյս աճիւններն
Օր մը մահէն վերջ հովերուն մէջ գտնար.
Այդ պանդուխտ մասն Հայաստանի, մասունքն այդ
Մնացած մեր յաղթ պապերէն,
Բժժանքն ու ձօնն այդ կարմիր,
Սիրտս սեղմած մագիլներով անծանօթ,
Երկինքն ի վեր, գըրքի մը վրայ, թանկագին
Ժամու մը մէջ ժպիտներու, սէրերու,
Կամ քերթուածի մը ծնած վեհ վայրկեանին
Զիս հապըշտապ կը մղէ
Մերթ լալու, մերթ մռնչելու,
Եւ զինելու բռունցքս, հոգիս բռունցքիս մէջ:
Կարոտի նամակ
Կը գըրե մայրս. «Ո՛վ իմ որդյակըս պանդուխտ,
Դեռ մինչև ե՞րբ պիտ’ անծանոթ լուսնի տակ
Օրերդ անցնին, դեռ մինչև ե՞րբ հեգ գըլուխդ
Ես չըսեղմեմ լանջքիս տաք:
Հերի՛ք օտար սանդուղներեն ելլեն վեր
Ոտքրեդ` որ օր մ’ափերուս մեջ տաքցուցի.
Հերի՛ք ալ աիրտս` ուր իմ ծիծերս եմ պարպեր`
Դատարկ սըրտես դուրս հյուծի:
Ջահրակին տակ թևերս աշխատ հոգներ են.
Կ’հուսեմ պատանքս ա՛լ ծամերովս ըսպիտակ.
Ա՜խ, քեզ տեսնեն անգամ մ’աչքերս ու փակեն
Թող հոգիս ա՛լ իրենց տակ:
Դըրանս առջև կը նըստիմ միշտ տըխրալիր
Լուր կ’ուզեմ վրադ ամեն կռունկե` որ կ’անցնի.
Այն ճյուղն ուռի` զոր քու ձռքով տընկեցիր,
Վըրաս կ’ընե հովանի:
Իրիկունները զո՛ւր դարձիդ կը սպասեմ.
Կու գան կ’անցնին գյուղին քաջերը համակ.
Մշակը կ’անցնի, կ’անցնի կովարծը վըսեմ.
Կը մնամ լուսնին հետ մինա՜կ:
Ավերակ տան մեջ անտերունջ եմ թողված,
Մերթ շիրիմիս, մերթ օճախիս ծարավի.
Կրայի մը պես` որուն աղիքն իր կոտրած
Պատյանին հետ կը կըցվի:
Եկո՜ւր, որդյա՛կ, հայրենի տունըդ շենցուր.
Դուռն են կոտրեր, մառաններն ո՛ղջ դատարկեր.
Կը մըտեն ներս լուսամուտեն ջարդուփշուր
Գարնան ամբողջ ծիծառներ:
Այն բազմաթիվ հոտեն, գոմին մեջ, եղո՜ւկ,
Մընացեր է խոյ մը միայն քաջարի`
Որուն մայրն օր մ’ – հիշե՛, որդյա՛կ– դեռ գառնուկ
Կերավ ափիդ մեջ գարի:
Թեփով բրընձի և առվույտով պատվական
Սընունդ կու տամ արդ անոր պերճ դըմակին.
Տոսախ սանտրով կը սանրեմ բուրդն աղվական.
Ան զոհ մըն է թանկագին:
Դարձիդ` պըճնած վարդերով գլուխն իր համակ`
Պիտի մորթեմ կյանքիդ համար ծաղկատի.
Իր արյան մեջ պիտի լըվամ, քա՛ղցր որդյակ,
Ոտքերդ հոգնած պանդուխտի»:
Հայր, օրհնե՜
այր իմ, օրհնե՜. ժամը հասավ. պիտի երթամ.
Նոր կյա՛նք մ`ինծի կը սպասե
Պատմությունն ես թողուցի. նոր արյուն
Երակիս մեջ կը վազե։
Հառա՜ջ, հառա՜ջ. - գըլուխս ետ չե՛մ դարձըներ.
Երկընքես վա՛ր թող իյնան
Անվիշտ կյանքիս ամեն աստղեր.հոգըս չէ՛.
Անցյալս իջնա թող դամբան։
Օհ, ինծի՛ ինչ թե կը փետեմ վարդին թերթ,
Եվ փուշին կյանք կու տամ միշտ,
Թե գրկաբաց հորձանքին մե՛ջ կը նետվին.
Խինդս է՝ ձանձրույթ, սերս է՝ վիշտ։
Ամեն խայտանք ջախջախեցին սըրտիս մեջ.
Չեմ վախենար սև ծըծեծել.
Վանք մըտնող կույս մեմ՝ որ խըզված իր վարսեր՝
Անխիղճ անհոգ, կը դիտե՜…
Հա՜յր, ես կերթամ այն ճամբայեն՝ որ ճերմակ
Մազերուդ զիզ կտանին,
Վաստակաբեր ոսկըրներուդ, ծեր սըրտիդ
Եվ սերուդ կենդանի.
Բավական է.- աշխատեցար, կըրեցիր,
Ամեն նետի հարվածի
Վահան եղար ինծի համար. հոգիտ է՝
Որ հոգվույս մեջ կը հածի։
Իմ արյունս է գողացած քու քըրտինքեդ.
Հոգնությանդ ծիլն եմ տըխուր։
Հոգիտ, Կաղնի՜, երբ կուրծք կուտար մըրըրիկին՝
Ես շուքին տակ, հանգիստ, լուռ
Կը մեծանայի :-Հարկ է հիմա ա՛լ հանգչիս
Եվ ես քեզի հաջորդեմ…
Խոնջե՜նք, խոնջե՜նք. կուզեմ կըռվիլ, աշխատիլ,
Ելլել կյանքին, կյանքին դեմ…
Հայր իմ, օրհնե՜. դողդոջ ձեռքերդ գըլխուս դիր.
Թող մատերդ կաթի վայր
Աղոթքդ՝ եկած հոգվյուդ պայծառ խորանեն։
Վերջին ժամն է. օրհնե՜, հայր։
Հորս բանտի մեջ
Դեռ փոքր էի. եկա քեզի մի նավոր,
Մութ զըդանիթ մեր այցի:
Մայրս հիվանդ էր. կը շըրջեի ես ազատ
Մեշտեղ բանտի և մահճի:
Լուր տըվին քեզ․ եկար առջևը դըրան
Վանկապատ՝ որ - ոճիր-
Կը բաժներ մեր ողջագուրումը կըղկաթ:
Երկար անխոս, վըշտակիր :
Որքան նիհար էի և որքան աչքերդ
Ծարավ էի արևու.
Մորուքիդ տակ կարծես ոսկրի վրա բուսած.
Ով հայր, մեռել մէիր դու:
Նըշմարելուտ պես զիզ ժըպտիլ ըսկըսար.
Բայց այդ ժըպիտը բարի,
Այդ սուտ ժըպիտն էր նունուֆար մը ծաղկած
Լըճի մը վրա արտոսրի:
Կարկռեցիր սև վանդակին ետևե
Շըրթունքներդ իմ շըրթներուն․
Բայց իրարու անոնք ավաղ չըհասած՝
Մեր համբույրին դողդոջուն՝
Նույն ժամանակ եղան օրրան և դագաղ:
Ոհ, պիտի որչապ քեզի
Բաղձաի տալ ընգրկումին մը մեջ տաք՝
Ազատ աշխարհը դուրսի,
Եվ մի փոքրիկ բիբերս քու բիբերուտ
Տեղալ երկնքին անսահման,
Սըրտես սըրտիդ պարապել բոլոր օրերս այն,
Որ արևու տակ անցնեմ:
Մութ բանտիդ մեջ գարնան վարդերը ամբողջ
Պիտի լեցնել ուզեի,
Կամ ճիղմ հասակս ու ապագան հասագիս
Պիտ՝ հոն թաղել ուզեի:
Ով տըխուր ժամ: Քեզ մի առ մի պատմեցի
Սև վիպակները մեր տան,
Հաննիս մահն ու հիվանդ մորս հազը խուլ
Լըռության մեջ գիշերվա.
Ըսի թե մեր տանիքի վրա, լուսնի տակ,
Բուերը պար կը բըռնեն,
Թե այս տարի մեր վարդենին չորացավ
Գերեզմանատան խորշակեն:
Կը լըսեիր զիզ եվ հարցում կըընեիր,
Երբ հըրաման մը վայրի,
Կույր հըրաման մըեկավ ըզմեզ բաժնելու...
Դարձար առանց համբույրի...
ՈՒ ես երկար ետևեդ պիշ նայելով,
Հայր իմ, մինակ, հոն լացի.
Մինչ կուրծքիս տակ բաշ կը թոթվեր ոխ մը նոր
Սիրտս աչքերես քամեցի:
...Ով կյանք սիրո, լանջ քըտինքի, սիրտ փուշի
Ցեխի նետված սըրբություն,
Արևուն բորբ հոսանքներու դեմ գոցված,
Ով երակներ ազազուն:
Տեսա՝ որ ձեզ հետ, ձեզի հետ սուզեցան
Եղեռնի մեջ, արտալած,
Սուրբերն ամե՛ն կրոնքի, ամե՛ն շուշաններ
Եվ Հիսուսներ թըքնըված:
Բանուորուհին
Պատուհանիս տակէն, ամէն առաւօտ,
Ուրուականի պէս կ'անցնիս.
Եւ կուսագեղ գըլուխիդ վրայ կ'արտասուէ
Տերևաթափ վարդենիս։
Լուռ թաղին մեջ կը լըսեմ քայլդ, ու զարթնող
Շունն` որ վըրադ կը հաչէ՜.
Կամ կը լըսեմ քունիս մէջէն ձայնն հազիդ`
Որ ծոցդ աղուոր` կը տանջէ։
Եւ կը խորհիմ՝ թէ քընատ ես և նօթի.
Իրանդ հովէն կը դողայ.
Եւ կը նըստի գանգուրներուդ վըրայ, քո'յր,
Եղեամն իբրև շափիւղայ։
Կամ մուճակներդ են պատըռտած, փողոցին
Ջուրն անոնց մեջ կը ճողփայ.
Կամ ետևէդ շըւայտօրէն կը սուլէ
Թուրք սըրիկայ մ՛անոպայ։
Եւ կը խորհիմ՝ թէ, տան մեջ, մայրդ է հիւանդ.
Ցամքած է ձէթն ալ ճրագին.
Ու դուն կ'երթաս գործատան մէջ աշխատիլ
Լոյսին համար ու կեանքին։
Ես կը խորհի՜մ - և խենթի պես կը բաղձամ
Վար իջնել, քո'յր դալկադէմ,
Քո'վդ իջնել, համբուրել ձեռքըդ նիհար,
Եւ հըծծել. ― «Քեզ կը սիրեմ։» ―
Կը սիրեմ վիշտդ` որ իմ վիշտս է գերագոյն,
Կը սիրեմ կուրծքըդ քանդուած`
Որուն մեջ դեռ կը յամառի Սէրդ երգել
Արտոյտի պէս սըրարբած։
Կը սիրեմ՝ քու անօթութիւնդ ու ծարաւդ,
Եւ ոսկորներդ ուժասպառ.
Ես կը սիրեմ՝ կոյս աղիքներըդ ցամքած,
Մազերուդ սուգն` ուսէդ վար։
Եւ ես կ'ուզեմ ամփոփել քեզ սըրտի՜ս վրա
Տատրակի պէս տարագիր,
Տալ ուժըս քեզ, մըրցանակներըս փառքի,
Եվ ազգանունս անբասիր.
Կուրծքըս վահան ընել կուրծքիդ նըշաւակ,
Եվ քօղն ըլլալ պատիւիդ,
Կրանիտէ բազուկիս տակ պաշտպանել
Սեռըդ ու գեղըդ անժըպիտ։
Կ'ուզեմ քեզ տալ ինչ որ պայքարն ինձ տըւավ,
Ինչ որ խլեցի մարտերով.
Քեզ պըսակել արիւնիս գույնն ունեցող
Յաղթանակիս վարդերով։
Միայն թէ դուն չըլլաս տըժգույն ու քաղցած,
Արևուն տակ չըհազաս.
Մօրըդ վերև չըմարի ճրագն, ու, ո'վ քոյր,
Դուն գործատուն ա'լ չերթաս։
Գեղեցկութեան արձանին
Կ՚ուզեմ ըլլայ քու մարմարիո՛նդ պեղուած
Ոլիմպոսի ամենէն խոր արգանդէն.
Եւ իմ մուրճիս տակ ըզգենու հրեղէն
Միս մը կնոջ, լոյսով, տենդով սրարբած։
Աչքերդ ըլլան վիհեր՝ ուր մարդ երբ սուզի՝
Յաւերժին մէջ անմահացած ըզգայ զինք.
Գիծերդ անեղծ ըլլան, ըլլան քու ըստինք
Դաշնակութիւն մ՚ուր կենսահիւթը յուզի։
Մերկ ըլլաս դուն բանաստեղծի մ՚հոգւոյն պէս,
Եւ հեթանոս այդ մերկութեանդ ներքև
Տառապի՛ մարդն, ու չկրնայ դպչիլ քեզ։
Թէ հարկ ըլլայ զոհ մը ընել քեզ պարգև,
Բագինիդ ե՛ս պիտի ուզեմ մորթուիլ՝
Որպէսզի կուճդ ըմպէ արեանս հուսկ կաթիլ։
Կակաչներ
Քո՛ւյր իմ, ցանքին մեջ կակաչներ կան, քաղե՛.
Ահա սիրող սիրտերու պես կարյունին։
Պիտի իրենց բաժակներեն բյուրեղե
Խըմենք ալիքն արևին։
Անոնք ա՛յնչափ բռնկեր են, որ կարծես
Հըդեհն իրենց կայրե դաշտերը անհուն։
Պիտի իրենց բաժակներեն հրակեզ
Խմենք կայծերն աստղերուն։
Քո՛ւյր իմ, քաղե՛, լորի մը պես ծածկված
Ցորեններուն մեջ` որ մեղմիկ կնազին։
Պիտի իրենց բաժակներեն բոսորած
Խմենք արյունն ակոսին։
Անոնք ծռած արտույտներու բույնին վրա
Լալ շողերով ողկույզ ողկույզ կծըփան։
Պիտի իրենց բաժակներեն հակնթյա
Խմենք խոստումը Գարնան։
Քաղե՛, քո՛ւյր իմ, կակաչ չէ՛, բո՜ց քաղե դուն.
Հրդեհն իրենց լեցուր գոգնոցդ կույսի։
Պիտի իրենց բաժակներեն փափկասուն
Խմենք կրակներն Հունիսի։
Ծաղկե՜ր, ծաղկե՜ր են բերնիդ պես քնքշենի,
Կխոսակցին ցորյանին հետ օրորուն։
Պիտի իրենց բաժակներեն ծիրանի
Խմենք գաղտնիքն հասկերուն։
Քաղե՛, քույր իմ, պիտի պսակվինք անոնցմով
Վաղվան զվարթ տոնին համար գյուղակին։
Եվ պիտի այդ բաժակներեն, պարելով,
Խմենք գինին Տարփանքին։
Երեք քոյրեր
Անոնք երեք քոյրեր էին
Նըման երեք Շընորհներուն.
Երեքն երեք ուխտեր ըրին
Առչևն երեք բագիններուն։
Երեցն ըսավ.- «Դի՛ք կայծակի,
Քե՛զ կը ձոնեմ մազերս ոսկի։»-
Միչնեկն ըսավ.- «Ըզգա՛ստ Հիմեն,
Քե՛զ կ՚ընծայեմ մատնիս հրեղեն։»-
Կըրտսերն ըսավ.- «Վավա՛շ Աստղիկ,
Ա՛ռ իմ կոյսի գոտիս ծաղիկ։»-
Ո՛վ որ մազերն ձոնեց Զևսի՝
Յոթը ազգի յոթ խույր կապեց
Գահին վըրա Արտաշեսի։
Ո՛վ որ մատնին տվավ Հիմենին՝
Յոթը չըքնաղ հերոս ծընավ
Գերահըզոր Հայաստանին։
Ո՛վ կույս գոտին մեչքեն ձըգեց՝
Ան՝ տառապյալ քույրը եղավ,
Եվ շուկային մեչ նուռ ծախեց։
Հաշիշ
Սիրտը լեցուն է բանտին խավարով.
Ա՛լ դաշտ ու երկինք չը կան իր համար.
Պիտ՚ գըներ աչքի հազար գոհարով՝
Աստըղ մ՚ան նույն իսկ՝ ասուպ ալ ըլլար։
-«Օ՜ն, հաշիշ բերեք, կը մըրմընջե ան,
Երբ աշխարհս ինձմե այսպես կ՚ապշոպեն,
Ես կ՚ուզեմ հոգվույս մեջ ըստեղծել զայն։-
Օրորվիլ, բուժի՜լ հըզոր ցընորքեն։
Օ՜ն, հաշիշ բերեք»։- Եվ ան կը ծըխե,
Իբր ուրախութեան ըստի՛նքը ծըծեր.
Կը հոսի երազ ջըլերուն մեջե.
Աշխարհը լուծված կ՚ելլա սիրտն ի վեր։
Աչքերը բանտին դիմաց կը գոցվին՝
Ապարանք մ՚իր մեջ գըտնելու համար.
Բիբերն հըրաժեշտ կու տան խավարին՝
Աստղեր բերելու խոստումով ճարտար։
Եվ կը քընանա՜ արվեստի քընով՝
Ինչպես խըղճի խայթն՝ աղոթքե մը վերջ.
Ո՛վ թըշվառ հոգի, հիմա ապահով,
Ազատ է և տեր՝ ցընորքներուն մեջ.
Եվ կ՚երազե շա՛տ, շատ բաներ աղվոր
Կամ հուրիներն ալ աղվոր կ՚երազե.-
Բըռնած շըղթայի մ՚օղակն ահավոր՝
Կընոջ մը մանյակը զայն կը կարծե։
Վարդե, ոսկիե գետի մ՚ափն ի վար
Իր մանկան խաղին կը ժըպտի հիմա.
Կամ ինքն իսկ մանուկ՝ լըճակին մեջ հար
Երկինքն՝ երկընքին մեջ զինք կը տեսնա։
Շըրթունքները լուռ, մեղմիկ կը դողան՝
Անշուշտ ուրիշներ գըտնալնուն համար.
Թերևս (ո՞վ գիտե) կը լըրացնե ան
Համբույր մ՚ատենով թողված կիսկատար։
Կամ կը շըրջի արտն՝ ազատ քայլերով.
Կը վայլե երկինքն, աստղերու արգանդ։
Մի՛ արթընցընեք, քանզի ապահով
Զինք կը փոխադրեք լույս աշխարհեն՝ բանտ։
Թողեք քընանա.- թող հաշիշին մեջ
Սև շըղթան բեկտի՝ վիշտը լուծելով։
... Ո՛վ անմահ մեկոն, երազի առէջ,
Դու ցընորքն հյուսե ոսկեղեն թելով.
Հյուսե խընդություն մը անըրջական
Իր խոցված հոգվույն, ուղեղին վըրա.
Ժըպիտն աղվո՜ր է, եթե նույն իսկ ան
Խաբված ջըղերու վիժա՜ծն ալ ըլլա։
Ձոն
Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր.
— Քեզի ընծա՜, իմ հայրենիք —
Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր…
— Քեզի ընծա՜, հին հայրենիք —
Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր.
Ընդ եղեգան փող լու’յս ելաներ:
Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.
— Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ —
Ան տարաշխարհիկ բույսի մ’’էր ծըղոտ…
— Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ —
Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.
Ընդ եղեգան փող ո՛ղբ ելաներ:
Եղեգնյա գըրչով երգեցի արյուն.
— Ձեզի ընծա՜, սուրի զոհեր —
Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն…
— Ձեզի ընծա՜, կրակի զոհեր —
Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր.
Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ:
Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի.
- Քեզի ընծա՜, հայր ալեհեր –
Ցամաքած աղբյուրեն մեր զայն հոտեցի…
- Քեզի ընծա՜, մայր կարևեր -
Եղեգնյա գըրչով օճախս երգեցի.
Ընդ եղեգան փող ծու՛խ ելաներ:
Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.
- Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ -
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի…
- Ձեզի ընծա՜, քաջ մարտիկներ -
Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ:
Մայիս մէկ
Քընարս այսօր, կըտըրտելով լարերն իր,
Ձե՜զ կը կանչէ Արևելքէն Արևմուտք,
Ո՛վ դուք
Հացի՛ զոհեր, որ ունիք միշտ արևու
Պասուք:
Այս առաւօտ` գըտա հասակըս թաղուած
Հեղեղին մէջ շուրջըս ծաղկած վարդերուն.
Եւ կանգուն`
Խմեցի ավիշն հողին, երգերը բոլոր
Բույներուն:
Ինծի՛ եկէք, ես կախարդն եմ Մայիսին. --
Ձեր քըրտինքը ես կ’ընեմ գոհար ցօղն անգին
Վարդին.
Կը հեղում ձեր ոսկորներուն մէջ ցամքած`
Արփին:
Ինծի՛ եկէք գործատունէն` ուր երկար
Շաղուեցիք դուք մեր Աշխարհին ցեցակեր
Նո՛ր հիմեր.
Փուռէն` որ ձեր գըլխուն, սըրտին վրայ` մոխիր
Է ցաներ:
Ինծի՛ եկէք նաւարանէն` ուր կռեցիք
Նաւեր, վաղուան ձեր դագաղները պողպատ։
Ելէ՛ք արդ
Աղիքներէն հողին, ճահճին արգանդէն,
Դա՜շտն ու ա՜րտ:
Ինծի՛, ինծի՛ եկէք այս օր բոլորնիդ.
Սիրտս ա՜յնքան բոց ունի, հոգիս` ա՜յնքան լոյս`
Որ ձեր խիւս
Ցեխերէն իսկ կը շաղուեմ նո՛ր Մարդկութիւն
Եւ նո՛ր Յոյս:
Հերի՛ք հիւծաք նըկուղներուն մէջ խոնաւ,
Եւ ունեցաք միշտ կարոտ, նման խըլուրդի,
Օդի,
Եւ ժանգի պէս երկաթներուն փարեցաք,
Նօթի՜:
Թող ձեր մուրճն ա՛լ չըկայծակէ սալին վրայ.
Մըխուած մընան թող ատամները սղոցին`
Հեցին.
Կոճղին խըրուած` թող խէժերէն ժանգոտի
Կացինն:
Ի՛նչ փոյթ թէ որբ մընայ շարժիչ մեքենան,
Եւ գործատան մէջ ճիւաղներ սողան լուռ.
Ի՛նչ փոյթ ո՛ւր
Դառնայ ճախրակն, ու խորտակուին լոյծ փոկերն
Ընդհանուր:
Դե՛հ քրրտնաբոյր ձեր շապիկներն հանեցէք.
Թող ճենճոտած ձեր գըտակները նետուին
Հնոցին.
Գլուխնիդ այսօր պիտի սուզիմ արևուն
Բոցին:
Ինծի՛ եկէք, եկէք ինծի՛, Եղբայրնե՛ր,
Ձեր ամենուդ այսօր տօնն է Մայիսի,
Վասըն զի
Հողն ըստեղծիչ, ձեր ըստեղծիչ արեան լոկ
Կը խօսի:
Զեփիւռն ահա,՛-- ո՛վ տառապեալ հոգիներ,
Ձեր կուրծքերուն բացէ՛ք վէրքերն` իր անգին
Խունկին.
Աղբիւրն ահա՛, թո՛ղ գըլուխնիդ իր լոյսին
Հակին:
Դեղձին ահա՛, ծաղիկներն իր կ’անձրևէ
Ձեր կոշկոճուած ձեռքերուն վրա արիւնոտ.
Եւ կարօտ
Կը զգայ մայրին` որ գըրկէք զինք թևերով`
Վիրոտ:
Ահա Արե՜ւն, Արե՜ւն ահա. լոկ ձեզի՛
Այս օր կ’նայի. կը համբուրէ միայն ձե՛ր
Ճակատներ.
Ան` բոլոր միւս ճակատներուն վրայ իշխող
Է թըքեր:
Ձե՛րն են դաշտեր, ձե՛րն է Քաղաքն, որուն լուռ
Փողոցներէն պէտք է անցնի լոկ այս օր
Ձե՛ր թափօր,
Դրօշներ ծըփան, ծաղկին յոյսեր, և գոռայ
Շեփոր:
Հանգի՜ստ երգեն թող ձեզ բոլոր արծիւներ.
Հանգի՜ստ երգէ քընարս, որուն, ձեզ համար,
Իբրեւ լար,
Ես արծիւի տըւի այս օր աղիքներ՝
Որ գոռար։
Թող ձեր շեմերը ողողուին վարդերով։
Երբ գայ լուսինն ու իր բիբերը բոցէ
Յածէ՝
Բալասանո՜վ թող այս գիշեր ձեր դուռներն
Օծէ…։
Հարկիք
Եզներս են խարտյաշ, լույս ճակատներով`
Զոր պաճուճեր եմ նուսխայով կապույտ:
Գարունի առտվան օդեն են գինով.
Կը նային, խաղա՜ղ, դաշտերուն անքույթ:
Ձըմեռը զանոնք խարո՛վ սընուցի.
Մեհյանին պարարտ կուռքերն են կարծես:
Իրենց սանտըրված պոչը թավարծի
Կը լիզե իրենց կողերն` օձի պես:
Կը սիրեմ անոնց նյուսը բյուրածալ,
Ռունգերնին տամուկ, բիբերնին խոշոր`
Ուր կա դաշտերուն երազն անայլայլ,
Եվ ճոճքը իրենց, և պոչյունն հըզոր
Հորիզոններե՜ն. երբ կ'երթան անվերջ
Եղջյուրնին մըխած Արշալույսին մեջ:
Մոխիրներու առջև
Հյուղն այրեցավ։ Թըխաթույր ծո՛ւխը նյութին
Կապույտ զենիթը սևցուց.
Ան, դեպ երկինք, խեղճ մարդերու հույսերուն
Ոչընչացումն էր գըծուծ։
Հովն՝ որ առաջ կը հեծկըլտար ցըրտագին
Գույքերուն մեջ դիմակաց,
Հիմակ անոնց թույլ մոխրին հետ կը խաղա՝
Հեգնող շըշուկ մը ձըգած...
Կը մորմոքի ընտանիքն իր ջանքերուն
Սին փոշիին հանդիման.
Կու լա՜. անգո՛ւթ այդ հըրդեհումն արցունքո՛վ
Պիտ ջանար մարել ան...
Մայրն ըստինքին վըրա սեղմած մերկ որդին՝
Ավերին մեջ կը շըրջի.
Մանկան համար ողջ շապիկ մ՚ան կ՚որոնե՝
Եվ կամ կըտոր մը քուրջի։
Տարաբա՜խտ մայր, կաթին գունատ փըթթումին
Պատըսպարան չը մընաց.
Հանկարծ ոտքին կը զարնըվի սարսուռով՝
Օրոցքեն փայտ մը, խանձա՜ծ։
Ո՛հ, դաժա~ն բոց, ատիկա բույն մ՚էր սիրո՝
Որ քանդեցիր ղայրույթով.
Հոն, տըժգունած զույգ մը շըրթունք վրայե վրա
Կը ծըծեին սեր, գորով։
Արդ, մոխրին տակ խեղճերուն կյա՛նքն է թաղված
Ա'լ դամբան մ՚է հյուղն իրենց.
Բախտն, որուն աչքն արդեն կապած է Աստված.
Փոշի, կըմախք հոն ձըգեց։
Ըսե, ո՛վ Տեր, հիմա դեպ ո՞ւր պիտ՚ երթան
Այդ թըշվառնե՛րը լալկան.
Դու որ անոնց տընակն առիր, հույսն առիր,
Օ՜ն, ըսե, ո՛ւր պիտ՚ երթան...
Գեթ անձնըվեր գութ չը տրվիր մարդերուն՝
Որ անոնք հոն կըծկըվին,
Որ մարդկային սըրտերու մեջ՝ գեթ անոնք
Խորշ մը գըտնան ջերմագին։
Ո՞ւր պիտ՚ երթան։ էրիկն արդեն հիվանդոտ,
Սիրտ մ՚ուրկե ողբ լոկ կ՚ելլե.
Կինը, վատուժ, պինդ շըղթայված իր վըզեն
Նիհար, փոքրիկ թևերե։
Ո՞ւր պիտ՚ երթան. Գահավեժի մը վերև
Իր կյա՞նքը մին կախելու,
Թե, հուսահատ, մյուսն անպատիվ տան մը մեջ
Մաքուր սերն իր ծախելու։
Ո՞ւր պիտ՝ երթան սև նոճի այդ ծաղիկներ
Ճակատագրեն հողմավար,
Ծուխեն, բոցեն այդ քըշվածները շըլմոր,
Վերքի շիթերն այղ թըշվառ։
...Ե՞րբ, պիտի գա, ո՛վ Տեր, այն օրը վըսեմ.
Նավասարդեան
Հանճա՛րդ Հայկեան, Նաւասարդեան սա տօներուն
Արեւափառ՛
Ա՛լ վերածնէ փլատակներէն, և փառակոչ
Քնարըդ ա՛ռ։
Յանու՜ն Ուժին, յանու՜ն Ցեղին, մտիր մեհեանն
Աստուածներուն.
Ջահը ձեռքիդ՛ բագնէ բագին համասըփռէ՜
Հուր ու արիւն։
Եվ բարցրացուր Անահիտի ծիծերն ի վեր
Բաժակնըդ նուռ,
Յետոյ զոհուող քերթողներուն սըրտին վրայ
Լեցու՜ր, լեցու՜ր։
Զի մենք, յանուն Սէրին, Սերմին, քու հին Ցեղիդ
Մարմարէն կոյս,
Մե՛նք, Զաւակներդ օգոստափառ, պիտի կերտենք
Նո՜ր Արշալոյս։
Եղբայրությունն Մարդկության
Ե՞րբ իր շըղթան պիտի ձըգե, սըրտե սիրտ՝
Մեծ համբույրովն՝ հաղթակա՜ն։
Ե՞րբ հըրկիզյա՛լը չըքավոր, հուսաթափ,
Մոխրին վըրա ինչքերուն,
Ցուրտ, վիթխարի Լըքումին տեղ պիտ՚ գըտնա
Տիեզերական Օգնությո՜ւն։
Առաջին ծիլեր
Զեղուն ավշին հողերուն տակ պայթեցուց
Սերմերն: Արտերս այս գիշեր
Կանանչցեր են լուսնկային տակ գարնան…
– Մայրի՛կ, ինծի ծիլ մը բեր,
Քըրտինքիս ցողը վըրան:
Կատաղորե՜ն, կատաղորե՜ն հորդեր են
Տե՛ս, ցորեններն աղածրի:
Դաշտերն հագեր են զմրուխտե պատմուճան…
– Քույրի՛կ, ծիլ մը բեր ինծի,
Եզիս շողիքը վըրան:
Կը փողփողին արտավարե արտավար
Կարծես կանանչ մոմիկներ:
Ամեն ընձյուղ մարգրիտ մ'ունի իր բերանն…
– Հոտա՛ղ, ինծի ծիլ մը բեր,
Արևուն շողը վըրան:
Կը զարդարե ամայությունը հողին
Մատղաշ ծաղի՛կը հացի.
Կանանչին մեջ կոշտերը թուխ կը լողան…
– Հարսնո՛ւկ, ծիլ մը բեր ինծի,
Մատերուդ բույրը վըրան:
Ծիլ արտերուս մեջն է ծըլեր նըշենիս,
Հոն միսմինա՜կը ծաղկեր…
–Մայրի՛կ, քույրի՛կ, հոտա՛ղ, հարսնո՛ւկ սիրական,
Բերեք անկե ծաղիկներ,
Բերեք վարդգույն ծաղիկներ,
Հընձվորին հո՜ւյսը վըրան:
Ցորյանի ծովեր
Հովե՜ր կ'ացնին.
Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան.
Իրենց խորքեն կը հոսի դող մ'անսահման:
Գեղադալար կողերն ի վար բըլուրին
Ծովե՜ր կ'անցնին:
Հովե՜ր կ'ացնին.
Ա՛յնքան կ'հորդի, կը կատղի դաշտը հուռթի`
Որ պիտի հոն արածող ուլը խեղդի:
Գոգին մեջեն ալետատան հովիտին
Ծովե՜ր կ'անցնին:
Հովե՜ր կ'անցնին.
Ու ցորյանին պատմուճանները ծըփուն
Մերթ կը պատռին, մերթ կը կարվին փողփողուն:
Ըստվերի մեջ, լույսերու մեջ փրփրագին
Ծովե՜ր կ'ացնին:
Հովե՜ր կ'անցնին.
Քիստերուն տակ կ'ալեծփին եղիներ`
Ուր լուսնակն իր սափորին կաթն է հոսեր:
Կալերեն գյուղ, գյուղեն մինչև աղորին
Ծովե՜ր կ'անցնին:
Հովե՜ր կ'անցնին.
Զըմրուխտներով կը ծփա դաշտը անհուն:
Ծիտը կ'երգե թառած ճյուղի մ'օրորուն`
Մինչ իր տակեն ցորյաններու մոլեգին
Ծովե՜ր կ'անցնին,
Հովե՜ր կ'անցնին:
Գարնան անձրև
Դաշտերուն վրա իր տրտմությամբ համառող
Անձրևը չէ՛ ասիկա:
Գարնան ջաղբն է` որ ցանքերուն վրա անհուն
Լուսացընցուղ կը տեղա:
Աստղերն անհայտ, կարծես հալած արևեն,
Տեղատարափ կը թափին,
Եվ կը լըվան իրենց լույսին մեջ փաղփուն
Անդաստաններն ու այգին:
Կապույտն հանկարծ կու լա բուռն ծիծաղեն,
Եվ կը տեղա ադամանդ.
Կը լուսանան կույր աղբերակներն ու կ'երգեն
Իրենց ծընունդն արգավանդ:
Անհունն ի վար կը հեղեղվին շառաչուկ
Մեծ կաթիլներ շափյուղա,
Լի արևով, ցընծությունով, կապույտով,
Ծիծաղներով սատափյա:
Մարգերը թաց կ'արտաշընչեն զովություն…
Կը լըվացվին գառնուկներ…
Բո՜ւյրը հողին, հողին բո՜ւյրը, ծավալուն,
Կը լեցնե գյուղն ու եթեր:
Ու արտերո՜ւս, արտերո՜ւս մեջ քրտնաշատ
Իմ ցորյաններս համեցող
Նոր ուժերով հորդահոսա՜ն կ'ընձյուղին
Կայլակներու մեջ ի լող:
Եվ մաքըրված անտառին մեջ, այս պահուս,
– Ըստ իմ գյուղիս հեքիաթին –
Կը ծնի եղնիկը, գոտիին տակ ծիրանի,
Եզնորդ մը ` նման լուսինին:
Տափան
Տափա´ն, տափնե, կոշտերն հարթե,
Թաղե ցաներն հողին մեջ.
Ցորենն` ոսկի, սերմն` հակինթ է,
Երբ միանա հողին գեջ:
Տափա~ն, թևերդ տարածե,
Գրկե արտերը հուռթի.
Հունտն այսօրվան` վաղը հունձ է`
Երբ գուղձին տակ կանհետի:
Տափա´ն, ըմբոստ խութը փշրե,
Գոցե վերքերը խոփին.
Հերկն աննվաճ ալիք մըն է`
Զոր կանդորրես դուն հեշտին:
Տափա´ն, տափնե, կոշտերն հարթե,
Փակե բերանն ակոսին`
Ուր ամեն մեկ ցորեն սաթ է.-
Թող սարյակներ չտանին:
Տափնեց տափանն, հարթեց կոշտեր,
Հղկեց անդերը անհուն…
Այժմ հողին տակ կուռին հունդեր
Ինչպես ծիծերն ուլերուն:
Մարագներ
Առվույտի՛ մարագ, լեցուն բույրերով
Խունկի, հաշիշի,
Երբ դուռդ բանամ, ցուլերը բոլոր
Ճակատով լայնշի
Կպոռոչեն խո՛լ, կտրելով իրենց
Վզտեքը կաշի:
Ոլոռնի՛ մարագ, լեցուն լեռնաբույր
Հազար ծաղիկով,
Երբ մսուրներուն խուրձերդ տանիմ
Կողով առ կողով,
Կխնկե ծոցիս, թեզանիքիս մեջ
Համեմդ՝ օրերով:
Հարդերու՛ մարագ, երդիկեն նայող
Արևով լեցուն,
Դու, որուն կակուղ դեղին վրա պառկած
Կցկնի կատուն,
Դու, որ կարծաթես դունչը գառներուն՝
Օրհնյա՜լ ըլլաս դուն:
Վահագնի ծնունդը
(Մ Խորենացի)
Երկներ երկին և երկիր
Երկներ և ծիրանի ծով.
Երկն ի ծովուն ուներ
Զկարմրիկ եղեգնիկն
Ընդ եղեգան փող: ծուխ ելանէր:
Ընդ եղեգան փող: բոց ելանէր:
Եւ ի բոցոյն պատանեկիկ վազէր:
Նա հուր հեր ունէր:
Ապա թե բոց ունէր մօրուս՝
Եւ աչկունքն էին արեգակունք:
Առաջին մեղքը
Ձորերուն մեջ, սարերուն վրա կ'արածեր
Ան ամեն օր ուլն իր կապույտ աչերով.
Ոտքերը մերկ էին և միշտ ալ վըստահ
Մեն մի քայլին` շուշան վրա կոխելու:
Ճերմակ կրծքին մերկության վրա վիժանուտ
Ոսկի հերքեն կը ծորեին ծոթրիններ.
Ո՛չ մըրտենին և հասմիկները գըլխուն
Կը թոշնեին, ո՛չ ալ վարդերն այտերուն.
Ան միշտ կ'երգեր, ու երգն իր
Կը ծիծաղե՜ր սըրտին մեջ,
Իր ըզգեստիկը կապույտ
Երկընքի մեկ ջինջ կըտորեն էր ձևված.
Եվ հովվական իր ցուպն էր օձ մը բրածո`
Քարացա՛ծ օձ` որ իր մաքուր ձեռքին մեջ
Դեղձիի ճյուղ մը եղավ:
Երբ վըտակին եզերքեն
Ան կը քըշեր ուլն իր կապույտ աչքերով`
Ծառերուն մեջ` գաղտագողի` լուսնկան
Իր ետևեն կը քալեր.
Եվ լուսնկան տարփատենչ բիբն էր գուցե
Եհովային, կույսերու հի՛ն Սիրահար:
Բայց իրիկուն մ'ան հովտեն ձայն մը լըսեց`
Որ զինքը, վա՛րն, աղբյուրին քով կը կանչեր.
Երգ մ'էր կարծես, այնքա՜ն աղվոր և դյութիչ`
Որուն իր ուլը ճերմակ
Վիզը տընկած, խոտը բերանն, ունկընդրեց.
Նոր երգ մ'էր ան` որ կ'ըսեր.
“Ճերմա՜կ աղջիկ, ճերմա՜կ աղջիկ, վա՛ր եկուր,
Եվ աղբյուրին քով ուլդ ինծի զոհ ըրե:
Թզենիին շուքին տակ,
Ճերմա՛կ աղջիկ, ճերմակ ուլդ ինձ զոհ ըրե:
Այս լեռներուն ես Ոգին եմ լիազոր.
Իմ շունչիս տակ` թե ուզեմ`
Գետեն արծա՛թ կը հոսեն
Եվ հեղեղները` ոսկի.
Հասած տեղն իմ համբույրիս
Կ'անցնի սարսուռն` որ բաղձանքն է ծնունդին.
Իմ գըրկիս մեջ շուշաններ վա՛րդ կը դառնան,
Եվ կույսերն ալ` թագուհի:
Ես քու զոհիդ արյունեն
Դաշտերն ամբողջ ծաղիկներով կը լեցնեմ,
Եվ ուլիդ տեղ թիթեռնիկներ կ'արածես.
Ճերմա՜կ աղջիկ, ճերմա՜կ աղջիկ, վա՛ր եկուր”:
Ան լսեց այս ձայնը, երկա՜ր ու երկա՜ր,
Որ կարծես իր արյունին մեջ կը խոսեր.
Լըսեց ու, լուռ, աստղերուն տակ հառաչեց:
Հետո դյութված` ցուպն առավ
Ու քըշեց ուլը ճերմակ`
Բըլուրեն վար` դեպի հովիտն հեշտաբույր:
Հո՛ս է աղբյուրն, հո՛ս թզենին, և կը զգա՞ս
Արու Ոգին` որ ծոթրինի և թյումի
Ըզգըլխիչ հոծ բույրերով
Գըրկեր է քեզ: Զոհդ ըրե՛:
Ջինջ ու ողորկ քարերուն վրա աղբյուրին`
Ծունկին վերև ան պառկեցուց ուլն` որուն
Փոքրիկ եղջյուրն ավազին մեջ խըրեցավ:
Ո՛հ, ի՛նչ արբշիռ էր պահն ու որքա՜ն անույշ.
Ան կը հավտար թե զոհելեն վերջը դեռ
Պիտի ուլն իր ողջ մընա,
Պիտի մարգին մեջ պապաչե և ոստնու:
Ան` մահն ի՛նչ էր` կ'անգիտանար, ու երգե՜ց.
Երգեց բնության ներշնչման տակ մեկն այն մեծ
Հաճույքներեն` զոր կու տա
Զոհագործումը անձին.
Երգեց գարունն հասակին,
Դաշնակույթունն իր էության, և առանց
Ուլին կապույտ աչքերուն
Աղիողորմ նայիլն իրեն` տեսնելու,
Դրավ դանակն անբիծ վըզին, և արբշիռ,
Երգը շուրթին` զայն հեշտանքո՛վ մը զոհեց.
Ծունկին վըրա այն մոլորիչ Ոգիին`
Ճերմակ աղջիկն իր ճերմակ ուլը զոհե՜ց:
Բայց իր զոհեն նոր ծաղիկներ չըբուսան,
Եվ ինք չեղավ թիթեռներու հովվուհի.
Պըղտորեցավ աղբյուրն ուլին արյունեն`
Ուր ջուրին հետ պիտի ան ալ չըկըրնա՛ր
Խըմել աստղերը ցոլացիկ երկընքին.
Խոտերուն մեջ ցուպն հագավ
Իր նախկին բնույթը օձի.
Լուսինն իջավ լեռնեն վար,
Եվ ինք մութին մեջ, սարսռուն,
Բոպիկ ոտքով մեռա՜ծ ուլին քով կանգնած`
Լացա՜վ, լացա՜վ, և արյունլվա ձեռքերով
Իր թաց աչքերը շըփեց,
Մինչ գըլխուն վրա կը թոշնեին հասմիկներն,
Հրապուրված կույսն իր անուշ Մեղքը լացավ:
Մշակները
Մըշակնե՛րն են իմ գյուղիս, դաշտի հըզո՛ր զավակներ,
Քըրտինքներով մարգարտյա` բընության թա՛գն են հյուսեր:
Կը բաբախե սիրտն հողին իրենց բըրդոտ կուրծքին տակ.
Ու իրենց լայն երակին մեջ կը հորդի արեգակ:
Երբ որ քալեն` մայր-երկիրն իր արգանդեն կը սարսռա.
Բայց չի խամրիր ծիլ մը իսկ գարշապարնուն տակ հըսկա:
Գըլուխն իրենց, զոր կ'հակեն առջևը սուրբ խորանին,
Պըսակված է միշտ ոսկի փոշիներովը հարդին:
Ակոսներուն մեջ անոնք խինդ կը ցանեն, և Աստված
Իրենց ճակտին ակոսեն բարություններ կը հընձե:
Ավիշներուն հոսուն երգն անո՛նք միայն են լըսած:
Եզին շողիքն ի՛նչ փույթ թե իրենց ձեռքերը կ'օծե,
Եվ ախոռի հոտ կու գա իրենց նախշուն լոդիկեն.
Նախ անենց լայն ափի՛ն մեջ կը ծըլին սերմերն համորեն:
Վանատուր
...Ամենաբեր նորոց պտղոց տոնից
հյուրընկալ դիցն Վանատրի.
Ագաթանգեղոսի
Նըստած պարարտ եզիդ վրա, ո՛ Վանատուր,
Մեկ ծագեն մյուսը կ’անցնիս
Հայրենական դաշտերուն:
Մեռա՜ն բոլոր մեծ աստվածները, իրենց
Բագիններուն վըրա մամուռը կ’աճի:
Անմահ եղար դո՛ւն միայն
Նըման հողին և կըրակին, ու նըման
Օվկիանոսի աղերուն:
Ուսերուդ հիր պատմուճանեն դեռ կու գա
Գինիի հոտն Ամանորի տոներուն:
Հակառակ ա՜յնքան դարերու ավերին`
Բիբերըդ դեռ զըվարթություն կը բըխեն.
Ու կենեղուտ դեմքիդ վրա
Արբեցողի կարմիր ծիծաղն է ծեփված:
Ու երբ պարարտ եզիդ վըրա կ’այցելես,
Ծաղկամիսեն Միգաբեր,
Անեզրությունն հայրենական դաշտերուն`
Կ’հոսի ալի՛քը կյանքին
Ակոսներեն հայրենակա՜ն դաշտերուն:
Ահա գարունն ու զարթումներն իր առույգ,-
Հիրիկներո՜վ պըսակվե, ո՛ Վանատուր:
Ճամբուդ վրա ճառագայթներ կը հոսին
Երակներո՛ւդ պես զեղուն.
Եվ կը թաղվին կանանչին մեջ ցողաթուրմ
Բոլոր քարերն ըսպիտակ:
Կըտուրներեն գեղջկական
Կը բարձրանա ծուխը, խունկի պես խաղաղ:
Թող ես վարդով և ուլունքով գեղաշար
Քառամանյակըս կախեմ
Պարանոցեն քու եզիդ,
Հըլու եզիդ` որ դարձած`
Մերթ կը լիզե բոբիկ ոտքերդ աստվածի:
Օ՜, իր պոչյունը գերազոր, որ ահա
Քարանձավե քարանձավ
Կ’արթընցընե թըմրած օձերն ու արջերն,
Ու խաղաղ կյանքն արևուն տակ կը պոռթկա:
Աստղերը մեղըր կը ծորեն երկընքեն
Նայադներու սափորներուն մեջ մարմար,
Արշալուսված աղբյուրներուն եզերքին
Աղավնիներ կը լոգնան
Իրենց կտուցեն մարգարիտներ սըրսկելով:
Ծիծաղե՛, ո՛ Վանատուր,
Քու հեթանոս ծիծաղներովըդ վըճիտ,
Զի բընությունն արթընցա՛վ իր քողերեն.
Եվ բերկրությունն, արգասավոր և անհուն,
Օդին մեջեն կ’անցնի կ’երթա,ու նըման
Մեծ կարապի մը վայրի,
Քու հաղթանա՜կըդ կ’երգե:
Ահա ամառն ու իր անդերը խարտյաշ.-
Որաներո՜վ պըսակվե, ո՛ Վանատուր:
Պըճեղներուն տակ եզիդ
Մատղաշ ցորյանն անտառացավ. այժըմ իր
Ծովերուն մեջ` ոսկյա լոգանքըդ ըրե՛:
Թուփերուն տակ ծաղկահեղց
Բույներն են լի՛ օրհնությամբ,
Եվ արտույտին երգն արևե՛ն մեզ կու գա:
Քու արգավանդ անույշ շունչդ է` որ կ’անցնի
Դալարավետ բըլուրներուն կողն ի վար:
Երդիկին վրա քընացող
Գեղջուկին աչքն ա՛լ կը բանա` Արշալույսն,
Եվ կը փակե` Լուսնկան:
Հյուղերն են լի համեմներու բույրերով,
Ավերակներն իսկ մոխրապատ` են զեղուն
Եղիճներու, մոլոշներու հունձքերով:
Ուռենիին տակ, Վանատո՛ւր, կը զոհեմ
Նոխազը, քեզ նըվիրված,
Նոխա՛զն, որուն լուսեղ մազերն հորդահոս
Քամակին վրա` ակոսի պես կը ճեղքվին.
Նոխա՛զն որ միշտ կը կըրծեր
Սուրբ շերտափակն այգիիդ:
Արյո՛ւն խըմե ու մի՛ս կեր, ո՛ Վանատուր,
Քու հինօրյա խըրախներովդ հեթանոս,
Զի հասկաթուռ ցորյանին մեջ փայլակող
Գերանդիներ քե՛զ կ’երգեն:
Ահա աշունն ու արյուններն իր հուռթի.-
Որթատունկո՜վ պըսակվե, ո՛ Վանատուր:
Նիզակըդ ա՜ռ` որուն վըրա ոլորուն
Բարունակներ կը ծաղկին.
Թող ես եզիդ եղջյուներն
Ողկույզներո՛վ զարդարեմ:
Մըրգածառերն, հըղի կընոջ մը նըման,
Կ’հևան իրենց բեռին տակ.
Բուներն համակ կըպչուն են քա՛ղցըր հույզով.
Կորիզն ամեն պըտուղի
Քու սերմովդ է պընդացած.
Եվ քու եզիդ շողիքով
Օծված է հողը բեղուն:
Ամբարներն ողջ` խաղաղությամբ կը լեցվին,
Եվ կարասներ` ցընծությամբ…
Թող, թեղերուն մեջ, ուտե եզըդ գարի՛ն
Աստղերու պես: Իսկ դուն, Աստվածըդ զըվարթ,
Աստվածըդ գեր, վարդերես,
Ա՛ռ դաշխուրանդ, ըմպե՛ այրունը աշնան:-
Աղբյուրին քով ես քեզի
Մատըռվակեմ թող գինի՜,
Մատըռվակեմ թող բոցե՜ր,
Ծիծաղե՛, ո՛ Վանատուր,
Ո՛ Վանատուր, կաքավե՛.
Զի այգիեն տերևաթափ` կ’երևան
Հավերժհարսերն, երկայնքն ի վեր ցանկերուն,
Եվ աղջիկներ, նուռ լեցուցած գոգերնին,
Դեպի մեհանըդ կ’երթան.
Զի դու անմահ ես` դիքերեն վերջ մեռած`
Օվկիաններու աղին պես,
Զի տաղտկալի ձըգման մեջ,
Հայրենական օճախներուն քով խաղաղ,
Ամեն կիթառ քե՛զ կ’երգե:
Հեթանոսական
Ապարանքին մեջ մարմար կախարդական Երազին,
Ու աստղակուռ ջահեր լույս անձրևելով կը վառին,
Ես Արքա մ’եմ այս գիշեր Արևելքի ճոխությանց,
Եվ ունիմ գահ ու գանձեր, ճերմակ կիներ հերապանծ:
Բազմոցիս վրա` զարդարված հովազներու մորթերով`
Գըլուխս հեցած դաստակիս, և հեշտության մեջ գինով,
Ընկողմանիկ կը դիտեմ Չերքեզուհի մը անձնյա`
Որ կը պարե իմ առջև, մարգարտահեռ գորգին վրա:
Իր հոտևան մազերեն և մարմինեն ծալ ի ծալ
Կը հոսի ծով մ’հեշտության` ուր կը սիրեմ ես լողալ:
Ըզգեցեր եմ փառահեղ պատմուճաններս ըսպիտակ
Բանված հազար աստղերու արցունքներովը սուտակ.
Շուրջը գլուխիս փաթթեր եմ ապարոշս իմ ձյունափայլ`
Ծանըր` նըման իմ փառքիս, հանճարիս պես` բյուրածալ:
Մատնիներով ադամանդ ծանրաբեռնված ձեռքիս մեջ
Համրիչըս հի՛ռ կը գըլեմ մեծ սաթերով փողփողեջ:
Ինկեր եմ վար ոտքերես անխնամ գորգին վրա քըրքում
Հողաթափերս ոսկեհյուս և թաշկինակս ապըրշում:
Իսկ զետեղված է իմ քով, կենսաժըպիտ, փըրփրադեզ,
Հըսկա բաժակըս գինվո` որ հըրաշքով մը կարծես
Դեռ նոր հոսված արյան պես կը պըճըլտա իմ առջև:
Սակայն բիբերըս ծարավ գույն ու մարմնո գեղաձև`
Մագարեի մ’աղոթող բիբերուն պես տեսլացած`
Անհունորեն սուզեր են հորձանքին մեջ ճախրասլաց
Այն թըխաչվի աղջըկան, Չերքեզուհվույն համպարե`
Որ իմ առջև կը պարե՜, միշտ կը պարե՜, կը պարե՜…
Իր շարժումն հո՛ւյլ է երբեմն, ու իր հասակն է նըման
Հողմնասարսուռ եղեգին, բույր ու փըրփուր, երգ համայն.
Իսկ երբեմն ա՛յնքան զորեղ թափ մը կու տա ոտքերուն`
Որ խարույկված բոց կ’ըլլա` քամիներն ծըփծըփուն:
Օ՜, ան միսին ձևերուն և ծալքերուն հանճա՜րն է.
Գիտե հեղուլ հորդառատ նայվածքներե, մարմինե
Բոլոր հրապույրը կընոջ և տըռիփները հեշտին`
Որոնք նըման ծովերու առջևս անզուսպ կը փըրփրին:
Ու կը պարե՜, կը պարե՜, հորձանապտույտ կը պարե՜…
Քըրտինքներով կը պըտղի ճակատն հըստակ փայլարե:
Վեհ հասակն իր կախարդի` մազերուն տակ ծածկըված`
Ուռենիին խռովքն ունի` լըճակին վրա ցոլացած:
Մերթ դեպ ետև կը թեքի, մերթ ալ դեպ ի ընդառաջ.
Հազիվ եղած շամբ ճըկուն, կ’ըլլա բարտի մ’աննըվաճ.
Եվ մերթ ցընցուն ոստումով` կարծես իրանն հրաշագեղ
Հանկարծակի կը փշրե փոշիաբար զերթ բյուրեղ.
Ու հազիվ հազ դաշնակում մ’իր մարմինեն եղծանած`
Նոր թեքումով կ’հորինե նո՛ր դաշնակում մը հանկարծ:
Մարգարտահեռ մուճակներն, ուր ոտքերն իր ձուլվեր են,
Կարծես հազիվ կը հըպին գորգին վըրա նըկարեն.
Ու իր հատուկ ճախրանքեն կառնու հով մ’ա՛յնքան ծավալ
Որ կը մարե երդումն հա՛պ, ու կ’արծարծե երբեմն ալ
Իր ականջին օղերուն փայլատակները լազվարթ
Ու իր բոլոր քայռերուն ճառագայթները զըվարթ:
Ու կը պարե՜, կը պարե՜, կատաղորեն կը պարե՜,
Միշտ հըպատա՛կ ցոփ կամքիս` որ զինք ընդմիշտ կը վարե:
Գլուխեն վե՛ր կը նետե նուրբ պատմուճանն հապըշտապ.-
Կը մերկացվին ըստինքներն ու պարանոցը կարապ,
Ու որովայնը բարի` իր սև պորտով կընքըված,
Եվ հույր բումբերը, բոլո՛ր մյուս մասերն առեղծված
Համակ խորհուրդը միսին ու իր անճառ ձևերուն`
Ուր դըրեր է իր վերջին հանճարը միտքն Աստըծուն:
Երբ կը տեսնե իր աչքով մերկությունն իր բյուրեղյա`
Հրապույրներու այդ բոլոր շռայլման վըրա կ’ամչընա.
Այն ատեն ցունց մը կու տա փոթորկալից մազերուն`
Որոնց քամին թափընդթափ կ’երթա մարել սըրսըփուն
Ադամանդե ջահերն այն մարմարակերտ պալատին,
Մարմարակերտ պալատին ձեղնալույսերը ռեդին:
Ո՜վ մերկություն հրաշագեղ, Հավերժահա՜րս ամոթլյած`
Որ խորհուրդի մը նըման մըթության մեջ ես ղողված…
Այն ժամանակ կ’ոստնում վեր կիրքերուս մեջ ծարավի`
Թողլով որ ձյուն ապարոշս իյնա ոտքիս տակ լուծվի:
Մըթարին մեջ առխարխափ Չերքեզուհին կը գտնեմ`
Առաջնորդված իր կուրծքին հևքերեն բուռն ու վըսեմ,
Եվ քըրտնաթոր դաստակեն պինդ բըռնելով` մեկուսի
Կը պառկեցնեմ բազմոցիս մորթերուն վրա հովազի:
Օ՜, մագնիսով և լույսով թըրծուն մարմինն աղածրի`
Որ թևերուս մեջ կաթի, արյունի պես կը փըրփրի.
Օ՜ իր մազերն հոդածուփ` որոնց մեջ ես կը լողամ
Խորը անոնց խեղդվելու վըտանգներով հարաժամ,
Օ՜ ջերմությունը սատափ բազուկներուն տարփակեզ`
Որոնցմով վիզըս զորեղ կը պարուրե օձի պես:
Հուսկ իրարու կ’միանանք մենք համբույրով մը հըզոր…
Երբ կը ծըծեմ բերնիս մեջ առած շըրթներն իր բոսոր,
Երբ ժամերով կը քամեմ բյուր երակներն, հուլորեն,
Օ՛հ, այն ատեն ճաշակած կ’ըլլամ կարծես համորեն
Հին դարերուն հեթանոս դահամունքներն հազածո,
Հընդկաստանի համեմնե՜րն, համայն խունկե՜րն Արաբիո:
«Օրհնյալ ես դու ի կանայս…»
Մարիա՛մ, այս անկողնին վրա երբ նըստիս
Ու ես առջևըդ, գորգին վրա ծընրադիր,
Համբուրեմ խաժ երակներն
Այդ ձեռքերուդ` որոնցմե լույս կը ծորի,
Մարիա՛մ, տաք շըրթունքներուս տակ կը զգամ
Էա՛կ մ’որ, լուռ, արյունդ ումպ ումպ կը խըմե,
Այն գիշերեն` երբ մազերդ այդ բարձին վրա
Անփութորեն լեցուցած`
Ծոցդ հաճույքին բացիր, և բուռն հաճույքեն
Քըրտինք մ’առատ քունքերեդ ի վար հոսեցավ,
Եվ կուսությունըդ մեռավ
Արգանդիդ մեջ և աչքերուդ երկնաթույր,
Այն գիշերեն` թարթիչներեն կոպերուդ
Մե՜ղրը ծորեց, դուն եղար
Հեզահամբույր, լըռակյաց,
Ձյունափետուր դուն աղավնյակը եղար`
Որ արևուն տակ կըծկըված` կ’երազե
Բույնին վըրա շինվելիք…
Կը դիտեմ, արդ, քաղցրիկ հյուծումը դեմքիդ
Եվ բաց շապկիդ մեջեն ծիծերդ` որոնց մեջ
Կը բաժնըվի կյանքըդ և դուն
Բաժնըվելով մա՜յր կ’ըլլաս:
Մեն մ զարկին մեջ երակիդ` ես կը զգամ
Տրոփյունը նո՛ւյն իմ սըրտիս
Եվ բողբոջումը արյունիս ծաղիկին`
Որուն բուրումը կ’արբեցնե զիս և քեզ
Եվ սերն է մեր երկուքին:
… Օրհնյա՜լ ըլլաս, Մարիա՛մ,
Դո՛ւն որ անհուն գորովով
Կողերդ ինծի կու տաս, և ոսկրը՛դ ` ուրիշ
Ոսկրի մ’համար կը քամես,
Դո՛ւն` որ կ’ըլլաս ամենեն
Մաքուր ակոսն` ակոսներեն բեղնավոր,
Ու ամենեն չըքնաղ թաղարը` բոլոր
Թաղարներեն շուշանի`
Օրհնյա՜լ ըլլաս հավիտյան:
Դո՛ւն` որ, ըզգոն, կը կըրես
–Խեփորին մեջ ինչպես մարգրիտ մը ազնիվ–
Աստվածատիպ Մարդը խորն այդ արգանդիդ`
Օրհնյա՜լ ըլլաս, Մարիա՛մ…
Հունձք կժողվեմ
Հունձք կժողվեմ մանգաղով,
-Լուսնակը յարս է –
Ակոս ակոս ման գալով:
-Սիրածս հարս է:-
Գլխեբաց եմ ու բոբիկ,
-Անո՛ւշ են հովեր-
Արտերուն մեջ թափառիկ:
-Մազե՛րն են ծովեր:-
Ցորեն, կակաչ, կարոտով,
-Կաքավը կուլա-
Կապեցի մե´կ նարոտով:
-Ձեռքերն են հինա:-
Հասկերուն մեջ, վերևեն
-Ասուպը անցավ-
Աստղեր մյուռոն կծորեն:
-Դեմքս լուսացավ:-
Քանի խուրձեր շաղերով,
-Վարդենին թաց է-
Ես կապեցի խաղերով:
-Ծոցիկը բաց է:-
Արտս խոզանով մնաց
-Կերթա՛ լուսնակը-
Դեզերով լեռ եմ շինած:
-Սի՛րտս է կրակը:-
Մանգաղս քարին եկավ.
Յարս յա՛ր ունի-
Քարեն լորիկը թռավ:
-Լե՛րդս կարյունի:-
Սայլերը
Գյուղին ճամփայեն սայլերը կերթան
Հունձքով բեռնաբարձ:
Մայրամուտի մեջ շարժուն բուրգեր են՝
Ճաճանչներ հագած:
Թխադեմ տղաներ, դեզերուն վրա,
Կխթանեն մերթ
Մեղծի եզերուն կողը սրսփուն,
Կողը լուսաշերտ:
Գոմեշներ, համառ, ետև կարկառած
Իրենց մութ լեզուն՝
Կքանդեն որան՝ որ կհեղեղվի
Իրենց նուսերուն:
Ցորեններ ի լյուղ պերճ արյունին մեջ
Իրիկնադեմին՝
Նոր պսակ կըլլան պսակին վրա
Անոնց եղջյուրին:
Ճամփան, արտերեն կալերը մինչև,
Կծփա հասկով՝
Զոր ուշ մնացած հավեր կքրքրեն
Զվարթ կտուցով:
Ճամփան խարտյաշ է, կարմիր է ճամփան,
Որուն եզերքին
Արյուն կծորե չափազանց հասուն
Փոշոտ մորենին:
Սայլերը կերթան, անդորրության մեջ
Աղաղակելո՜վ…
Կտանին արև, հրդեհ կտանին
Հսկա դեզերով:
Կտանին հեղեղն ահա լեռնացած
Քրտինքի, Հույսի,
Որ լուծեն մինչև անիվներուն վրաԱռատ կհոսի:
Կերգե՜ն տղաներ, խթանելով միշտ
Կողը եզերուն…
Ջինջ անհունին մեջ զիրենք կօրորե
Ցունցը դեզերուն:
Կերգեն ճպուռին, մանգաղին նման,
Կերգեն հովի պես,
Մինչ հասնին կալերն, ու հոն տարածեն
Հունձքը ծովի պես:
Ջուրիին վրա
Նըվագե՛ կիթառդ, ո՛վ իմ Մելինա,
Լուսինն է ցաթեր, վերքի պես լանջքիս.
Երգդ, իբրև ըսպունգ, կը ծըծե ահա
Աստղերն երկընքին, արցունքներն աչքիս:
Աշխարհը մոռնա՜նք.- ջուրին վրա` լուսնին
Լուսասփյուռ ճամբա՛ն ըլլա մեր ճամփան...
Երբ պըսակեմ գլուխս ողկույզով, Մելի՛ն,
Սըրտիս արյուննե՛րն իսկ գինի կ’ըլլան:
Թող երգդ հըրճըվի՜.- Ծովը լուսավերտ
Անդունդին աղով կ’օծե գանգուրներդ`
Զոր խառնեց ահա սյուքը` լարերուդ:
Թող երգդ արբենա՜.- լեցուցի գինին
Կիթառիդ տոսախ պորտին մեջ հըրուտ...
Աստղի՜կն է նըստեր մեր նավուն քիթին:
Ո՜ Տալիթա
Կարմրաշառայլ լույսերուն մեջ կը վառի
Կապելադ, ո՛ Տալիթա:
Բե՛ր գարեջուրն, և թող փրփուրն հոսանուտ
Մատերդ ի վար պըղպըջա:
Ի՛նչ փույթ թե ես ազնըվական կը թվիմ,
Ունիմ ձեռքեր քընքշենի.
Եվ ի՛նչ փույթ թե դուն աղջիկ մ’ես ջըլեբաց`
Որ բանվորներ կ’ընդունի:
Կ’ատեմ կիներն` որոնք դիմացն հայլիին
Դիմաներկեր կը շաղվեն.
Կը ծըծցընեն Ծերակույտի անդամներ
Տըռփանքներով տարորեն:
Դահլիճներուն փարթամ կիները կ’ատեմ,-
Իրենց կավատն է` ոսկին.
Զիրենք սիրողը կը սպառեն, և իրենք
Տան շընիկեն կը սպառին:
Բե՛ր, Տալիթա՜, բե՛ր գարեջուրն, ու նըստե
Ծունկիս վրա` թույլ տալով
Որ աղախնի կարճ քըղանցքեդ երևնան
Բումբերըդ` սև գուլպայով:
Թող ճըրագներդ հյուծին մինչև առավոտ,
Եվ թող շեմին վրա երգե
Գինով աշուղն` հառած բիբերը մեզի,
Բիբերը զուրկ կըրակե:
Թող մազերուդ ոսկի հյուսկերը քակես
Գավաթին մեջ բյուրեղյա,
Եվ ծունկերես վար սըրունքներդ օրորես`
Մինչև որ սերս հասուննա:
Ինծի ի՛նչ փույթ թե շրթունքներդ են խածեր
Նավաստիները կոպիտ,
Եվ հոսեր են քըրտինքն իրենց տըռփանքին
Աչքերուդ մեջ ու ծոցիդ:
Այս օր կ’ուզեմ կուրծքիդ վըրա գինովնալ
Ինչպես զինվոր մը արբուն.
Կ’ուզեմ պարպել գավաթդ, և դուն ալ պարպես
Սիրտըս` նուռի պես հասուն:
Այսօր կ’ուզեմ դահլիճին մեջ ծաղըրված
Սերըս առջևըդ պղծել,
Խաբված հոգիս բերել ռամիկ աղջըկան
Գարեջուրով մը ծախել:
Ադոնիս մը
Արշալույսին դեմ խեփոր մը բացիր`
Զոր ծովն ոտքիդ տակ նետեց վիհերեն:
Արշալույսին դեմ խեփոր մը բացիր,-
Կը փայլեր իր մեջ մարգրիտ մ’հոյաշեն:
Կը փայլեր իր մեջ մարգրիտ մ’հոյաշեն`
Զոր ճակատիդ վրա դըրիր ներդաշնակ:
Կը փայլեր իր մեջ մարգրիտ մ’հոյաշեն
Վայրի կատվի մ’աչքին հանգունակ:
Վայրի կատվի մ’աչքին հանգունակ`
Մարգրիտն ուղիիդ լույս տըվավ գիշերն:
Վայրի կատվի մ’աչքին հանգունակ
Թովեց Աստղիկին բոլոր տատրակներն:
Վերադարձ
Այս իրիկուն ձեզի կուգանք, ե՜րգ երգելով,
Լուսնակ ճամփով,
Ո՜վ գյուղակներ, գյուղակներ.
Ձեր բակերուն մեջ ամեն
Թող գամփռներն արթննան,
Եվ աղբյուրները նորեն
Դույլերուն մեջ քրքջան.-
Ձեր տոներուն համար դաշտեն՝ մաղերով
Վարդ ենք բերեր՝ խաղերով:
Այս իրիկուն ձեզի կուգանք, սե՜ր երգելով,
Սարի ճամփով,
Ո՜վ հյուղակներ, հյուղակներ.
Եղջյուրներուն դեմ եզին
Թող ա՛լ բացվին ձեր դուռներ,
Թոնիրը մխա, պսակվին
Կապույտ ծուխով կտուրներ.-
Ահա ձեզի հարսերը՝ նո՜ր մանչերով՝
Կաթ են բերեր՝ փարչերով:
Այս իրիկուն ձեզի կուգանք, հո՛ւյսն երգելով:
Արտի ճամփով
Ո՜վ մարագներ, մարագներ.
Ձեր պատերուն մեջ խավար
Թող նոր արևն շողե,
Երդիկներուն վրա դալար
Լուսնակն ալյուր թող մաղե.-
Ահա ձեզի բերեր ենք խար՝ խուրձերով,
Հարդը՝ անուշ ուրցերով:
Այս իրիկուն ձեզի կուգանք, հա՜ցն երգելով,
Կալի ճամփով,
Ո՜վ ամբարներ, ամբարներ,
Ձեր մութ ծոցին մեջ հսկա
Թող բերկրության շող ցաթի.
Սարդոստայնը ձեր վրա
Թող ըլլա քող մ’արծաթի.
Զի բերեր են սայլե՜ր, սայլե՜ր շարքերով
Ցորե՜նն հազար պարկերով:
Երնում
Իրիկվան մեջ հովերն հևուն
Երբ դուրս կելլեն քարայրներեն՝
Մեկ ծայրեն մյուսը կալերուն
Ա՛լ կամնված հունձքը կերնեն՝
Հըծծելով երգն Աշխատության.
-Երնե՛, էրան, երնե՛ էրան.
Հարդը քեզի, մեզի ցորյան:
Հարս ու աղջիկ պարմանիներ,
(Ժպտուն վարդեր մասուրի քով)
Իրենց ձեռքին հոսելիներ՝
Կճեղքեն թեզն, հույսերու բով.
Ու կպոռթկա երգն հաղթական.
-Երնե՛, էրան, երնե՛ էրան.
Հարդը քեզի, մեզի ցորյան:
Ժիր շարքերուն մեջ ի՜նչ խուճապ
Ելլող իջնող բազուկներու…
Հեղեղներ են, որ հապշտապ
Վեր կնետվին՝ սաթ տեղալու.
Ու կեռա երգն ալետատան.
-Երնե՛, էրան, երնե՛ էրան.
Հարդը քեզի, մեզի ցորյան:
Հովեր կանցնին խարտիշահեր,
Թողլով, որ վա՛րը երկարին
Հարդգողի լույս ճանապարհներ,
Ուր սարյակներ կթափառին՝
Սուլելով երգը ցնծության.
-Երնե՛, էրան, երնե՛ էրան.
Հարդը քեզի, մեզի ցորյան:
Ուսերե վեր ի՜նչ փոթորիկ,
Ի՜նչ փաղփումներ մազերու մեջ…
Ցորենին հետ, հատիկ հատիկ,
Կթափի ցողն իրիկվան գեջ:
Ու կըղձա երգն երանության.
-Երնե՛, էրան, երնե՛ էրան.
Հարդը քեզի, մեզի ցորյան:
Ու երբ ոսկվով ծեփվին կալեր,
Հարսներն ոսկի քողեր առնեն,
Եվ ցորյանի ձուլվին սարեր,
Զոր գա լուսնակն օրհնել վերեն՝
Պիտի նվաղեի երգն աղվական.
-Երնե՛, էրան, երնե՛ էրան.
Հարդը քեզի, մեզի ցորյան:
Ականջներուն
Մարգարտածո՛ց ականջներ, գանգուրներուն տակ սիրուն,
Ամենանուրբ մասն եք դուք իր նըրբագեղ մարմինին.
Լոկ դո՛ւք կըրնաք հաղորդել երգը քնարիս լարերուն
Իր ըսքողած հոգիին:
Թիթեռնիկի՞ կը նմանիք, թե՞ ծովամույն խեփորի`
Որ խըմած է բուստին լույսն և նըվագներն անդունդին.
Ա՛յնքան փոքրիկ եք` որ տղեկ մ’իր ափին մեջ աղածրի
Պիտ’ ամփոփե ձեզ դյուրին:
Ո՛վ բավիղներ նըրբակերտ, ո՛վ ոլորտներ վարդագույն`
Որոնց մեջեն, չեչքարե մը վար թորող ջուրին նման,
Բոլոր ձայներն աշխարհի կ’հասնին մինչև իր հոգվույն
Եվ խորհուրդնե՛ր կը դառնան:
Ուշիմորեն կ’ամփոփեք ձեր ձագարին մեջ բյուրեղ
Անծանոթ խոսքը բոլոր դաշնակավոր իրերուն,
Հեռավոր երգն աստղերուն, որ անհունին մեջ լուսեղ
Կը ծովանա՜ փոփողուն:
Եվ ձեր քունքին առընթեր բռնեմ ճըրագս ադամանդ
Աղավնյակի մը կարմիր սըրտին նըման բաբախուն,
Թափանցկությամբ մը վճիտ կը բըռընկի ձեր թաղանդ
Կակաչի պես հըմայուն:
Սըրտիս վըրա՛, ականջնե՛ր, խոնարհեցեք սըրտիս վրա՛.
Դեռ չերգըված կույս երգեր հոն կը բզզան անհամբեր`
Ինչպես քընքույշ և խըլրտուն բըժոժներուն մեջ ոսկյա
Լուսակարոտ թիթեռներ:
Եվ թողեք, գո՛ղտր ականջներ, ձեզ համբուրեմ զգայնոտ,
Տամուկ լեզվովըս հըպիմ խորշերը ձեր սատափյա,
Որ ան սարսռա անպատում հեշտանքներով ջըղայնոտ`
Քընարիս պես դյուրազգա:
Թո՛ւյլ տվեք ձեզ ողբերգեմ` Գեղեցկության դաշույնին
Բյուր հարվածներն հոգվույս մեջ, և զույգ մ’արցունք աչքերես
Տըրտմորեն վար կախեմ ձեր բըլթակներեն փափկագին` Իբրև օղեր` ընծա ձեզ:
Ճարակում
Բլուրին գաղջ կողին վրա ընկողմանած
Սրինգ կածեմ.
Եզներս լայն հովիտին մեջ, սրտի երգով,
Ես կարածեմ:
Լուսնակն իջած է մանգաղված լուռ արտերուն
Մակերեսին.
Կծավալե խոզաններուն մեջեն հեզիկ
Կաթը լույսին:
Ջինջ գիշեր է: - Երգս անհունե անհուն, խաղաղ,
Կծփծփա.
Եվ սրինգս, հովերուն հետ, իր ծակերեն
Շաղե՜ր կուլա:
Հեռո՜ւն կլսեմ բոժոժներն իմ նախիրներուս,
Որոնք կարծին
Ցորյաններուն ծիղն՝ ոռոգված մեղրերուն մեջ
Ծիր Կաթինին:
Կլսեմ մուշ-մուշ ճարակումն՝ առվեզերքի
Թուփերուն մեջ՝
Ուր մոզին իր դունչը մխած՝ կբզկտե
Խոլորձը գեջ:
Ցուլերն ամեն, գլուխնին կախ, կարծես դյութվա՛ծ
Ինձ կերևան.
Գոմեշներուն բիբերն ահեղ՝ աստղերուն տակ
Մերթ կշողան:
Կընե միջատ մը, շուրջն անոնց, ճաճանչաթիռ
Միշտ ելևէջ:
Ճերմակ եզը կարծես կուռք մ’է, ձուլված լուսնին
Արծաթին մեջ:
Կճարակի՜ն, - հովուն տված թավ պոչերնին.
Եվ կխմեն
Իրենց մազոտ ու բաբախուն ականջներով
Սրնգիս ակեն:
Կճարակի՜ն, - բութ ակռաներն իրենց՝ մինչև
Կանանչանան,
Եվ որովայնն անպարագիծ լեցվի՛, լեցվի՛
Մարագի նման:
Այն ատեն ա՛լ դաշտերուն մեջ կմակաղին
Մեծազանգված,
Մեկը մյուսին կռնակին վրա, որոճալով,
Դունչը դրած:
Մինչև որ ա՛լ Արփին ծագի, լույսն արտին վրա
Իջնե սարեն,
Եվ ժողվե ցողն, հակինթ հակինթ, անոնց խոնավ
Եղջյուրներեն:
Կղեոպատրա
Կյուգնոսին վրա քարավազ
Հընչեց տավիղ, հընչեց վին…
Եթովպիացի մ’ոպնիազ
Կ’երգե` քիթին վրա կուրին.
-Սահե՛, ո՛վ նավ, սահե՛ շուտ,
Արծաթ ցռուկիդ ես գերի.
Մեջըդ սիրտ մը բոցանուտ
Դափնեվարդի պես կ’այրի:
Դըշխո՛, նավակըդ բուրյան
Ունի սատափ թևճակներ`
Որոնց ծայրեն կը տեղան
Ադամանդյա կայլակներ:
Սահե՛, ո՛վ նավ, սահե՛ շուտ,
Ահա Տարսոնը գինով:
Կ’ուզե Իտալը անգութ
Շըղթայվիլ մեղկ թևերով:
Բամբի՛շ, դեմքեդ կը ցոլան
Բոցեր` գետի երեսին.-
Լուսինն այսպես կու գա ման
Ջուրերուն վրա Նեղոսին:
Սահե՛, ո՛վ նավ, սահե՛ շուտ
Ծաղկածիծաղ ափն ի վեր.-
Նուռ մ’ավասիկ կարմրակուտ
Այգիեն մեջդ է ինկեր:
Դըշխո՛, վըրադ պարզեր են
Ամպհովանի մ’ոսկեթույր:
Առջևըդ խունկ կը ծըխեն
Յոթը նաժիշտ, յոթը քույր:
Սահե՛, ո՛վ նավ, սահե՛ շուտ
Եվ օրորե թագուհին…
Մեր տակ կ’երգե ջուրն ընդփույթ
Պատմելով թովքն անդունդին:
Բամբի՛շ, ծոցիդ բուրումեն
Վիհին օձերն արթընցան.
Շուրջըդ ահա կ’արտասվեն
Մարգարիտներ մոգական:
Սահե՛, ո՛վ նավ, սահե՛ շուտ.
Տարսոնն հեռուն կ’երևա.
Ջահեր կ’այրին բոցանուտ
Նիզակներուն ծայրին վրա:
Դըշխո՛, կողեն նավակին
Ներս քաշե ձեռքըդ քընքուշ.
Մատնիդ կ’իյնա խորն ալքին.-
Կ’ընկըղմվի կյուսըդ, ըզգո՜ւյշ:
Սահե՛, ո՛վ նավ, վիհին վրան
Բաբելոնյան կա՛խ պարտեզ
Ուր Շամիրամն էր` շուշան,
Կղեոպատրան` վարդ մ’է վես:
Բամբի՛շ, գոհարը թագիդ
Եղավ Քաղքին ա՛լ փարոս:
Աչքը քեզի անքըթիթ
Հոն կը սպասե Անտոնիոս:
Սահե՛, ո՛վ նավ, շո՛ւտ սահե,
Քանի որ մեջդ է Իսիս`
Ցըռուկդ աշխարհ կը ջահե`
Քանի որ մեջդ է մայիս:
Դըշխո՛, երկիր պագին ա՛լ
Լեգեոններն Հըռովմի:
Ըզքեզ դատող սալարն ալ
Հմայքեդ դողալ կը թվի:
-Կեցի՛ր, ո՛վ նավ, շո՛ւտ կեցիր,
Ափը կ’ելլե թագուհին,
Երգս ալ կ’ըլլա ցանուցիր,-
Պետք է փոխեմ լարերս հին:
Գուսանն ա՛լ վինը չածեց.
Իսկ համբույրով մ’այն գիշեր
Կին մ’Իտալիան նըվաճեց,
Մարդ մը` Բուրգերն հաղթաժեռ: