Շահան Շահնուր
Ոչնչի որոնումը
Չունենալով տուն կամ բնակարան
Ոչ իսկ սենեակ մը պատսպարան,
Ես ինծի շինեցի պատուհան մը,
Շուրջ` ոչինչ...
Պատուհան մը, որ շրջանակելով նախանիւթը
Փափուկ գիծերովը շրջագծին
Կը բացուի արտեւանունքներու պէս
Եւ կը փափկուի, շուրջը` ոչինչ:
Հին սէրերը մերկացան,
Բայց պատուհանս առանց ապակիի,
Յարաշարժ կը սուրայ դէպի երկինք,
Շրջանակովն իր զարմանալի,
Որ ո'չ միս է, ո'չ ալ ատաղձ սպիտակ,
Բայց կը պահէ ձեւը ճշգրիտ
Աչքին` որ անթարթ կընդգրկէ
Տարածքը նուաճուած, ժամանակը` սրբուած:
Եւ ես կը մնամ կախեալ շրջանակէն փախչող
Որուն արցունքն եմ անօգուտ,
Եւ որ գիշերուան մէջ փակ`
Արշալոյսին կը բացուի ինծի,
Շուրջը` ոչի'նչ:
Հատված «Նահանջ առանց երգի» վեպից
«Կնահանջեն ծնողք, որդի, քեռի փեսա, կնահանջեն բարք, ըմբռնում, բարոյական, սեր: ԿՆԱՀԱՆՋԵ ԼԵԶՈՒՆ, ԿՆԱՀԱՆՋԵ ԼԵԶՈՒՆ, ԿՆԱՀԱՆՋԵ ԼԵԶՈՒՆ: Եվ մենք դեռ կնահանջենք բանիվ ու գործով, կամա և ակամա, գիտությամբ և անգիտությամբ. ՄԵՂԱ՜, ՄԵՂԱ՜ ԱՐԱՐԱՏԻՆ:
«Եղան հայեր, որոնք իրենց մորթը փրկելու համար վճարեցին ոսկի. եղան ուրիշներ, որոնք տվին հավատք, կուսություն. եղան անոնք, որոնք լքեցին տուն, տեղ, երկինք. եղան դեռ վատեր, որ ուրացան ազգ ու լեզու, և հերոսներ, որ տվին արյուն, կյանք, օր ու արև: Իսկ մե՛նք, կվճարենք իբրև վերջին փրկագին այն, որ պիտի գա: Իբրև վերջին փրկագին` մանուկներ, որոնք կրնային մեծնալ, ապագայի սերունդներ, որոնք մեզմե վերջ պիտի գային: Որովհետև այն, որ պիտի գա, պիտի ըլլա օտար, բանիվ և գործով, կամա և ակամա, գիտությամբ և անգիտությամբ, ՄԵՂԱ՛, ՄԵՂԱ՛ ԱՐԱՐԱՏԻՆ:»
«Մենք ձեզ կը պաշտպանենք, քանի որ կը կրենք միշտ առկայծ կանթեղը, մինչ դուք չէք պաշտպաներ մեզ` ետեւէն եկող թշնամիին դէմ, որ է ձեր անցեալը: Լեզունիդ կը չորնայ, մի՛ ուրանաք: Դուք, որ պատասխանատուութիւն մը ունիք հայկական քայքայումին մէջ: Սխալներ գործեցի՛ք: Եւ հիմա կ՛ուզէք մեզի փոխանցել ձեր սխալները, այսինքն` անմիաբանութիւնը, կուսակցական, ոճրային եւ դռնբաց վէճերը, լրագրութիւնը (կազեթաճիութիւնը), թուլամորթութիւնը, անպատասխանատուութիւնը, բառախաղը, սիրունը, չնչազարդը…
«Արտաքին թշնամիներէ աւելի` կը փնտռենք ներքին թշնամիները: Կը կռուինք ներքին թշնամիներու դէմ: Դուք մեզ բոլորովին տարբեր տեղ մը առաջնորդեցիք: Անվերջ հայհոյեցիք թուրքին…
«Մենք կը խորհինք, որ եթէ երբեք մենք պարտուեցանք, որովհետեւ «անգլիական զրահաւորները չէին կրնար Արարատը ելնել», պարտուեցանք նաեւ անոր համար, որ մենք չէինք կրնար մեր մէջը իջնել: Այդ իսկ պատճառաւ սկսած է ինքնաճանաչման շրջան մը: Կ՛ուզենք ճանչնալ մեր կարողութիւնները, մեր արժանիքներն ու թերութիւնները: Կը կռուինք այդ թերութիւններուն դէմ: Կը պոռանք` ցնցելու համար:
«Մեր այս ճիչը ձեզ կը գայթակղեցնէ, որովհետեւ դուք միայն արտաքին թշնամիին դէմ պոռալ վարժուած էիք: Դուք չէիք հակազդեր ժողովրդին, այլ կը հետեւէիք անոր, քանի որ պլատֆորմ չունիք»:
Մարդիկ չեն տառապում, այլ իրենք իրենց տառապեցնում են, որովհետև չգիտեն, որ հակադրելու համար պետք է տեսնել, վայելելու համար պետք է ճանաչել, տիրանալու համար պետք է տալ: Գեղեցիկ հոգի վայելելու համար պետք է գեղեցկացված լինես, ազնվական կյանք գնահատելու համար պետք է նույն բարձունքին հասած լինես, իսկ նույն բարձունքին հասնելու համար պետք է ճանաչես ինքդ քեզ:
Չկա բան, որ կինը ավելի շուտ հասկանա, ավելի շուտ զգա, քան այն, որ ինքը սիրված է:Կյանքի հանդեպ հայտնված բոլոր կարծիքների մեջ ես նախընտրում եմ իմ կյանքը:
Ուրիշներու պես մենք ալ մեր կրոնքը ու հավատքը թաղեցինք պատերազմի ընթացքին։ Ու հիմա կհարվածվի մեզ վրա բռնող մեծագույն և հիմնական սյունը՝ ընտանիքը։ Հայ աղջիկը մնաց հեռուն, մնաց լքված, ան, որ անհրաժեշտ էր մեր արյունին, հակառակ իր տգեղության, իր չոր հպարտության և անմիջապես մայրանալու ու ծերանալու հակամիտության։ Ասոնք առավելություններ են ուրիշի մը համար, մինչ․․․
Մեր պապերը ոչինչ կրցեր են քանդակել միսին վրա, անոնք ոչինչ կրցեր են քանդակել միսով։ Մեր մեջ մեծ պակաս մը կա, զոր պետք էր լեցնել գիտնային։ Մենք Հայաստան չենք ապրած, անոր հողն ու օդը անծանոթ են մեզի․ անոր բարքերն ու սովորությունները մեզ չեն կրած և բնական է, որ մենք սիրենք մեր ծննդավայրը միայն, այսինքն երկինք մը օտար։ Մեր նախնիքներուն իրարու հաջորդող անվերջանալի սերունդները չեն կրցեր մեզ փրկել, չեն կրցեր մեզ այն մեծ սերը տալ։
Խոսքեր կան, զորս չենք ուզեր լսել․ ցավեր կան, որոնց չենք ուզեր անդրադառնալ․ կփախչինք անոնցմե, որովհետև իրապես մեծ են։
Հոգին միշտ նույնն է․ դար մը ավելի, դար մը պակաս:
lib.mindiaspora.am
Ի՜նչ պետք, ի՜նչ պետք մանավանդ զբաղիլ պարագաներով, որոնց լավագույն դարմանը բառերուն և խոսքերուն ուժը չի կրնար կազմել բնավ: Ոչ թե որովհետև այժմ պատերազմ կա ու կռիվ, ոչ թե որովհետև այժմ ճակատամարտ կա ու կենսապայքար, այլ որովհետև կա բան մը ավելի ճակատագրական, ավելի աններող, կա բան մը ահեղ, անդիմադրելի, որ իր անունը կոռնա բոլոր քառուղիներեն. նահանջն է ան: ՆԱՀԱՆՋԸ, նահանջը հայերուն: Կռիվը սրբազան բան է, ճակատամարտը երբեմն նույնիսկ օգտակար.անոնցմե ազգ մը դուրս կուգա պարտված կամ հաղթական, սակայն երկու պարագային ալ դուրս կուգա: Բայց նահանջը հոգիներու, գլխի պտույտ տվող զառիթափին վրա սա նահանջը կջնջե, կձուլե, կանհետացնե ամեն բան:Իրա'վ, բազմաթիվ չեն այսպիսի զարգացած անտարբերներ, սակայն անդին կան ամբոխները անտաշ, անմիտ և ուծացած մարդոց, որոնք կարծես բնազդաբար, կարծես արյունով ու ծուծով ճիշտ նման են նախորդին:Անոր պես առաջինը կլլան ընկրկող, մոռացող, ուրացող:Եվ կկազմվի ահեղ զանգվածը անոնց, որոնք կնահանջեն ու այդ մեծ հոսանքին մեջ կքշեն, կտանին մյուսներն ալ, ցանցառ բացառություններն ալ:
...Միայն մայրենի լեզուն է, որ բառերուն կրնա տալ այն անկեղծ ու պարզ շեշտը, որ բնավ մտածում չի պահանջեր։ Եվ սիրտը երբոր կխոսի, պետք չէ մածել։
Մարդիկ չեն տառապիր, այլ իրենք զիրենք կտառապեցնեն։ Իրենց անձը կտառապեցնեն, որովհետև չեն գիտեր, թե հակազդելու համար՝ պետք է տեսնել, վայելելու համար՝ պետք է ճանչնալ, և տիրանալու համար՝ պետք է տալ։
․․․ Գեղեցիկ հոգի մը վայելելու համար պետք է գեղեցկացած ըլլալ, ազնվական կյանք մը գնահատելու համար՝ պետք է նույն բարձունքին հասած ըլլալ, և նույն բարձունքին հասնելու համար՝ պետք է ճանչնալ ինքզինքը։
Կուզենք սիրվիլ բարձրագույն սիրով մը, կուզենք ունենալ անձնվեր և անշահախնդիր բարեկամներ, կուզենք, որ օրերը մեզ բարիք բերեն և ձախորդության առջև ճակատագիրը միայն կանիծենք։ Իրականին մեջ մենք է, որ չենք գիտեր բարձրագույն սիրով մը սիրել, անձնվեր և անշահախնդիր բարեկամ ըլլալ ու օրերուն բարությունը ժպտիլ։ Մեծագույն ճշմարտությունը, գերագույն իրողությունը մեր անձն է․ ամեն ինչ անկե է, որ կսկսի։ Նախ մենք պետք է, որ ընդառաջ երթանք ամեն բանի, նախ մենք պետք է տանք, բայց տալու համար անհրաժեշտ է, որ տերը ըլլանք մեր հոգիին։
Հոն, ուր ահագին հարստություն կա, հոն ծայրահեղ թշվառություն կա։
Կարելի՞ է դյուրությամբ մոլորություններու ճիրանեն ազատիլ։ Ի՞նչ կարժենք մենք, երբ մեր ցավը մեղմելու համար այսպիսի միջոցներու պիտի դիմենք /խմիչք, ծխախոտ,․․․-հեղ․/․ ու՞ր կմնա մեր կորովը, մեր կամքը, մեր ուսումն ու դաստիարակությունը, երբ չպիտի կարենանք տառապագին օրերու դեմ դնել։ Պետք է մաքառինք և երբեք չարհամարհենք ցավը, որովհետև ան է, որ մեզ պիտի կռե, ճկե ու կազմե։
Մեր մեջ իմացական անհատը և ֆիզիքական մարմինը կեցած են դեմ դեմի և կկռվին։ Երկուքն ալ ունին իրենց հրամայող ուժերը և անհեղլի օրենքները։ Այդ կռիվն է, որ պիտի արձանագրե ճակատագիրը մարդոց, և այդ պայքարին վախճանն է, որ անհատները պիտի ձգե կամ բարձրացնե։ ․․․ Պետք է, որ բնության ուժերուն, որոնց տիրապետության արդյունքը ինքնալքում, մեղկացում, անասնացում է, հակազդվի իմացական անհատը։ Պետք է, որ պայքարը սկսի այս երկու ուժերուն մեջ, որովհետև ան սահմանված է մեր ճշմարիտ էությունը մեջտեղ հանելու, մեր մեջ մրափող իսկական անձը մեզ ծանոթացնելու։ Պետք է, որ ըլլանք ինչ որ ենք։