ժամանակակից հայ գրականություն
Երկար բաժանումից հետո
Ես մի քիչ անվարժ եմ
Համբուրում քեզ,
Անհմուտ եմ գրկում մարմինդ
Եվ խոսքերս ու շնչառությունս արտասովոր են մի քիչ,
Այնպես, ինչպես մի քիչ ֆալշ են հնչում ակորդները,
Երբ սահեցնում են մատներս դաշնամուրին,
Կամ ինչպես ցրտից փայտացած
Ձեռքերով փորձում են հնչեցնել կիթառը....
Բայց միևնույն է…դու երգս ճանաչում ես
Կես ակորդից հետո…
Եվ ինձ ձայնակցում, որ չհուզվեմ…
Երկար բաժանումից հետո Ես նոտագրում եմ երգերս բոլոր…
Խոսելուց առաջ, հիշե՜ք, որ պիտի նոր մանուկ ծնվի,
այնպես մի արեք,
որ նա էլ գժվի աղմուկից այս չար,
ձայնից, քաոսից...
Խոսելուց առաջ, հիշե՜ք, որ պիտի սովորի խոսել,
Ձեր նման ու իր...այլ ոչ թե..ճչալ
Գուցե, նա՞ լինի Փրկիչը նորեկ...
Գուցե, նա՞ Երկնում մեր տեղակ խոսի...
Խոսելուց առաջ, վերջապես հիշեք
լռության մասին...
Բայց այնպե՜ս լռեք,
Որ լռությունը...ամեն ինչ ասի...
Շնորհակալ եմ, որ կաս,
Թեկուզ հեռու՜, անի՜նձ,
Թեկուզ որպես թախիծ՝
Ինձ ցավեցնող որքա՜ն…
Շնորհակալ եմ, օրհնա՜ծ,
Հիշեցնում ես…սրտիս,
Որ մրուրը սրբի
Ու որ ծաղկի Օրն այս,
Այգաբացվի հույսով,
Հանդիպումի՝ թեև
Պատահական, անտև,
Բայց մթի դեմ՝ լույսով:
Ապրե՜ս, որ կաս, կա՜ս Դու,
Որ գնալուց առաջ,
Թեկուզ ձեռքով սառած
Պարգևում ես կազդույր…
Շնորհակալ եմ, որ Կաս:
…Սպանում ես, դե ինչ,
Բայց չեմ կոչի դահիճ,
Որ դու մահը…չզգա՜ս…
Ախ, ասա, ասա, որ ինձ չես սիրում,
Կկարծեմ` մոլոր գետակ ես դու մի,
Որ կհայտնվի, մեկ է, իմ ծիրում
Օվկիանոսային` առանց խոստումի:
Ախ, ասա, որ ինձ չես սիրում, օ, ոչ,
Եվ ասա…այգում, բոլորից թաքուն,
Ձայնով, լռությամբ, համբույրով դողդոջ,
Կլսեմ լոկ այն, ինչ սիրտդ է զարկում:
Ասա` չես սիրում, ես դա չեմ հիշի,
Կներեմ անսեր բառերդ հերթով,
Միայն մի ասա, որ դու ուրիշի,
Որ ուրիշի ես…սիրելու հետո…
Դու ինձ սովորեցնում ես արև նկարել,
Ու ես վրձինս թաթախում եմ մայրամուտի
ջրաներկի մեջ,
Քանզի սովորեցնում ես...միայն գնալիս...
դու ինձ սովորեցնում էիր լսել աղոթքները
ծովեզերքի,
և ես...օրհնում եմ քո բացակայությունը,
քանզի գիտեմ, գոնե, ում համար աղոթել...
դու ինձ սովորեցնում էիր գրել աջ ձեռքով,
եվ ես գրում էի քեզ քո փետուրով` մանրամասն,
զույգատարած,
քանզի դժվար էր քեզ մեկ ձեռքով պահելը,
Թռչուն...
ինձ սովորեցնում էիր չմրսել,
հիմա երբ ձյուն եմ դարձել ու տեղում եմ վրադ,
ինչու՞ ես ատում ինձ...
դու ինձ սովորեցնում էիր լսել շնչառությունը
ծաղկի,
և ես հիմա ծաղիկներ եմ նվիրում քեզ,
որովհետև անպետք են բառերս...
դու ինձ վարժեցնում էիր ձգողության
ֆիզիկական ուժին-
եվ հիմա ես վերադառնում եմ...դրախտի
հիշողությանը,
քանզի սիրտս ֆիզիկապես ցավում է քո
բացակայությունից...
դու ինձ սովորեցնում էիր նոտագրել ցավը,
եվ ես հիմա դարձել եմ քառորդ չափի պաուզա՝
դրախտի ու դժոխքի միջև...
Գիշերն իմ սևամորթ սիրուհին է,
...ամեն առավոտ կորցնում են նրա թողած հեռախոսահամարը...
Պատկեր
Լուսինը տառապյալների մոխրամանն է..
Գիշերվա երկինքը՝ ծխախոտից անզգուշաբար այրված գիշերանոց…
Լուսինը՝սև դռան դիտակն է..
այն կողմից Աստված է հետևում.
Մենք ափերով, ամաչելով ու կուրացած
փակում ենք այդ ամենատես ճեղքը:
Եվ դռան զանգն է..խլացոնում մեզ …
Սովորական գիշեր
Լուսինը կանչում է մորս թխած բլիթի պես՝
աստղա-շաքարա փոշով,
Դստերս համոզում եմ քնել`վաղն անպայման կզբոսնենք.
(Անահիտն այդ տողն անգիր է հիշում, որովհետև միայն տող է…)
Մի ակնթարթում կինս մի քանի կին է՝
սիրուհի, մայր, քույր, անծանոթուհի,,,
վերջապես…էգ… սիրում, բողոքում, համբուրում, կերակրում, հարցնում ու ինքն էլ պատասխանում է. լռում է հետո՝սեռային ներփակությամբ`
դժբախտ-երջանիկ անցուդարձով:
Մոխրամանը-սիրտս է՝անպետք սիգարետներից՝ գաղջ ու մխացող…
Ինչու այնտեղ չկա աղջկաս կերած կոնֆետի թուղթը…
Հայելու մեջ հաշվում եմ սև մազերս…
Վաղն անպայման սափրվելու եմ…
Վաղվանից միայն միս չեմ լինելու, այլ նաև՝հոգի,
լուսին ու արև, զավակ, տղամարդ, պոետ,
աղբ թափող ամուսին ու պապա,
(չէ...պապ, Անահիտիս համար),
...բայց նաև՝ որդի, որդի, որդի Աստծո....
Հոգնել եմ քեզ երգ, նվագ կոչելուց,
Երբ քո շուրթերին ուրիշ երգեր են,
Երբ քո մարմնին ուրիշ ձեռքեր են,
Հոգնել եմ լքված ստեղ լինելուց:
Հոգնել եմ նկար կոչելուց, Կտավ,
Երբ քո ներկերին ուրիշ վրձին է,
Երբ չես կամենում գույնն իմ վերցնել,
որ քո նկարին նոր երանգ կտա...
Հոգնել եմ կոչել քեզ գիր ու հղացք,
Երբ քո երգերում իմ բառերը չեն,
Երբ նվագիս մեջ`քո պարերը չեն,
Ուղեկից եղիր, ախ, ոչ թե գնացք...
Տխուր կնստեմ հայելու առաջ,
Եվ արցունքներս կտեսնեմ տկար,
Եվ իմ աչքերը տխրությամբ սառած,
Եվ ինձ..անժպիտ, անկենդան նկար:
Կլացեմ ազատ, աչքերից հեռու,
Երկբայանքներից, աչքից անհոգի,
Ոչ ոք չի տեսնի իմ լացը արու,
Չեն արհամարի ու չեն ամոքի:
Բայց թե գաս ինձ մոտ, թե գաս վերջապես,
Խոստովանության բառեր լսելու,
Սերս դու պիտի լացովս չափես,
Ու լացիս մեջ պիտ...արցունք դառնաս դու...
Դու հիշելու ես ինձ միայն այն ժամանակ,
երբ որոշես սրբել աչքերդ...
Եվ կգտնես քո գրպանում`
որպես ճմրթված թաշկինակ...
Դու հիշելու ես ինձ, երբ որոշես...լացացնել ինձ...
Աններդաշնակ է արդեն մեր սերը
Էլ չեմ հավատում ես հրաշքների,
Երբ վաղուց արդեն ես հասկացել եմ`
Դու սրտիս մեջ ես, ես..քո աչքերի...
Լավն ես, ինչպես Եվան,
Աստվածային, գեղեցիկ,
Ներիր, որ քո սերը եղա,
Եվ ներիր, որ միայն քեզ սիրեցի:
Լավն ես, ինչպես ոչինչ,
առեղծված իմ, աբսուրդ,
աչքերն եմ սիրում քո ջինջ`
Եվ մեղավոր և սուրբ:
Լավն ես, ինչպես որ է'ս.
զուր է երգն ու հանգը,
երբ միևնույն է`ԼԱՎՆ ԵՍ...
...Սիրում եմ շրթունքներիդ տաքը...
Մի օր չեմ լինի, կամ այսպես գուցե,
Կամ էլ այս մտքով չեմ լինի հաստատ,
Դու կնկարես մի նոր առավոտ
Քո հայացքի մեջ`հավերժ մենաստան:
Էլ չես զարմանա, որ քո արցունքից
Քեզ հուլունքաշար երգ են նվիրում,
Մի օր չեմ լինի…բոլորի համար,
Որ գոնե այդպես հասնեմ քո սիրուն…
Մի օր
կարթնանաս
ռադիոյի ձայնից,
որ կգուժի իմ մահն
անժամանակ,
կամ կկարդաս այդ մասին,
պատահաբար` ավտոբուսում,
այն թերթի մեջ,
որով փաթաթվել են ծաղիկները՝
մեռելոցի համար գնված,
ու կթվա քեզ,
թե ծաղիկներն այդ -
քո շուրթերն են,
որ թոշնելու են
մի օր,
երբ արթնանաս
ռադիոյի ձայնից...
Իսկ ի՜նչ, եթե ես երազ եմ բեկուն,
Ինձ երազում են, միայն թե՝ հեռվից,
Որ չկտրվեն բյուր երազներից,
Ես ապրում եմ լոկ նրանց ցերեկում։
Իսկ գիշերներին – ես գիր եմ ու տող,
Որ մեջբերում են՝ անկեղծ մի պահի,
Երազ եմ, գուցե, որ նի՜նջ կսահի,
Բայց ո՛չ երազանք, այն էլ՝ լուսացող...
Իսկ ի՜նչ, եթե ես երազ եմ ու բառ,
Երազաճի՛չ եմ օրվա դագաղին,
Որ հոգեդարձվի Սերը՝ տակավին
Մաշկերի վրա ու պոռնկաբար..
Գարնան անձրևը
համբուրեց քո սառն աչքերը, իմ Սեր,
Թե հնար լիներ՝
նա դիպչելու էր քո սրտին նաև,
Որ էլի սառն է…
Աչքե՛րդ, սի՛րտդ համակել է բիրտ,
անսեր պաղություն.
Իսկ իմ աչքերն են միմիայն սառում,
այն էլ՝ անիմաստ,
քանզի չես գալու…
Գարնան անձրևը
համբուրեց քո սառն աչքերը, իմ Սեր,
որ տեսնողն ասի՝
խոնավ աչքերը սիրո նշան են՝
երջանիկ լինեն, կամ թե տարաբախտ,
Որ քեզ տեսնելիս՝ ինձ թվա այնպես,
որ սիրում ես ինձ ու …արտասվել ես…
Գարնան անձրևը սովորեցնում է, որ քաղցր խաբես…
Եղած-չեղածս անքնություն է,
անտևություն է՝ առանց քեզ,
Եթե դու չկաս՝ կրկնություն է,
Որ թաքուն-թաքուն պիտի երգես։
Եղած-չեղածս անտնություն է,
Հիմնասյուներդ...ձեռքերդ՝ չկա՜ն,
Հեռու է հույսի արթնությունն էլ,
Ձեռքերդ – քանդո՜ղ, արարչակա՜ն։
Եղած-չեղածս անգնություն է,
Սուտ արժեքներ են, տուրևառում,
Այս դրախտային բախտ-կնությունը,
Այս դժոխային ավարառուն։
Եղած-չեղածս արքայություն է,
(անունս վկա, չե՛մ էլ կեղծի),
Եվ քո գրավոր ներկայությունը,
Եվ իմ մահերը բանաստեղծի...
Երամից պոկված վիրավոր հավքը
Գահավեժ ընկավ սառը ձյուներին,
Փետուրագրեց անցողիկ կյանքը
Սրբերի և լի՛րբ գոյությունների:
Երամից պոկված հավքը, որ գիտեր
Սեր երգել ու Կյանք, թեպետ թախծալի,
Ոչ ձյու՛նն է մնում, ոչ՝ արյան գետը -
Կյանքը մահացու հաճույք ու ցավի՛...
Ախ, ատելու ես ինձ, գիտեմ, ինձ ատելու ես,
քանզի միայն որոմ փնտրեցիր արտերումս:
Ախ, ատելու ես ինձ, գիտեմ, ինձ ատելու ես,
Դժբախտի դերը իմ, այսինքն՝ անդերումս:
Ախ, ատելու ես ինձ, գիտեմ, ինձ ատելու ես,
Քանզի մոռացումիդ կարոտը հաղթելու է:
Ախ, ատելու ես ինձ, գիտեմ, ինձ ատելու ես,
Քանզի ինձ ես…սիրում, եվ սերն իմ արգելում ես:
Ախ, ատելու ես ինձ, գիտեմ, ինձ ատելու ես,
քանզի նույնիսկ այդպես մեր սերը անթեղում ես:
...Ախ, ատելու ես ինձ, գիտեմ, ինձ ատելու ես,
Բայց՝ թող այդպես, քանզի էլի, էլի տևում ես…
Ի՜նչ շուտ է փոխվում սրբապատկերը,
եվ ի՜նչ անկեղծ է նվիրումն անսուրբ,
Դու ինձ ասացիր - անմա՛հ է Սերը,
Ու որ չեմ մեռնի, Դո՛ւ էիր ասում:
Ես հավաքել եմ բառերդ բոլոր,
Որ նրանք ապրեն շուրթերից հեռու,
Որ տաքս փոխած օտարի գոլով՝
Անսեր մնացին սին հարավներում:
Ի՜նչ է շուտ է փոխվում համբույրդ, օ, Հավք,
Ես դեռ նու՜յն, սիրո՜ղ երեխան եմ ծուռ,
Սրում եմ վերջին մատիտներս թանկ,
որ քեզ նկարեմ իմ մենախցում:
Ես հավաքել եմ գույներդ հազար,
Դու հազարի մեջ միակն էիր, ՄԵ՛Կ,
Իսկ ես չգիտեմ՝ ինչու՞ չհասավ
Ինձ լայն աշխարհում սրտաչափ եզերք...
Հին տարին դանդա՜ղ աչքերն է գոցում,
Մահն անխուսափ է, ծնունդը նույնպես,
Խուճապ է քաղաք-հիվանդանոցում,
Մա՞րդ ենք, աստվա՞ծ ենք, թե՞ հիվանդատես…
Պատվանդաններին դեռ ճառում են ծո՜ր,
Եվ նկուղներում գրում մանիֆեստ,
Հարթակ են ուզում դեռ փոքր ու մեծով,
Գահավիժում է, ոչ թե Բանիվեր:
Սատկում է հոգին, լեշի պես նեխում.
Հաշվում է տերտերն իր փողը նորեն,
Ես նույն ամբոխի արքան եմ տխու՜ր,
Թագս ձեզ կտամ այս Ամանորին…
Կիջնի ժամը տխո՜ւր, կիրակնօրյա՜,
Հար և նման արցունքիդ,
Դու մի՛ անիծիր այլևս, օրհնյա՜լ,
Հաշտվիր շուրթիդ, հոգուդ անձուկին:
Կիջնի գիշերը՝ կափարիչի պես,
Այն փայտե վերջին, վերջին անկողնու,
Որ մի որբ ցերեկ պիտի ամփոփեն
Մեր բեռը կրած մեծասիրտ հողում:
Եվ կիջնի, կիջնի ձյունը տիրաբար,
Եվ Տերը կիջնի և անտերն արդեն,
Բայց այնտեղ, որտեղ չկա՛ էլ ճամփա.
Այնտեղ, ուր չկան մարդիկ ու զարդեր:
Դու վերադարձիր, դեմքդ նվագեմ,
Եվ նոտագրեմ շուրթերդ դանդաղ,
Ես՝ երգահանդ մենակ ու անդավ,
Ես կարոտների գամմա հավաքեմ:
Դու վերադարձիր, ինձ գտնեմ կրկին,
Ու վերադառնամ դրախտն իմ տաքուկ,
Քեզ երգեմ, երգեմ, քեզ երգեմ թաքուն
եվ նվագարան դարձնեմ հոգիդ...
...Դու վերադարձիր, թող սիրտդ հնչի,
Ես՝ երգահանդ թշվառ ու վերջին...
Դեռ իջնում է իմ կարոտը անցուրտ,
Որպես ձյունափաթիլ՝ քո ծամերին,
Դեռ հոգում իմ հալոցքներ են, իրարանցում,
Գինի մի քիչ, մի քիչ համբույր, օծանելիք:
Ես լռում եմ՝ վկայելու նման ու մատնելու,
Դու բոլորին, պատահաբար, ասում ես՝ Ա~ր,
Եվ բառերը թափանցիկ են, արմատներում՝
Սեր, թեև ունեն բոլորովին ուրիշ սաղարթ:
Ա~խ, ինձանից հեռու, որքա~ն պիտի ապրես,
Որքա~ն պիտի մեռնեմ անքեզ ու բառացի,
քանզի արդեն վաղուց քեզ գրում եմ այնպես,
Ինչպես նախատոնի սիրուն, սիրուն բացիկ…
Նամակ՝ լռելով...
Ձմեռ պապի, Մորուքավոր, վերին Ճերմակ,
Արդեն քանի տարի, գիտես, քանի տարի
Նամակ գրող մանուկը չեմ, հուսացողը չեմ այն,
Եվ համարում չունեմ նույնիսկ փոստատարի,
Որ անկաշառ, ազնիվ, հասցեներով բոլոր
Առաքում էր քո հույսն՝ իբրև նշխար ու դեղ,
Տնանկներին, խուլին և կույրերին բորոտ,
Հասցնում էր լինե՛լ ու ամեն տեղ:
Հիմա, արդեն պառկած, անասելի ուժատ,
Անբառելի տկար ու բառանդին,
Քեզ չեմ գրում, սակայն հավատում եմ ու շատ
Քո ընկալման վերին սիրուն ու բնազդին:
Քեզ գրվել է, չէ՞ որ, այն ամենը, որ Քեզ
Որոշեցինք գրել՝ իբրև մանուկ նայիվ,
Կամ էլ իբրև տարեց երազողներ, օ կես
Ճանապարհին մահվան, կյանքի ճանապարհին:
Եվ, ուրեմն, արդեն, պետք է լռել գուցե՝
Գոյացնելով անսուտ մի երազանք մարդոց,
Քեզ ազատել ամեն գրից, խոսքից ու ձև
չտալ ներսում եղած հոգեհույսին, արդ խոց:
Քո հարավներով ինձ ցրտահարել
Եվ իմ գարունը ձևել ես ձյունի՛,
Իմ մոլո՜ր Թռչուն, քեզ ի՞նչ եմ արել,
Որ չե՛ս հեռանում իմ ... մենությունից:
Քո եզերքներում ծաղիկ է ու ծես,
Եղանակներդ շնչում են դրախտ,
Դու ինչու՞ չեղար երջանկության կես,
Եվ չեղար ամբողջ իմ վիշտը ու բա՛խտ:
... Քո հարավներով ինձ ցրտահարել,
Անտեր ես թողել ափն իմ հյուսիսի,
Իմ մոլո՜ր Թռչուն, քեզ ի՞նչ եմ արել,
Որ չես հեռանում իմ ... անմիտ հույսից...
Թող սերը դանդա՜ղ քո սիրտը լցվի,
առաջի՜ն, հալչո՜ղ ձյունհալոցքի պես
ինչ լացելու է՝ թող խաղաղ լացվի-
արցունքին անգամ լացել չստիպես:
Թող սերը դանդա՜ղ մեռնի...մարմնում
ու թող էն աշխարհ...դեպի...սիրտ գնա,
Դրա համար է մոմը մարմրում,
Որ չկուրացնի աչքերդ քնա՜ծ:
Թող սերը դանդաղ բնակվի քո մեջ՝
Հանց տանից քշված անառակ որդի,
Դու մի բռնացիր, լսիր մինչև վերջ,
Բա՛ց թող էդ հիվանդ սիրո կոկորդից...
Քաղաքը քնեց
Եվ նույնիսկ`քամին,
Իմ ցավն օրորեց
Գերակայելին:
Ես դեռ այստեղ եմ
Ու ձեր շարքերում,
Հուսո աստղեր են
Ինձ չարչրկելու:
Հարաբերական
Անդորրի մեջ եմ,
Վար ու վերակա
Գոյերի միջև:
Ինձ հասան անբիծ
Եվ անտանջել այն
Հեռավոր ափի
Ազդականչերը:
Մեկն իմ ականջին
Հուշի՜կ կրկնեց,
- Զուր քեզ մի տանջիր...
...Քաղաքը քնե՛ց:
Ինքնադիմանկար-
կամ վրձնումներ անքնությունից...
Տերյանական հայտնի ձևակերպումը, Նաիրիին պատած մահվան թե նինջի տագնապով, վերջին պոետի մտավախությամբ, այսօր կրկին սաստկացրել է դրա այժմեականությունը: Ճգնաժամային իրավիճակում գոյատևող ժողովուրդն այլևս ձեռք է բերել խորագույն դեպրեսիա ապրողի հատկություն, ինչը, խոստովանենք, այնքան էլ հեռու չի եղել հայի մենթալ կոդերից, ընդհանուր հոգեկերտվածքից:
Վաղուց գաղտնիք չէ, որ ամեն ինչ մեզ համար, առաջին հերթին, ցավ, հոգս ու տառապանք է, եթե նույնիսկ վերաբերում է ուրախ առիթի, կամ գոնե, կյանքի սովորական մի ծեսի, իրադարձության: Թեթև ազգ չենք: Հարսանիքին ժամերով ոտքի վրա հնազանդ լսող « զույգ ծաղիկներին » ու նրանց երջանկության պատեհությունը մոռացած՝ հարբածի բութ պաթոսով ննջեցյալ տատիկին հիշող ազգ ենք: Ծերացո՞ղ թե՞ ծերացած ազգ ենք: Հանրահավաքների, հեղափոխության, ակցիաների ցանկություն ու ջիղ, մեծ հաշվով, չունենք:
Արարող ենք, ինչ խոսք, բայց արարելու համար, է՜, Նարեկացուց սկսած՝ բավարարվել ենք ճգնավորի կարգավիճակով, խավար ու անմարդակից արեալով: Մեր տիրույթն ու տարածքը դրա համար է փոքրացել, դարձել հարևանների նախաշեմքի չափ, ոչ թե՝ տան: Մեր այս երկիր Նաիրին, որ վստահաբար վերջինն է: Բարոյախրատական, փիլիսոփայական կարճ ու անհամառոտ դասախոսություններ սիրող, անող ու չլսո՛ղ ազգ ենք: Բոլորս՝ անխտիր:
Դրամն արժեզրկվեց, գնաճը հրավառության բարձրություններ վերցրեց-նվաճեց, արտագաղթը աղետալի չափերի հասավ, աղքատությունը դարձավ հայի երկրորդ անձնագիրը, Ռուսաստանը ճնշեց, Ամերիկան լռեց, Ֆրանսիան դերասանություն արեց, Գերմանիան զգուշացրեց, բոլորին նկատեցինք, ընկալեցինք, տարբերեցինք, բայց մնացինք իներտ ու դժգոհող: Ինչպես ասում են, բոլորն եկան-գնացին, մնացինք՝ մենք-մենք, բայց էլի մենքի գիտակցում չունեցանք:
Պատճառը՞, պատճառնե՞րը…. Աթեիստին, քրիստոնյային, քաղաքագետին, տաքսու վարորդին հարցրեք, կոմունիստին, արևմտամետին, մյուսներին հարցրեք: Կասե՛ն: Իրենք չեն լսել: Իրենք, է՜, բազմագիտակ ծնվել են: Ծնվող-մեռնո՞ղ ազգ ենք, թե՞ մեռած, բայց չթաղած…
Սպառող հասարակություն ենք դարձել, որին կաշառեցին փողով: Դարձանք մամոնայի գերիներ: Երկրպագեցինք փողին, փողավորին, փողկապավորին: Կամ էլ նախանձեցինք, բայց էլի՛ փողի պատճառով: Գիտելիքը վերածեցինք նյութի, ֆինանսական ապրանքի, արժեքի: Վաշխառու՞, թե արտադրող ազգ ենք: Չգիտեմ:
Ինչ որ է՝ վերջինն ենք, վերջին հայը՝ վերջին Հայաստանում: Սա գուցե սթափեցնի: Արտակարգ պայմաններում ենք, արտառոց կարգավիճակում, բայց մեր իրական ԿԱՐԳՆ այս չէ: Այլևս անօգուտ, ավելի՛ն՝ վտանգացոր արկածախնդրություն ու հիվանդություններ են մեր կուլիսային բողոքները, հատվածական ճառերը, գրպանային դիվանագիտությունները, կաբինետային հայրենասիրություններն ու մյուս պարապ ու խեղկատակային դրսևորումները: Մեր պլաստիկ վիրահատությունները պետք է սկսել մեր սեփական՝ հայկական քթից, որ ամենուր է, բայց, չգիտես ինչու, չի կարողանում հոտառությամբ տարազանել յուրայինին՝ հակառակորդից...Ժամանակն է, ոչ թե նմանվել այն նկարին, որ մեզ են ուրվագծել-գունակերպել, այլ ըստ ամենայնի գույներ առնել ազգային Ոգուց, քաղաքակրթապես ու մշակութապես հարուստ գենետիկ ընդերքից...