top of page

ժամանակակից հայ գրականություն

Վահան Տերյան (Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան) նշանավոր հայ բանաստեղծ(ապրել է 1885-1920թթ.-ներին).jpg
Արա  Ալոյան

Դիմացինին բարոյակրթելու նպատակն, ինչ խոսք, վեհ է ու ազնիվ, միայն թե դրա հիմքում չպետք է լինի ՛՛զոհի՛՛ հաշվին սեփական ինքնագնահատականի բարձրացումը կամ ինքնասրբադասումը:

Արա  Ալոյան

Գրող, լրագրող, երաժիշտ

Արա Ալոյանը ծնվել է 1981թ-ի օգոստոսի 19-ին, Վարդենիսում։

1988-1998 թվականներին սովորել է Վարդենիսի Էդվարդ Պողոսյանի անվան հանրակրթական դպրոցում, 1990-1995 թվականներին՝ Վարդենիսի թիվ մեկ Գեղարվեստական դպրոցի նկարչության և քանդակագործության դասարաններում, 1991-1996 թվականներին՝ Վարդենիսի թիվ 1 երաժշտական դպրոցի դուդուկի բաժնում, 1998-2003 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։

1992 թվականից հանդես է եկել Հանրային ռադիոյի տարբեր մշակութային հաղորդաշարերում, ներկայացել դուդուկի կատարումներով և հեղինակային բանաստեղծություններով։ 1998-2000 թվականներին թղթակցել է «Կանչ» մանկապատանեկան շաբաթաթերթին, աշխատել է YMCA միջազգային ՀԿ-ի Վարդենիսի ընկերակցությունում, որպես դուդուկի դասատու դասավանդել Վարդենիսի երաժշտական դպրոցում, Վարդենիսի պետական քոլեջում եղել է տնօրենի օգնական և դասախոս։ Երևանի Թեթև արդյունաբերության պետական քոլեջի գեղարվեստական ղեկավարն է, եղել է Սոթքի միջնակարգ դպրոցի Կառավարման խորհրդի նախագահ, դասատու, Գեղարքունիքի մարզի ՀԿ խորհրդի անդամ, մարզային փորձագետ, YMCA ծրագրերի քարտուղար, YMCA Հայաստանի ազգային գրասենյակի հանձնաժողովի նախագահ։

2007 թվականից աշխատում է հեռուստալրագրության ոլորտում։ Որպես լրագրող, սցենարիստ և խմբագիր համագործակցել է Երկիր Մեդիա, «Հայ թիվի», «Թիվի 5», «Արմենիա», «ATV» հեռուստաընկերությունների հետ, 2014 թվականից «Հ3» լրատվական, քաղաքական և հասարակական բաժնի տնօրենն է , «Հ3»-ի Օրվա խնդիր հաղորդաշարի հեղինակ-վարող:

Արա Ալոյանի բանաստեղծությունները տեղ են գտել Կանչի, «Հույս, հավատ, Սեր» մատենաշարի համանուն ժողովածուում, «Ժամանակակից ուսանողական պոեզիա» հավաքածուում։

Թարգմանվել և տպագրվել է Լիբանանում, Սերբիայում, Աբխազիայում, 

Ռուսաստանում, Իրանում և այլուր։

Մրցանակներ

Հանրապետական մրցույթների բազմակի դափնեկիր՝ որպես դուդուկահար և բանաստեղծ

«Ռուբեն Սևակի անվան» գրական ամենամյա մրցանակ, 1997

«Գրիր» գրական մրցույթի գլխավոր մրցանակակիր, 2013

Երկեր

«Լույս դառնալուց առաջ» բանաստեղծական ժողովածու, 2003

«Ոտնահետքեր ջրաներկով», 2014

«Մի՜ լուսացիր», 2014

«Համանվագ Ցավի ու Հարության» (պոեմ գրված 1996 թվականին)

Ա.  Ալոյանի գրականությունը              

« Գրական Ժամ »  կայքում

Երբ դու գնացիր կամ չինական 

մանրանկարչություն
(բանաստեղծական շարք)

Երբ դու գնացիր,
Քաղաքի հիվանդ մարմնում ես տնքացի…կույրաղիքի պես,
Եվ զգացի ավելորդությունս` նույնիսկ…մարմնի համար…

Երբ դու գնացիր,
Ես բուխարու մեջ հոգևարեցի մոխրի նման,
Ինձ բորբոքիր նորից` քո վերադարձով. 
անհրաժեշտ է …մի թույլ քամի…միայն…
Կարճամետրաժ Կինո` Չապլինի ոճով
Ամեն օր մի բանաստեղծություն եմ…հագնում
Քեզ համար,
Որպես կոստյում նորաձև,
Ամեն օր ապացուցում եմ, որ քեզ եմ սիրում,
Որ քեզ…չեմ հիշում, այլ…չեմ մոռացել…
Մի մտահոգվիր,
Իմ բոլոր, բոլոր շորերի ծոցագրպանում…քո նկարն է սեր…
Քո եղանակը…
Տանն ես.
Դու պակասում ես 
դրսում,
Եվ ցուրտն 
այդ 
պատճառով է ,
Եվ դրանից եմ մրսում…
Դու դրսում ես արդեն,
Հայտնվել ես,
Արդյոք, օդի՞ց..
Բայց ես անձրևանոց չունեմ,
ՉՈՒ-ՆԵ~Մ…
Եվ…վախենում եմ ամպրոպից…
Աշնանային լուր.17.30
Քաղաքում 
թույլ երկրաշարժ է զգացվել.
Զոհեր չկան, խուճապ՝ պետք չէ.
…Քաղաքի մի անկյունում՝
Կտուրների վրա 
կատուները 
սիրում են իրար,
Լուրի ստույգությունը մի չափեք 
ներքևի հարևաններով.
…Ես շարունակելու եմ սիրել քեզ՝
Թերթերից անտեղյակ 
Կամ 
Առանց հեռուստացույց նայելու…

Իմ շնչարգելությունը հետաձգվում է,
Երբ հիշում եմ, որ դու 
Շնչում ես քաղաքի 
աներևույթ ու անմատչելի կոկորդում…
Քեզ տեսնելիս, սակայն, 
պահանջվում է շնչառություն …արհեստական…
Իմ մահը հետաձգվում է,
Երբ հիշում եմ, որ քաղաքի մի անինձ ծվենի վրա
Դու ես ապրում…
Բայց ես օրվա մեջ մի քանի անգամ մեռնում եմ՝
Ապրելով քո բոլոր կամակորությունները…

…Ես անգիրել եմ բոլոր ձայներդ՝
Հեռախոսայինից մինչև…համացանց…
Որովհետև դու ինձ հետ մեկ ձայնով չես խոսում, 
Քանզի դու չափազանց՝
շատ ես՝ միայն լսողությանը պատկանելու համար,
միայն տեսողության համար ու շոշափումի…
Եվ ես գիտեմ նույնիսկ,
Որ անծանոթ համարից արված զանգի այն կողմում
Դու ես դարձյալ,
Որովհետև ես անգիրել եմ քո զարկերը սրտի,
Քո տան ժամացույցի սլաքների հառաչանքը խուլ,
Խոհանոցիդ կիսաբաց ծորակի ջրի ձայնը հեռու, 
Եվ…վերևիդ հարկի հարևանի հողաթափի քստքստոցը նաև՝
Որ մենությանդ նկարին իր առանձին գույնն է բերում…
Որովհետև ես չափազանց անտաղանդ եմ…քեզ չլսելու համար, 
Չտեսնելու և շոշափելու…

Ցավը հենց այնպես չի լինում
Եվ չի լինում մարմնի մի հատվածում ու միանգամից,
Եվ իր մասին է հիշեցնում` ինչպես նոյեմբերի այս ցուրտ, 
այս հարազատ քամին…
Եվ ծխվում է ցավն այդ մինչև լուսաբաց,
Եվ խմվում է` որպես չներգործող կոֆե,
Եվ լսվում է բարձր` որպես լռություն,
Եվ անեծք է դառնում, և …գովեստ:
Եվ լինում է այնպես, 
որ հայելին քեզ է նայում դեմքով ուրիշի,
որովհետև նա քեզ որոնում է հազար, 
հազար տեղով,
որովհետև մեծ են ցավի աչքերն էլ, ջան,
եվ դու նրանց երբեք չես մոռանա ու չես…հիշի:
Եվ ժպտում է նա քեզ…մանգաղի սուր շեղբով…

Ցավալին այն չէ,
որ բաժանորդը դուրս է ծածկույթից,
(բաժանում բառը հիշեցրեց հանկարծ)
Եվ այն չէ նույնիսկ,
Որ քո սենյակի լույսերը հանգան.
Ասա, սենյակում…ստվեր չլինի…

Սիրո պահին դու իզուր ես տնտղում մարմինն իմ ցասկոտ,
Եվ իզուր են սակարկում ու համրանք,
Քանզի եդեմական ժամանակներից այս կողմ,
Մարմինս քեզ է տրվում՝ որպես…վերավաճառված ապրանք…
Սիրո պահին ես տնտղում եմ քո հոգին, 
Որ, ասում են, երեսուն գրամ էլ չկա,
Եթե այդպես է, ինչու՞, ինչու՞ օ , Կին,
Նա ծանր է ավելի, քան մարմինդ վաղնջական…
Երգ՝ ջրաներկով
Քո նկարներում ամենատխուր նկարն եմ ես քո,
Սև ու սպիտակն եմ, մոռացվածը քո, փոշում կորածն եմ,
Չեմ դերասանել ու չեմ բնորդել՝ հրատապ տեսքով,
Այո տխուրն եմ, սակայն, սիրելիս, քո…նկարածն եմ…
Քո երգերի մեջ ամենատխուր երգն եմ, ես գիտեմ,
Ընդհատվողն եմ ես, ձայնապնակն եմ խունացած ու հին,
Որ հիշողության անտես դարակում մի կողմ ես նետել,
Տխուրն եմ, սակայն նա, որ չես երգի հաստատ ամենքին:
Քո սերերի մեջ ամենատխուր սերն եմ, երևի,
Եվ ամենասեր տխրությունն եմ քո, ո՞վ գիտե, իմ լաց, 
Ես համաձայն եմ տխրահռչակի բազում դերերին,
Միայն թե մնամ քո հին նկարը և քո երգն անդարձ…

Ես գալու եմ նորից, ես գալու եմ նորից՝
թեկուզ կիսախռով դու չնայես դեմքիս,
(ես ավելի եմ քաշվում…քո թիկունքի աչքերից,
Քան հայացքից քո առերևույթ) 
Եվ թեկուզ ինձ ասես, 
որ չես սպասել,
Մատնելու են, մեկ է՝ չկողպված դուռը քո,
Եվ սպասումի խոնավ վայրկյաններդ՝ արցունք…
Հա, մոռացա, նաև սուրճը՝ խոհանոցում,
Որ, չգիտես ինչու, գազօջախին է դրվել՝ երկու հոգու չափաբաժնով…
Ես գալու եմ նորից,
Որ միայն թափված սուրճի հոտը մի պահ կտրի մեզ…համբույրից…

Ինձ մի համոզիր, 
Որ բաժանման մեջ դու էլ իմը չես,
Երբ հետո պիտի, 
բոլորից թաքուն, թերթես ալբոմիդ էջերը հերթով,
Երբ որ ուրիշին դիմելուց պիտի…իմ անունը տաս…
Եվ շիկնես հետո,
Երբ ամեն զանգից պիտ սիրտդ թռչի,
Երբ քո սիրելի…իմ գրած երգը…պիտ լսես թաքուն,
Ու երբ որ բոլոր երգերից ու քո շորերից ամեն
Պիտ շարունակես…առնել իմ հոտը…
Երբ բարձդ գրկած…դու ինձ ես գրկում,
Երբ աչքդ փակած…երազ ես փրկում…
Եվ ուրեմն զուր, զուր մի համոզիր,
Որ էլ քոնը չեմ,
Ինչպես միմյանց հետ կապ չունեն տարվա եղանակները,
Երբ ընդամենը հագուստն է փոխվում,
Օրն օրացույցի, դրսի գույները, 
սակայն ոչ ներսի…
-Ձյունը, սիրելիս, դա նույն երկնառաք անձրևն է…սառած,
Կամ դարձած տերև, 
կամ արցունք, արցունք,
որ չի ճանաչում եղանակ, թեև…
Ինձ մի համոզիր, որ աշուն ես լոկ,
Եվ ինձ խոստացիր, որ…ծաղկելու ես…
 

 

Արի ու ետ տար
համբույներդ բոլոր,
դրանցից ծանրացել ու չի բացվում կոպս…
արի ու ե՜տ տար,
զրույցներդ երկար, հազարաթե՜լ՝
ասեղնագործելու ուրիշի բարձը,
որի հետ…ջահելանում ես կամ ծերանում գուցե…
Արի ու ասա, որ երջանիկ ես,
Արի ու տար դժբախտությունդ ինձնից…
Արի ու ետ տար,
Մատնահետքերդ… մաշկիս տակ անցած,
դրանցից ծանրացել են ձեռքերս,
Եվ չեմ կարողանում նույնիսկ խաչակնքել՝
Արդեն քանի տարի…
Արի ու….արի….արի…..


Ինձ վերագրիր այն, ինչի հետ պիտի հաշտվես,
Եվ մի գնա,
Թե մնալու ես մշտապես...
ոչինչ մի ասա, որ ամեն ինչ լինի,
-Գալուց առաջ կամ գնալուց զգուշացնու՞մ է, ասա, ձյունը...
ես հազիվ իրար վրա եմ բերել
նախադասությունը, ես բաժանումն ինձ վրա եմ քաշել հազիվ`
արտասվելով այդ խոնավ վերմակի տակ... 


Ինձ մնաց մի գունատ առավոտ,
Եվ մնաց անրջանքն այս զորեղ,
Կսիրեմ` անասել, գրավոր,
Կսիրեմ, հավիտյան կսիրեմ:
Ինձ մնաց լռությունն այս ճչան,
Մնացյալը մնաց մնացուկ,
Արդյոք ու՞մ եմ տենչում անվախճան,
Եվ տենչում եմ, արդյոք, քնած ու՞մ:
Ծնունդի ու մահվան արանքում,
Ինձ մնաց ինտերվալ մի, ծիրե,
Կսիրեմ բաժանման մեջ անգամ,
Մեռնելով, ապրելով կսիրեմ...
 

Ճերմակել ես քաղաք ու ծերացել,
Եվ քո ձյունն էլ արդեն…ներս չի քանդում,
Երբ մրսում է վաղուց քո սիրածը-
Դառնահամ է հոգում, լեզվին, անդու՜ր…
 
Անդոզա ես քաղաք ու անմարսուն,
Քեզ մի կողմ եմ հրում, քեզ չեմ…հարբի,
Չեմ նշմարում արդեն ոչ մի ասուպ,
Ա՜խ, ես կույր եմ, գուցե ու անհարկի:
 
Ճերմակել ես քաղաք, գույնդ գցել՝
Հանց առաջին գիշեր տեսած կույսի,
Իմ քայլելու համար պետք չեն գծեր,
Գիծը ուղի՜ղ…մահ-կայարան կուզի…

Ձյունահաչ քաղաք: Թափառող շներ,
Իսկ գուցե մարդիկ ու հակառա՞կը:
Իսկ մեզ թվում է, մե՞նք ենք բաշարել
Մարդ ծնվել, որդի՛, որ անառակ է:

Մենք, որ շնացանք (շունն էլ չի ների),
Որ թափառեցինք էգերի տենչով՝
Արբունքով մսի, դառը ջրերի,
Ուրիշի կերին երկարած դնչով:

Մենք, որ հաչեցինք, երբ կուշտ չէր օրը,
Երբ լիքն էր՝ էլի, էլի հաչեցինք,
քանզի ասված էր՝ շունն հաչելով է
սատկում, ոստիև՝ բարեհաճեցինք:

Եվ գիշերներին ոռնացինք ունայն՝
Լուսնասեր Գրի արահետներով,
զի տրվել էր մեզ հաչելու հունար,
որ պետք էր ձևել՝ ճանկ ու մատներով:

...Ձյունահաչ քաղաք: Քաղաք շնացող,
Եվ մարդ չդարձած, ոչ էլ՝ շուն, Քաղաք,
Աստվածաներում Ձյուն՝ արժանացող
Դարձյալ շնային մեզին ու... կղանք..

Բանաստեղծելիս, 
ճերմակի վրա լուծվում է թանաքն,
Ինչպես արյունը մահացած ծառի ոսկորների մեջ,
Ուրեմն Գիրը՝ ցավախոսության ծես անեղծելի,
Ուրեմն Գիրը, թող չցավեցնի բառերով ու պերճ։

Բանաստեղծելիս,
Ճերմակի վրա լուծվում է արցունքն,
Ինչպես քրտինքը՝ Տիրոջ կողերին, լա՛ցը Տիրամոր,
Ուրեմն Գիրը՝ թա՜ց – թե՛ լրումի մեջ իր, թե՛ ձևի,
Ուրեմն Գիրը՝ տրոփ-հուշաշար, անժամկետ, անօր։

Բանաստեղծելիս,
Ճերմակի վրա գույն է արթնանում - 
Ճակատագրի, Վերջի տագնապի, սակայն ոչ՝ վերջին,
Ուրեմն Գիրը՝ ճակատագույն է Կտավ-Մեծերի,
Ուրեմն Գիրը արտագրվողն է, ոչ գիրը՝ գերճիգ։

 

 

Դու այնքան, այնքան սիրուն ես լռում,
որ զղջում եմ բյուր բառերիս համար,
այնքան սիրուն ես ինձ արհամարհում,
որ լռությունս թվում է...հիմար:
 
Դու այնքան, այնքան սիրուն ես ատում,
Որ քեզ ատելը…հենց դառնում է սեր,
Քանզի սիրուն ես դու իմ հեքիաթում,
Եվ քեզ դարեդար դեռ պետք է հյուսել…
 

Սիրո պահին,
երբ փակում ես աչքերդ,
ես հասկանում եմ,
որ դու չես ուզում տեսնել ինձ-
Դավաճանության, բաժանման, ցավի վերահաս վախից...
 
Եվ ես փակում եմ աչքերս այնպես,
որ ավելի անհույս,
որ ավելի ամուր… չմոռանամ քեզ…
Քանզի ես քեզ ոչ թե հիշում եմ,
այլ չեմ ՄՈ-ՌԱ-ՆՈՒՄ…
 
 
Տարբերեցի ուրիշներից, ուրիշներից չեղար տարբեր,
եվ անտարբեր եղար դու իմ՝ քեզ տարբերել ցանկանալուն,
ես հերթական զոհը դարձա, ու երկարեց ցանկը անհուն՝
սերդ չեղած պոետների, որ միապես գիտեն հարբել։
Տարբերեցի ուրիշներից, տարբերություն չդրեցիր,
զի մարմնի տարբեր մասից, տարբեր մսից...արձան ես ձույլ,
ա՜խ, այս կյանքում, ի՜նչ իմանաս, գուցե չկա տարբերություն,
երբ առանձին Աստված եղանք, բայց Սեր-Աստծուն չսիրեցինք...
 

Երբ հետ գամ մի օր, երբ դուռդ բացես,
(Աստված իր դուռը չի կողպում երբեք.
աստվածացրե՞լ եմ թե հենց Աստված ես...)
Կգամ, որ գոնե լռել...սովորենք։
 
Երբ վերադառնամ՝ կարոտով դեռ նույն,
որպես թե շվաք, բայց արևասեր,
 (ասում են, ստվերը երբեք չի մեռնում),
Կգամ, որ գոնե սովորենք... խոսել։
 

Մի օր ես քեզ կսիրեմ վերջին անգամ,
Ինչպես վերջին անգամ չեն հասցնում…սափրվել
Ու մարտի են գնում,
Ինչպես վերջին անգամ խոստանում են…թողնել խմելն ու ծխելը նաև,
Ինչպես վերջին անգամ նամակ են գրում`
Բնակարանն արդեն փոխած…սիրեցյալին,
Ինչպես արշալույսի բնաղետից առաջ…զարթուցիչ են դնում գիշերը…
Ինչպես բաժանումից հետո` խոստանում չսիրել այդպես,
Կամ չսիրել երբեք,
Ահա, այդպես, խոստանում եմ անհուսորեն ու այլազան,
Հոգնած, հոգնած ու ծեր
Մոռացկոտի նման ու խենթի պես գերճիգ Քեզ սիրել վերջին անգամ,
Վերջին
Կամ…ԱՌԱՋԻՆ…գուցե…
 

Ես քեզ սիրում եմ…
Ես քեզ սիրում եմ,
Իսկ մնացածն անհաջող փորձ է՝
Քո չքնած գիշերների,
Ինձ մայրություն անելու ու երեխայի պես լողացնելու,
Հարբածիս քնեցնելու,
Հիվանդիս, քաղցածիս, կոտրվածիս, մահացածիս գթալու,
Կազդուրելու, Ապրեցնելու համար,
Նաև ապտակող ձեռքս համբուրելու,
Դավաճանիս մարմինն ու աչքերը ներելու ու նայելու,
Եվ շատ ու շատ այլ բաների համար…
Բայց ես քեզ չեմ սիրում՝ ինձ սիրելուդ համար…
Ես քեզ սիրում եմ, Մնացյալն անհասկանալի է քեզ…
 
 

Ես կգնամ շուտով, դու այդ գիտես արդեն, 
քանզի արցունք չունես, եվ լացել ես վաղուց, 
թե չէ ինչպե՜ս այսքան մայթատարած վարդեր, 
Հուղարկավոր քայլեր՝ մահե և նվաղուն:

Ես կգնամ շուտով՝ հորիզոնին ձուլված, 
Հորիզոնի նման՝ պառկած, անմահ, բոսո՜ր, 
Ես կգնա՛մ: Միայն խոստովանիր անլաց, 
Որ չես սպանի դու ինձ, թե…չմեռնեմ այսօր…

 

 

Ինձ գամեն քո ամենին,
Իմ ամենը գամե՛ն,
Սիրասուն ու ամեհի,
Հաստատեն ու կամե՛ ն:

Ինձ սրտեն քո անունին,
Եվ սիրտը կոչե՛ն,
Դրախտի մի անհունից,
Դժոխյա անկորչել:

Ինձ կարոտիդ երակե՛ ն,
Եվ կարոտս թարթի՛,
Իբրև մահվան ելակետ,
Կամ ապրու՛մի առթիվ:

Ինձ ստվերե՛ ն Լույսիդ,
Եվ իմ լույսը բացե՛ ն,
Դու քարեղեն ու...սիրտ,
Դու իմ գաղտնի բացե՜ր....

 

 

Չմրսե՜ս, չմրսես, լսու՞մ ես,
Կվառվեմ՝ չսառչես: Չե՛մ այրի:
Չմրսես, քանզի իմ ներսում ես:
Ես հասե՞լ եմ հոգուդ ջերմերին:

Չլացե՜ս, չարցունքե՜ս: Թղթից եմ:
Միայն ջուրն ինձ հավետ կսպանի,
մնացյալն՝ անսարսուն ու ստից են,
տագնապներ են դատարկ, ա՛յս պահի:

Չհիշե՜ս, չհիշե՜ս: Կիսատ է:
Դու ինձ մի՛ մոռացիր ու սիրո՛վ:
Մի բանտի՛ր հուշերով: Կազատե՞ս
երրորդին, որ Ինքն է ու Իրո՛ք:

Չգնա՜ս, չմեռնե՜ս: Սիրու՜նս,
Գեղեցիկ են լքում, հասկացի՛ր,
Իսկ մահերը՝ Ցավի ծիրում են:
Իսկ պառկելը՝ տձև է, ձանձի՛ր:

 

 

Քեզ կներվի՜ քո արհամարհանքը,
Քո ատելանքը կներեմ էլի՛,
Սակայն չես ների իմ սրտի տաքը,
Եվ սիրությունս սիրո՜ւն չես ների:

Քեզ կներվի քո լռությունը բիրտ,
Անտերությունը քո տված ներե՛մ,
Սակայն այդպես էլ չեմ դիպչի կոպիդ
Մի հիմա՜ր լացի արցունքով երեր:

Քեզ կներվի քո հրաժեշտն անգութ,
Եվ բաժանումը մահից էլ դաժան,
Սակայն չի ներվի, որ ես դեռ անքուն
Աղոթում եմ քո գոյությունը շա՜տ:

Քեզ կներվի քո չներելն արդար,
Քո չներելը կներեմ, Եդե՜մ,
Սակայն չես ների, որ ...սերդ կարդամ
Ու լռությունդ իմ շուրթով երգեմ...

Oրը դարձավ կես տարեկան,
Օրը դարձավ թիթեռի թև,
կիսատ շրթունք, կիսաբաց աչք,
կիսաումպ սուրճ։

Օրը նորից ասեղի պես խրվեց մաշկիս.
տողադարձեց մենությունս քո հրաշքից...

Օրը դարձավ սովորական ու ամեն օր,
Ոչ՝ Այն օրը, որի թարթը մի Օր արժե,
Որ շշնջաս.
-Ահա՛, Օրը...........

Օրը դարձավ օրասելուկ...
...ահավոր է...

 

 

Տեր, ներիր նրանց, նրանք չգիտեն, թե ինչ են անում,
քանզի ինքնակոչ տերեր են դարձել, չեն ներում արդեն,
Տեր նրանց անտեր հոգեպուրակում ծաղկեցրու վարդեր,
Սակայն այնպիսիք, որ փշեր չունեն և...ննջարանում:

Տեր, ներիր նրանց, ինչպես կներես ներումն այս ժամի,
Անժամանցելի սեր տուր անմարմին և հոգու ժամերգ,
Դու, որ մեզ գինի ու որ գարեհաց ես մեզ բաժանել,
Արդ, Նոր Ընթրիքի հավաքիր հիմա՝ Դասիդ արժանի:

Տեր, ներիր նրանց, այսինքն և ինձ, այն է՝ բոլորիս,
Մի վերջին անգամ տիրություն արա, Ներելու Աստված,
մեր՝ որդիական խոտորաքայլից Հայրաբար ազդված,
Մենք մանուկ չեղանք և չմեծացանք, սակայն, օր օրի..

 

 

Տրոփ-տրոփ ի՜մ սիրտ,
երակ-երակ կարոտ,
Դու իմ սերն ես սերտում
քո չիմացած բառով:

Իմն ես արցունք-արցունք,
Իմն ես տողից անդին,
Սիրակործան ցածում
Իմ խնդության կաթիլ:

Ձյունել, պատել ես ինձ,
Չկա՛ դրախտ-հիմներգ.
Սակայն գարուն կգա, 
Ինձ չլքես իմ Նե՜...

 

 

Դու գնա, երբ որ գիշեր է ու մահ,
Որ սևս աշխարհ, երկինք չբռնի,
Որ մթությունս չերևա հիմա,
Որ տառապանքս թաքուն չմեռնի:

Դու գնա, երբ որ լույս է ու ցերեկ,
Որ սերս գունատ չթվա և կույր,
Դու, որ կարող ես միայն այցելել,
Սակայն չմնալ և ոչ մի հոգու:

Դու գնա՛, երբ որ եկել ես արդեն,
Դու գնա՛, երբ ես չլինեմ մենակ,
Դու գնա՛, որ իմ երգը ավարտեմ,
Հանգավո՜ր գնա մահվան ժամանակ…

 

 

Ուշաթափվեցիր երակներիս մեջ,

Որպես արյունի խոստովանություն,

Սեր էի խառնել ես քո գինու մեջ,

Դու քո սիրո մեջ գինի, տխրություն:

 

Ուշաթափվեցիր բառերիս նման,

Բառը ճաք տվեց…շուրթերիդ տաքից,

Ուզում ես գոռա, ուզում ես՝ նվա,

Ես չեմ վախենում էլ…հրեշտակից…

 

Ուշաթափվեցիր իմ ներսում երեկ,

Բաց արա, խելառ, քո սիրտը կողպված,

Բա՜ց արա…գնամ վիրակապ բերեմ-

Ջրի հետ հոսեց երակդ կտրած…

 

 

Դու եկար հանդիպման
ու ինձ նայեցիր
միանգամից մի քանի աչքերով,
այսինքն՝ ամուսնուդ,
երեխաներիդ,
գործընկերներիդ,
Եվ նրանց աչքերով,
որոնք գովել էին ինձ
Կամ զրպարտել,
Եվ նայեցիր
ատելանքի, սիրո, գյուտի,
Պեղումների և պայծառացման,
Հրաշացման և կարոտի
հայացքներով:

Դու բոլորի աչքերն ուղղեցիր ինձ վրա,
Միայն քո աչքերը չկային,
որոնք ես տարբերել էի
Քո գրավոր անեծքներից
և օրհնանքից բանավոր -
Միայն աչքերդ չկային՝
Իբրև անքուն դժոխքների ցերեկածին դրախտ:

...Բոլորը նայեցին ինձ վրա,
Անթարթ, անբախտ, անխա՛խտ
Բացի քեզնից,
Դրա համար միայն ... քո աչքերն եմ հիշում...

 

 

Գնա լռությամբ
Ծաղկիր
Քո գտած
Մոռացումների
Նոր ափի վրա,
որ անջրդի չէ,
սակայն անհող է ...
-Թո՛ղ կավս
դանդաղ
Սափոր դարձնեմ
Հեղեղումներիդ
Թարթերից հետո...
Որ վերադարձիդ
Չթերթաթափվես,
Ունենաս 
անկյու՛ն
Որ ..ապրես, ապրե՛ս...

 

 

Հիշողությունն է մեզ արդեն սիրում,
Ո՛չ թե մենք՝ իրեն, ո՛չ թե մենք իրեն.
Հուշ չեն արթնացնում բույր, նվագ, իրեր,
Մոռացումներ են մահարյուն ծիրում։

Իսկ մեզ քսվում է հիշողությունը
Մոռացված էգի սիրով վայրենի,
Եվ քսվում է մեր ցավոտ վայրերին,
Հատկապես այնտեղ, ուր սիրտ ու ձյուն է։

Հիշողությունն է մեզ արդեն սիրում,
Ա՜խ, վերջին սիրով ու անդառնալի,
Մենք քշված տերև մեծ անտառներից,
Ափի մեջ չեղանք, ոչ էլ՝ գրքերում...

 

 

 

  • Facebook
  • YouTube
  • Facebook Социальной Иконка
  • Instagram
bottom of page