top of page

ժամանակակից հայ գրականություն

Նարեկ  Կիրակոսյան
54729281_2808450519195035_76134871002429

Աղոթք 

Աղոթում եմ քե՜զ, ՄՈՒՍԱ պանծալի,
թող որ իմ հոգում
մոլեգնի ՔԱՄԻՆ ԵՐԿՈՒՆՔԻ ԱՀԵՂ,
ու մրրկածուփ ոգորումներիս վիհերին նեցուկ
արարեմ խրոխտ երգեր ոգողեն,
որ թնդա՜,
ցնդի՜,
ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԼՈՒՅՍՈՎ ՈՂՈՂՎԱԾ...
Վարակիր դու ինձ հրացաս բոցով,
լարմամբ եթերի,
պաթոսով ռիթմի:
Ներարկիր վառվող հոսանքով տոկուն,
թող շառագունի ցնորքն աստղածոր:
Օծիր ոսկեշող արևի լույսով,
որ պարպեմ ԽՐՈԽՏ,
լինեմ ԶԻՆԱՎԱՌ`
լիցքավորելով նյութը ներազդման:
Թող ժայթքի հուրը գրչից իմ բոսոր,
և պատկերներս դաջեմ գույնորով ՏԻԵԶԵՐԱԿԱՆ:
Պոռթկամ`
շանթլով ակնթարթները գալիքի եզրին:
Հորդահոս կամքը ենթարկելով ինձ`
օգնիր, որ գտնեմ դեղին Նիրվանան մտասևեռման ուղղեծիրներում:
Ինչպես մի անհայտ 
Հեքիաթի հերոս`
ՄՆԱՄ ԵՍ ՀԱՎԵՐԺ:

 

 

Ես ուզում եմ թռչել լռության ելևէջների ու ռիթմի ներքո,
բայց այդ պահին մեջս իշխում է,
ինչպես նետը խռնվող օդում
ՄՏԱԾՈՂ ՏԵՍԻԼՔԸ:
Չի ենթարկվում գրիչը ՆԶՈՎՔՆԵՐՈՎ ԼԵՑՈՒՆ ՈՒՂԵՂԻՍ,
որ պայթում է մեղավոր Թղթի վրա:
Չեմ լսում զառանցանքները հնաբույր:
Հոգիս վառվում է ՄՈՒՍԱՅԻ շնչով,
կարոտո 'վ,
հրո 'վ,
որտեղ արեգակի բույրն ու համն է մխրճված:
Վերևում ԴՈՓՈՒՄ Է ՆԻՐՎԱՆԱՆ:
Սևազգեստ Մեռելներ են Խավարում թափառում:
Մեջս պայքար է:
Կավի նաման ճզմվում եմ,
տեղս չեմ գտնում:
Անհայտ հիշողությունը 
փորձում եմ կիսել միայնության մեջ:
Հոգնել եմ Երկատվելուց;
Իմ մեջ իշխանություն անող մյուս ԵՍԻՆ եմ դիմում.
Նա մտածում է պոետի պես,
ամենուր գույներ է տեսնում,
ամեն տեղ` արիություն,
նրա համար մահը ԱՍՏՂԱԾՈՐ ԵՐԱԶ Է:
Նա Խելառ է...
Ինչ անել`
Կյանքի կեղտոտ ջրափոսում թրծվել,
Թե ԵՍԵՐԻՍ ազատություն տալ
Տեսնել` ինչ-որ բան կստացվի արդյոք,
Թե՞ ոչ...

 

 

Նարեկյան աղոթք

 

Խնկյալ, բարեշնորհ, կենսապարգև ՏԵ՜Ր,

Անշոշափելի ԷԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ,

ՊԱՏԱՐԱԳՎԱԾ ԼՈՒՅՍ:

Լսիր Աղոթքս Արփիացնցուղ:

Պարածածկիր ինձ Խնկաբույր Լույսիդ ճաճանչացողով:

Ալեկոծված եմ մրրիկներից ահեղասաստ:

Հառաչաձայն արցունքներով`

Մեղապարտ Մարդկանց Մաքրագործումն եմ փորձում կատարել`

ՕԾՅԱԼ ԽՈՐԱՆԻԴ, ՈՍԿԵՂԵՆ ՆՅՈՒԹԻԴ,

ՓԱՌԱՑ ՏԵՍԻԼՔԻԴ:

ՄԵղքով շղթայված` ԼՈՒՅՍ եմ աղերսում:

Պարուրիր ԴՈՒ ինձ բոլորաշաղախ ՔՈ ՓՐԿՈՂ ՀՐՈՎ:

Դարձրու տոկուն:

Տագնապի տենդով բորբոքված հոգուս իջեցրու անդորր,

հանիր թմրաբեր մրուրը Մեղքիս` Մարմնիս միջից:

Ներարկիր ԼՈՒՅՍԻԴ ԼՈՒՍԱԿԱԹՈՑՈՎ:

Աղերսում եմ, ՏԵ՜Ր,

խոսքիս հրայրքը ձուլիր միածին ՔՈ ներկայությամբ,

ՔՈ արևափայլ լուսապսակով:

Անմահ պատարագ ընծայիր հոգուս:

Օգնիր, որ հասնեմ ԻՆՔՆԱՄԱՔՐՄԱՆ:

Ճառագայթազարդ ԱՂԵՐՍՍ լսիր, ԱՄԵՆԱԿԱՐՈ՜Ղ:

Դարձրու երկնքիդ ոսկեզօծ ցողի կաթիլով օծված:

Լուսանորոգ շաղ կանթեղիր սրտիս խավար խորքերում:

Բոցանյութ ցոլքով Լուսեղեն ԱՄՊԴ տարածիր վրաս:

Հոգիս ներարկիր ԽՆԿՅԱԼ ԽՈՐՀՐԴՈՎ,

դարձրու խոսք հորդող Մարգարե դու ինձ,

օրհնիր ԼՈՒՍԱԶԱՐԴ ճառագայթներով :

Օտարության մեջ մենակ չթողնես,

խավարն հալածող Փրկության Ժամին`

հիշիր նվաստիս,

որ ՔՈ զավակն է:

Հայ՜ր, թող հեռանա հոգուս ծանրացած ամեն մի հանցանք:

Տարածիր լույսդ թույլ մարմնիս վրա,

տկարության մեջ` առողջացրու ինձ:

Կիզանուտ, հրոտ, արարչագործված լույսդ ճառագիր,

կարկամ կանթեղս դարձրու բորբոք,

ցողիր փրկությամբ,

որ ինձ հիշելով`

հառնեմ քաղցրահամ երազի նման:

Արցունքաթաթախ Աղոթքս լսիր

ԱՐԱՐԻՉ ԱՐԻ,

որ ԱՄԵՆԱԿԱԼ ՄԵՐ ՄԵԾ ԱՐՔԱՆ ԵՍ,

ՄԵՐ ՏԻԵԶԵՐՔԸ:

ԱՄԵ՜Ն:

Մեռնող  Քաղաքի  հոգեվարքը             

 

Դեղնաշաղախ տերևների ծանրությունից 

փշրվել է լռությունը մթնշաղի, 

և ոսկեցող մայրամուտի ցոլքերի մեջ 

զրնգում են պատկերները շողակաթոց: 

Շիկացած պղնձի նման

հալվում է երկաթն արևի,

որ սոսնձում է թախիծը մամռոտ 

մեղրագույն լույսի շատրվաններին: 

Ալրոտ երկինքը կապույտ է մաղում 

բյուրեղապակյա ծառերի վրա: 

Արծաթե հոսքը արնաքամ եղավ 

ճաքած ապակու արտացոլքի մեջ,

տաք լապտերների սարդոստայններից 

մոմե փաթիլներ թափվեցին ներքև, 

որոնք մոխրագույն ցանցեր հյուսեցին 

անձրևից լքված ճամփեքի վրա: 

Ու արցունքների միջից հորդառատ 

կարոտից խեղդված լուսնոտների պես 

առանց հրաժեշտ հեռանում են լուռ

գաղթական դարձած ուղևորները: 

Քահանայատեսք ստվերի նման

կիսադատարկ փողոցներով

թափառում են վհուկները կնճռոտված՝

որոնելով շշուկները անցյալի

Մեռնող Քաղաքի հոգեվարքի մեջ:

 

 

Տեսիլաժամ

 

Հրահոսուն տաք հեշտանքով,

ակոսելով մարմինդ բորբ՝

կշոշափեմ երակներդ զմրուխտազօծ

ու աստղահամ գիշերվա մեջ

արարչագործ շնչառությամբ

ես կհալվեմ տեսիլքի պես

քո կապույտի հորձանքներում:

Կիզիչ կրքի հորդող հրից,

լուսերիզող խենթությունից աներևույթ

կճառագի մերկությունդ ծովածավալ:

Հախճապակե քո կոնքերի խոնավությամբ

շիկացնում ես լուսամփոփը աստղափոշի

և ճախրանքով փոթորկածին

կախարդում ես ցայգալույսը ուրվատեսիլ՝

Սեպագրելով Սարդոստայնը Ստվերների:

 

Հիմա դու էլ ինձ պես

հիշողության տենդից

մութ զնդանում փակված

մռնչում ես մարխե հնչյուններով

և խավարն է քամում արցունքներդ արծաթ՝

շեփորելով հեռվում շամանդաղով ծածկված

երգս հրկեզ ու մահաշունչ:

Տե՛ս,

իջնում է

որպես մաղձոտ մի ստվեր

տխրությունս տարտամ ու հոգեցունց:

Երբ կբացվի աղջամուղջը վառման,

կդալկանաս կարոտների ցավից՝

մշուշելով ոտնահետքս արնոտ

բաժանումից խարկված ծովափերին:

 

 

Գունատ մենություն 

 

Մոմապատ մթի մետաղյա միգում, 

hունցված միրաժի մոգական ոսկուց 

դողում է կարմիր ստվերը լույսի՝

հպվելով փոշոտ շաղերին պուրպուր: 

Մռայլ գիշերվա արտացոլքի մեջ 

խունկ են տարածում աստղերը ճերմակ՝ 

թաղելով գունատ ասուպի հայելին 

ժանգոտ քաղաքի կանաչ դագաղում: 

Կապույտ մշուշի ջահերին բոսոր 

իջել է ձյունը տխրությամբ արծաթ, 

շղթայված մեռած երազի շողից՝ 

թախծոտ հուշերս արնաքամ եղան: 

Խավար լռության տեսիլաժամին, 

անագե, 

մեռնող ուրվականի պես 

քաոս է հեղում մթնշաղը բորբ՝ 

ցողելով մրրկոտ սարսուռ մեղեդին 

պրկված մենության Լաբիրինթոսում... 

 

 

Մահերգ

 

Բորբ մայրամուտ:

Մարխե երկինք:

Առաձգական, հրե անձրև:

Լարված եթեր:

Ճրագարան:

Հորիզոնում մեռնող ԱՐԵՎ:

Ոսկե ցոլանք:

Լուսաժայթքում:

Վերջալույսի պատարագվող հաղորդություն:

Օծված ամպեր:

Դեղին փոշի:

Սառած լճում բոցվող աստղեր:

Արծաթ լուսին:

Կիսախավար:

Շարականի Շառագունած ելևէջներ:

Մոռացության մշուշաքող:

Աղոթարան:

Մղձավանջի վերջին տեսիլք:

Դամբանական:

Կարմիր շղարշ:

Խավարում է ու խենթություն:

Մահվան նոր ծես ծծմբաբույր արեգակի:

Խնկված պատկեր:

Ոսկե դագաղ:

Թանաքագույն ծփանքներում օվկիանոսի:

Խնկարկում

 

Մթակալած մի սև գիշեր:

Երկու մարմին:

Մեռնող մոմեր:

Շողարձակում:

Կիսաստվերում Կիզվող Կրքեր:

Աստղանկար:

Այրվող երկինք:

Օծյալ խորան:

Պողպատագույն օվկիանոսում

արծաթաձույլ,

մռայլ Լուսին:

Հորիզոնն է գահավիժել մոռացության Մթնոլորտից՝

խնկարկելով գերեզմանը Արշալույսի:

____Պոեզիան ժամանակի և տարածության ներդաշնակություն է, նրա անտես եզերքների մեջ մխրճվելու գերհուզմունք և կամային ռիթմի սինթեզ, որտեղ փորձում ես գտնել տիեզերական նետահոսքով վարակված հոգեկան իմպուլսը:
____Բառերը պետք է պարպեն Պլատինե Պեգասում, որտեղ կփոթորկի ՄԱՆԱՆԱՆ` Երկաթե Ձիերի վարգը համադրելով աստղային շղարշին:
____Ապագայի խոսքը կերիզի տեսադաշտը` հոգեծին ուժ և Գալիքի Ոգի ներարկելով: Արթնության լույսի շողից կցնդի երազը մոգական, որ նոր սուբստանցիա կշպրտի շրջանակից դուրս` այլ ոլորտ` Կենսական Կաթիլը Ադամանդ դարձնելով:
____Մարսի ռազմական շքերթ է հարկավոր, Օրիոնի ոգի, մագնիսական ալիքների քնար, որ շեշտակի կխուժեն աղեղի թափից` երիզելով Գալակտիկաներն անհայտ: Ներազդման ռիթմից կճախրի Գունախաղը:
____Արեգակից թրծված ԼՈՒՅՍ է անհրաժեշտ, որ Ազատության մոլուցքով տեմպ կտա հիմնաքարին` նոր ուղիներ հարթելով կապարե խտությամբ ՏԻԵԶԵՐՔԻՆ: Պոետները վերժամանակյա ՄՈԳԵՐ են, նրանք վերացարկում են տարածության և ժամանակի չափումները, նրանց հակադիր բևեռների ձգողական ուժը վերածելով ԲԱՌԻ, որի միջոցով հնարավոր է կարդալ, Գալակտիկաների գաղտնիքը:
____Պոեզիան ՏԻԵԶԵՐՔԻ բացահայտման բանալին է և ժամանակի մետաֆորը: 
____Պայքարի շիվերից կծնվեն հաղթանակները. ուրեմն կհանդիպենք ապագայում:

21731520_1489812197720678_87769380586620

Խենթ քրմերը պոեզիայի 
(Էսսէ)

 

____Հոգեկան շեղումներ ունեցողները կարող են ներզգացական նետահոսքով վարակվել , ընկալել ու ապրել Ստեղծվող Նյութի Բուրեղացումը:
____Խախտվածներն են խախտում Կանոնները, պոկում շղթաները` չենթարկվելով Մակերեսի Ձգողությանը:
____Նրանց սուբստանցիան ՄԵՏԱՄՈՐՖՈՐՆ Է:
____Ժամանակի սլաքներն են ՔԱՎԱՐԱՆԸ: 
____Ատոմային կշիռն ու Էներգետիկան են ՌԻԹՄԻ Ստիմուլը:
____Նրանք կրում են տրանսցենդենտալ աշխարհի հայելային արտացոլքը:
____Պատկերների բեկումից առաջացած գերդինամիկ ցասումով Արարում են, վախճանված օրն օծում` Կիսամութի Արյամբ, Աղջամուղջի Բոցով:
____Գանգատուփում Հրկիզելով Խավարումն անշունչ:
____Նրանք ուզում են ՀԵՂԱՇՐՋՈՒՄ ԱՆԵԼ` չսարսափելով Գելիոտինից, բայց ուզում են, ստիպում են,պարտադրում են...
____Քնում-ելնում են դրանով, քայլում` դրանով, ապրում` դրանով, ԳԺՎՈՒՄ` դրանով: Ձգտում են ամեն ակնթարթում ՊԱՅԹԱԾԸ հաղորդել, ԿԻԶԱԿԵՏՈՒՄ լինել: Անընդհատ փորձում են Կրակոտ ՄՏԱՍԵՎԵՌՈՒՄՆԵՐԸ ներարկել թղթին ` Սպիտակ կախարդին, որը մագնիսական դաշտով գերում, իշխում է, որից Հարություն է առնում ԲԱՌԸ- աստվածային Մորմոքը, ԱՈՒՐԱՆ` Առինքնող, Խենթացնող այդ ՀՐԵՇԸ:
____Թող միշտ թնդա ՛ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ,
____Կեցցե՛ Իդեան` Էներգիակիր ԱՏՈՄԸ:
____Կեցցե՛ն ԽԱԽՏՎԱԾՆԵՐՆ ու ՇԵՂՎԱԾՆԵՐԸ: Նրանցով են կատարում ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԾԵՍԸ` ԽԵՆԹ ՔՐՄԵՐԸ ՊՈԵԶԻԱՅԻ:

 

 

Լռության արքայի մենախոսությունը 
(Էսսէ)

 

____Շատերը կարծում են ծովախորշում փտող նավ եմ՝ լուռ, երկաթե՝ դատապարտված մենության մեջ մեռնելու:
Ենթադրում են՝ գոռոզ եմ, չեմ հաղորդակցվում, չեմ սիրում կյանքը, վանում եմ ինձնից շատերին:
____Մեղադրում են մեծամտության, մարդկանց ատելու, չշփվելու մեջ:
____Վախենում եմ այս մտքերից:
____Ես այդպիսին չեմ: Ես գոռոզ չեմ:
____Ժանգոտել եմ մաքառելուց:
____Պաշտում եմ Լռությունը՝ Սֆինքսե Լռությունը:
____Թվում է՝ հիմա կբացվի սպիտակ դուռը ու աղակալած սենյակս կլցվի քո Վարդաբույրով:
____Իմ անկյունը, իմ թագավորությունը անլուսամուտ Զնդանս է: 
____Ես մեկուսացած, անմարդաբնակ լռության մեջ դատապարտված ԱՐՔԱ եմ:
____Լավ է հնչում՝ ԼՌՈՒԹՅԱՆ ԱՐՔԱ:
____Աքսորյալ եմ: Հաճախ ծածուկ զրուցում եմ քեզ հետ: Դու չգիտես: Ոտքերս հենում եմ պատին, գլուխս՝ մահճին, ես ուղղահայաց, հայացքս դեպի պատին հենած ոտքերս: Այսպես կիսվում եմ հետդ, շնչում բույրդ, տարածության մեջ մտացարկում պրոֆիլդ, քեզ, դեմքդ, թախծոտ, լուսաթաթախ աչքերդ:
____Քո գնալուց հետո դարձա ԲՌՆԱԿԱԼ: Մտասևեռումներով ԲՌՆԱԿԱԼ: Հիշիր՝ ես ճգնավոր եմ, մենակ եմ, որ միշտ սպասում է ստվերի պես մոտեցող ոտնաձայներիդ:
____Կառափնարանս հակինթե ներկայությունդ է փնտրում:
____Գիժս:
____Ես հիվանդ եմ: Առանց քեզ՝ գունատ լուսնի նման սուզված եմ ծանր ձյան մեջ:
____Դու վարակել ես տենդով:
____Գիժս:
____Տառապանքներիս կարմիր մայրամուտը հրկիզել է ինձ:
Հավերժ սպասում եմ քեզ: Արդեն հինգ դար: Հինգ դար՝ ԱՆՎԱՆԴ ՊԵՍ ԴԵՂԻՆ, փշաքաղեցնող հինգ դար:
____Քո ԲՌՆԱԿԱԼ, քո ԼՌՈՒԹՅԱՆ ԱՐՔԱ, քեզնից անտեսված հիմար, որ կարոտում է թավջութակե մարմինդ՝ տաք, կիզիչ, կրակոտ:
____Արի, խնդրում եմ, թե չէ ԼՌՈՒԹՅԱՆ ԱՐՔԱԴ, ԲՌՆԱԿԱԼԴ կմեռնի:
____Կհասցնե՞ս...
____Գիժս:
____Կարոտել եմ Վարդաբույրդ:
____Ես ապակե զառանցանքներից գոյացած դիվահար եմ:
____Գիժս: Խենթս: Վարդաբույրս:
____Մի օր՝ Աշխարհի հեռավոր անկյունում, սղոցելով գիշերային դատարկությունը, տխուր մի ձայն խանգարելով քունդ՝ կավետի Մահս Մեռելահամբույր:
____Գիժս:
____Ես մրսում եմ:
____Աչքերս կկոցում եմ՝ որոնելով ոսկե Փաթիլներդ: 
____Գոնե վերջին անգամ, մի ակնթարթ միայն տեսնեմ քեզ:
____Դողէրոցքի մեջ եմ:
____Գիտեմ` հիմա կասես դու իսկական խենթ ես:
____ԵՍ ՄԵՌՆՈՂ ԽԵՆԹ ԵՄ:

 

 

CATHARSIS
(ԷՍՍԷ)

 

____Անգորշությունը խաթարում է, որ մտքերը հոսեն ջրվեժվող կշռազանգվածի ժայռածեծ ուժով:
____Խոհերը գույների ձուլվում են իրար, ամպերի պես հորիզոնը հագեցնում են պատկերներով ու շողակնելով շիկնում են լույսից` մթության մեջ խոսելով հետս: 
____Մարմնումս մենակ չեմ. Անելիքս արգելակում է ԽԵԼԱԳԱՐ, ԴԱԺԱՆ, աստվածային քողարկված ՊԱԹՈՍ: 
____Երբ քայլելիս մտածում եմ` ակնթարթը կանգ է առնում: Քունքիս մեջ տրոփյուն է արձագանքվում: Արագացնում եմ քայլերս, բայց տեսադաշտը ավելի դանդաղ է վերարտադրվում ՈՒղեղումս:
____Թմբիրի մեջ եմ:
____Արյան շրջանառությունը շնչասպառ է անում Շղարշը Շոգեհամա:
Տանջված ժամանակի սլաքները չեն քայլում ոտքերիս հետ համընթաց:
____Տիրակալ միտքը խեղդում է:
Լռություն է:
____Սպասման վիճակում եմ. զարհուրելի, ճնշող քաոսում: Անընդհատ տեսիլքներ եմ վերարտադրում Ճերմակին: Խզբզում եմ, գծեր եմ քաշում, ապա արագացնում ձեռքիս շարժումները, մինչև թուղթը սկսում է հալվել` պոկրտվելու չափ վախենալով ինձնից: Ուզում եմ երազել, որը անահագ ծարավի կրքով մտնում է մեջս: Խճանկարի բեկորներն օծելով Բառով` ձգտում եմ գերմարդկային ներդաշնակության: Ոգորումներիս փոթորիկը` Տառապանքի, Տիտանական Մտավարժանքների, Էներգետիկ սինթեզի բյուրեղացումն է: Երբ դադարում եմ երազել, արագ փոխվում է ՆՊԱՏԱԿԸ. շարունակվում է ԳԺԱՆՈՑԸ` հոգեկան, հաճելի ԳԺԱՆՈՑԸ, առանց որի չեմ կարող: Դա լինում է ինքնաբերաբար, միանգամից, հանկարծակի: Եթե մի քանի օր պակասում կամ չի լինում ուղեղային որդերի շարժը` ԵՐԱԶԵԼՈՒ ՋԵՐՄԱԽՏԸ` միտքս դոփում է վհատ մեղեդի: Գերված եմ սպասողական վիճակով, ներսուզվելու մտավարժանքով: Երազում եմ ԵՐԱԶԵԼ, ատոմային լիցքերով խտացած գանգատուփում փնտրել նոր տեսիլքներ, նոր պատկերներ:
____Հանկարծ սկսվում է ՏԵՆԴՍ:
____Մտքերի բախումից լարվում են աչքերս:
____Բառը մեխվում է քունքիս մեջ:
____Մտացոլքը պրկում է միտքս` նետելով ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԱԼՔԻՄԻԱՅԻ ալեբախության մեջ :
____Անզոր եմ:
____Տեսնում եմ գրվելիք նյութը:
____Զգում եմ բառերի հոտը` Արնաթոր, Մգլահոտ, մոխրացած:
____Մտացիր դյութանքը ստրկացնում է: 
____Ենթագիտակցորեն սուզվում եմ նրա անբացատրելի հորձանուտը:
____Երկրպագում եմ ԽՈՐԱՆԸ ՊՈԵԶԻԱՅԻ:
____Ցանկանում եմ նետվել Տեսադաշտի հորիզոնից` զգալով դեմքիս ապտակող ու մեռնող քամու համբույրը:
____Հոգիս դուրս է գալիս ԿԱՂԱՊԱՐԻՑ:
____Գիտակցում եմ:
____Ենթարկվելով ցնորքներին` չեմ ընդվզում դիվահար հաճույքին:
____Նոր Պոռթկումից մահվան բույր եմ առնում,
____Ծնունդի տարերք, որոնց միախառնումից ԽԵԼԱԳԱՐՎՈՒՄ ԵՄ, իսկ հակասող իմպուլսների բախումից ժայթքում է ԲԱՌԸ. անգիտակցվող, թելադրվող ԲԱՌԸ, որ տարածության մեջ դառնոմ է ԿՇԻՌ և զրնգում է ԺԱՄԱՆԱԿԻՑ դուրս: Շղթայված եմ, հավերժ դատապարտված Անդրաշխարհի Լուսացոլքին: ՆԱ կարող է գիշերն արթնացնել,թելադրել ԻՐ խենթությունը:
____Ճախրանքի բացարձակությունը ՄՏԱՍԵՎԵՌՄԱՆ ԿԻԶԱԿԵՏՆ Է:
____Գուցե ՆԱ էլ այդ տրանսցենդենտալ աշխարհում սպասում է իմ խանգարիչ ձայնին, կարոտում է ինձ:
____Մխրճվում ֆոտոնային, բեկաված զգացումից հորձանուտում: Այդ աշխարհում գույները, Գծերը, Ծիածանները սահմաններ չունեն, իրենց մեջ կրում են Վերացականն ու Վերազանցականը:
____Երանի Հակադարձ ՈԼՈՐՏՈՒՄ մտածեի, Սուզվեի նրա ազատության ձգտող մատերիայի ծավալներում, ուր ՔՐՄԵՐՆ ԵՆ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ:
____ԵՍ ԹԻԱՊԱՐՏ ԵՄ:

  • Facebook
  • Twitter
  • YouTube
  • Facebook Социальной Иконка
  • Instagram
bottom of page