top of page

ժամանակակից հայ գրականություն

32807497_457495771358404_757559701901672

Փողոցում ժայռացած ստվերները 

տխուր լուսնոտների նման

օրորում են փետուրե երկինքը, ուր թրատված ձայները հարություն են առնում՝ մոմե մատնահետքերը հպելով փշրվող հայելու

շնչառությանը:

Նարեկ   Կիրակոսյան

Նարեկ  Կիրակոսյան

Գրող, բանասեր

Ծնվել է 1987թ, փետրվարի 3-ին, Երևանում:

1993-2003 թթ. սովորել է Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում:

2003-2008 թթ.՝ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում։

16 տարեկանում հրատարակել է իր առաջին գիրքը՝ «Ժամանակի սիմֆոնիա» բանաստեղծությունների ժողովածուն։

Թարգմանվել է ռուսերեն և անգլերեն լեզուներով։

Բազմիցս տպագրել է հայաստանյան և սփյուռքահայ մամուլում։

2014թ-ին հրատարակել է իր երկրորդ գիրքը` «Մեդիտացիա» վերնագրով:

Սիրանկյուն  ծրագրի հյուրն է Նարեկ Կիրակոսյանը

 

« Մեդիտացիա »  2014թ

Ն. Կիրակոսյանի գրականությունը                   « Գրական Ժամ »  կայքում

Պոեզիան  և  ապագայի խոսքը
(Էսսէ)

 

Ժամանակի սիմֆոնիա Արշիլ Գորկուն

 

Կիզվում է ազատությունը հրաբորբոք,

որ մթության ցոլքերից

մետաֆիզիկական էությամբ

ձուլում է Ջահը ներազդման`

աքսորելով մտայնությունը գերկամային:

Հնչում է հռնդյունը Հարմոնիայի`

Շաղկապելով շնչառությունս ելևէջներին:

Արևաբախ ռիթմը քարացնում է արյունս:

Ծորում են հեքիաթային ջրվեժներ երգեհոնի`

Խեղդելով ինձ հորձանուտում ալեբախության:

Ակնաբիբս սուզված է գազափրփուր ջրերում հեշտանքի:

Խելագարվում եմ հեղաշրջող հնչյուններից:

Փողկապակցված երաժշության հորիզոնում

մարում է տեսիլքը տենդագին:

Փշրվում են հյուլեները քաղցրալուր ճախրանքի,

որ խոյաթռիչքի անցնելով`

կայծակնային խուժում են ուղեղիս մեջ:

Չեմ զգում մաշկս:

Քվանտային մասնիկների համանվագին համընթաց`

հիվանդագին սպասում եմ ռիթմի նոր եզրույթներ ճեղքելուն:

Սիմֆոնիայի թափիից ճախրում են Արծիվները Մարտամղիչ,

որ համաերիզ ներդաշնակության խենթացնող ուժից

մխրճում են մագիլները ռազմատենչ:

Կենսատարածքը խտացել է մթության էներգիայով,

փոշեհատիկների մորմոքով:

Տեսադաշտում մոլեգնում է Մշուշը Մենադավ`

Մորթելով աղոթքը կշռազանգվածի…

Պատարագի զորությամբ տարրալուծվում է

ինքնասևեռման ատոմից պայթող Հոգեկան Լույսը:

Հավերժական մեղեդիների ասուպային թռիչքը

Մեհյաններ է կերտում:

Փառքի Արևից շանթեր են խուժում`

շիկացնելով Երկաթե Կաղապարը:

Անկշռելիության ոլորտը ծանրացել է միրաժների ոգոց,

որի ներուժից կարծրանում է անսահմանությունը:

Լուսնից ծորում է շողը շիթերիզող:

Ծծմբի պես այրվեց ջերմությունը երկնային,

Կիզակետում շառագունեց բեկված բեկորը գույնի:

Լուսափայլ ամպերը հրդեհում են Վերջալույսը միստիկական:

Ժամանակն է Կայսրը Տիեզերքի,

որ աստղային ակորդներից երկնում է ՍԻՄՖՈՆԻԱՆ`

ԺԱՄԱՆԱԿԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ…

 

 

Այգաբացի պատարագ

Ոսկեձույլ առավոտվա արբած միգում
մխրճված է շիթերիզող քնարը հույսի,
որ ճախրում է արծաթացող, ցնորային տենդով`
պարփակվելով Հիշողության Դամբարանում:
Պատարագեց ապտակասույր քամին.
չի դիմանում ամպոտ ոսկեփոշուն,
երկաթակուռ, դեղին արեգակից
բաժանումի խոսքեր են դողում:
Ափիս մեջ զգում եմ շնչառությունը արցունքներիդ...
Քո մտքերը ծանր են հնչում,
զրնգում են անպատասխան
և լուծվում են բիրտ քաոսում`
Հրկիզելով ՄԵՌԱԾ ՆԵՐԿԱՆ :
Անրջանքներիս քրմուհին ես դու,
Ներշնչանքներիս աղբյուրը անհաս,
Ներարկում ես ինձ պաթոսով պագշոտ`
Առասպելական տենդով տառապած:
Թող շուրթերիդ ջերմությունը ես ներզգամ
ու տոգորվեմ աչքերիդ արևափառ առկայծումից`
կլանվելով տաք ցասումից քո հայացքի:
Թող խենթանամ բորբ մարմնիդ հպումից,
կապարի պես ձուլվենք իրար,
դառնանք ՏԵՍԻԼՔ,
Լիցքավորվենք,
ԼՈՒՅՍԻՑ ՔԱՄՎԱԾ ՍՏՎԵՐԻ ՊԵՍ ՏԱՐՐԱԼՈՒԾՎԵՆՔ
ու ներխուժենք հորիզոնի ցոլքերի մեջ`
Հրդեհվելով Հավերժության Հարմոնիայի ակորդներից:
Ոսկեձույլ առավոտվա արբած միգում
մխրճված է շիթերիզող Քնարը Հույսի,
մոխրացած երազների ԱՅԳԱԲԱՑԻՆ`
տխրությունից ԽՆԿԱՀՈՏ Է ԲՈՒՐՈՒՄ...

 

 

Դու փխրուն ես իմ ձեռքերում

Կավի նման մի պաղ մարմին
ու այրվող լուսե մի բոց,
որտեղ իշխում է սիրո քամին
և շրթունքներդ հրե մի այրոց:
Հրահեղուկ քո աչքերում
ես տեսնում եմ ցոլքեր դաժան,
որ ճնշում են բազալտեպատ
շրջապատը միայնության,
ԴՈՒ՜, ՓԽՐՈՒՆ ԵՍ ԻՄ ՁԵՌՔԵՐՈՒՄ,
իսկ սրտիս մեջ դու ուժգին ես,
ապակեպատ լռության մեջ
ներխուժում ես արևի պես,
և ձուլվում ես Գիսաստղերին`
ՏԱ՜Ք, ՄԱՀԱԲԵ՜Ր,
ԴՈՒ՜, ՓԽՐՈՒՆ ԵՍ ԻՄ ՁԵՌՔԵՐՈՒՄ
ու հունցված ես հրաբխի միրաժներից,
դու հրաշք ես ոչ երկրային,
սակայն ահա իմ ձեռքերում
ԴՈՒ ՆՄԱՆ ԵՍ ՓԽՐՈՒՆ ԿԱՎԻ:
ԴՈՒ՜, ՓԽՐՈՒՆ ԵՍ ԻՄ ՁԵՌՔԵՐՈՒՄ:

Տեղացող ճերմակ լռությունը

 

Իջնում է հիմա անթարգմանելի թավշե քնքշություն

թափանցիկ լուսնի կոպերի վրա,

որ հրեշտակի արցունքների պես

իրիկնաշաղից գույներ է քամում

կնճռոտ ապակու կապույտ բիբերին:

Դատարկությունը ջղաձգվող ձեռքերով

կարմիր թիթեռներ է քանդակում

քաղաքի քրտնած ցուցափեղկերին,

ու սպիտակ տխրությունը ներխուժում է 

ձյունամշուշի պտտահողմի մեջ:

Ջութակի պոկված լարերի պես

հանգչող փաթիլները խլացնում են հոգեվարքը թղթե լապտերների,

որոնք դողում են կաթնագույն լույսի անրջանքներից:

Կաղկանձող քամին ժանգոտ լինդերով

երկաթգծերի հետքերն է վրձնում

արծաթահնչյուն արձագանքի մեջ,

ուր ձյունափոշին թախիծ էր մաղում

մենության դեղին թարթիչների վրա:

Փողոցում ժայռացած ստվերները 

տխուր լուսնոտների նման

օրորում են փետուրե երկինքը,

ուր թրատված ձայները

հարություն են առնում՝

մոմե մատնահետքերը հպելով

փշրվող հայելու շնչառությանը,

որոնք թիթեղյա սպիներ են գծում

երկնակամարի թաց շրթունքներին:

Գիշերը տապալվել է պատուհանին

ու վանկարկում է երազս...

 

Իսկ մնացածը

Լռություն է, 

տեղացող Ճերմակ Լռություն:

 

 

Արցունքների փշրվող արձագանքը

 

Հորիզոնը դեղին փաթիլներ է մաղում

արթնացող մենության ափերի մեջ,

ու մերկությունը շոշափում է շաղոտ շուրթերը

հեռացող գիշերային համբույրների,

որ անարցունք հոսում են դեպի ավազե հավերժությունը:

Հուռութքի պես կապույտ բիբերը

կաթիլվում են աղոտ մթնշաղի ցավից,

շատրվանի նման ցած են թափվում՝

հպվելով Լուսնածոր Զառանցանքի 

քրտնած կոնքերին:

Ուզում եմ խեղդել քեզ…

և սառած կնճիռներիդ մեջ

պեղել մոխրացող կարոտի գաղտնագիրը:

Դու անհետացար,

ու առավոտը կարմիր հետքեր գծեց

դատարկության ալրոտ պատերի վրա՝

զոդելով տխրությունը ակնախորշերիս:

Կկանչեմ քեզ,

կշշնջամ անունդ աստղակաթիլ երազներիս մեջ,

կշնչեմ ճերմակ Տեսիլքդ,

կաղոթեմ,

որ ոսկեփոշով օծված

լուսաբացի ժամին 

տեղացող անձրևը խնկարկի քո Հարության Ծեսը:

Քանդիր կապանքները,

արձակիր բազուկներս,

անջատիր լույսը,

լցրու հոգուս տարողությունը

քո մետաքսե ներկայությամբ, 

 և կաթնագույն շամանդաղի միջից հառնող

ուրվականի նման սահիր քնիս մեջ,

որ աստղերը մահվան փոշեթաթախ տերևներ շաղ տան

բաժանման մարմարե սալահատակներին,

ու գիշերը ժայռանա քունքերիս՝

խլացնելով անհետացող ոտնաձայները:

…Լարվածությունից մտքերը դաշույնի պես 

խրվում են թիկունքիս:

Ստվերի վրայից վերցնում եմ ձեռքս,

դանդաղ դնում ճակատիս

ու զգում ճառագող թարմությունը,

որ թիթեղաձայն հնչյուններով

ճանկռում է ականջներս…

Գետնին թափված

օրագրերի խամրած թերթերի վրա

դաջվել է թանաքոտ թախիծը,

ուր լքված ժամանակը

ձուլվում է մորմոքող մթությանը:

Լուսինը հեշտասարսուռ ապակու մակերեսին 

Ճոճում է ծովի լռությունը, 

և մատներս օդում խազագրելով անվանդ ալիքվող էներգիան՝

մխրճվում են ջղերիդ մեջ:

 

Դու գնացել ես, 

ու խոնավ անկողինը դեռ հիշում է 

քո թափանցիկ բույրը,

փոթորկող խենթությունը,

և այգաբացին խաչված հրեշտակները

նոտագրում են ընկնող

արցունքների փշրվող արձագանքը: 

Բառերի դեղին հոգեվարքը

 

Քամին ապակե մատները հպեց

արնահամ ծովի վերջալույսներին,

ու տեղացող կապույտ կաթիլներից քամված մայրամուտը

թափանցիկ ելևէջներով մշուշեց ալիքվող սառնությունը,

որ հորիզոնի կանաչ շողերից գիշերը հալվի

խեժահունց լուսնի արձագանքի մեջ:

 

Մութը բազալտե շնչառությամբ 

ձայնագրում է փշրվող սարսափի քնքշությունը,

և մոխրացող հայելու մակերեսին հայտնված

տենդոտ բիբերը գուշակում են

տառապանքը խավարի:

 

Քարե հրեշտակներ են սահում աղոթքներիս մեջ,

որ թանաքից հեղվող տեսիլքների նման

տխրություն են վիժում

պատուհանիս տակ մեռնող աշնան թաց տերևներին:

 

Գիշերը նիրհել է ափիս մեջ:

Ճերմակ մոռացումից հյուսված

ավազներ են ծորում մատներիս արանքով,

ու անձրևները թավշե թերթիկներ են մաղում

աստղերից ընկնող գիպսե հնչյունների վրա:

 

Եվ տագնապների մթագնումներից

ցնորք է հոսում

մարմնիս սերտաճած բյուրեղապակյա սարսուռների մեջ:

 

Ձայներն անհետանում են կոկորդներում

խզված կիսամութի,

և դու ցած ես ընկնում 

լապտերների քրտնած բեկորների վրա:

Ձեռքերս իջնում են պարանոցիդ,

ու գետնին փշրվող խռպոտ տառերը

ծանր շնչառությամբ 

խլացնում են տրոփյունը կավե զարկերակի:

 

Լսում եմ բազմակետերի

պատռվող արտացոլքը:

 

Տողերը թղթե երազներ են շաղ տալիս,

և երեկոն խոնավ փետուրներով

թախիծ է ցողում ուրվականների ճերմակ կոպերին,

որոնք ջերմախտից զառանցող հիվանդների պես

աչքերով շոշափում են 

լռության փոշով շաղախված դատարկությունը:

 

Մտքերը կաթնագույն շշուկներ են դարձել:

Լույսը քայքայվում է երակներիս մեջ,

ու մենությունը թարգմանում է

թափառող ստվերների աղմուկը՝

հիպնոսացնելով Բառերի Դեղին Հոգեվարքը:

 

  • Facebook
  • Twitter
  • YouTube
  • Facebook Социальной Иконка
  • Instagram
bottom of page