ժամանակակից հայ գրականություն
Հրաչ Բեգլարյան
Հիշողության թլից արտույտներն են կախվել,
Գարնան կանաչ դաշտում` մեր հին գյուղի ծայրին:
Եվ խրխինջը ձիու ինձ իմ միջից հանել,
Հոշոտում է օրվա հիշողությամբ վայրի:
Դու մազերդ արձակ` քո գառներն ես բերել,
Ես մի հովիվ տղա` համր ու անխոս կանգնած,
Արտույտները մի բեռ կապույտ երկինք մանել,
Ընծայում են օրվան անձեռակերտ բանվածք:
....................................................................
Հիշողության թելը բարակ ու նուրբ այնպես,
Քո մազերը արձակ և աչքերդ խնդուն,
Ես ի՞նչ անեմ, ասա, իմ օրերից հոգնած
Հիշողության թելից բռնած գնամ մեր տու՞ն:
Բայց մեր տունը ախր երազի մեջ մնաց,
Ավեր ու բակ մնաց` հիշողության մերան:
Դու չիմացար, լավս, որ մի պատի վրա
Ոչ տանիք են դնում, ոչ էլ կաղնի գերան:
Երբ այս բանաստեղծության վրայից
Մաքրեցի ժամանակի փոշին,
Նա վրնջաց խենթ ու անսանձ զամբիկի նման:
Ռունգերի մեջ ծաղկափոշի՞ մտավ,
թե՞ մայիսյան ցողը դեռևս շատ սառն էր
նրա համար:
Ես փչեցի փոշին նրա դեմքից
և մայիսյան ամպրոպն առավել ցանկալի
դարձավ,
խենթ երազներս սլացան նրա հետևից
ու կանչեցին հևասպառ.
-Կանգնիր, ու՞ր ես սլանում,
մենք բանաստեղծություն սիրում ենք,
բայց ոչ այդպես, անչափ, անսանձ, անթերի…
բայց նա տրորեց հազար տարի
մտքիս զնդանում մնալուց
ծանրացած կոպերն ու քրքջաց.
-Ինձ մոռացել էին
և փոշին փորձում էր ուտել կյանքս:
Բաց թողեք, գնամ:
Բանաստեղծությունը գզրոցում չպիտի ապրի,
Գզրոցը լինի պահարանի,
թե՞ բանաստեղծի ուղեղի մեջ…
… Ես սրբեցի փոշին բանաստեղծության դեմքից
և նա լեզու ցույց տվեց
իրեն չհասկացող, սառը աշխարհին:
Ինձանից սովորական բանաստեղծություն
մի սպասիր.
Սրտիս լարերն այնքան են նրբացել,
Որ նրանց նվագն ամեն ոք չի հասկանա:
Երգում եմ, բայց ձայնս ներս է հոսում
և իմ խորխորատում ինքն իրեն բազմապատկելով
պարուրում է ինձ:
Եվ ո՞վ է տեսնում երգե շապիկս.
Ամեն ոք իր թուփը գտած
իր պատառն է կրծում նրա տակ պպզած
և գլուխ չունի երգի ու բանաստեղծության:
Ինձանից սովորական երգ մի սպասիր,
Ես երգիս ամեն մի քարը կոկել եմ ափով:
Ափս քսել եմ նրան մեկ դար, հազար դար…
Քարն ափիս ջերմությունն է առել իր մեջ,
Բայց կոշտ ու կոպիտ
Պառկել-մնացել է ժամանակի ու
տարածության մեջ:
Ինձնից սովորական ոչինչ մի սպասիր
և մի նայիր կոպիտ կեղևիս.
Ախր նրա տակ ամեն բան իր միջով
անցկացնող,
ամեն բան իրենով բացատրող
սիրտ կա:
Ինձնից սովորական, տողը տողին հյուսող
Հանգը վանկին ներդաշնակ
Բանաստեղծություն մի սպասիր:
Ախր ես միտք եմ և ներդաշնակ եմ միայն
իմ աններդաշնակությամբ:
Ասում են` գնա,
բայց ախր ինձնից բացի ո՞վ պիտի թախծի
աշնան տերևաթափի համար:
Ո՞վ պիտի պատմի տերևների կենսագրությունը,
որ իմ անցած օրերն են նաև`
գունագեղ ու ոչ այնքան,
խշխշան ու չորացած...
Ասում եմ` գնամ,
բայց ամայի դաշտերի լռությունն ինչպե՞ս տանեմ ինձ հետ:
Երկինքներում պե՞տք են դրանք,
թե՞ ինձ պես թախծելու են անգործ...
Չորացած սարերի թախիծն ու՞մ սրտի մեջ ծորա
և ո՞վ բազմապատկի արևներն աշնան:
Գնաալը` գնամ,
բայց առանց ինձ
աշունն ախր մի քիչ ավելի գունատ
և մի քիչ ավելի անսեր է լինելու:
Ո՞ւմ է հարկավոր անսեր ու ստվերոտ աշունը
մռթնած:
Ասում են` գնա...
Էպիգրամներ
***
Մի խմբագրի
***
Գրեցիր երկար, գրեցիր տափակ
Եվ ամբողջ կյանքում մնացիր գրչակ:
Որկորիդ համար երեկ բոլշևիկ,
Այսօր Բարգավաճ, իսկ վաղը՝ դաշնակ:
ՄԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ
Բերան ունեցար, եղար անլեզու,
Ուրիշի տեղը սեփականեցիր,
Արտի տերը դու՝ արտավորն՝ ուրիշ,
Այդպես էլ սերմը խաշած ցանեցիր:
***
Պարեց ընտրության թանկարժեք պարը,
Կեցցե թիկունքին կանգնած հոպարը:
Եզն ընկած է հիմա, դանակավորը՝ շատ,
Դանակավորն՝ անգութ և չարացած այնպես,
Իր ձախության քենը քեզանից է հանում
Եվ հարվածում անգութ, կացնահարում է քեզ:
Զարմանում է նաև՝ ինչու՞ դու չես մեռնում,
Ինչու՞ ես ողջ այդպես և ժպտում ես ցավին,
Իր զարմանքի բութը քո թույլ կողն է խրում
Եվ ժպիտի լույսը խոռնում թույնի գավին:
Եվ թունավոր գինին կայծկլտում է պեծ-պեծ,
Ասես արդար արյուն, խաչահանված Գոյի,
Քեզ են մեկնել. "Խմիր քո բաժինն է սա էլ"-
Եվ քո դեմ է ելել թույնի լույսով նորից:
Եզն ընկած է էլի, դանակավորն՝ անթիվ...
Մի վախեցիր, ցավը լվանում է հոգին,
Դավաճանված լույսը չի դադարում բուժել,
Թեպետ կախ են տվել անարգանքի թոկից:
Աշնան փափուկ արև, ցավին ընտել հոգի
Եվ ծորացող տրտունջ աչք-ականջից կախված...
...Եզան կաշին վերցրեք, դաբաղած է վաղուց,
Դանակավոր դու բութ և կացնավոր ծախված:
Ինձ որոնեցի այսօր օրնիբուն,
Բայց բան չգտա. դառն էր ու դատարկ:
Ինձ վաղուց ինձնից առել տարել են,
Եվ ես ապրում եմ իմ ստվերի տակ։
Քանի՞ ներբանի հետք կա կողերիս,
Այդ միայն գիտե Բարձրյալը արդար,
Գիտե նաև, թե ոնց է ինձ պահել,
Ինչպե՞ս է պահել ինձ հենց ինձ համար:
Ինձ որոնեցի այսօր օրնիբուն,
Իմ մեջ սատանան հաղթել էր Աստծուն,
Նրա հետ փութով խրախճանք արել,
Եվ նետը կրծքիս դարձել էի տուն:
Ինձ որոնեցի այսօր օրնիբուն,
Հայելին անգամ դատարկ էր ու սառ:
Ես ինչպե՞ս դատեմ նետարձակողին,
Երբ օրս տոն էր Բելիարի համար:
2014
2.
Երկինքը լցվեց հրե ծոցիդ մեջ,
Արբեց մաքրությամբ քո ստինքների
և ուսերդ ի վար թափվեց կրակե կողերիդ վրա:
Հույսի կավաշեն երգեհոնն ուսիս՝
ես երկնքի մեջ պահեցի ձայներ
ու դեռ չթրծված իմ կոկորդի մեջ
զնգացին բոլոր ձայները սիրո:
Եվ ձեռքերիս մեջ խեղճ տրորեցի
բոլոր ձայներիդ արձագանքը տաք
և իմ շուրթերից առաջին անգամ
երկնքի կապույտ շորի մեջ ծորաց անունդ՝
ԼԻԼԻԹ...
Երբ դրախտը սուրբ պատուհան դարձավ
այրվող աչքերիս ու ծոցիդ միջև,
ես իմ կավաշեն մատները քո տաք ծոցում թրծեցի...
Իսկ երբ հեռացար,
երկնքի շոյող կապույտը քո տաք ծոցից թափելով,
աստղերի դեմքին ես իմ հայացքով գրեցի՝
ԼԻԼԻԹ:
Ծիծեռնակները ճխում են էլի,
Օ՞րն են կարկատում, թե՞ երկինքը պարզ,
Ծվում են՝ հույսը բարակ կտուցին,
Ասես հուշում են՝ ուր որ է կգաս:
Ուր որ է կգաս և տոն կլինի,
Սիրտս կճխա քո գալու համար:
Ես շատ եմ նայել քո ճանապարհին
Եվ սպասել եմ գարուն, թե ամառ...
…Իրիկնամուտ է, մեռնում է օրը
Ծիծեռնակների կտուցների մեջ:
Իսկ ես կախվել եմ իմ հույսի թելից,
Քեզ եմ սպասում համբերանքով խեղճ:
Սալորի ծառը ծաղկել է էլի,
Ո՞վ կուտի բերքը. դու՞, թե թշնամին:
Այդ գիտի միայն երկինքը գարնան,
Գիտի անձրևը, մեկ էլ՝ խենթ քամին:
Արտը հասուն է, տնքում է բերքից,
Ո՞վ է հնձելու, ու՞մ բաժինն է դա:
Գիտե կարկուտը, սելավը գիտե,
Նաև խորշակը գիտե, հավատա:
Օրդ պայծառ է, իսկ քո երգը՝ շատ.
Մինչև իրիկուն կյանք ունի՞ տեսնես:
Գիտի դիպվածը և Աստված գիտի,
Որ օր ու գիշեր պահպանում է քեզ:
Մինչ թափառական շներն են անտուն
գիշերվա մութից լեղաճաք եղած,
կապտած մայթերից
մեր գիշերների տառապանքները հավաքում անհոգ
ու ոտքերի տակ լուռ տրորում են
մեր երազների աչքերը քրքիր,
մենք մայթերն ի վար հոգսեր ենք չափում`
մեր զույգ աչքերը կշեռքներ դարձրած...
Մինչ օրվա մեջքին արևը հեծած`
նրան քշում է առավոտների
կապույտ հոգսերի ամլության միջով,
ու դեռ իր կարմիր ճառագայթների մտրակներն առած
խարազանում է մեր աչքերը խեղճ,
մենք աչքներս փակ
դեռ գիշերներն ենք լուռ փառաբանում
ու ափսոսում ենք,
որ շներն անտեր դեռ տրորում են
ինքնաճանաչմա՞ն, թե՞ ինքնախաբման
վայրկայններն անհայտ,
որ մենք մի բառով ԵՐԱԶ ենք կոչում:
1978
Հայտնագործում եմ աշխարհն ամեն օր
Ու ծիծաղում եմ երեխայի պես,
Իրար եմ խառնում մտքերս բոլոր
Եվ իմ աշխարհում միշտ գտնում եմ Քեզ:
Հայտնագործում եմ ես ինձ ամեն օր
Ու լուռ խորհում եմ աշխարհի մասին...
Դեռ չեմ հասկացել` աշխա՞րհն ինձ ծնեց,
Թե՞ նա էլ ինձ հետ ծնվեց միասին:
Թել ու ասեսղի ընկերությունից
Ամենից առաջ կտորն է հոգնել,
Ծակել են նրա բջիջբերն ամեն,
Իբրև՝ ուզել են փրկել ու օգնել:
Եվ ցանկացել են իրենց զոհելով
Կտորի հինը նորի վերածել,
Իբր՝ նրա մեջ հարազատ տեսել,
Իբրև թե նրան ընկեր են կարծել:
Թել ու ասեղի մտերմությունից
Ամենից առաջ աստառն է ցավել,
Կրել է ցավը նրանց կարվածքի,
Իր իսկ լռությամբ ինքն իրեն դավել:
Եվ աշխարհն այդպես անտեղյակ, քնած՝
Կտորին միշտ էլ պարտք է համարել,
Բայց չի իմացել այդպես էլ ոչ ոք,
Թե նա ինչպիսի տանջանք է տարել:
Արի, մատներս շյուղերի նման
Թող քո ժպիտից աղոթքներ հյուսեն,
Եվ շարան-շարան զրնգան նրանք
Երկնքի կապույտ կամարի ներքո:
Արի մանկանանք
Եվ արա այնպես,
Որ իմ ուղեղի ծալքերից դուրս գա
նետը անջատման,
Եվ վհատության կույր տառապանքը
Թող սրտիս խորքում իր բույնը քանդի:
Արի, քեզ պատմեմ
կանչող ձեռքերիս կարոտից ծնված
Հեքիաթը դյութող,
Եվ այնպես արա,
Որ կարողանամ նորից հավատալ
Խենթ հրաշքներին:
Արի, շոշափիր զարկերակները
Իմ խենթ օրերի
Եվ լուռ օրորիր ինձ քո երազե առագաստի մեջ:
Տես, թե ինչպես են ծառերը ծաղկել
Եվ գնչուական վրանների պես
Գաղտնիք բացելու հմայքոտ ստով
Ճչում են սիրուց...
Նայիր, գարունը խուտուտ է տալիս
Գետակի նազուկ կոնքերը սիրով,
ու գետն այրվում է քրքիջնրի մեջ:
Տես, սիրուց մեռավ մեղուն ծաղիկի
կույս բաժակի մեջ;
.................................................................................
Իսկ ես ընբկել եմ ոտքերը գարնան
Եվ աղաչում եմ,
որ իր բույրերի ու նազերի հետ
Քո բույրը բերի:
Եվ հովը ծոցից ծաղիկ թափելով
Ոշաթափվում էիմ ոտքերի մոտ:
...Մի`թե չես տեսնում,
Որ հովն էլ ինձ պես անհույս է սիրում:
1978
Արև է, անձրև է գալիս,
Պարզվում է օրըս անլույս,
Բառերը խեղճ են, անհույս,
Արև է, անձրև է գալիս:
Հալվում է երկինքը խինդով,
Ինքն իրեն ցավ է տալիս,
Ձանձրույթը հալվում ծալ-ծալ,
Արևոտ անձրև է լալիս:
Եվ ցողոտ յասաման մի տաք,
Երկնագույն արև է լալիս,
Հալվում է օրըս հոգնած,
Արև է, անձրև է գալիս:
Եվ հուշ մի արևոտ ու թաց
Ցավեր է գումարում ցավիս…
… Ամառ էր ու երկնող մի երկինք
Արևոտ անձրև էր գալիս…
2011
Թռչունները մտքեր են.
այսօր կան, իսկ վաղը կկորչեն
անհայտության մուժի մեջ:
Թռչունները երգեր են,
որ թռչում են երազների կայմից`
այսօր կան, իսկ վաղը կսուզվեն ծովի մեջ,
կլուծվեն փրփուրներում`
հազար տարի հետո, միլիոն տարի հետո
մարգարիտ դառնալու համար:
Թռչունները լուսնոտ են`
անհետք ու անցավ օրորվում են
ժամանակի ջրերի վրա
և իրենց թևերն ի վար
թափվում է երկինք` կապույտ արցունքի պես...
Թռչունները երազներ են,
իսկ արևը ժամանակի հատիկն է
նրանց կտուցներին...
1975
Մարմնապաշտ քամի,
դու, որ գրկում ես ձևերը բոլոր,
քո աներևույթ շոշափուկներով
գծիր միչ անգամ ձևերոը մտքիս,
որ ոստոստում է իմ ու քո միջև...
Իմ ու քո միջև լույսերը հիմա ողկույզ են դառնում
ու կախված ժպտում փողոցի ճյուղից:
Քո և իմ միջև մեքենաները եզներ են հիմա,
հեզ ու հնազանդ մետաղյա եզներ...
Իմ և քո միջև մտքերը դարձյալ ճչում են
սայլի անվի տակ ընկած խճաքարի պես
ու հորանջում են
արևի մահճում աչքերը բացող հատիկի նման:
Ձևապաշտ քամի,
ձևերը հիմա լուռ քարանում են իմ և քո միջև
ու քարափի պես խոսում են միայն
քեզ հասկանալի լեզվով մոգերի:
Իմ և քո միջև երգերը հիմա դառնում են սամում
և երազի մեջ մեռնող եզների բառաչն են ծամում:
Հոտապաշտ քամի,
հոտերը հիմա լուռ մակաղում են ծուռ փողոցներում՝
ծույլ ու մեծափոր աղբարկղերի մեջ,
ու քո կանաչող երգերի առաջ
զնգում են հազար կարոտի ձայնով:
Ձայնապաշտ քամի,
իմ և քո միջև,
քո և իմ միջև,
լռությունն այսօր ուռչում է,
ինչպես հողը երկունքից:
Գյուղապաշտ քամի,
հոգուս գյուղերում զամբիկները դեռ
երկնքից կապույտ խրխինջ են կախում:
1980
Եկար
Գուսանական հանգով
***
Լքված հոգիս դատարկելու,
Կատակելու համար եկար,
Ժպիտներիդ գույները ինձ
Կտակելու համար եկար:
Քո աչքերի շանթով մեկ-մեկ
Ապտակելու համար եկար,
Եկար երգերս լսելու,
Դատարկվելու համար եկար:
Եկար կրծքիս լուռ փարվելու,
Սպառվելու համար եկար,
Սիրո պատին դու էլ ինձ պես
Լուռ շարվելու համար եկար:
1984
Գուսանական հանգով
***
Ճղակոտոր մնաց իմ երկնուղեշ բարդին,
Աչքը երկնքի մեջ՝ ճղակոտոր մնաց,
Առուն գլոր գնաց՝ աչքը կանաչ մարգին,
Սեր չտեսած սիրտ էր ու սրտի լաց:
Իմ բարդու կատարին արևը լուռ հալվեց,
Սիրո քաղցր ցավից արևը լուռ հալվեց...
...Աչքս աչքիդ դիպավ, դիպավ սրտիդ բոցին,
Սրտիս անհուն
խորքում հառաչանքս լալվեց:
1978






