ժամանակակից հայ գրականություն
Դանիել Դավիթ
Գրող, ճարտարապետ
45 տարվա բանաստեղծական ուղի անցած Դավիթ Դանիելյանը՝ Դանիել Դավիթը ծնվել է 1950թ.-ին քաղաք Գյումրիում: 1957-1967թթ. սովորել է Լենինականի Նեկրասովի անվան համար 18 միջնակարգ դպրոցում: 1967թ. և 1970-75թթ. սովորել և ավարտել է ԵՐՊԻ-ի շին-ճարտարապետական ֆակուլտետը, 1975-94թթ. աշխատել է Հայկոմ նախագիծ ինստիտուտի շին-ճարտարապետական բաժնում: ՀԳՄ Ծաղկաձորի ստեղծագործական տան նոր և հին մասնաշենքերի հեղինակներից մեկն է, 1989-97թթ. շին-ճարտարապետական նախագծային կոոպերատիվի նախագահ, 1998թ.-ից -2012 թ Անհատ ձեռնարկատեր: 2010 թ-ից մինչ օրս ,, Հայ Մշակույթի և Գրագանության աջակցության կենտրոն "-ի Հայկական Հասարակական Կազմակերպության նախագահ: 2012թ.-ից մինչ օրս “Մուլտի Գլոբալ” (նոտարական և ոչ նոտարական թարգմանչական ծառայությունների գրասենյակ) ՍՊԸ-ի հիմնադիր և տնօրեն: 1976թ.-ին ամուսնացել է, ունի մեկ երեխա: 1971թ.-ին տպագրվել է գրական մամուլում, 1975թ.-ին Երիտասարդ գրողների հանրապետական խորհրդատվության ժամանակ Ալեքսանդր Թոփչյանն իր զեկուցման մեջ ներգրավել է նրան որպես նոր անուն, նոր խոսք ասող բանաստեղծ: 1981թ.-ին “Տարեգիրք” , 1987թ.-ին “Տաս անուն” ժողովածուի մեջ, 2009թ.-ին “Ընտրանի (Դղյակներ, որ էլ իմը չեն)”, 2010թ.-ին “Նոյյան Ճանապարհ”, 2013թ.-ին “Ցպահանջ Նոյյան ճանապարհ” ճողովածուները և 1971թ-ից տպագրվում է հանրապետական մամուլում: Նրա ստեղծագործությունները թարգմանությամբ տպագրվել են ռուսական, ուկրաինական, չեխական, մերձբալթյան մամուլում: 2015-ից ԱՄՆ-ի Հայ գրողների միության վարչության անդամ և 2016-ից "Վերնատուն" հանդեսի գլխավոր խմբագիր։
Սիրելի կնոջ՝ Զոյա Տորոզյանի հվանդության ժամանակ Դանիել Դավիթը գրեց “Երկնային հաշվետվություն” բանաստեղծությունների ժողովածուն, որը հրապաարակվեց 2019թ, կնոջ մահից առաջ։
Դ. Դանիելի գրականությունը
« Գրական Ժամ » կայքում
Երբ ուսերս են թափվում ցրտահար
Երբ պատերը կփորձեն ինձ նայել քո աչքերով
զբոսնելու չեն տանի ինձ անմուշտակ փողոցն
երբ երկնքի վրա - մի անտեսանելի թև
ինձ փետուրներ կտա - տիեզերք սուրալու:
Երբ դու անկողին ես փնտրում ինձ մոտ,
փաթիլները վարձ են պահանջում արյան,
երբ դուգիշեր ես տենչում թևերիս շարված
քամին աննպատակ չի թերթում դասագիրքը:
Երբ երեխան օրոցքս է պահում քո մազերի մեջ
դու չգիտես այս սրճարանն ինձ ինչու է կանչում,
երբ ծակ գրպաններս ցրտահարված են աչքերիդ նման
ես չգիտեմ այս քաղաքն ինչ է ընդերքով և ուր է չվում:
Երբ դու գալիս ես իբրև անտառային քամի
ինձ լքելուց բացի դու ոչինչ չես տալիս,
օրս այսպես է քեզ կտրում իմ թաղից
իբրև անապատում ընկած ցորնի հատիկ:
Հանդիպում
Փողոցում հանգել են լապտերները:
Գիշերը կիսվելով `առավոտի
Ծնունդ էր փնտրում քո տան մեջ,
Երբ շատրվանն իմ այրված թևերից
Նետվում էր վերակենդանացնելու
Քո անկրկնելի վախը:
Քո անկրկնելի վախը սեղմելով երկու ես`
Մի չծնված մանկան կերպարանքի մեջ:
Լցվում է երաժշտությամբ, մեզ թևանցուկ
Եվ անկախ մեր կամքից, մի չծնված
Կլորիկ աշխարհ է ստեղծվում քո ճերմակ
Փորիկի տակ: Երաժշտությունն այս
Մի օր կդառնա - մանկան ճիչ:
Դեռ չծնված ճիչն այս անհայտ
Իր ուրույն տեղն ունի քո քաղաքում,
Իր ուրույն տեղն ունի իմ քաղաքի
ամռան
գիշերային լույսի խաժամուժում...
Առավոտի շողը աքաղաղի ձայնի նման սուր
Իր գործից չուշանալով սողալ սկսեց պատուհանից
Կյանքի բերելով մեր մարմինները հոգնած..
Մեր մարմինները լռությամբ խցանված
Խցանված շամպայնի պես -
Թմբկահարում է չծնված ճիչը մանկան,
Թմբկահարում է սիրտն իմ, ախ,
Սիրտն իմ բացվող առավոտի նման...
Ես խաղալիքներ եմ նկարում կողերիդ
Տենչալով աշխարհը լցնել ճիչերով...
Իիրկնային Սոչի
Գիշեր էր - աղմուկը հանգիստ խեղդում էր իր մեջ
ծովի շշուկը թախծոտ:
Գիշեր էր - կաֆե- ռեստորանները տեղ չունեին
նորեկների ձայնը լսելու:
Գիշեր էր տղա - աղջիկ թևանցուկ
գիրկընդխառն մթան մեջ
գնում էին ծվարելու թփուտներում տաքուկ:
Գիշեր էր - ես սպասում էի քեզ
իմ առաջին հանդիպում- դու եկար
Փողոցներից հեռու
մենք քայլեցինք ծովի կոշտ ափերով…
Ծովը մեղմիկ ու միալար
իր ալիքներով փոքրիկ ձայնակցում էր
անտառին:
Իսկ ձկնորսը հեքաթային իր կարթով խաբում էր
ու ձկներին լույս աշխարհ հանում:
Երկուսս քայլում էինք
իրար կողքից մրսելով ամաչում էինք հպվել:
Ծովը հառաչում էր կարոտից
ու ալիքներով բարձրահասակ խփում էր ծնկանը,
որ իր մոտիկ այգին չհեռանա
իրենից,
Երբ ես ու դու իրար փարված փոքրիկ նստարանին
ուզում էինք սպառվել,բայց գիշերն սպառվեց…
Գիշերապահը
Ննջիր, հրեշտակ իմ, հող իմ,
Քուն չի իջնում աչքերիս:
Դրսում անձրև է,
Իսկ ծառերը պար են դարձել:
Աստղերը ծափ չեն տալիս:
Փարոսներն են արձա գանքում:
Ննջիր, հրեշտակ իմ, մայր իմ...
Քուն չի իջնի ճանապարհիս:
Դրսում մութ է,
Իսկ ես լույսն եմ կոպերիդ,
Ծովերը չեն աղմկում,
Բյուրեղիկներն են կազմում երամ:
Ննջիր, հրեշտակ իմ, հայր իմ...
Երազներով ես էլ չեմ խաբվի:
Օրը տարիք է,
Իսկ Սերը հայտնություն,
Սիրտը երբեք չի պայթում,
Լռությունն է պայթում հանկարծ :
Ննջիր, երկիր իմ, հրեշտակ իմ...
Մինչ լուսաբաց մի քիչ մութ է մնացել,
Որ կյանքիդ ծով լռությանը հանդիպեմ,
Որ զգաս - Ես զինվորն եմ` քո:
Ննջիր, հրեշտակ իմ, որդյակ իմ,
Ապրելու համար դու չես տեսնի պատերազմ
Միայն օրը կմեռնի քո դեմքին…
Մինչ լուսաբաց
Ես կհսկեմ մեր
Սիրո սահմանները...
Մահվան թևերն են վերադառնում երկինք
1001 մի մանրունք խանութի դռանը 1001 դագաղի կափարիչ - երկնքի մեջ - ազատության դրոշ
101 մեռած երեխա - ԴԵՐ-ԶՈՐԻ- կրծկալներում ՃՈՃՎՈՂ
51 ձի - 140 բերան - մարդու ստամոքսում խրված
41 կին - անապատի լայնությամբ - ցցեր են շարված -
Եփրատի ափին
31 ականջ - լուսնին կիսելով աղոթում են մզկիթում
12 առաքյալ- խավար - մի լուսավոր ազգի
7 խնձոր - լուսնից իջնող տիեզերանավեր
3 երկինք - մինը քաչալ - մինը խելառ - մինը դատարկ
3 երկիր - մինը համր - մինը խուլ- մինը կույր
3 մարդ - երեք ազգ - երեք դրոշակ - երեք գժանոց
որ թափթփում են փաթիլներ - ճերմակ թղթերին
ճերմակ թղթերին կա մի բացատ
որտեղ կոճղն է փափուկ բարձ
որտեղ ազատությունը տևական է
մի փչակի մոտ
մի կավի տարածությամբ ուր բնությունը նվիրել է բանտ
որ մեղքդ քավես - գազանների մոտ
մեղքերի փոխհատուցմամբ
Թափ *
- թըփ *
- վում*
են * * * * * * *
փ ա թ ի լ ն ե ր ը * * * * * *
ճեփ-ճերմակ թղթերին
արձանագիր սեպագրություն ընդունված խստությամբ
մեղսագործը պարտավոր է դատապարտնան -
պատժապարտման քարե կայարաններում
Քարե կայարաններում
սև հացը - աղյուսե արձագանք - աղքատի նպաստ
նեղ լույսը- ոսկրացած կյանք - ֆաբրիկայի բանվոր
փականների անտարբերությամբ օրորվում են
Օրորվում են փոքրիկ խցերը օվկիանոսի վրա
մեղք պահելու փոքրիկ պարկ
որտեղ կյանքը բաժանվում է շառավիղների
պատե - մագաղաթների վրա
թողնելով իր կենսագրությունը տհաճ - չհեռացող օդ
չհեռացող օդը - կարեկցանքի կախաղան -
պարտադրանքի օղակ
կարճլիկ աթոռը - դիմադրող աղաջուր - փրկվելու համար
- ցածրիկ աթոռը - դիմադրող աղաջուր - խեղդվողի համար -
նեղ միջանցքը
քայլ առ քայլ
մոտենում է
արցունքաթաց խրախճանքի
մերկ կաթիլների նման
մերկ ազատությունը
ոտաբոբիկ
ու կոշտ
մարում է
քանդում
խափանում
կալանքի խաբեությունը
մի վաղ առավոտ
մի վաղ առավոտ
մի քաչալ արև
թեքվում է ապրելու
մի ճերմակ աղավնու հետ
Պաբլո Պիկասոյի սպիտակ կտավի վրա:
« Անհայտ մայրցամաքներ » շարքից
Ներաշխարհի մայրցամաք
Շարունակեք արշավանքը, համառության աչքեր,
երբ բազում չսպառված հանցանքներ կան թղթերի վրա,
երբ բազում աստղերը քո ցրված փաթիլների
հպարտությամբ
խճճել են հետքերն իմ մխիթարության ծառուղիներում,
խճճվել են վերքերն իմ տաք ու անզուսպ գգվանքներից -
Ես կորցրել եմ գիշերն իմ կախարդանքով լեցուն:
Աչքը - աչքին է քսմսվում բախտի քմահաճույքով -
կողոպտում են գիշերը - տանուլ տվող կանայք...
Շարունակեք շուրջպարը, գոյության թևեր,
երբ մի ներքին ուժ է խրվել վերքերում իմ թերխաշ,
երբ մի վամպիր կին է շրթներկում պատուհանս,
փոթորկվում է սիրտն իմ կանգառներում հացի ու լացի,
փոթորկվում է քունն իմ տիեզերական խաչից
Հարդագողի ճամփին...
Ես պոկում եմ շղթան - վախը մահվան տոթի...
Շուրթը - շուրթով է կուլ գնում խայծին -
կողոպտելը - մի օր է կաթնահամ...
Շարունակեք թաթախվել արյան փետուրներով,
երբ կենսագրությանս անձրևներն են զոհվում լռությամբ,
երբ տառապանքս սողացող փաթաթվում է կյանքի
արմատին,
շնչահեղձ մի լինիր,սիրտ իմ, փակվող դռներից -
շնչահեղձ երկինք կա ու ապստամբող քարավան,
որ հավերժ կձյունե - ցավ, հառաչանք ու սեր...
Կուրծքը - կրծքի հետ - արիության բռունցք -
կողոպտված ինքասպանությունը - անառիկ
ամրոց...
Շարունակեք թոթափել մերժման մրմունջը վեհափառ,
երբ ազատության ռիթմը պանդուխտի սիրտն է բացում,
իսկ Սերը կարմիր` հավատարիմ ղողանջ է եռակի
զանգի,
արթնացիր,երկիր իմ,ասպետական քո համեստ
հեքիաթով,
արթնացիր, երկինք իմ, երազկոտ շուկաների լռությամբ:
Ես կլուսավորեմ գիշերներդ իմ բառերի լեգեոն - ջահերով-
Բառը ճերմակ - բառով մի մաքուր կտավ է
մոռացության, միտքը -
մտքի հետ - անկազմակերպ առագաստ -
ինչ- որ մեկը խելագարվել և իրեն կոչում է
Կոմիտաս...
Շարունակեք հեռանալ, ինքնարարման ոտքեր,
ինչ տխուր է բախտն այս խոստովանության:
Եվ ինչ երկունք է տիրում դիմադրությանս վերքերում,
որ շփոթված մեխեր եմ գամում թարմության ափերին
որ շփոթված մեղուներ են նստում արյանս վարսանդին...
Ես քողարկել եմ արմատն իմ հունդի -
խաչասերումից.
Ձեռքը - ձեռքի մեջ - նվիրատվության խաչմերուկ,
սուտ սիրահարներն են մահանում նեկտարից -
Մեռյալ ծովն է խլում դառնության բանալին...
Շարունակեք թռչկոտել,զսպվածության բարձունքներ,
երբ արևը մի բուռ մոխիր է անապատում ընկած,
երբ լուսինը մի տարածության կրկնակի թռիչք չի
դարձել,
ապրիր, երկիր իմ,ասպետական քո փառքով կորուսյալ,
ապրիր, հող իմ, վերքերդ սպիներ են պատմության
մեջքին.
Ես գտել եմ իմ երջանկության դափնեպսակը`...
Ձայնը - Հույսի հետ - ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈւՆ
Ձայնը - Հավատի հետ - ԵՌԱՁԱՅՆ ՊԱՏԱՐԱԳ
Ձայնը - Սիրո հետ - ԵՂԻՑԻ ԼՈւՅՍ
Գոտեմարտի մայրցամաք
պատանությանս ծերացող ճյուղերի վրա
արյունն իմ փոթորկվող ծանծաղուտ է,
ուր անտառն արբել է մի քիչ,
իսկ ծովը կորցրել է սրտի հորիզոնը,
մեկ ուրիշը գտնելու համար
լեռները գտել են լուսնի կեսը
մթան թոքերում - մի քառորդ խնձորով,
թռչունները մի կողմ են դրել
դա-սա-գըր- քե-րը -
(բոլոր
թռչունները
պարապ բանաստեղծություններ չեն վանդակներից դուրս) -
Նրանք
հացի ճերմակ ստվերներ են նետվող
երեխաները փնտրում են
կանաչ պտուղներ ճշմարտության խոնավ
սաղարթների միջով - Օդը նայում է մահվանը
ծույլ - ծույլ և իր շրջանցիկ խտղտանքով
արթնացնում է ուղեղը մարդու.
Ես անմեղ ձեռքեր եմ տեսնում
ըմբոստ վանդակներում - ծվատված երեխաներ
գթության հաց են աղերսում կույր դռները
թմբկահարելով արյունն անշավիղ շտապում է
զինվորի պատառոտված վերնաշապկից լցվել
խորհուրդների հոգնած ավազանը ցամաք ...
երբ ուղին անհայտ է, աշխարհը նույնպես
մի փոքրիկ երազ զգացնել է տալիս ինձ
շուտով կլինի թարմ հացի պակաս
միջանցիկ տիեզերական անցումների թոնրատանը
օդը - չգտնված գահի հողմնապտույտ
անծայր տարածությունը մեկնաբանելու համար
Նոյի տապանում մի կնոջ սիրտ է կաթոտվել - սնձի պես
փաթիլները դժվարությամբ են փորձում զիջել արյան
վերջին համաստեղության սաղմերը...
հրմշտվող աստղային մայրցամաքների իրարանցում -
ոչ ոք չգիտե իր Ազատության կուրությունը,
ոչ ոք ոչ մի թռչուն - կուչ եկած իր վանդակում,
միայն հարդագողի ճամփին,
ՄԻԱՅՆ ԵՍ
ՄԻԱՅՆ ԴՈւ
ՀՈՂ...
Հենակների մայրցամաք
ազատությունն իմ գթության հաց չէ,
երբ խղճի ամառն է մահանում արվարձաններում
հաց տվեք- գործ տվեք - փրկության բառեր են,
բառերը խոնավ ճակատների նման
աղմկում են - գանգի շուռ եկած դաշնամուրով
ստեղնազսպանակների պես դես ու դեն ցան ու ցիր
բռնցքամարտի են դուրս եկել բաժակները ճենապակյա
պատերին ընդդեմ, ընդդեմ բոլորի
թերակշռվող պարուհիները, մատուցողները
վռազում են թրջվել
շամպայնի գետեր բերող շշերի
թշվառության մեջ.
մի տերև - տնքացող կալանավորի ձայն,
մի վրիպող կոշիկ - հերթական նախագահի համար,
մի հատոր սեր - կյանքի խաչմերուկ,
մի ժողովածու - երկիր ու երկինք
բացականչում - գոռում - գոչում են
կողոպտված ամրոցների նման
թե…մի…ինչ որ…
արևային թափառաշրջիկ
գտել է մնացորդներ
աղբարկղում
նա զգաց, որ ժամն է արդեն քուն փնտրելու
արվարձաններում, աղբանոցներում
ավազակները քըր-քը-րե-ցին
թափառ գըր-պան-ներն ու
ոչինչ չգտնելով
ահագին դրամներ տվեցին`որ ուրիշները գողանան
որ ուրիշներն իմանան,
որ ես էլ եմ ունեցել հպարտ հայրենիք,
որ ես էլ եմ կարողացել կին ու երկիր նվաճել…
որ ես էլ եմ ունեցել իրական դեմք ու բռունցք…
կյանքի տիեզերական ներդաշնակության մեջ,
նրա խարխլվող - փլուզվող - շաղկապվող անուրջներում -
ոչ ոք չիմացավ իր վիճակի չորեքթաթ լինելը,
ոչ ոք, ոչ մի անգործության մատնված պոետ
ՄԻԱՅՆ ԵՍ
ՄԻԱՅՆ ԴՈւ
ԵՐԿԻՆՔ…
Երկվորյակ մայրցամաք
ճակատագիր,
շարունակիր հալվել
մի մոմի նման,
երբ ձեռքերդ
դեղին մաղձ են աշնան
ճշմարտությունն իմ
մանկությունն է քո
զայրացնող,
որ ճերմակ թռչնի նման
հյուսում է մի կտավ
Արդարության և Իրավունքի…
Երբ հեռակա աշխարհամասերում
ոչ ոք չի քնի,
գիշերը կսողա
Լոնդոնից Նյու-
Յորք,
ուր
սևամորթներն զբաղեցրել են
համար մեկ տեղը ճերմակ
սպիտակամորթները
բողոքի գիրք են պահանջում
բողոքի գիրք
այլևս չիք,
թիրախն է փոխվել
վրիպողը նույնն է,
երբ պատմության որմերից հեռու
գնում են հրեշտակները խաչվելու
մի ճերմակ թռչնի նման
կգա ևս մի գիշեր
Նոյի երկրում
ինչ-որ մեկը կտենչա
լինել
Արդարության և Իրավունքի
առաջնեկի մայրը …
կկուտակվեն համախառն ջրերը
տարբեր կողմերից
ծափահարելու համար
սահմանափակ
տարիքներ
այլևս չիք
նույնիսկ վերջին թոշակը ստացող
չծնված մանկանը խաբելու համար,
խաչվող սատանան
կփորձի կաշառել
մի ճերմակ թռչնի
ոչ ոք չի սպասի իր հավատքի ճգնաժամին,
ոչ ոք, ոչ մի Աստված նիրհող քավարանում,
ՄԻԱՅՆ ԵՍ
ՄԻԱՅՆ ԴՈւ
ԵՐԿԻՐ
Հոգեվարքի պարապ կամուրջներին
դատարկ մոմակալներ է տեղադրում -
դատարկ հայացքներ են ընդհարվում երկնքում
դատարկ փորոտիքներ են շտապում սկուտեղի մեջ -
դատարկ ստամոքսներ են բողոքում խելամիտ օձերից.
մի ճիչ երկու գժտված ճիչեր իրար են լիզում
հոգևարքի պարապ կամուրջների վրա -
սովյալների փշրված ոսկորների մեջ -
Ես - ՀԱՑ արթնացման
Ես - ՍԵՐ տարածության
Ես - ՑԵԽ ու ԱՆՁՐԵՎ համբերության
Ես - իմ Արյունն եմ բերում Կումայրուց...
Դանիել Դավիթ
Ջունգլիների մայրցամաք
այս լուսնաելքին
արևի շուրթերից գինու շիթեր կխմենք,
երբ անօրինական երազները մեր կխառնվեն
պատմության մոռացված պարիսպների ետևում…
Ես երջանիկ եմ
Որ ցնդածի , ցնորվածի նման արբած
Հանդիպեցի քեզ
Հայոց աշխարհ -
իմ բնորդուհի…
Ծառերը չէին օրորվում,
Երբ ես բռեցի ճյուղերդ մատղաշ
Տերևներ ընկան քնած թռչնի փետուրներին,
Ջրի ցողեր հպվեցին երեխայի ազդրերին,
Ծաղկաթերթեր պոկվեցին կույս ստինքներից…
Մեղրամսի փաթիլներ իջան մեր ուսերին,
Փոշոտվեցինք… երբ երկինքը մուշ մուշ
Տեսիլքներ էր հավաքում աստղերի հետ…
Մի հարկի տակ ապրել- բնակվելու համար
Խանդով շտկվեց ծովահարսիկն իմ լքված
Եվ պարտադրեց ուրիշներին,որ ինձ
ավելի անկեղծ պատժեն և ստիպեն
դավաճանիս ավելի անկեղծ պառկել
իր անբնական ստվերի հետ…
Լուսնամուտքին
Ես հեռացա նրա սավանից
Իմ գոյաձևության մի այլ կացարան:
Ես ծառեր տեսա ինձնից մենավոր
Մեկը մյուսից իր կաշին ավելի քերթած
Լուսավորում են ողորմության դղյակները:
Քամու հետ մի չգրված երգ սուլելով
Ես ընկերներ գտա և հարուստ և աղքատ,
Ես սրճարան գնացի նրանց հետ
Նրանք թախծաբլիթ հյուրասիրեցին ինձ,
Ես պարտք մնացի նրանց հայրերին -
Ոչ - ոք չկամեցավ իր շղթաները ետ վերցնել,
ոչ ոք , ոչ մի մուրացկան
գորշ պատերից կախված,
ՄԻԱՅՆ ԵՍ
ՄԻԱՅՆ ԴՈւ
ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստան մայրցամաք
քամի, դու ինչու ես զայրանում
Երբ Ես եկել եմ,
Գթությանս դարբասները կոտրելու,
Երբ Ես եկել եմ,
Արմատներս ավելի խորը խրելու
Կյանքի կավեղեն պիրկ ստինքներում
Ես գիտեմ,
Հպարտությունս
երբեք չի օրորվելու
Գալիք հողմերի հավերժական դասերից,
Ես գիտեմ,
Ուրախության սով է լինելու,
Երբ արդին օրենքներ է հնարում,
Որ սխալները հեշտագրությամբ պարտկի
Եվ կոր գծով ստիպի
Մեզ
Երգել ու ապրել
Թող լինի միշտ - եսիմ ինչը,
Թող լինի միշտ - ինչ ուզում է լինի
Եվ այսպես շարունակ,
Արդը մեզ չքնաղ հեքիաթներ կպատմի,
Եվ կհամոզի ծայր չտալ ամեն մի հառաչանքի…
Ոչ - ոք չկասկածեց այս հեքիաթների պոչով ստերին,
ոչ ոք , ոչ մի մարգարե
իր Ավետարանը գրելիս ,
ՄԻԱՅՆ ԵՍ
ՄԻԱՅՆ ԴՈւ
ՀԱՎԻՏԵՆՈւԹՅՈւՆ
ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՅՐՑԱՄԱՔ
,,Ափ մը մոխի¯ր քու մոխիրեդ, ո¯վ պիտի բերե…
ՍԻԱՄԱՆԹՈ
Այս իրիկուն հոգուս ասեղնահյուսքերի անվերջության վրա
արյան խարշափն է անձրևում մտածմունքիս, հավատքիս
հոգետանջ, բաց հոգևարքի տամուկ բողբոջներում
մի սառըգիշեր է հայտնվել ինձ
Հոտոտում է նա մեր երկինքը
մեր վաղաժամ մարմնի կորուսյալների վրա
մեր խաչը տամուկ - բախման առագաստ…
Գիշեր- ցերեկ, գիշեր- ցերեկ, գիշեր- ցերեկ,անվկա
արշալույսի քնկոտ թարթիչների վերջավորության վրա
Ես չկարողացա իմ հրաժեշտի ծաղիկները բերել…
երբ բարբարոսների ծվատվող ստվերների
քմահաճ խտղտանքի խորքով անցան անհույս
Հույսի մայրցամաքները - ոչինչ չնկատելով…
Մեր չգտնված փրկության դռների առաջ
մենք լսեցինք մեր ձայնը,
իբրև նզովքի հեղեղման անսահման ալիք,
իբրև անտեսանելի բարձունքների փլուզում
փրկության պարզած մեր սրտերը…
Գիշեր ցերեկ, գիշեր ցերեկ, գիշեր ցերեկ, անվկա
հոսեցին մարմինները մեր - անառագաստ մոլոր լաստեր
շտապեցին գետերը մեր - դեպի ուր, դեպի ուր, դեպի ուր…
դեպի քեզ - դեպի քեզ - դեպի ինձ իմ Զարկերակ:
Ոչ - ոք չկամեցավ վերադառնալ Դեր -Զոր
ոչ ոք , ոչ մի ծիծեռնակ
իր բույնը հյուսելիս,
ՄԻԱՅՆ ԵՍ
ՄԻԱՅՆ ԴՈւ
ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ
Նոյյան Ճանապարհ շարքից 2010թ
Բանաստեղծություններ 13 – սխալներով (շարք)
Հեռացել է կարոտը -
մորս ձեռքից խնձորը-
կիսվել է հայրենիքս
պանդուխտ են աչքերս
ԱՆՀԱՅՏ ԶԻՆՎՈՐԻ ԵՐԳԸ
ՔԵԶ
հրաժեշտ ասելուց առաջ
ես դուրս եմ գալիս
մտորումների փողոց
թեպետ թերթերում չեն գրում
որ հեռացող կարոտը բովանդակություն ունի
տարեգրության ծերացած բիբերի երկարությամբ
տարագրության կռացած կերոնների լայնությամբ -
ՃԱԿԱՏԱԳԻՐՍ
հոգևարքի պարապ կամուրջներին
դատարկ մոմակալներ է տեղադրում -
դատարկ հայացքներ են ընդհարվում երկնքում
դատարկ փորոտիքներ են շտապում սկուտեղի մեջ -
դատարկ ստամոքսներ են բողոքում խելամիտ օձերից.
մի ճիչ երկու գժտված ճիչեր իրար են լիզում
հոգևարքի պարապ կամուրջների վրա -
սովյալների փշրված ոսկորների մեջ -
Ես - ՀԱՑ արթնացման
Ես - ՍԵՐ տարածության
Ես - ՑԵԽ ու ԱՆՁՐԵՎ համբերության
Ես - իմ Արյունն եմ բերում Կումայրուց
Մի շտապեք
արևելքում
ականներ են սափրվում փողոցի - դեղնախտով
դիետիկ սերեր են բաժանում քնկոտ սահմաններին -
Մի շտապեք
արևմուտքում -
գնացքն արդեն անցավ
վաղվա կյանքը ծխելով - շտապելով
սլաքվում է
Ախուրյանիս պարանոցը լիզելու-
ուր մանուկները ճերմակ
աղավնիներ են նկարում փշալարերի վրա
ուր տոնածառերը ձմեռն են դարձնում
խաղաղության անձնագիր
բույսերի փոքրիկ ձեռքերի վրա -
ողջակիզվում է
շատրվանիս խլացնող ձայնը -
«ԹՈՂ ԼԻՆԻ ՄԻՇՏ ԱՐԵՎԸ
«ԹՈՂ ԼԻՆԻ ՄԻՇՏ ԽԱՂՈՂԸ
Սպասում են աչքերդ
խոսում են խաչերս
խախտվել են վարսերդ
փախչում են հասկերը
ԿԵՆԱՑ ԵՐԳ
ՔԵԶ
հրաժեշտ տալուց հետո
ես ուզում եմ ապրել-
տենդի մեջ խեղդվող լուսաբացի նման
ուղեղիս ծիծաղը կապույտ բարձին դնելով
Ես ուզում եմ ապրել-
քեզ հրաժեշտ չտալով,
քեզ չհամբուրելով,
Ես ուզում եմ ապրել,
երբ երիտասարդությունն է փորձում -
Կյանքի խորդուբորդ ակոսները չհերկած
ես ուզում եմ ապրել,
երբ ծառերն են չորեքթաթ այցելում ինձ,
երբ երեխաներն են մոռացել խաղալ
խրամատ թռչող փամփուշտների նման -
ես ուզում եմ երգել-
իմ կարոտը - հարազատ երկրամասի,
իմ ցավը - կարտոֆիլի մարգերում թրջված,
իմ սերը - թթի նման վաղահաս:
Ես ուզում եմ ապրել,
երբ կյանքն է ափվում կրծկալների մեջ
«ԹՈՂ ԼԻՆԻ ՄԻՇՏ ԱՐԵՎԸ
«ԹՈՂ ԼԻՆԻ ՄԻՇՏ ԽՆՁՈՐԸ
ծերանոց, որը չկա
արյանս հունդի մեջ -
մորուք է աճել
Տեր Զորի դեմքին
ԱՆՀԱՎԱՏ ԾԵՐԱՆՈՑ
ՔԵԶ
չգտնելուց հետո
ես դուրս եմ գալիս
ճակատագրիս ընդառաջ,
Թեպետ Աստված փակել է մեր աչքերը մի պտղունց ջրով,
թեպետ մարդիկ փակել են իրենց բերանը մի գուղձ հողով,
թեպետ թերթերը լռել են իրենց մարմնի հաշվին,
բայց Դեր - Զորը իր կտակարանի միամտությամբ
իր գժտված երակներն է բացում
իր քացախված արյունն է սրսկում հիշողությանս երակին -
արյունոտ սալեր են ձգվում անապատի լայնությամբ,
արյունոտ քամիներ են վիժում կնքահորի ավազանում -
Թեպետ անոթի են մնացել ագռավներն ուղեկցող,
Թեպետ թերթերը ծանրաբեռնվել են հողաբաժանումով,
Թեպետ մարդիկ իրենց մոռացած, իրենց վրա են թքում
իսկ արկերը հարբեցողի նման
ցեղիս գերեզմանն են քանդում
ԴԵՐ - ԶՈՐՈւՄ
ուրանե վարդեր են բացվում արյանս թմբին -
Մի շիթ, երկու շիթ - անհաշիվ արյան ծորակ,
Մի ձեռք, երկու աչք - ավազե կմախքե թամբեր
անշարժ, անկենդան, անխոս
ԴԵՐ - ԶՈՐԻ սմքած ստինքներում-
հունդս պատռում է երակիս կաշին լարված,
ճակատագիրը պեղում է արյանս մոխիրները,
մարմինս հատվածների է բաժանվում
անվարձահատույց Տիգրիս ու Եփրատ,
անվարձահատույց Երկինք ու Հող
որ ձկներին խաբելու համար
իբրև ազատ խայծեր
ցեղիս աճյունասափորն է ծրարել
Թեպետ անոթի են մնացել ագռավներն ուղեկցող,
Թեպետ թերթերը ծանրաբեռնվել են հողաբաժանումով,
Թեպետ մարդիկ իրենց մոռացած, իրենց վրա են թքում
արևի դեմքը շրջելով.
Թեպետ Աստված մոռանում է
և կյանքի կավեղեն լինելը,
և թռչունների հեծկլտոցը,
և ցավի խաչելությունը, որը
ընկնում է ճամփա
երկրի հորիզոնականներով -
ես դուրս եմ գալիս
ՃԱԿԱՏԱԳՐԻՍ ընդառաջ -
«ԹՈՂ ԼԻՆԻ ՄԻՇՏ ԱՐԵՎԸ
«ԹՈՂ ԼԻՆԻ ՄԻՇՏ ՏԻՐՈՋ ԱՂԱՎՆԻՆ
ՋՐՀԵՂԵՂԻՑ ՀԵՏՈ...
Կար մի արև
իմ տան դիմաց-
ծալապատիկ
ջրվեժն ի վեր կձգվեր
մի աղջիկ
ԽԵԼԱԿՈՐՈւՅՍ
ԴՐԱԽՏ
ՔԵԶ
Ճանաչելուց հետո
ես ըմբոստանում եմ
դիմացիս աղջկա լռությունը ջնջելու,
մի փունջ գարուն է ընկնում այտերիս,
մի փունջ խնկի հոտ է լցվում շնչառությանս մեջ,
մի փունջ կրծքի լույս է բացվում աչքերիս:
Ես վերագտնում եմ կնոջ մարմինը անվերադարձ
կիսամեռ գրքերի էջերից դուրս ցցված.
ԿԱՐԴՈւՄ
ԵՄ
կերի կուտակման աղյուսակները հաշվետվության
մի օտարի ձեռքում -
ցավ է.
երբ գիտեն անելիքդ ու ստիպում են քեզ լողալ-
տաղտկալի է,
երբ խոսքերդ են վիրահատում,
չեն լռում դարակները
մի ուրիշի խոսքում -
բառը ինքնամոռացությամբ է գնում ծերանոց,
երբ լռությունը կախվել է մարմնիս աջ պատին;
Մնացողը պարծենում է - ես մսագործն եմ մահվան:
Մնացողը մտածում է - օրենքն - անձ է հանցավոր,
Հեռացողը ձեռքը չթափահարելով
մնաս բարով չասած - դիմացիս աղջկան,
երբ ինքը բողոքում է կնոջ նման խաբված.
անօթևան աղջիկներն են ողջակիզվում նկուղներում -
Ես գիտեմ ջարդված ոսկորները նորից են նվագում -
երբ գիշերանոց վաճառող լուսինը- լուսնոտ
թղթախաղում տարվում է ինձ -
լողա, սատանայի ձեռքից խլված խնձոր,
պանդխտությանս էջերում պառկած -
օրս տապակվում է
դիմացիս աղջկա կրծքի սկուտեղում,
լողա, ծովահարս, գետնախնձորների մարգերում
այս գիշեր -
երբ դիմացիս աղջիկը, զբաղեցրել է անկողինդ խորհրդավոր
«ԹՈՂ ԼԻՆԻ ՄԻՇՏ ԱՐԵՎԸ
«ԹՈՂ ԼԻՆԻ ՄԻՇՏ ՏԵՐԵՎԸ ԹԶԵՆՈւ...
Կռկվել է աշխարհը-մարմնիս պես
կռացել է ծաղիկը-կրծքիդ նման
ճեղքվել է արցունքդ- հողին գամվող
ցիրուցան է եղել- փեթակս-քեզ կանչող
ԳԺԱՆՈՑԻ
ԿՏԱԿԱՐԱՆԸ
ՔԵԶ
կարոտելուց հետո
ես կողոպտում եմ
չքավորության գանձարանը,
Երբ կարիքը, վերահաս աղետից,
անօգնական ու ահաբեկված
/ շրթե-շուրթ է անցնում շտապ,
գարեջրի գավաթների նման /
թեպետ իմ կյանքը վտանգած,
թեպետ իմ ստամոքսը քաղցի մատնած
թաքնվում է հաշվապահի ակնոցի տակ-
իր մահվան ըմբոստությունից -
անզգույշ, անկազմակերպ կոտրում է
չքավորության պատուհանը -
մի նոր ազատ աշխարհ է հեռանում գարեջրատնից,
մի նոր ազատություն ծախսած
աշխարհ է մտնում գարեջրաշշից,
մի նոր անառակության գիրկն ընկած ոգին է օրորում
իր սրունքները կրքոտ,
անշտապ, անկազմակերպ, աշնան տերևների նման
թավալվում է մայթին,
երբ
մի տղա - իր կորցրած գիշերն է փնտրում արվարձաններում,
մի աղջիկ իր կոպիտ ու խռպոտ ձայնով - հաց է աղերսում -
անօթևան քամին ընկերակցում է նրանց -
նրանց հրաժեշտ տալուց հետո,
կյանքս ջարդում է չքավորության ձեռքերը,
երբ չկա բնակարան -
Արվարձաններում շները հաչում են ստվերների վրա-
Ես աննկատ գողանում եմ ինձ անկողնուս միջից,
Ես աննկատ լուսնի մորուքն եմ կտրում,
Երբ չկար հաց-
Արվարձաններում սովյալներն են բզիկ - բզիկ անում հողը,
Երբ հացը մոխիր է դարձել,
Երբ ջուրը թույն է Աստծո շուրթերին
Չքավորությունը ապտակում է թշվառության դեմքին -
Ցողի կաթիլը - սեղմվում է իմ այս երգերին
«ԹՈՂ ԼԻՆԻ ՄԻՇՏ ԱՐԵՎԸ
«ԹՈՂ ԼԻՆԻ ՄԻՇՏ ՀԱՏԻԿԸ ՑՈՐԵՆԻ
Անկազմակերպ քամիները
Հեռացան բարձունք
Մոխրացան հետքերս
Բորբոսնեց սերդ
ԽԵՂԱԹՅՈւՐ 13 - 00 -13
ՔԵԶ
նկատելուց հետո,
Ես նկատեցի
հաղթական տեսքը արևի,
Երբ ծիածանը ցավի պսակ է դարձել
Հուսախաբ, անհամարձակ, անտարբեր հասկերի վրա-
Մարմինը վիրահատման է գալիս անվիճելի կարգով
Անապատի կակտուսի թևերի վրա-
Բազմատիրաժ աղջիկները խնձորենու նման
Չեն ուզում հարսնանալ,
Չեն ուզում ճերմակ կրծքերը բանալ
Օտար ձեռքերի հպումից -
ծառը - նարինջ է ծնում ծերանոցում,
քացախի աշխուժությամբ - ժուժկալ սոխակը
տարագրության երգն է վաճառքի հանել,
երբ թոքախտավոր սենյակների մեջ
լուսինը- իր մամռակալած սաղավարտն է կորցնում
խեղդվելիս -
չքանում են ամռան մանուշակները դալկահար,
չքանում են բարդված շրթները խոստովանության,
չքանում են և սեր, և տուն և երեխա...
Երբ աշխարհի տենդավառ անուրջների մեջ,
մայրը-կաթ չունի ծծկերի ձայնը կտրող,
հայրը-փարիզյան կանաչ խայտառակություն է հագնում
Երեխան չգիտե, հավատա տարածության ծույլ սահմանին,
երբ արևն ագռավ է դարձել,
մահը - խաղալիքներ է բաժանում ծծկերներին,
երբ մուրացկանները դեղին աղ են հացի
և անապատի կարմիր շաղախ-
ջուր մուրացող ուղտի համար:
Ցավը սրսկում է
ներվային համաստեղությունների երջանկությանը,
երբ վախեցած լորը լեղաճաք թռչում է տափաստան,
կյանքը քեզ է ապտակում - կնոջդ կորցնելով-
առաջընթաց է, երբ աչքերիդ փոսերից ներքև
կապույտ, կիսակապույտ բլուրներ կան երջանկության-
«ԹՈՂ ԼԻՆԻ ՄԻՇՏ ԱՐԵՎԸ՚
«ԹՈՂ ԼԻՆԻ ՄԻՇՏ ՍԵՐԸ