Վահան Տերյան
Ինձ չես սիրում, ուրիշին,
Ուրիշին ես սիրում դու -
Եվ անզոր է ու չնչին
Քո դեմ տանջանքն իմ հոգու.
Դու անցնում ես ամեն օր,
Անցնում, ինձ չես նկատում, -
Եվ դարձել եմ ես սովոր
Քամահրանքիդ անհատնում.
Քեզ խոնարհ, ամեն անգամ
Գլուխ եմ տալիս խոնարհ,
Բայց ես աղքատ եմ այնքան,
Այնքան թշվառ քեզ համար.
Ամենքինն ես, իմը չես,
Ամենքին ես սիրում դու.
Ախ, ոսկով են գնում քեզ,
Անհաս ցնորք իմ հոգու...
Իմ դուռը բաց է, եկե՛ք բոլոր
Անուղիներըդ, բաց է հոգիս,
Ով թափառում է ուղեմոլոր.
Ում սիրտը չունի քուն ու հանգիստ...
Ում հոգին խոց է, ում օրը` մութ,
Ում տխրությունը դառն է ու խոր,
Վառ է իմ բոցը, կանչըս՝ անսուտ,
Եկե՛ք բոլորըդ — որբ ու անզոր։
Ես էլ անգետ եմ, մոլոր ձեզ պես,
Մոլոր ու որբ եմ չարիքի դեմ,
Բայց միշտ ձեզ հետ եմ, եղբայր եմ ձեզ,
Ձեզ պես անզոր եմ, ձեզ պես անզեն։
Հոգիս բացված է ծաղկի նման,
Իմ սերը խորն է և անսպառ,
Չէ՞ որ լոկ սերն է, սերն է վահան,
Եվ սիրտն է, սիրտն է սրտին ասպար...
Հոգնածություն
Ես մի ճամփորդ եմ մթնում մոլորված,
Ու հոգնած սիրտըս դարձել է խոնարհ.
Չեմ ուզում կանչել ցնորքըս մեռած,
Երազել գալիք ջրերի համար։
Ես չար հոսանքով մղված եմ հեռուն,
Եվ անվերադարձ փակված է ուղին.
Մի որբ մանուկ է հոգիս մոլորուն,
Մատնված մութին և մառախուղին։
Մի անմայր մանուկ, հեկեկանքներից
Հոգնած ու բեկված — ննջել է ուզում.
Մի՛ վրդովեք դուք, մի՛ տանջեք նորից,
Մի՛ տանջեք նորից — հանգչել է ուզում...
Օտարուհին
Դառնություն է լցված ու թախիծ
Քեզ օտար պոետի երգերում,—
Ո՞ր կողմից եկար դու, որտեղի՞ց
Նետեցիր քո նետերն իմ հեռուն։
Մթամած օրերիս տանջանքում
Արեգակ տենչացի, և ահա,
Քո խավարն է փռված իմ հոգում,
Քո գգվանքը, և՛ չար, և՛ ագահ...
Ճչում եմ՝ հեռացի՛ր, բայց արդեն
Քմծիծաղն է ծաղկում քո դեմքին.
Ո՞վ ես դու, որ անզոր եմ քո դեմ
Եվ գերի դիվային քո կամքին...
Դառնություն է լցված և թախիծ
Քեզ օտար պոետի երգերում.—
Ո՞ր կողմից դու եկար, որտեղի՞ց
Գարնան երեկո
Անհուն երկնքի կապույտ աշխարհում
Մի քնքուշ թռչուն իր նուրբ ու բարակ
Թևերն է փռում.
Եվ մեկը անտես, շարժումով արագ,
Ոսկի է մաղում, գոհար է ցրում
Կապույտ դաշտերում...
Այրում են սիրտըս անբարբառ երգեր,
Դողում են շուրջըս անխոս, դյութական
Եվ նրբին ձեռքեր
Ինձ են որոնում տենչով կուսական...
Լո՜ւռ... Սիրո համար էլ չըկան երգեր,
Էլ խոսքեր չըկան...
Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր,
Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,
Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝
Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր...
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես.
Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝
Ե՛վ սիրում եմ քեզ, և՛ քեզ չըգիտեմ։
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր.
Քո հոգու վըրա կա մի վարագույր,—
Ո՞վ ես դու, ո՞վ ես,— բնավ չըգիտեմ...
Դու դեռ չես մեռել իմ հիվանդ սրտում,
Դու դեռ ապրում ես երազի նման.
— Բայց չէ՞ որ միշտ էլ երազ էր միայն
Պայծառ պատկերըդ այս անապատում...
Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել
Ես ամենուրեք քե՛զ եմ որոնում.
Դու, երազների լուսե օրրանում՝
Անո՛ւրջ, որ գուցե բնավ չես եղել...
Քեզ իմ կարոտի կսկիծն է վառել
Երազանքներում իմ նվիրական.
Իմ քույր, իմ դահիճ, իմ սուրբ սիրեկան,
Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել...
Հնչում է անվերջ աշնան թախիծով
Դաշնամուրն այնտեղ, պատի հետևում.
Հարազատ է ինձ այդ երգը հեծող —
Իմ անանց ցավով մեկն էլ է ցավում։
Աշնան տխրահեծ անձրևի նըման,
Անձրևի նըման լալիս են անվերջ
Այն հնչյունները մեղմ ու միաձայն՝
Պատի հետևում և իմ հոգու մեջ...
Միայնություն
Տաղտկահնչյուն ու միաձայն օրերն իրենց երգն են երգում.—
Միայնությո՜ւն, դու ես անձայն ցավըս օրրում քո օրրերգում։
Եվ անցյալի խաբեական ցնորքներն են մեղմ օրորվում,
Նոքա անդա՜րձ, նոքա չկա՜ն, նոքա մեռա՜ն հեռու հեռվում։
Վհատումն է հոգիս գրկել, անհուսությունն անհուն փռվել, —
Ի՞նչ խոսքերով, ինչպե՞ս երգել և ի՞նչ սրտով հիմա սիրել։
Էլ ի՞նչ հույսով սիրտըս հուզեմ, ի՞նչ երազով ամոքեմ ինձ
Եվ ո՞ր կողմից բախտ սպասեմ — անվախճան երգ — վիշտ ու թախիծ
Անցե՛ք, հուշեր իմ ապարդյուն, դարձեք ընդմիշտ մոռացված էջ ,
Անհուն փռվիր, սև լռություն, միայնություն իմ հոգու մեջ։