top of page

ժամանակակից հայ գրականություն

4.jpg
Սոնա Խաչատրյան

Գրող, բանասեր, հաշվապահ

Սոնա  Խաչատրյանը ծնվել է 1986թ-ին, Երևանում:

1992-2002թթ  սովորել է  22 դպրոց-վարժարանում,

1994-2001թթ սովորել   և  ավարտել է  Մ. Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը:

2003-2008թթ  սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի  անվան մանկավարժական ինսիտուտի բանասիրական  ֆակուլտետում: Ավարտել է մագիստրոսի աստիճանով:

2004թ-ին լույս է տեսել «Կարոտի գույներ» գրքույկը՝ նրա և մի քանի այլ ստեղծագործողների հետ համատեղ:

2005թ-ին աշխատել է  Մայակ ռադիոկայանում, որպես «Զոհված Ազատամարտիկներ» հաղորդման պատրաստող և հաղորդավարուհի:

2005թ-ին  եղել է  « Ցոլքեր »  գրական-երիտասարդական խմբակի անդամ: 

2008թ-ին աշխատել է « Ա.Դանիելյան »-ի  անվան ստուդիայում, որպես բժշկական հաղորդման պատրաստող և հաղորդավարուհի:

2008-2010թթ  աշխատել է   « Իմմոբիլիարե » ՍՊԸ-ում, որպես գլխավոր հաշվապահ:

2010-2014թթ  աշխատել է   « Էլլա Քոնսալթինգ » հաշվապահական ընկերությունում՝ որպես գործադիր տնօրեն և գլխավոր հաշվապահ:

Ստեղծագործություններով հանդես է եկել մի շարք գրական կայքերում և պարբերականներում:

2015թ-ին  հանրությանն է ներկայացրել իր « Միջանցիկ Քամիներ »  Է-գիրքը, որը ընդգրկում  է արձակ ու չափածո մի քանի ամբողջական շարքեր:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Կայքի մտահաղացման,  գրական մասի, խմբագրման և  գեղարվեստական ձևավորման ամբողջ հեղինակությունն ու պատասխանատվությունը պատկանում է բանասեր, գրող  Սոնա Խաչատրյանին։

Ս. Խաչատրյանի  գրականությունը 

« Գրական Ժամ »  կայքում

 

«Կարոտի Գույներ» երիտասարդ 

ստեղծագործողների մատենաշար

 

« Միջանցիկ Քամիներ »  շարքից  2014թ

« Խավարի կինը ագռավ է դառնում »

 

Խավարը վայրի,

աղջամուղջի մեջ մահացու հիվանդ՝

կին էր քարշ տալիս անբնակ մի տուն,

ու մինչ  վազում է փականը կողպի՝

փակ դռների մեջ մարմինը լիզի,

կիսամերկ կինը ագռավ է դառնում,

կռռալով գնում…

Մի՞թե այսպես պիտի շարունակվի.

խավարն ամուրի ծխում է գաղտնի,

անիծում բոլոր գայլի ձագերին,

որ կաթ են ուտում…

Մի՞թե խավարում, փակ դռան հետև,

կինը կհանգչի,

ու առաստաղը պիտի չկաթի…

Լիալուսինը երազ էր ծամում,

ու առանց կուլ տալ, հենց այնպես,

թույլ-թույլ,

խավարի գլխին ներքև էր ծորում…

15.03.2014

 

 

« Հիմա՝ կամ-կամ »

 

Արդեն զարդարվում եմ ես,

տենդով նորահարսի,

ինչպես դեղձի ծաղիկ,

բայց սվսվում  եմ  քամուց,

որ կա՛մ ինձ կգցի,

կա՛մ կպահի  վրան…

հիմա զգուշանում եմ քեզնից,

ինչպես դեղնած բույսից,

որին թե՛ ջրելը, թե՛ չջրելը

վտանգավոր է…

ու  վախենում են նորից,

ինչպես  լուցկու վերջին  գլխից,

որի թե՛ վառելը, թե՛ մարելը

վերջնական է…

որ սիրահարվել եմ քեզ,

լրիվ հանպատրաստից,

ոնց որ նուռը` ծաղկից,

բայց սարսափում եմ ծովից,

որ կա՛մ ինձ կվերցնի,

կա՛մ  կզարնի  քեզ   ինձ…

15.03.2014

 

 

«Քրջե տիկնիկը պատրաստ չէ՛ մնջախաղի»

 

Այսօր դու մի՛ խոսիր․

տառերս շատ բարի են վերջակետի համար…

ցերեկը ինձ մի՛ զանգիր․

ձայնս շատ խաղաղ է նոպայի համար…

երեկոյան կողքս մի՛ արի․

քրջե տիկնիկը պատրաստ չէ՛ մնջախաղի…

գիշերը ծափ մի՛ զարկիր․

կարմիր կոմայի մեջ պորտապար չե՛մ պարի…

այսօր քո մեծ  քաղաքից  արի իմ փոքր,

ատելի դատարկության  մեջ`

չմրսելու համար մարմինդ թեթև ուսերիդ գցած,

կամ  մորթդ   տոպրակի մեջ…

գրիկի՛ր ինձ`  ո՛չ թե վագրի ախորժակով,

որ եղնիկի մսերն է լիզում ուտելուց առաջ,

Գտի´ր  կշտանալուց հետո  անձրևի տակ

անշարժ նստած առյուծի հանգստությամբ…

զգա՛    անպաշտպան անձրևահատիկների

թաց հեզության կաթոցի պես․

հիմա  իմ հարազատ քաղաքում   մնացած

մո՛րս եմ կորցրել, տու՛նս եմ փնտրում…

այսօր ե՛ս էլ քեզ նման վախի  հիվանդ եմ,

թաց մորթդ հեռո՛ւ…    

19.03.2014

 

 

« Անխայթ շահմարի լուսապսակից »

 

Դու տրվեցիր ինձ հանց  թխված լավաշ,

ու կուլ տվեցի  պատա՜ռ առ պատա՜ռ…

քեզ հետ հոգեդարձ` քառատրոփ  վարգով,

էլ չհասկացա` ե՞րբ, ո՞նց տիրացար…

վախերդ այնքան դու հոլովեցիր,

որ ուղիղ ճամփին ինձ մոլորեցրիր…

մի վայրկյանի մեջ մորենմերկացար,

մորենմերկացրիր,

շահմար օձի  պես մտքերիդ ծովի

բազմագույնի մեջ անխայթ շողացիր,

ներարկիչդ  ինչ ուժո՜վ խրեցիր…

ու դու գնացիր, գուցե  լքեցիր,

վրձինս պարզած ներկապնակին`

կտավս քեզնով  անհայտ թողեցիր,

բացի ոսկեգույն լուսե պսակից,

ու արյան կարմիր մատնահետքերից,

որ դրոշմվեցիր…

10.03.2014

« Ես Երևան եմ  կորցրել »

 

Դու կա՛ս, Երևա՛ն, սպասի՛ր, գալու  եմ,

համբուրեմ բոլոր փողոցներդ թաց,

մայթերդ ցեխոտ…

Դու կա՛ս, ես գիտե՛մ…

Մի  օր պիտի  գամ  երեսիդ նայեմ,

ու  ինձ ապտակես,

որ գնացել եմ…

Ամեն գիշեր պատշգամբից երևում են քո

լույսերը ծայրից ծայր,

ամեն գիշեր տու՜ն ես կանչում,

բայց ո՞նց գամ…

Գիտե՞ս ինչքան եմ լացել

կարոտիցդ հարազատ…

Դու կա՛ս, ես գիտե՛մ…

Գալու եմ ընկնեմ մեքենայի տակ,

որ մի քանի օր գրկումդ մնամ…

Վերադառնամ  հարազատ փողոց,

շենքերը կտրեմ, ուսիս հետ դառնամ…

Գալու եմ տանեմ քամիդ վայրենի՝

իմ թմրության մեջ թող ինձ արթնացնի…

Աղմուկդ լսեմ երաժշտության տեղ,

ու երանի տամ մուրացկաններին,

որ քո գրկում են նստում ամեն օր…

Պառկեմ խոտերին, զգա՛մ, որ ի՛մն ես,

ասա՛, ներել ես ուրացությունս,

ասա՛, ես կասեմ, որ ինձ չե՛մ ների

ու ինձ չե՛մ ներել…

Հեռվում` այս սպիտակ  քարակերտ

բանտում՝  թեկուզ պալատում`

խավարածի պես` հոգեդարձ ինչպես,

շու՜նչս բացվում է, սի՜րտս վազում է,

երբ մտնում եմ մայրաքաղաք…

15.04.2014

 

 

« Մեր հողերը մեզ են սպասում »

 

Այդ ո՞վ է որսում շշուկը մթում,

այդ ո՞վ է արթուն դատարկ դիրքերում,

այդ ո՞վ է հսկում իմ քունը հեռվում,

ո՞վ է իր կրծքում գնդակը կրում,

երբ նենգ թշնամին՝

խայտառակ եղած իր պարտությունից՝

վերջին ճիգերով դավեր է նյութում…

Ո՞վ է պատրաստ մինչև վերջ գնալ

ու հաղթանակած միայն ետ դառնալ,

կամ հանուն սիրո իր հայրենիքի ու հայրենակցի՝

գիտակցված մահով  մեծ հերոս դառնալ…

Այդ դո՛ւ ես, զինվո՛ր,

քո սուրբ օջախը քե՛զ է պատկանում,

առանց այդ էլ Մասիսն է մխում,

միշտ պատրա՛ստ մնա,

սրանից հետո պապերիդ հողը

թշնամու համար թող երա՛զ դառնա…

07.04.2014թ

 

 

« Վազի՛ր ծաղրածու »

 

Լացի՛ր ծաղրածու, լացի՛ր,

հի´նգ րոպե ունես,

հիմա բեմը կբացվի

ու կվազես ներս…

Սոսկա՛ ծաղրածու, սոսկա՛,

դրածդ քթի  վրա,

շու՛տ, նկարի՛ր դե,

ժպիտը թարմ ու մեծ…

Պերճ վարսերիդ վրա`

ցանցառ կեղծամը քաշիր,

ու ճերմակ ոտքերիդ՝

մեծ, կանաչ շալվար…

Առաջին համբույրի

կարոտը շուրթերիդ՝

ջրահարսի նման

աչքերդ մի՛ թարթիր,

ժամանակդ պրծավ,

վարագույրը բացվեց,

ու մի բան էլ շուտ՝

գժի նման ուրախ,

վարժված տուզիկիդ  հետ,

վազի՛ր հրապարակ,

ու չհամարձակվե՛ս լալ…

Աջ ու ձախ նայելով,

ձեռքդ փորի  վրա,

սկսիր հռհռա՛լ,

մինչև սիրտդ պայթի…

մինչև քառանկյուն

մթություններից

սևամորթ գունդը,  

իր նստած տեղից

հաճի քեզ ծաղրել…

06.07.2014

 

 

« Դու իմ աշխարհն ես »

 

Աշխա՛րհս, շու՛տ արա դե,

ի՞նչ ես վրաս քարացել,

աչքիդ թախիծը միշտ  էլ

ինձ է մնացել…

Հոգի՛ս, ձեռքս բա՛ց թող դե,

խորանում հարսդ է սառել,

մատանիս  դիր ձախ  ձեռքին,

բաժին գինին  դատարկիր,

Գրկի՛ր նրան, պտտիր

վարդի թերթերի պարին,

ու  թե հանկարծ,

գեթ մի վայրկյան,

հարսանիքիդ ծիծաղների ծովի մեջ,

շուրջը դժժա, սերը սառի ծնոտիդ,

սիրտդ կանգնի, ինձ ուզես,

ու հասկանաս, որ դու մեռար՝

պիտի շնչես  առանց քեզ,

թե կարող ես, նորից ծնվիր,

իսկ եթե  ո՛չ, թող «բարբարոս»  այդ աղջիկը

դրա՛խտ ցողի աչքերիդ,

թե կարող ես, հեքիա´թ մտիր,

թե չէ կյանքդ ինձնով էր…

Քեզ չե՛մ շեղի ու չեմ նեղի,

բայց չեմ կարող առանց քեզ.

ես չեմ կարող  մի ամբողջ կյանք՝ 

կատվի նման հեռուներում բաց թողել…

Ինձնից անկախ իմ  մեծ սիրում

ինձ թողեցիր օդում կախ,

Դուռը ծածուկ վրաս փակած՝

քո աշխարհում օրհնվեցիր, տրվեցիր,

ինձ ոչ մի բան չպատահեց,

ինձ պատահեց, ինչ  պատահեց…

ամեն դեպքում, դու շուտ արա,

հարսդ սառեց,

աշխարհս…

05.04.2014

« Փխրություն կա մեր հեռուներում »

        

Այնպես փխրուն մի զգացում  կա

իմ ու քո ներսում,
միայն շոյում է ու ինձ բուժում է

մեր հեռուներում…

Արևոտ ծովիդ անծանոթ բովում

մի ամբողջ տարի գարուն է բացվում,

մեր հանդիպմանն այս ցուրտ քաղաքում

ես կդողդողամ մեր համբույրներում…

Առանց խոսքերի դու ինձ տաքացրո՛ւ

քո տաք շուրթերում,

ուժեղ գրկիդ մեջ ես կվերջանամ՝

ինչպես բացառիկ, ուշացած թռչուն…

Պետք չե՛ն խոստումներ․

զգա՛ ինձ հիմա ամբողջ կյանքի տեղ,

զգա՛, կհալվեմ  մարմնովդ ցած,

զգա՛ ու գնա…

Ինձ հետ մի՛ պահիր…

նայի՛ր երկնքին, կայծակը խփե´ց,

երամս գնաց, անձրևում է թաց,

աշուն է ինձնում…

Թո՛ղ ձեռքս, գնամ, իմ վերջին գարուն,

լինեմ քեզ կպած սրտիս զարկերում,

ապրես դու միայն  իմ խորքի գաղտնադարանում…

Դարձի՛ր քո հեռուն՝

պատի հետևում  մնացած  գարուն,

մի՛ գամիր տեղում.

ինձ էլ չի´ ներվի,

Աստված կա վերում...

07.04.2014

 

 

« Դու ինձ մնա… »

 

Դու ի՛նձ մնա…

թող բոլորը գնան բախտ որոնելու,

քեզ կպահեմ,

որ սիրտդ  տիրեմ,

ու  գաղտնի սիրեմ`

խոստովանելով,

Դու ի՛նձ մնա…

իմ սիրած ոսկե ականջողի պես,

հրճվանքով գտնեմ քեզ

զարդատուփիս մեջ,

փայլովդ շոյվեմ,

ու սիրով կրեմ`

հպարտանալով…

Դու ի՛նձ մնա…

իմ   չեղած  երկվորյակի պես,

որ հիվանդ է առանց  իր զույգի, 

չի´ պառկի  քնի,

և ուրիշ չունի…

Դու ի՛նձ մնա,

թող մյուսները գնան բախտավորվելու…

10.04.2014

 

 

« Քո դեմ բողոք ունեմ »

 

Կոկորդիցս կախ երկար պարան,

ճղճիմ կնոջ կերպարանքով, նվնվան,

շատ նեղ գլանակ գոռալու համար՝

ինձ չլսելու համար ծպտվեցիր գլխաշորով…

Խորը կապույտ` բորոտված հոգուս,

վիզս կտրող նախշուն բումերանգ,

երբևէ չքաղցրացող դեղձի կորիզ,

ինքնասպանությունը՝ քաղցր  զեֆիր…

Գրիչս քո դեմ հղի մողես,

դողում է ուղեղս դեղնուցի պես.

Քո բարձրության վրա գլուխդ չպտտվե՞ց,

քո համբերությամբ` մեռած հրեշ…

Քթիցս բռնեցիր խոնարհությամբդ,

շունչս կտրվեց լռությունիցդ…

Դու սրբություն ես ցանում վրադ,

ինձ մնում է միայն թաքուն նռռալ…

Թու՛յլ տուր խծբծեմ վրադ՝

ինչ ուզեմ ու ինչքան ուզեմ,

թե չէ օրավարձով աշխատող ուղեղս,

արդեն հիսթերիկ մարշի  հրաման է տալիս…

09.05.2014

 

 

« Դու չդարձար ինձ նույնիսկ խաչի թել

 

Բացահայտումների երկար շարանն իզու՛ր եմ բռնել.

դու չե՛ս կծկվում…

եզրակացության անկնի´ք  շպար՝

դարձար կախաղա՛ն, դարձար արտաշու՛նչ՝

նեղ հպումով քո անոգևորվել…

ինչքա՜ն կարոտներ մեկ շնչով մեռան,

սպասումներ` պոկված սնկերի նման  խեղված, ոտնակոխ…

համբույրներ, հպում` կարված շուրթերով,

վառված ատամներ…

դու լուռ ես, լուռ, հանդուգն լուռ ես…

այդ ե՞րբ ես տեսել ձյուները խոսեն,

սառույցդ` անհալ, ծաղիկս` հոգնած…

այդ ե՞րբ ես տեսել տերևը ծաղկի,

արմատը` գոռա, բողբոջը` խանդի…

այդ ե՞րբ ես տեսել նկարած ծովը

դուրս գա ափերից…

ասեղնագործած թիթեռը՝ թևի  օրավերջ…

այդ ո՞ր խաչքարն   են կես գնով ծախում…

դու լուռ ես, լուռ, հանդուգն լուռ ես…

բացահայտումներիս կծիկը փտած

ձեռքիցս ընկավ քարերին զարկվող

սիրազեղման մեջ․

ո´չ մի հանգրվան…

այսուհետ ապրի՛ր  առանց կծկվել՝

անորոշության հսկա սափորում.

ես ինձ չե՛մ տեսել հայցողի դերում,

դու  ինձ չդարձար  նույնիսկ խաչի թել…

12.05.2014

« Ես քեզ կսպասեմ… »

 

Աստված լինելուց առաջ մա՛րդ լինեիր,

մարդ լինեիր մի քիչ ու խոստովանեիր՝ սիրել չգիտեմ…

մարդ լինեիր շատ  քիչ  ու  թաքուն ասեիր, որ  անտարբեր եմ…

մարդ լինեիր շատ քիչ ու էլ չլռեիր…

 

Ես քեզ կսպասեմ…

երբ դու գնում ես ինձանից  կորես,

մինչ անցումներում թող  որ  մոլորվես,

աչքիդ սառույցը  հետհաշվարկ անի…

Ես  քեզ կսպասեմ…

մինչ այդ աղջկա հևքը կլռի առաստաղներից,

կարմիր գինու  մեջ հետքդ կկորցնի

խեղդվող բալի պես,

բարակ  ոտքերը կփռի վրադ,

Ես  քեզ կսպասեմ…

երբ աչքերիդ մեջ գրերս ոռնան մենակությունից,

բեկորդ սառցե յուղով տապակես,

դատարկ ցուցափեղկիդ  փորագրվի`  մուտք…

Ես  քեզ կսպասեմ…

ես  քեզ կսպասեմ,

երբ  լռությանդ մեջ ուրիշն է լռել,

ամեն օր գաղտնի փոսս է խորում,

շքանշանիդ հակառակ կողմում կանաչ ագռավը

գրերս հերթով  թթու է դրել…

Ես քեզ կսպասեմ…

երբ վարժ ու սահուն շարժումներիդ վերջ,

առանց բանակի առաջնորդի պես`

մենակությունից սովամահ լինես…

քո ձեռքով կերտած անդուռ մատուռի

ծխից  հալածվես…

Ես քեզ կսպասեմ…

երբ ժպիտներով ինձ դատապարտես

խավար խռովքի,

երբ ձյուների մեջ  կե՛ս լուրջ, կե՛ս կատակ

շատ խորը թաղես…

Ես քեզ կսպասեմ…

15.05.2014

 

 

« Արյուն կարտասվեն »

 

Աղջկա   կարմիր շրթունքներն  ատամներիդ  տակ, 
ու խճճված  մոլուցքների  ժայթքումիդ  պահին,
հանկարծ  խոսքերս շարժումներիդ մեջ կմնան բկիդ,
ձեռքերի  դողն օտար  կրծքերին կդառնա անհամ…
Ցանցե աստղերի կիսալուսնաձև  փնտրտուքի մեջ՝
գիշերը  դարձած  երկու զույգ աչքեր՝
անքեն ժպիտով  քեզ կխորտակեն  թախծե միժի մեջ…
Ափսոսանքը նեղ   խեղդող կվայի բկիդ խոր անցքից,
ու այդ աղջկան  անշունչ իրի պես՝ հեռվից կնետես 
խաղալիքներիդ փայտե տուփի  մեջ…
Աչքերիս կարմիր երակների  մանրիկ գծերի 
շարքից  հալածված՝
գոլ խավարի մեջ կվազես դողով…
խոսքերս բոլոր ականջներիդ մեջ կդառնան աղմուկ…
Նավակդ նստած`  ծխամած  թանձրությունների
ծով  փրփուրներում՝  ո՛չ մի հանգրվան,
կցցվեն  միայն մամռոտ    շիրիմներ՝
ընկած  արդեն երկու դար առաջ՝ կիսավեր ելած…    
ձեռնունայն, դատարկ, սարսափների վերջ
լրիվ կիսամեռ՝
լույս առավոտին կնայես երկինք,
զսպակյաց, լռին  կացությանդ  մեջ առաջին անգամ՝
թողնելով հեռու կերպարանքը հին, 
ըղձակաթ աչքերից չարաչար ճնշված`
հոգիդ կպատի տարակուսանքի դեղին տագնապներ.
վերևում երկու սևակնած  աչքեր` 
Աստվածամոր լուռ համբերությամբ արյուն 
կարտասվեն`
պատմելով անբժշկությունը հուսալքվածիս…
Աչքերս ընդմիշտ կմնան բկիդ…
18.05.2014

 

 

« Փախուստ »

 

Սիրտս չոքեց պատի վերջում,

հոգիս նռռա՜ց վերջին շնչում`

սիրու՛մ եմ քեզ…

և՛  մեղավոր, և՛ բանտարկված,

և՛ բարկացած, և՛ բախտավոր…

քեզնից խռով, ինձնից թաքուն,

և՛ անխրատ, և՛ անկատակ,

չհասկացող, անհամեմատ,

ու անիմաստ…

Սիրում եմ քեզ…

խելացնոր,

գողի նման անհրավեր,

դողդողալով, ահը սրտում հեռանալով,

ու քեզանով գրպանս լի,

խանգարումով, քեզնով հիվանդ,

հանցանքի մեջ բռնվելով, գանահարված,

կապտուկներով, անբուժելի վարակումով,

ապաքինման սուտ հնարքով…

Սիրում եմ քեզ…

աննահատակ,

նույն մեծ սիրով, գետի նման,

անհասկացող, ու վարարած,

ափերից դուրս, գազանացած…

տուժված, խեղված գերու նման,

մթության մեջ խարխափելով,

ահագնացող ջրվեժի պես,

աղմուկն ահեղ լռեցնելու միտումներով,

սովալլուկ սպասումներով,

գիշերային խաբկանքներով,

կարոտներով` խաչափայտին,

հողը վրաս, առանց անդորր,

արնաշաղախ ածուխի պես,

ու դառնացած սպիտակ քաթան…

Սիրում եմ քեզ…

անձայն, անքեն

հարցականով, ու անպաշտպան,

ջրահարսի անրջանքով,

ցախավելի համբերությամբ,

անբանական վարդի նման,

լռիվ անձայն ուրացությամբ,

տխրահռչակ գիտակցումով,

որ ի՛մը չես, դու ի՛մը չես,

ու չե՛ս լինի, ու չե´ս  լիի  գիշերազարկս…

…Մեր մեջ միայն ահռելի մեծ ու ահավոր,

վառված դրախտ, մառախլապատ փշալարեր,

անհնարին տարածություն. դու ի՛մը չես…

25.05.2014

« Կարոտելուց շատ ապրել եմ ուզում »

 

Մտատանջության տարակույսներում կոչեցի քեզ   հրեշ`

վրադ մեծ եկավ…

շնորհապարգև ա՛րև կոչեցի` հետ-հետ գնալով

ամուր մայր մտար…

անուշահոտ յուղերով  մարմինդ   եկա անմահացնելու՝ 

խոցեցիր.

-Յուղի մեջ ճպճպո՛ւմ են մատներդ…

ու մինչ դու կգայիր՝

ժպիտիս կայծից շատերը կորան,

ձեռքիս մերժումից խոնարհ, հպատակ

փռվեցին գետնին,

մեռան անպատասխան մեծ հիացումից՝

դառնաղի թափված նզովքով վերջին…

դու դարձար բազում իմ խայթվածների

բռու՛նցքը վառվող,

գի՛նը զոհերիս…

սիրո տիրուհուն  վարսերից բռնած

քարշ տվիր գետնին,

արյունլվա   մարմինս լուսե`

կապկապված արհամարհանքիդ լռության  բովում,

կսկծալի կոծով` տագնապների մեջ,

մորմոքում եմ դաշտերում հեռու,

համբույրի տեղակ  շպրտեցիր  աքցանված,

փոքրիկ,  չինական բարև,

և կապարի պես կրկնակի կնքված`

գա՜րշ ցտեսություն…

մի ամբողջական լեգենդ  գրեցիր  խուսափումների,

երբ սկզբի էջում պետք է մակագրեիր

մեկ տողի մեջ փառավոր նստած`

ես  քեզ չե՜մ  սիրում…

Եվ մինչև  ու՞ր  ճերմակ  մարմինս տատասկների

մեջ հոշոտես պիտի,

երբ ստրկուհիդ լեգենդար  կրակը

բերանից հոսել չի՛ դադարելու.

գանակոծությամբ միտքս չկաղե՛ց,

ցմահ բանտարկված սերս բերանիցս 

վեր գալ չզորե՜ց.

քո՛նն են ձեռքերս, սի՛րտս, շուրթե՛րս…

գիշերային ցնցումների արցունք կուլ տվող սրսփումներս…

արի՛, ջնջի՛ր, սրբի՛ր վարակված հոգիս

շուրթերիդ հակաթույնով,

կարոտ մնալուց ավել  ապրե՜լ եմ ուզում…  

քեզնո՜վ…

01.06.2014

Մենք բոլորս էլ ունենք այնպիսի մեկին, ով պատրաստ է ամեն քայլափոխի հիանալ մեզանով, և մենք միշտ էլ գտնում ենք ժամանակ նրան անտարբերության մատնելու։

Սոնա   Խաչատրյան

« Երջանկության ուրվական »  շարքից  2014թ

« Երջանկության  ուրվական »

 

Ծովի կապտափայլի մեջ երազներ կային,

թաց երկնքի տակ  սպիտակ խաբեություն…

ճայերը կանգնած ծխում էին ափերին,

խեցիները կապել էին ինձ ծառի տակ,

ունելիով  երազները բաց էին թողնում կոկորդս.

գնացի ծառերի տակ  դուրս թափեցի…

առնական մեդուզան ինձ տեսել, ուռել էր…

ջրի ալիքների մեջ ես հսկա փուշ էի.

պառկեցի ծայրեծայր՝ ոչ մեկը չխեդվեց…

չգա՛ս…

ավազների մեջ թավալ եմ տվել,

կերել  եմ բռերով՝ լա՜վն էր…

ավազները ջուր էին, ծովը՝ մայրաքաղաք…

մի՛…

ասել են խաբարբզիկ ագռավները՝

կարկուտը թեյի մեջ ես լցնում, խմում…

քո երջանկությունն  իմ խաչի թելից էր…

լացել եմ…

ավազները տաք էին…

ծովն  աղի էր, իրենն էի,

վախենալու սուս էր,

լճացել էր խաբեությունը,

հուն էր փնտրում փրկվելու,

բարի էի, նավ էի դարձել,

քշում էի նավահանգիստ, որ փրկեմ…

խաբել ես…

սիրել եմ քեզ…  սիրել եմ խաբածդ…

ծովի խորքը գնացի   խեղդվելու`

շպրտվեցի ափ…

մեդուզայի ոտքը կծել եմ,

սու՛ս…  ձայն չհանեց…

շոյել եմ շնաձկան  բերանը՝

հետ քաշվեց,

մատը դրել էր ականջի մոտ, պտտում էր…

երեկոյան դևերի հետ պարեցի,

քաղաքավարի ու շատախոս էին…

ծովի կապույտը խայտառակ կարմիր,

լսու՞մ ես…

բռիս չափ խոտագույն   աչքերը կատարյալ անմեղ…

սիրում եմ քեզ, լսու՞մ ես…

անձրև եկավ…

ճահիճների մեջ գորտերը սուլոցի նման անմեղեդի կռռում էին.

արքայադուստր էին փախցրել ընկույզի միջուկով,

մինչև սպիտակ շունն  ինձ hետ բերեց…

քո մեծ աչքերը…

դու ո՞ր աշխարհից էիր,

անձրևը վայրի խփում էր փայտե տանիքներին,

մոծակներ չկային…

խաբել ես…

գիշերվա թաց քրտինքի ներքնաշորում

լացել եմ սրտնեղությունից…

սիրում եմ քեզ…  լսո՞ւմ ես…

անձրևը չէ՛ր.

արցունքներս էին բարձրացել ճահիճներում,

չորացած գորտերն աղիությունից վայում էին…

աչքերս փայլում են ցերեկները, որ քեզ ժպտացնեն…

անձրևը չէ՛ր.

գիտե՞ս…  մի՛ արի, ծովը բազառչի էր,

չէ՛…  չէ՛,  չէ՛ր խշշում՝ ափերին  ամեն տեսակ

երջանկության խանութներ ուներ,

ես  փող չունեի… ես  էլ  չէի հավատում…

26.07.2014թ

« Գնացիր վերամշակման, հերո՛ս »

 

Սրտիցս արյու՞ն…   չէ՛…  լերդացած գնդեր են

ծորում  հատակներին…

խաչմերուկներում լուսարձակներից ամենահինը

կանաչն ու դեղինն  են՝  համեցե՜ք՝  ճանապարհ եմ զիջում…

սիրահարվա՜ծ, գնդաձև, թաց մեղուների աշխույժով՝

խեղդվում եք անանց խեցու փշալարերում՝

և´ ուրախ, և՛ չանկռոտված ձեր երջանկությամբ,

պիտի համոզեք, որ սիրու՞մ եք…

ձեր եզրագծերից դուրս մորթված հավեր են

գլուխկոնծի անում.

դուք վայու՛մ եք…  չեմ հասցնում թելիս  գույնը փոխել,

կարել եզրագծերը բոլոր…  հեռո՛ւ,  էլ չեմ ուզում…

նկարի  մեջ  աչքերդ սառել  են աղջկան գրկած՝

չբերե՞մ քեզ հետ…  

երջանկությու՜ն…

երբևէ խոստացվածից բացի գորգ եղե՞լ ես…

խաչակնքվելուց զատ  իմացե՞լ ես ծունկ չոքել,

դուռը համբուրելուց անց պատարագվեցի՞ր…

չէ՛…  ես էլ չէ, ես խաղից դուրս եմ, հզոր եմ,  կողքից եմ…

հո ես լոլիկ չէ՞ի   անփույթ կնոջ տոպրակից ընկած՝

ճխլեցիր անցար…

խաղում եմ Ձեր մահվան պարանների հետ,

աճպարարի պես դրանցից ծաղիկներ եմ հյուսում

ձեզ համար…

հեռո´ւ…    թույլ եմ…    է՛լ չեմ ուզում…

մի ամբողջ նոր հնձած դեզ ունեմ մեջքիս  հետև…

հոգնել եմ առեղծվածից…  թողեք ինձ դամբարանում,

կոբրաները կողովից ելնում, կծում, hետո էլ իջնում են

փորիդ մեջ՝

կոկորդից կուշտ մեռնում ես… 

երջանկությո՛ւն…

խանդից տրաքում եմ…   էլ անատամ բերանդ քթիս

տակ չբացե՛ս,

ինձ համար մի քիչ լուրջ ստեր հորինիր․

բոլոր հերոգլիֆներդ  մանկան  ծլած ատամների

պես սևացան…

իմ ասպետը ժողովրդական դերասան էր,

ձին՝  մեներգչուհի…

երջանկությու՜ն…

ինձ մի քիչ ժամանակ տուր,

ստերդ տեղավորեմ փարախների մեջ․դեմը  ձմեռ է…

իմ ասպետի թուրը պլատին էր, ես էլ  աչքածակ

թալանչի,

թուրը քաշում էի ձեռքից…  աչքերը չէի տեսել…

իմ ասպետը հոտել է, լեշ…

մի ամբողջ քաղաք  զոհել է բորոտության հողին,

բոլոր ստերը բարդում է ձիու վրա,

ձին լավ կաներ ավանակ լիներ՝

գոնե զռռոցից կխելագարվեինք…

երջանկությո՛ւն…  ես օրինական բաժանվում

եմ քեզանից,

վաղը կսպասեմ քեզ դատարանի դռներին…

07.2014

 

 

« Ես տգեղ եմ »

 

Ես տգեղ եմ…

հավատավոր եզը մի բուռ խոտով երկիր փորող

փոխարինվեց…

թաքուն…

դավաճանություն չհասկացող բնազդային միամտությամբ,

կենդանու մշուշված աչքերի գոլ կասկածով,

մշակի անհասկանալի շարաժումների ընթացքին հետևելով…

ես տգեղ եմ…

հազարավոր հեկտարները, մոծակները, բոռերը

հոգնությունից բացի երբեք ծունկ չչոքացրին…

եզին կերակրում են էլի… կողքից, առանց հոգնության,

ուղղակի…

մեխանիզմը բերելուց առաջ մորթեիք եզին…

պլշած, դատարկ  աչքերով անբան մնացած,

նայում է չարագուշակ մեխանիզմի վարժ դռռոցին…

ես տգեղ եմ…

հավատավոր եզն  իր անասնական բնազդով

հին ջրին   մոտիկ էլ չի գնա, ուր մնաց էլ մարդը…

12.07.2014

 

 

« Լռություն »

 

Լռություն, որ պիտի երկարացնի քո կյանքը,

ձայն չհանե՛ս, ուրեմն լուռ մնանք,

ես ինձ համար լռության մեջ կհաշվեմ քո օրերը,

դու քեզ համար ինչքան կարող ես կյանք արա…

լռություն, որ աղոթքի  մեծ պատառներ ունի,

լռություն, որ Աստծո գործերը դնում է քննության,

սե՛ր, որ բաշխվում է անհամաչափ,

լույս, որ իրավունք չունի սևանալու…

դարձրել են ինձ չաչանակ աղվես,

ամենուր թողնում եմ մատնահետքերս,

կար մի ժամանակ, որ ես լուռ էի,

ու հոգին ալիքվում էր բիբերիս մեջ…

համոզելով՝ երջանկություն տուն չես բերի,

ոտքից քարշ տալով՝ մահը տնից չի հեռանա,

դու ժպտա՝ տեսնեմ ատամներդ չե՞ն մատնելու՝

երբ մահը նայում է աչքերիդ մեջ մոտիկից,

իսկ դու ուրախ ես արդեն, որ գեթ նրանով

դու էլ մենակ չես…

15.08.2014թ

« Բարի գալուստ դժողք…»               

 

Խաբեբաներով հավաքվել ենք,

ծնունդտ  ենք նշում, նե՛ռ.

բացատրենք քեզ կյանքի դրվածքը,

մեր սրտնեղությունից՝ մենք լիրբ  ենք,

կամ էլ սրբությունից ենք սրտնեղել…

սրբության մեջ բոլորից վարժ ենք.

կուզե՞ս, արի հարցազրույց տանք…

մենք մեզ բոթել ենք ուրիշների գիրկը՝

դե…  մեռնո՜ւմ էինք,

կամ էլ արդարանում ենք, որ մնանք…

խաբած–խաբվածներով հավաքվել ենք,

զոհի հաջորդ քայլը՝ զոհ գտնելն է…

դու մի մատ երեխա ես դեռ,

դու մեր գլխացավը չես հասկանա…

դեռ  պիտի ծնվես սուտ կույսից 

ու սուտ եպիսկոպոսից,

քաղաքական գործիչ դառնաս,

լիիրավ մարդ…

մեր սուրճը աղի է, Նե՛ռ,

հյուրերի գնալուց հետո մենք թռցնում ենք

ուրիշների սուրճի բաժակները,

խոհանոցում արագ–արագ ուտում 

տակի նստած մրուրը`

դառը…  անհեթեթ… վախեցած…

սրտխփոցով… դաստիարակված…

դատապարտված…  հայհոյելով,

ու թմրում ենք…

մեր լիրբ կացության մեջ՝

ցինիկ սրբությամբ պառկել ենք հով

դագաղներում,

կիսախուփ աչքերով գարեջուր ենք խմում

փախցրած  շշերից…

նայի՛ր, նե՛ռ,  ու գնա վառիր քո դժոխքը,

թե չէ մյուս ամառ  

մենք  կգանք  քեզ մոտ հանգստանալու…

17.08.2014

« Դե՛  ամուսնացե՛ք…»

 

Պիտ առողջանանք,

հոգնած ոտքերը քարշ տալով առաջ՝

հետ պիտի գնանք՝ երակի մեջ գտնելու

խցանված որդը…

ապրել քնի մեջ ու արթնանալ հոգնած՝

երազներից խառնիխուռն՝ առավոտվա լույսն

արհամարհելու համար…

պետք է մի օր հետ գամ հին վայրենությամբ

խաղատանը հաղթածի,

կատուներ ամուսնացնենք սահող տանիքներին,

սատանայի օղակը ձեռքով պտտենք,

համբուրվենք հիվանդանոցի չորրորդ հարկում թաքուն,

մինչ մեզ կկանչեն հետազոտության,

ու կասեն՝ աղջի՛կ ջան, դուք մեռնում եք…

հետո վախեցած կգնանք վիրահատարան,

պահանջելու՝ որ մի րոպե լուռ հարգեն մեր

հիշատակը,

ու վերջին րոպեին թույլ չենք տա,

որ բացեն մեր ուղեղը, գտնեն որդը…

լույսերը կվառենք ու սեղանի վրա

առանց մորթել կուտենք վիրաբույժներին,

որ մեզ այսքան երկար խաղացնում էին,

տանում–բերում, փող էին պահանջում,

ոտքդ ծամում,  խանգարում էին…

մինչ մենք կարող էինք իջնել ներքնահարկ՝

սառը նստարանին երկար համբուրվելու…

գիշերը վիրահատարանը  կդարձնենք

հարսանքատեղի,

մորթված վիրաբույժներին կամուսնացնենք

իրար հետ,

որ վայելեն իրենց թաց արյունը՝ սպիտակ

խալաթներին,

ու վերջում ուտեն իրենց նշանակած

դեղատոմսերը՝

անհասկանալի…  բարի… ջղային,

իսկ մենք վերջապես կգնանք առաջ՝

քայլելով մեր որդնած ուղեղների վրայով՝

առողջացա՜ծ… համոզվա՜ծ…

վստահ հին օրերի անմեղության վրա՝

միշտ դեպի առաջ  ու միշտ դեպի հետ՝

անհատնում հատուցման վայր…

18.08.2014

 

 

« Օրվա հուդան »

 

Հուդանե՛ր…  լիքը փորերով, գոհ…  ապրած…

ամենուր, ամենօր, կրկնակոխ,

տզրուկների նման մանր, քմահաճ մա՜նր…

մանրամա՜սն մանր…

ինչպես  նոր նամակ հասցնող ծեր փոստատար,

որ վերջի տողում միայն պիտի կարդայիր՝ լրաբեր

մա՜հ…

բարի լուր հասցնող անբարոյականնե՜ր…

արու լրբե՛ր…

հետևում էիք թաքուն, վախով, պաշտանմունքով…

դարձաք ընկեր…

ընկերնե՜ր…

կրծեցիք ու չհագեցաք,

տարաք ինձ դույլերով, փոխեփոխ…

աչքերիս անմեղությունը թաց, անհատնում՝

խմեցիք  գող շների պես՝ ականջը ձայնի…

կանգնեցիք մոտիկ՝ առանց  վայրենի մենամարտի,

ու մարդ զգացիք մի օր ձեր կենդանի,

չոր կացության մեջ,

ընկերնե՜ր…

բռնաբարեցիք  հերթով բարությունս,

հետո հիվանդ կացության մեջ ձգեցին՝

որպես  սրբախոհ շիրիմ…

հավատս գառան պես մորթեցիք ցերեկով,

որ գիշերը համի մասին հանրագիտարան գրեք…

հուդանե՜ր, որ զարմացած, բերնեբերան,

ամենուր պատմում էիք իմ մասին,

ու հետո շնչեցիք ինձ հերթով, կանաչ խոտի նման…

ձեր գազանային, լարված, վայրահաչային

էլեկտրավայունով,

աշխարհով մեկ գոռացիք լիրբ  հաղթանակը,

ու գնացիք ձեր հայրենակիցներին մատնելու ինձ՝

ձեզ համար աղոթողիս… արյուն–արցունքներիս…

ձեզ համար իմ պայքարիս…

Սատանան ինձ գիտեր…  չվերցրեց…

ու քանի դեռ նեռն ու Տերը հավերժ թշնամիներ են,

իսկ  մարդիկս՝  քաշքշուկի առարկա,

սատանան ինձ  ուղարկում է ամեն օր թարմ,

իմ կողքին, իմ ներսում,  գլխից դուրս, ինձ կպած՝

մանրիկ, ալարկոտ, քստմնելի…

քանի կամ ու շնչում եմ, քանի  հոգի եմ ու եմ,

իրենց համար թափած  իմ արցունքներից գազանացած,

կամավոր, կարմրավոր,  արնախում  հուդաներ…

25.08.2014

« Խնձորի ծաղիկը գարուն չի´ վայելում »

 

Փոքրիկ մայրաքաղաք, խճճված հարբեցող  լացի  

թաց լապտերում,

խորշերի   գրպաններից՝  կարմիր պայծառություն,

սրտատրոփ փաղաքշանք մի ոտքի վրա,

երբ գալիս են   դահիճները մի վայրկյան հետո,

մազերիցդ  քարշ տալով տանում հրապարակ՝

բաց շուրթերով, մեծ ձեռքերով, տեղ-տեղ դեղին

մերկության մեջ…

հարվածներ կողերիդ, գլխիդ, անարյուն ցավ,

ու համբերություն, ու համբերություն, ու համբերություն

քեզ, կի՛ն…

Անշոշափելի զնդանների մեջ  գլուխդ դնում են  

գետնի վրա,

վիզդ կտրում  ոտքերիդ մոտ  կռտկռտալով,

դեմքդ ընկնում է  ծորուն   հատակին,

որդերը փափուկ հետույքները դիտմամբ դեմքիդ  քսելով՝

անշտապել քայլում են գետնանցումով ներքև,

իրար հետևից դանդաղ ընկնում  կոյուղով ցած…

Կացինը...  կացինը կացին է…

փառասեր, անհամբեր, շրջմոլիկ, շատ թույլ  ու

վատագույն, դժվար տղա…

դու իմ ոտքերից ի՞նչ ես ուզում,

երբ գլուխս ձեռքերիդ մեջ հազար  անգամ մեռավ…

լապտերը պայծառ-պայծառ համբերատար…

երբ գարունը նորահարսի պես ձիգ մայրանում է՝

ինքն իրենից նոր, ամաչկոտ ու ամեն տարի

տասնութի  մեջ՝

խնձորենու պտուղը բարուրի մեջ սառցակալած՝

բեղմնավորվում  ու մեռնում է  ձմռան ցրտին…

Կացինը…   կացինը կացին է…

խեղկատակ, խայտառակ, անսիրուհի,

բռնաբարող  տղա…

պարտեզը վերևից գոս է, անհամեմատ չոր՝

կուլ գնացած օգոստոսյան արևներին,

պուրակի ներքևում մի մեծ օվկիան կա՝

ծովաշներով ու վարունգի պես պինդ գնդերով,

տեսակը՝  միայն սուրբ խոնարհություն…

վերևում համբերության վերջը չորությունն է,

գունատ դեմքի սառչելը՝ մահ…

անմիմիկա  մնալը՝ սրբապղծություն…

Հիվանդ եմ,  տեղ չեմ անում… 

չբուժված եմ, չեմ բուժվել…

կոկորդս կլանել է, դարձել մի  հսկա խողովակ՝

հսկա կոկորդով  խեղդվում եմ…

մի ամբողջ փոքր մայրաքաղաք թպրտում է

օդի մեջ  երեք տառի աններդաշնակ չգոյությունից՝

սե՜ր…

չբուժված եմ, ուղեղ տղա,  կացնածդ ցավում է...

29.09.2014

« Նոյեմբերյան շոշափումներ »

 

Այո՛  սիրո՛ւմ եմ…

օրերը ճաքած, թաց երկնակապույտ,

գետինները թեք, գոլով ծանրացած,

արևն աշնան՝  սարդոստայնի մեջ,

օդերը ճեղքող թափանցիկ թռչուն…

 

Այո՛  սիրո՛ւմ եմ…

քեզնից մտածել ես ինձ արգելել,

ու հետո խղճալ աղավնիներին,

ծխոտ փողոցում միջանցիկ հետքեր,

մեքենան շարժվեց ու հետ սլացավ…

 

Այո՛ սիրում եմ…

վիզս երկարել հողոտ խոհերին անսահմանության,

խամրած ժպիտում տիեզերքներ թելել,

կեսից  գնացքը հատ-հատ կծկվեց՝

որպես ծերունի անհիշողություն…

 

Այո՛, սիրում եմ…

նոթագրել հոգուս վախկոտ սպասումին,

որ քեզ չեմ սիրում…

արևը սպիտակ փառակալման մեջ

բաց  դեղին քնեց,

շուտով ձմեռ է…

դու նորից լուռ ես…

15.11.2014

 

 

« Ես  ինչպե՞ս սիրեմ, որ չհավատաս »

 

Ու մարտիրոսվող առաջին ձյունդ ներս  չե՛մ առնելու,

որ իմ  մասին է հեղեղված գոռում հալված սողանքից…

խոսող դողերս չե՛մ եռացնելու  ցանկությունների

գալարման  ծոցում…

լնդիս մեջ սեպված ատամնաշարով արյո՛ւն կուլ կտամ,

պայթող շշի պես կփլվեմ գետնին, բայց ներս չե´մ գալու…

մահատենդ դողով անփորձ պատանու՝ խորքը կհոսեմ

կանգնած  ճահիճի, բայց մոտ չե´մ գալու…

Իսկ դու լսո՞ւմ ես, որ ես մրսում եմ ինչ-որ տաք ծոցում

քո ցրտությունից…

գողացած հաշիշ ներս առնողի պես՝  ումպով նաբաթի

քո պատկերացման՝ կլանում մուգ թեյ  սառած գիշերի…

իսկ դու լսո՞ւմ ես թափառող մտքիս անպաշտպան սերը՝

ոհմակների մեջ հպանցիկ վայող…

անքուն աչքերիս նյարդախրցերում տխուր ժպիտդ՝

ներսերս քանդող…

իսկ քեզ մատնե՞լ է տեսողությունը՝  անհնարին 

տարածության կամուրջների տակ՝

նմանակումը  լուծվող  ստվերիդ…

մրուրը կերած հողմերի  տխուր  անդաշնակությամբ՝

իր բնում սպասող հսկա անգղի չանչից մազապուրծ՝

գիշերվա սևում սպիտակ աղավնու թևոցը հևող…

իսկ դու առե՞լ ես փակ խեցու ներսում կեղևին հալված

անաչ   խխունջի մեռելահոտը…

հասպիսե վանքում ինձ ներս առե՞լ ես, ու չե՞մ

մակարդվել զարկերակներում…

Ես չսարսափե՞մ ձմռան  օրերի ամռան վերմակում՝

ցանցե տերևիդ   գծանկարից…

ես ո՞ւմ աղոթեմ, որ դու չլսես…

քեզ  ինչպե՞ս սիրեմ, որ չհավատաս…

17.11.2014

« Ջղաձգություն »

 

Կպառկեմ կողքիդ, մինչև կհոգնես երկար ձևանալ,

լուսնասե՛րմ գիշեր…

կվաճառե՛մ քեզ, լի՛րբ անքնություն,

որ չհասցնես  մտրակել   վրաս  նրան խարազան…

կփչեմ հեռվից բիլ պղպջակներ, որ ձեռքերիդ   մեջ

համբույրով պայթեն՝

ինչպես բացիկն  անհասցե սիրո…

Մեռյալ ծովի տակ՝ վարսերը փռած նիրհող 

շղարշի   սրտաշողանքին՝

գիսաստղից կաթող  երազի  համը ծամող չի՛ եղել…

Մի վերջին անգամ ծածկում եմ հո՛գիս,

որ հրեմ սերս առավել հեռու,

ու խորքում քնած վաստակած դևի խմորին

ասեմ՝ սպասե´ք, գալիս եմ…

Հոգեդարձի ջղաձգության վերջին օդերը

աղով  վարակված՝

կքաշեմ քեզ ներս՝  քեզնով  եմ հիվանդ…

ծխի պես կլոր կվիժի քթից երկրպագություն՝

ալլահին…  խևին… կամ նույն ինքը քե՛զ…

կդողա լեզվի ամենախորքից՝  հրե՛շ…  սիրո՜ւմ եմ…

ու կլռեմ քեզ…  ու կլռես  ինձ…

որ չհավատամ… որ չհավատաս…

մի վերջին անգամ, թողեք հավատամ,

որ չե´մ հավատում՝

թե քեզ մոռանամ,  կամ ինձ կսիրես…

27.11.2014

 

 

20 + « Իմ մահը քեզնով հետաձգվում է »

                   

Լոգանքիս տաք ջուրը լինեիր…

ջուրը…  հպվեիր,  թրջեիր…

բարակ մեջքս  մարմնիդ մեջ կիպ  օղակած՝

սև վարսերս ձեռքիդ վրա  ձիգ պտտեիր՝

համբույրներիդ ախորժակից շնչահեղձվեի…

Անփորձ  ու  թույլ   ստրկուհիդ   կուզեի  դառնալ,

գաղտնի ու տաք ներքնահարկում, խոլ լույսի մեջ,

շունչդ զգայի  կրծքերիս պիրկ սպիտակի  մեջ…

տիրոջ կամքը  մերժելու  անընդունակ,  անհամարձակ տրվեի…

ուժեղ ճիչով ու ցավագին, ու մինչև  վերջ  քոնը դարձնեիր…

խմեի՜ր…  լոգանքիս տաք  ջուրը  դառնայիր…

քառասուն օր ու գիշեր մեղրամսիդ կինը լինեի․

շոյանքիցդ  նուրբ ոտքերս ընդարմանային…

Կապեիր  սյունին,  լեզուս առնեիր շրթունքներից,

լիզեի՜ր…  լիզեի՜ր…  մինչև  մաշկս կքրքրեիր…

մինչև  շնչեին ոսկորներս թոքախտավոր  սավաններին

անմահություն…

լիզեի՜ր…  լիզեի՜ր… մինչև  ձայնս կխորտակեիր…

Ամբողջ ձմեռ քաղցից գժված՝  ժանիքավոր սև գայլ լինեիր,

ես՝  նապաստակ ձյունը փախած…

թաթով փորեիր, խոր անտառում  մենակ գտնեիր,

հանեի՜ր, միսս պոկեիր ցավացնելով,   

թպրտյունից  ու վայունիցս գազազեիր,

ու մերժումիս չհավատայիր…  

սիրեի՜ր…

Քարանձավի քրտնած չղջիկ,  

տարիների թևաբախման  մենությունից արյան կարոտ

ու  խանգարված՝

բռնեիր…

կպնեիր ողորկ պարանոցիս, խանդոտ քաշեիր,

արնաքամեիր…

առնեի՜ր…

Բիրտ  ուժերից անքուն եղած՝ տափաստանի կարմիր վագր՝

ես՝ ծերպերի սևաչ եղնիկ,

արևի տակ հետապնդեիր՝

հասնեիր, ջարդեիր թաթերիդ տակ…

իմ մահը քեզնով հետաձգվում է…

08.01.2015

 

 

« Ես էլ չէ՜… »

 

Օրերն անցան վիժած ճնճղուկների թաց շարքերով,

ու մեկը հասցրեց սիրել նրան…

քարե կտուցով անգույն փայտփորիկի՝

գլխի մեջ զանգ թողնելով մենակության…

 

Օրերն անցան կարմիր ներկած սավաններին.

անսթափ կնոջը  պառկեցնելով

ու խածելով  երկար,

ու մեկը երանի՜ տվեց նրան…

 

Օրերն անցան ծեր կնոջ ճերմակ վարսերին.

հյուս անելով,

քաշել-քանդելով

ու  չմեռավ…

Օրերն անցան  ճշմարտությունը  ծառից

ձիգ կախելով,

որ գլխի մեջ արյուն կաթի  

ու չգոռա…

 

Օրերն անցան  պատին թափանցիկ

շաբաթներ բռնաբարելով,

որ անբեղմնավոր շողիք   էին

ու   չդարձան…

 

Օրերն անցան մեղսոտ խաղերի

անհաճույքում՝

դիմակների  անգրպան  ստերը 

պարաններին չորացնելով,

 

Ու դու առանց կիրք  սկսեցիր գրել ինձ…

ալելուի՜ա…  վերջին խմածս  հաբը դեղ էր…

օրերը դող թափեցին    ճնճղուկների  շեկ թռիչքին,

ու միակ   իմացած-չունեցածս դու էիր…

19.03.2015

« Դու էս ի՞նչ ես արել… »

 

Դու էս  ի՞նչ ես արել…

երբ մորթված-պառկած փա՛ռք եմ տալիս քեզ…

երբ սերս միանգամից անցել է բոլոր սահմանները,

մտել հարևան ատելության դարպասներից ներս,

դռների մեջ լեզու  չգտնելով՝  հասել նողկանքի

քարավաններին,

ու մի երկար լեզվակռվից հետո՝  շպրտվել հոգեկան

խանգարման ծովը՝

հայրենական խրատ-ապտակից  կերակրվելով,

ու վերջապես բարևել բոլոր  դեղերը ժամանակին խմող,

գլուխը կախ  իր գործին նայող  շիզոֆրենիային,

որ գժիս ոտքի հարվածով նորից վերևից գցել է

սիրո ահռելի ծովը…

Դու էս ի՞նչ ես արել…

երբ ապակեպատ սիրո հալոցքում  սիրտս խփելով

աղոթում եմ քեզ…

երբ  քեզ  ծանր սիրահարված՝ գնում եմ օտարին  տրվելու…

երբ ոտաբոբիկ, սոված, առանց  հասցեներ՝ 

պատրաստ եմ անցնել անծայրածիր  մղոններ…

երբ մնացած բոլորը մեկ լինելուց բացի՝

դարձել են մինուս իննից-մինուս միլիարդ  

ձգվող անվերջություններ…

Դու էս ի՞նչ ես արել…

04.06.2014

 

 

« Դու իմ կոլխիցինն ես »

 

Դու իմ ամենօրյա կոլխիցինն ես,

որ կանխարգելես մնացած օրգաններս

նրա սիրո  վերջնական ախտահարումից…

 

Ով ես դո՞ւ…

դու տափաստանի  փափուկ  ավազ ես,

ես մինչև գլուխս  մտել եմ  խորքերդ,

որ նրա անծայրածիր անտարբերությունը

վզիս չքոթակի…

 

Դու իմ քիմիոթերապիայի չորրորդ  կուրսն  ես,

որ մի քիչ կերկարացնես կյանքս՝

նրա դեմ սոսկալի պարտության մեջ

կողկողալով մեռնելուց…

 

Ով ես դո՞ւ…

դու իմ հերթական մորֆին ես,

որ թմրության մեջ ժամանակ շահեմ

նրանից չխելագարվելու…

 

Դու շատ մեծ ականջ ես,

որ դեռ պատրաստ է լսել ու ձեռքով  պահել ճակատս՝

իմ սիրո թունավորումից ու փսխումից՝

Դոնկի Խոդից ու հարբեցող ձիուց…

04.06.2014

 

 

« Այնքան, որ թանկ ես »

            

Անկախ մորթված «Ձմեռ պապերից»,

բողոքի ելած կաղ  եղջերուից,

անգույն, եռանկյուն իմ առագաստից,

անկախ ցիգանի գուշակությունից,

ու անարյուն իմ համբույրներից,

ցերեկվա մթում  քո  կիսադեմն ինձ

նեղն է  դնում…

Անկախ խաչաձև կրկնությունից,

սատկող կատվի ոսկե ձկներից,

անկախ առանց պուտ, կարմիր զատիկի

խեղաթյուրանքից,

փորձագետի իմ ասեղի խոր պեղումը

հաստատում է, որ սիրում է…

բայց չի՛ լինելու խոստովանություն,

ոչ էլ սուզանավի  ջնջվող պատմություն.

քո խորհրդավոր բարձրության դիմաց,

վախկոտ  ձկան պես շուրթս կդողա…

Սերս ամենախոշոր լուսատուի պես՝

անծայր ու զուլալ քաղցր նարոտ է,

անկախ սիրուդ   չկշռված գանձարաններից՝

դու շատ  աղքա՛տ ես, որ ամենամեծ 

հրագնդի  համար  վճարես…

մահապարտ, սոված շնաձկան պես

կյանքդ կբաշխեմ,

արքայությանդ ձեռքս չե՛մ մեկնի ու չեմ մշակի,

այնքան, որ թանկ ես…

11.04.2014

« Կսիրեմ քեզ խելացնոր »

 

Դուն կխոսեիր արեւներուն վերա՝

չտեսա՜ զանոնք…

փշրված նրբութենե անդին դողերս անրջիլ կփորձեին՝

զո՜ւր…

դուն ինծի ծովին մեջտեղը կտանեիր՝

ջո՜ւրը  չհասա…

կարոտդ ոչ մեկն ալ չկրցավ մեղմել,

ձեռնունայն, քովդ ոտաբոբիկ կեցա…

կհամոզեի  ինծի՝  մոռացի՜ր, մեռցո՜ւր,

անզոր, հոգեծուփ կսիրեմ քեզի…

հոգիս այնպես փափագեցավ նորեն քեզի,

որ բառերը շուրթերուս տակ փրթվեցան,

ու կարոտն ոչ մեկ տողին կամ բառին մեջ չլմցավ…

Հեռուներում՝ անփայլ ուրվագիծերուն մեջ,

միժին մեջ կապույտ թախիծեն կխեղդվիմ…

ըղձակաթ, խռովահույզ ծովին մեջ՝

անհուսութենե կուլամ…

կսիրեմ, խելացնոր կսիրեմ քեզի…

Կարոտներս… անփայլ դերվիշերուն նման՝

գլխիկոր, շարքեշարք, երեսիս մեջ նայելով՝

համակերպ կերթան ծովին մեջտեղը խեղդվելու,

խորքը չհասան…

Սպասումներս՝ կապուտաչ ջրվեժներուն պես՝

մորթված, փրփուրը բերանէն հոսելով

կաղաղակեն քեզի՝  լսե՛…

25.05.2014

 

 

« Պիտի սովորեմ ձեզմէ ճխալ »

 

Կճխա՜ք ծիծեռներ…

պատուհանիս առջևն  ուրախ ճիչերով  կպտտիք,

դուք քարի  չհանդիպեցա՞ք ձեր զվարթ  օրերուն մեջ,

ձեզմէ ոչ մեկն  սիրո ցավն  ուսերուն   չառա՞վ,

որ լռել գիտնար…

անպատասխան սիրույն մեջ չայրվեցա՞ք երբևէ…

թախիծե օվկիանին  խորքն  անպտույտ քարին 

պես չգլորվեցա՞ք…

Կճխա՜ք…

ոչ  մեկին   երեխաքը չհիվանդացա՞ն,

անտուն չկեցա՞ք օդին մեջ ոչ մեկ օր,

Կճխա՜ք…

անլռել, անբանական հրճվանքին մեջ՝

ավետաբեր պտույտներով,

օրին թե՛ պտղաբեր, թե՛ անպտուղ

ժամերուն մեջ`

աշխույժին մեջ  կճխա՜ք…

31.05.2014

 

 

«Քայլող մեռելներէն քիչ մը կվախնամ ես…»

 

Անցավ…

գոռացող լռութենէն երակներուս  մեջ

սառեցավ սերը…

ցու՜րտ…

հրդեհէն կուլ գացած  ճերմակ

մանուկ  մը…

անմեղ, սոսկացող աչքերը կհառներ

մեկ ինծ, մեկ  քեզի…

նայեցար մինչև վերջ լուրջ…

լրջագու՜յն նայեցար…

դուն  արյուն չունեի՞ր…

զա՛րկ չիկա՞ր ոսկորներուդ  մեջ…

Անցավ…

ու՞մ էր պետք  հրեղեն   հայրդ.

պառավս փեշ չունե՞ր…

թո՛ղ…

հիշվել չըլլա՛ր…

Սերս կին մը  չէ՛ր,

անճարն աստված մըն էր…

փոսին  մեջ  քսան ձագ  ծնող

անհայտ գազան…

գոռոցից չվախցա՞ր…

մի՛…

մանուկը խեղճ էր…

հեռո՛ւ…

քայլող մեռելներէն «քիչ մը»

կվախնամ  ես…

12.06.2014

 

 

« Սեր՜ս… ագռավներն ամօթէն իրենց  գլխաշորերու հետ կխաղային…»

 

Դառնաղի արցունքներով կուրացած մայր մը,

փամփլիկ մանուկ մը գերեզմանին մեջ թողած,

փետրաթափ բուին պես դատարկ տունին

մէջ կպտտեր…

անքուն, քաղցած, անհամակերպ կսպասեր

մանկիկի վերադարձը,

ահավոր անհույս  դռան թակոցին դեռ   կհավտա՜ր…

Կի՜ն մը, որ մութին մեջ ամեն օր հրեշավոր

խաղաղություն կվերապրեր…

աղջի՜կ մը, որ սպասումեն խեղաթյուրանքը

փրթելէն  ետքը՝

ոտաբոբիկ, վախվորած՝  խորը շիրիմէն դու՛րս  

հանեց իր հողագոյն մանկիկը…

գլխաշորով ագռավներու ավերիչ  հռհռոցին

չհավտա՛ց…

ս՜և, մեղավոր փոսին մեջը կռի՛վ տվավ…

փտած տուփին ամո՛թ հասկացրուց…

ճերմակ անկողնում՝  գրկին մեջ բարուրը

կրծքին սեղմած՝

երկա՜ր, շատ տաք, ու շունին պէս խեղճ  

շոյեցավ մեռած մանկիկը…

սև հովազի քաղցած հետապնդմամբ…

ու հրեշավոր հավատով համբուրեցավ…

Սե՜րը…

առավոտյան ձեռքերին մեջ խլրտուն եղավ…

հանկարծ արթնացա՜վ մանկիկը,

աչքերին փա՜յլը…

կրակեն կուլ գացածը ժպտա՜ց…

ժայռից ներքև գահավիժած գառը խո՜տ կանչեց…

հողագոյն սառույցը վարդագունե՜ցավ…

մանկիկը լացով կա՜թ  պահանջեցավ նորեն,

կա՜թ …

սե՜րս…

իր ապշումեն, հրճվանքեն խանգարված՝

մայրը շփոթված  կրծքին տեղը կշոշափեր…

շարժվելուն ունակութենէ զուրկ՝

 կվախնար  կրծքի կաթով խեղդել  իր մանուկը…

Սե՜րս…

դառը հողերը պարտվեցա՛ն…

փտած փայտերն ամօթէ՛ն մեջ  կվառվին…

ագռավներն ապուշ կտրած կխաղային  իրենց

գլխաշորներու հետ,

արթնացա՜վ մանկիկը…

մոխիրները կա՜յծ տվին…

աշխարհը  բալի պես հյութ պայթեցավ տեղ հասած

սպասումների  երեսէն…

կարոտները իրար գրկի  մեջ ճխլվեցա՜ն…

հոգին բերանէն  դուրս թռչելով՝ սենյակի  կանգնած

օդին մեջ  գլուխկոնծի տվավ…

Սե՜րս…

սրտաճխանքեն սիրտս կուզեր ուժեղ կաթվածին

մեջ հանգստանալ…

մանկի՜կս արթնացավ…

 

Մանուկը երկու օրեն  ետքը վերջնական  քուն մտավ…

13.06.2014

« Քո մահվան օրը ես էլ հետդ գամ »

 

Քեզ այսքան մոտիկ, բայց օտարի պես,

քո մահվան լուրը գուցե ես լսեմ օրվա լուրերից,

կամ  կարդամ  վերջին, քո  անլույս, գուժկան

նոթագրումներից,

ու  մի թաքուն  « ա՜խ »  սիրտս  կճեղքի երկու կեսերի՝

մեռնող թիթեռի   փոշին թևերի  ոչ ոք չի տեսնի…

Քո մահվան օրը ես պիտի որ գամ քեզ հետ հանդիպման

առաջին   անգամ՝

գիշերային   սրսփումների որպես  անկշիռ ու նյութե վկա,

որ  միշտ կմնա վերջին դրախտի  վիրտուալ տիկնիկ…

խռով մանկան պես դու ինձ չե՛ս  ների իմ ուշացման մեջ.

բայց քեզ լավ գիտեմ. դու  հերոսի պես, քնած գրքի պես,

կմխիթարես նույնիսկ քնի  մեջ…

Դու էլ չե՛ս դողա, խոնարհ չե՛ս  շողա,

կարմիր գրիչդ արյուն չի՛ ծորա, արյուն չի՛ ործկա…

Ժամերից անդին ես քեզ կտեսնեմ առաջին անգամ,

Գուցե անկյունում անձայն հեկեկամ  ու մի քիչ սգամ,

կամ օրորվելով թողնեմ, հեռանամ…

Վերջում  կմնամ, թեկուզ և միայն ե՛ս եմ իմացել,

դանդաղ ու խանձված ոնց ես թուլացել,

անզոր ու հիվանդ տնից դուրս թռել…

դու հա՛յր ես եղել, հու՛յս ես բաժանել,

բայց ցավերիդ մեջ ոչինչ չես գտել…

Թող այս անտեղյակ ամբոխը սգա՝

ցավերիդ վկան միայն ե՛ս եղա…

Գրում էիր արյո՛ւն, արյուն էիր ործկում,

ու ընկերներդ օգնության  տեղակ ծափեր էին տեղում…

արդեն մերձիմահ հոգիդ  էիր պարզում փրկության համար,

խառը ժպիտով գործի գնալիս ձեռքդ պինդ բռնած՝

բարև էին թողնում…

Քո  ամբոխները  ցավերիդ ծովում փարոս չդարձա՛ն,

ու հիմա իրենց   անգետի լացով  թող կողքիցդ  գան…

22.03.2014

 

 

« Եթե նույնիսկ երբեք չեկա »

 

Հավատա՛ ինձ, եթե նույնիսկ երբեք չեկա,

Էլ մի՛ փնտրիր տանիքներում, արև չկա՛,

ու մի՛ գնա կիսացնոր  ինձնից խռով՝

ես նախ մա՛րդ եմ…

մի՛  շրխկա կոշտ հատակին,

թեկուզ հիմա վիժեցի  քեզ…

մի՛ կոտրվիր, եթե նույնիսկ  ինքդ ընկար,

անզոր մարդու վերջին փուլով  մի՛ հայհոյիր`

ականջներս ցեխ են հոսում, էլ ջուր չկա՛…

ոչ էլ խեղդի՛ր լռեցնելով կամ խոսելով ու լռելով…

ոչ էլ ուժով  ինձ տիրացիր, կամ  շոյանքով

ինձ մեռցրու մտքերիդ մեջ շոգ  գիշերում…

Ես գնում եմ, թեկուզ երբեք մոտդ չեկա…

հավատա ինձ՝ քո շոյերգը կամ մեծ սերը`

թարմ հացի պես իմ յոթ օրվա լռությունից լռիվ կանաչ՝

ծախելու ես ճանապարհի սոված շանը,

եթե հաճի համը տեսնել, կամ սխալվում եմ…

01.04.2014

 

 

« Մենք՝ պառաված աստվածներով »

 

Ու՛շ է հիմա  գիտե՞ս ինձ ու քեզ համար,

քո՛ և ուրիշի, ի՛մ և ուրիշի՝

առջևդ դրած ծանր սինուն կից`

մենք  կշտացել ենք…

Ի՞նչ դու չես տեսել, ի՞նչ է մնացել,

որ  քեզ համար ես գաղտնիք եմ դարձել…

Ու՛շ է արդեն ինձ  ու քեզ համար՝

մենք սիրո երկու վաստակած Աստված,

վարակված Աստած՝

սիրո ուժ չունենք, որ իրար սիրենք…

մենք ինչպես երկու ուշացած Աստված,

շնացած  Աստված՝

գտել ենք վերջում, որ թաքուն մեռնենք…

Ոնց որ պառավն  իր փեշի տակից

մի երկու ամսվա կոնֆետ է հանում,

ու բուռդ տալիս,

ու դու վերցում ես, թեկուզ  և  հետո

թաքուն կորցնում ես,

չի՛ ուտվում հիմա իմ ու քո սերը,

քո՛  և ուրիշի, ի՛մ և ուրիշի…

09.04.2014

 

 

« Արևի ալերգիան արդարացավ »

 

Երբ աչքերիս մեջ կաթեց թախիծն,

ու կոկորդս խեղդեց անպաշտպան կարոտն,

ինձ եկան խաչելու տարան,

ես էի, որ ողբում էի միայն ինձ վրա…

Երբ արևը բլիթ-բլիթ դուրս թափեց,

ու լուսինն  անթրաշ դուս թռավ,

ես էի, որ կորցրել էի հպարտությունս,

բայց ինձ էլի խաչելու տարան…

Արցունքներ, ուր արժեր լալ.

կորցրածս` անծայր, գտածը` լավ էր չգար…

Մամռոտ  դամբարանում պառկած՝

աղով  մերսում էի արևի  բլիթները…

10.05.2014

 

 

« Արևը քնեց ձգած բարուրում »

 

Նորից արևը թավալվեց դաշտում,

գոգս դրեցի, մաքրեցի փշից,

արևը հոգնած աչքերիս բիբում՝

նվնվան քնեց  ձգած   բարուրում…

Լուսինն  եկավ գողտու մերկացած,

ճերմակ գիշերը  գրկի մեջ ճխլեց,

ծխամորճի մեջ խանդը շատացրեց,

դատարկ գրպանը շաղ տվեց կրծքիս…

Աղջիկ էի նորից  երկար վարսերով.

ժպիտիս ծայրից մեկը մահացավ…

Աստղերն անփայլ, նախանձոտ,  

մանրիկ պառավների պես՝

լուսնի արուական տենչը զգալով

կանչող շուրթերիս՝

փուլ եկան  կեղտոտ ջրափոսի մեջ…

Վայրի ձայներից արևն արթնացավ,

լուսնի իգամոլ    շոյանքից ապշած`

անմեղ աչքերը չռել էր  վրաս.

-Դու՛ և լուսինը շատ վաղուցվա սիրեկաններ եք,

անամո՛թ աղջիկ, ես լավ է գնամ…

13.04.2014

« Սկսի´ր կրկնվել… »

 

Դու ինձ կպատմես նախորդ ձայներն  իմ կյանքերի,

որ հիմա իմ հակառակ կողմում չոքել,

խմում եմ մոռացման համոզումն ուժիդ,  

գոյ  չունեմ  թաթախվել կանաչ թարթիչների փեշերի տակ,

դիմանալ քթից ավազ  վազող  ժամե կատուներին. 

նստել,  միաձայն մռլտում  են հեգերը թարմ կրկնության,

հաճոյանքի անդիպել կուտակումով իջնում,

հոսում անպիտան տակառները մելամաղձի,

ու միայն վնասում  վիրակապած սրտիս…

դու հիմա ինձ կասես, որ դու եկար…

ես ուղղակի  համարձակվել  եմ մի քիչ  մոռանալ քեզ…

իմ արևն  ոտքերի մեջ կարմիր գայլն  էր անծիր  Ամազոնի,

քո  կղզին  կաթնագույն հաճույք  շարժվող  լոգանքներում,

ես փախա,  որ դու չկրկնվես…

մնաս…  երեք տառ նախաբան…

դու մի օր  ելնելու ես ջրից, բայց ո՛չ բարձրանաս,

ինչպես կործանված ղեկը մամռոտ  նավախելի

կշնչի  ջրերի կոկորդի մեջ  մի օր՝  հաղթանակա՛ծ,

բայց  զո՛ւր…

գիտե՞ս, ես չեկա, որ դու հաղթես…

արի՛…

ուռենու ճյուղեր քանդակի՛ր պարանոցիս տակ,

խմեցրո՛ւ ինձ մեր  սպասման փրփուրներից,

երկաթ՛…

պղնձե քայլեր դակի´ր ականջներիս մեջ,

հմայի՛լ…

գերեզմանում  փափուկ կենդանություն կա,

որդերի խլրտուն ուղղահայացի առաջ,

վայրի հիշողությո՛ւն…

մթության փոշում կուտեն պառկածին՝

փշրելով ոսկորները չլսված ծիծաղների,

լա՞վ չէր, որ   նստեիր…

դու…  դու լուրեր չես սիրում…

ես համարձակվել եմ մի քիչ մոռանալ քեզ…

արի՛…

ճեղքի՛ր ներկաս քաղցած ոտնամաններով,

թշնամի՛  եղիր թաքուն պատերազմների  հրայրքում,

ժխտե՛լ եմ բոլոր  զորյաց զորքերին,

անժպի՛տ…

քրտնած են կողերս, մարմինս՝ քաղցրություն…

ձեռքե՛ր հասցրու ճերմակ  իրանիս,

վազո՛ղ…

վերքե՛ր տուր քո  իմացած լեզվով,

ժանի´ք…

տվել են քայլողները ժամացույցով քուն,

ինքս իմ առաջ երեք օտար…

հալվե՛ց հայացքդ ծնկներիս մեջ,

զարթնա՛ծ…

շրջվեցի՛… շրջվի՛ր…

հագի՛ր շապիկդ շտապողության,

վերցրո´ւ…  կվիրահատվե՛մ…  

պատգարակի՛ր ինձ լույսերի սեղաններին,

վա՛խ…

դողե՛ր հասցրու ներարկող շոյանքով,

սպանա՛ծ…

կարկատի՛ր հոգիս  մատներիդ մեջ,

արհամարհա՛նք…

լռի՛ր մարմնիս՝ մարմնիդ ընթացիկ ծանրությամբ,

սպասված…

հարվածի՛ր մսե գուրզով փախուստիդ,

գնացո՛ղ…

շնչի՛ր շնչվածիս, ցավեցրու` պատմեմ…

կտրի՛ր` խաչ հանեմ…

խաբիր` կապեմ ստինքը  լուսնի…

արի՛…  արի´-գնա՛, գնա՛-արի´,  որ չտեսնեմ, որ չլսեմ,

ինչպես ամեն բան թաղվեց  հենց այնտեղ,

որտեղ   գուցե և պետք է լցվեր…

08.07.2015

 

 

« Քո աչքերը նման են նրան »

 

Ուշվեցիր  գիշերվա լույսերիս,

շնչեցի ցերեկվա մթերում,

քեզ դեղին եմ ներկում՝ կծաղկե՛ս…

քո աչքերը նման են նրան…

                   

Ականջս պահեցի շշուկի,

տապին սառույցն  էր ննջած…

հուռութքը  ծամիցս   պոկեց,

լռությունն  անգամ   ինձ շատ թվաց…

 

Սիրտս հսկա  կույր խոռոչ,

լավան հանգած երեսին,

խառնի՛ր, գուցե  կարմրեմ,

փչի՛ր, որ ինձ չաքսորեն…

 

Ձեռքիս մատները անթիվ,

վեցի վրա կդողան,

ճահիճ էր նա, ես՝ ղամիշ,

պարի՛ր, փախուստը  հերքեմ…

 

Քո աչքերը նման են նրան…

նա ինձ ասում էր՝ ամեն բան կանցնի,

ես քեզ ասում եմ ՝  ինձ չհավատա՛ս…

դու ինձ ասացիր ՝ անհամբեր կսպասիմ…

 

Հոգիս բերանիս մեջ պահեցի,

 արհամարհել չփորձեց անգամ…

այո՛, նա  շատ էր ուրիշ,

 թո՛ւյլ տուր  դեմքիդ  փորագրեմ…

 

Այն տղան իմ հին քաղաքն էր…

ես՝   փոշի   կանգնած կոթողներին,

տաք ջուր  էի  թափվող  պարիսպներից.

քի՛չ էլ, մի՛  քիչ էլ մնա, նկարեմ…

 

Քո աչքերը նման են նրան,

տխուր աչքերը չեմ տեսել…

բարակ շուրթերին ես չդիպա..

ա՛խ, քիչ էլ…  մի քիչ էլ մնա, կրկնեմ…

04.08.2015

 

 

« Չէ´…  նա չեկավ… »

 

Չէ՛…  նա չեկավ…

շատ խորքից բորբոքված մի նորածին կրակ,

ապտակ կերած կծկվեց մուրացիկ տղայի

գլխարկի մեջ,

որ չտեսնի՝  ինչպես իրեն լքեցին ու ձգեցին՝

անունը դնելով ողորմություն…

Չէ՛, նա չեկավ…

ես պատերին քո նկարն էի փակցնում

հակառակ կողմով,

ու վազում կողքի սենյակից քեզ նայելու,

ես թաշկինակի պես փոխում էի քեզ,

հետո աղ  չկերած կենդանու ցանկությամբ

լիզում մարմինդ մտքերիս գոլորշու մեջ…

Չէ՛, դու չեկար…

չէ՛, դու չեկար…

ես իմ զորքին խանգարված պատմում էի

քո լեզվի համը,

ու մենք հազար անգամ քեզ փորձեցինք…

արևին մարմինդ պատառ-պատառ խլեցի

ցնորված խմբերից,

որ ծեգին ջուր  ցողելով աղոթեմ քեզ վրա…

Չէ՛, նա չեկավ…

ես կարող էի ծեր աճպարարի վտանգով՝

քրտնաթոր վայր ընկնել  մազե կամուրջներից,

հյուսած վարսերով ու կարմիր շղարշով՝

վերջին անգամ պարել որպես վառվող Սալոմե…

ես կարող էի խոշոր կակաչներ մորթել հասուն

դաշտերի մեջ,

երբ քեզնից մի կուշտ բամբասած ու հայհոյած՝

լա´ց կլինեի ուրիշի բազմոցներին…

թա´ց կլինեի օտար ձեռերում քո ժպիտի համար…

Չէ՛, դու չեկար…

սրտիս թրթիռները հուսախաբված խփեցին

աչքերիս չոր ապակուն,

ու թիթեռի վախով հեռացան անիմաստի

կամուրջների տակ՝

պատահական ձկներ գերեզմանելու…

քո մասին հարցնողի գրպանն ոսկի էին դնում,

որ լռեն…

բայց ձկներին գաղտնի պառկեցնում էին փորի վրա,

ու հաշվում ձկնկիթները…

Չէ, դու չեկար…

կամուրջը ժաժքով պոկվեց ժայռից՝

գահավիժելով աղմկոտ գետը՝

ինչպես եղեռն տեսած արագիլը շեկ՝

շփոթմունքից կմտներ կացնի տակ դահճի …

ու գաղթեցի ինքս ինձնից, որ դու էիր՝

դառնալով փշե արքայություն,

և « կին » բառն  արգելվեց իմ ներսում…

Չէ՛, նա չեկավ…

ես կարկուտին մնացի հին գլխարկի տակ՝

որպես ատամված լումա,

երբ հեռանալիս մուրացիկ տղան մոռացավ

հաշվել ինձ իր գրպանում,

և թողեց տասանորդը ցեխաջրի հատակին՝

մենության մեջ դողդողալով աղոթելու  համար քեզ.

-Տե՛ր, և մի՛ տանիր նրան ի փորձություն,

այլ փրկի՛ր նրան ի չարեն…

և նա չեկավ…

05.08.2015

« Տա´ր ինձ »

 

Տա´ր ինձ ֆլամինգոների երկիրը…

տա´ր, ուր գինին քամում են կակաչների թարմ հրճվանքից,

ու շոգը խմում   մայրամուտի  դեղին բաժակներով…

տա´ր…  լսելու  ավազներին ելած երազահան  ծերունու

շեկ  գիտարին…

բերանի գունավոր շարքով   քաղցրածոր, լայն   կժպտա…

խո´սք  կասի   մոտիկ եկած   ծիծաղներին…

ծորելով  կպատմի  մեղրամիսները մոմի  ու մոմակալի,

ուր ալ  մոմը վագրի ոտքերով հեղգ  կին էր,

վերջացնում  էր   մոմակալում՝  թանձր  ծխահոտով,

տնքում էր  բաոբաբե սեղանը  կաթիլների հոսքացավից,

ու   արցունքներն  ամոթից  վառվում   էին  հատակներին…

տա´ր ինձ ֆլամինգոների երկիրը…

տա´ր…  ուր  խանգարված ձիերին  օծում են մարտիկ, 

և ուղեղը համարում հիվանդության  նշան…

ու մի քիչ հեռո´ւ նստիր ինձանից,

որ ո´ւշ գնանք…

դու տեսնո՞ւմ ես մի ոտքի վրա կանգնած վարդագույն

ծովը ջրերում՝

մեջքները հենած թանաքե ներքնակին`

որ  թափ են տալիս  ելակե   փետուրները  նարնջի մեջ…

տար…  կրքոտ խառնաշփոթի կիզակետում,

ծերունու  լնդերից  փչող   հնչյունների   ներքո,

ես կպարեմ ոսկե  ավազների արգանդներում,

ու կզարկվե´մ  կիսամերկ մարմինների պիրկ  ջլերին…

ֆլամինգոներն  երկու լեզվով ինձ  ծափ կտան,

կընծայեն   դարչնագույն   գլուխս սպիտակ ճեմարանին,

և շուրթերիս  կվործկան վարդագույն անմեղություն՝

ուր ծովը տաք էր,  և մեղքը՝  հևող   օազիս…

տա´ր ինձ ֆլամինգոների երկիրը…

պիտի    փրկե´մ  արև  կերած  ձկնիկներին սառը ջրից,

ու բաց թողնեմ    մրրկահողմի բաց  երախում…

ծերունին  կերգի  մարմնիս  իր ողջ  չիմացածը,

փակ  աչքերով կշոշափի, որ  չամաչեմ…

թողե´ք  գրկե´մ ու ջինջ  հանգչի՝  առափնյա երգիչը  հին՝ 

թող մա´հ ապրի    վառվող  դեմքով՝

ձեռքը  պահած իր  գիտարի բոհեմական գիշերներին,

ու համոզված յոթ լարերի    մոգակարմիր խրախճանքին…

թողե´ք  գրկե´մ ու հեշտ  մարի  առափնյա երգիչը իմ՝ 

կարմիր փայլող մեծ աչքերով  երակներիս ավյուն տված,

իր    երկրի   արևային  քրտնահոտը նվեր թողած…

տա´ր ինձ ֆլամինգոների երկիրը,

տար … ու մի քիչ հեռու նստիր ինձանից, որ ուշ շարժվենք…

27․08․2015

« Կտրված նյարդաթելերից հետո »  2014թ

18 +  « Ծառերը  խերի մեջ կորան »

 

Ու որովհետև բռնի անձրև  էր գալիս տաք կիսաարևի մեջ, փողոցի ծառերն էլ կաթիլների ուժեղ համբույրներից վախեցած` դեռահաս կույսերի պես թպրտալով՝ դեսուդեն   էին տալիս…

Ու որովհետև  այսօր քո մասին այնքան շատ էի մտածել, որ երևի դու   երբևէ    այդքան մտածած չլինեիր, ու վառվող ուղեղս բարին սպառելուց հետո ուզում էր  չարանալ,  անուժ պառկեցի անկողնում, որ  հանգիստ խղճով, տեղը-տեղին  ատեմ  քեզ…

Ու որովհետև  խոսքերս ավելի շատ էին, քան դու կարողանում էիր լռել, չիմացա, որտեղից    սկսեմ   հատ-հատ ատել քեզ…

Պատուհանի ապակիներն օգնություն էին խփում. բռի քամին  անձրևի հետ միացած` արդեն համատարած բռնաբարում էին ծառերը. խեղճերը հազար անգամ տրվեցին…

Ու  հիշեցի  խամրած աչքերդ ու հանգած ժպիտը…

Եվ քանի որ  սև բիբերիդ  մեջ լրջությունից բացի խանդոտ կիրք էլ էի տեսել, սկսեցի խանգարված  նախանձել  ծառերին, ատամներով  կծեցի վերմակները, բարձերը, բայց դու չեկար…

Գնացի  խոհանոց` առանց ջրի   հերթական հաբերը խմելու, որ արդեն ստամոքսիս մեջ ոչ մի կերպ չէր հանգստանում, ու  ախորժակս չգիտեմ` քեզնից էր, որ փակ  էր վաղուց, թե դրանց շատությունից…

Ծառերը լրիվ թաց, տրանսի մեջ, աներեսի նման թուլացած անձրևից  էլի էին ուզում. հնազանդ, դողալով  կանգնած սպասում էին անձրևի հերթական ջղաձիգ նոպային, անձրևն էլ հոգնած,տկլոր, փախստականի նման խցկվում էր փոքր  ու մեծ  ջրափոսերում…

2014

« Արմենիկում »

 

Ժամանակը չուներ ազատություն, ու խնդրանք, որ ներեն մոլորություններն իր փեշերի, որ եկել, շարվել են կաչակաղի  չոր ոտքերով…

Ժամանակը չուներ տիրապետում, երբ ինձ ծեծում էիր կախաղանի թելով, մի ամբողջ  տարի դու մնացիր երեսուն, իսկ ինձ թվացել էր, որ մի քանի անգամ մատս մտցրել եմ աչքդ, ու նշել քո ծնունդն, իմ վերքոտ մահը տեսանք…

Չգիտեմ ինչու, երբ դու  ոչ մեկին մոտ չես թողնում սեղանիդ, բայց քո ժամանակը ներսից թալանում են.  ով ուզում է, ինչ ձևով ուզում է, ու ո՛չ անձրև է գալիս, ո՛չ մարդ է հղի, ո՛չ էլ վազող կա մեքենայի տակ…

Դու քրքրեցիր պարանով վիզս, մինչև սրտիս զարկերը դարձան մսե օրգանի թպրտյուն, և արյունս՝ լաբարատոր քննության նմուշ…

Ու հիմա անժամանակ ես գնում եմ փողոցով՝ ցեխաջրի հետևից, թեթև… մոծակի կլոր զգուշությամբ, որոհետև ես ոչնչից էլ  փոքր եմ, ու իմ մսե սիրտը խեղդվում է ամոթից…  չգիտեմ՝  ինչպես եմ  ներս քաշել…   ի՞նչը…   քեզ…  բայց դու…  ո՞ր  ոտքով`  մտել ես այդքան խորքն, ես ճահիճ չե՜մ,  չէ՜…

Ժամանակը մայթի վրայով քայլում է իմ փոխարեն, դու վազում ես կողքիցս, որ ժամանակից առաջ չընկնես…

Էլ մեր տանը հայելի չկա, որ իմ աչքերից նայող նույն դուք եք՝ դուերի չմակարդված խառնակությամբ. վախենում եմ նայել անգամ  աչքերիս մեջ, որ չհանեմ դրանք քո բաբախման ուժից, ու քեզ զգալը՝ բարձր ջերմություն…

Ձիահով վարակվածի նման կապույտ կաթիլային եմ արդեն ընդունում քո դեմ՝ արմենիկում: Վառելով հոսում ես արյանս մեջ ամեն օր՝ կապրեմ, կամ ոչ, իսկ քեզ համար շարունակվող ժամանակի խաղ է՝ քո նույն հեքիաթով կրկնվել երակներում ինչ-որ մեկի. կատուն մկանն ուտելուց առաջ մի երկու անգամ  թաթով տալիս է…  բայց ես բուժման լուրջ կուրս եմ սկսել քեզանից, որ վերանա   բացիլդ միջիցս  մի քիչ, ու բոլոր հիվանդների աթոռներին նստած եմ ես…

Ժամանակը հաղթահարում է ստացածը…

Ու հերի՛ք է անհոգնել պատմես քո նույն գլուխկոտրուկը բոլորին, ու լռես իմ  դիմաց, դրանք բոլորն էլ ես եմ՝ արմենիկումի   իմ օրվա կուրսի հետևից եկած, իմ մասունքը մի՛ բաժանիր չոր հացի գնով… սրբությունս կուլ եմ տվել արդեն...

Եվ ինչո՞ւ ես եկել հիմա, երբ դու միշտ չէիր գալիս… երբ  յոթ գլխանի հրեշ էիր կորած փչակի մեջ, մի՞թե կներեմ ես քո գալն, երբ նստել ես ագռավի նման գլխիս լարերին, արնահոսող քթիս տակ պատմում ես նույն սպանված իրականությունը մեռելներին… փաստորեն դու խոսել էլ ես իմացել…

Նրանք ձեզ մոտ պակասում են… ինձ մոտ միայն դու ես պակաս…

Ժամանակը չուներ կարմիր  լեզու, որ լիզեր եղևնու պես սուր   փետուրներն իր քրքրված սփռոցներից, և անշտապել բերանի մեջ դեռ խաղացնում էր իր ամենամեծ պոկված ատամն ու ափսոսում  դեռ դեն շպրտել…

Մեռի՛ր  ագռավ, դու արդեն ութ ամսում երկու հարյուր հիթսուն  տարեկան ես, մեռի՛ր, ասում եմ…

05.12.2014

  • Facebook
  • YouTube
  • Facebook Социальной Иконка
  • Instagram
bottom of page