Պարույր Սևակ
Ականջդ բեր ասեմ
Հայտնություն
(Նախերգանքի փոխարեն)
Բոլոր օրերից գուցե առավել անգույն-տարտամը
Այս օրն էր, որ կար,
Իսկակա՛ն միջակ ու տափակ մի օր,
Բայց նա ինձ համար
Մի արքիմեդյան օր դարձավ հանկարծ.
Ոչ այն է կարծես նորից ծնվեցի,
Ոչ այն է հանկարծ
(Առաջի՜ն անգամ)
Գտա ինքս ինձ.-
Խորամուխ եղա
Ստվերի բազում երանգների մեջ,
Ե՛վ լույսի բոլոր զգայարաններն ինքս զգացի,
Ե՛վ ծաղիկների ներկերի հյութը ինձ հայտնի դարձավ.
Դարձա ընդերքի մրափող ապար,
Ժայռի քարաքոս,
Որ արթուն է միշտ,
Դարձա երազկոտ՝
Ջրհորի նման,
Եվ մտամոլոր՝
Որպես արահետ.
Ես ըմբռնեցի,
Որ եթե ունես թռցնող թևեր՝
Չես զգա երբեք ծանրությունը քո.
Եվ ա՛յն հասկացա,
Որ դրամի պես
Մաշվել են արդեն բառերը բոլոր.
Հասկացա նաև,
Որ մինչև անգամ լավ է ավելի
Բառերն իրար հետ կապ իսկ չունենան,
Քան թե չունենան կշիռ ու արժեք...
Հիշեցի նաև այն խոսքը հայտնի,
Որ եթե մեկից կոչվես մեծամիտ
Եվ կամ անհեթեթ,
Եվ կամ խելագար,
Դու հակառակը չե՜ս ապացուցի՝
Որքա՛ն էլ ջանաս...
14.X.1959
Չանախչի
Հանդգնեմ ասել
Կարող եմ կյանքում ես շա՜տ բան անել,
Բայց անկարող եմ ինձանից վանել
Իմ երկվորյակին՝
Անկեղծությո՛ւնը:
Ուրեմըն ասեմ ամենից առաջ,
Հանդըգնե՛մ ասել, որ ես աշխարհում
Անխտրական եմ՝ նվագի նման,
Անձրևի նման ՝ հավասարատես,
Բայց և կան բաներ,
Բայց և կան մարդիկ,
Որոնց նկատմամբ միտումնավոր եմ՝
Չորը ճարակող չար կրակի պես,
Եվ ծխի նման անտարբեր եմ ես՝
Նրանց ճարճատում-ճիչերի հանդեպ...
18.XI.1959
Չանախչի
Քայլող հիշողություն կամ վառվող արյուն
Ե՛ս, որ կարող եմ ինքըս ինձ կոչել
Եկած ապագա,
Ես նաև քայլող հիշողություն եմ՝
Ապրո՜ղ պատմություն:
Թող ներվի ասել,
Որ իմ արյունը
Հենց համարյա թե նույն ծագումն ունի,
Ինչ ունի նավթը.
Հյութն ու ավիշն է բյուր սերունդների,
Մարդ ու կենդանու,
Ու թե արյանըս լուցկի մոտեցնես՝
Արյունը նույնպես կարող է... վառվե՜լ:
18.XI.1959
Չանախչի
Սիրում եմ սիրել
Քիչ է պատահում, որ ինքըս ինձնից
Փոքր ինչ գոհ լինեմ:
Դժգոհ եմ հաճախ,
Ուրեմըն՝ մարդ եմ ու դեռ ապրում եմ:
Բայց ես սիրում եմ ինքըս ինձ սիրել:
Իսկ սիրում եմ ինձ, երբ սիրում են ինձ:
Ես ինձ այդ պահին այնպես եմ ժպտում,
Ինչպես ժպտում են ա՛յն կոր գերանին,
Որ գետի վրա դարձել է կամուրջ,
Եվ ա՛յն մանուկին, որ ոտաբոբիկ
Մտել է առուն և - թա՜ց վարտիքով -
Կավ է դուրս հանում,
Որ նավակ շինի:
18.XI.1959
Չանախչի
Անմահները հրամայում են
Մերոնք
Այդ բառը արդյոք ե՞րբ ծնվեց կյանքում:-
-Գուցե այն պահին, երբ անակնկալ
Վերևից մի արկ աննկատ ընկավ
Եվ անմեղ խաղով տարված մի մանկան
Սպանեց մթնում:
Գուցե այն պահին, երբ վառվող մի տուն,
Չայրելու համար տունը դրացի,
Սեփական ցավի մոխիրը սրտում՝
Հրի շշուկով շշնջաց տրտում.
-Այդ օտարներն են, դու զգուշացի՜ր:
Եվ գուցե այն ժամ, երբ թշնամին ժանտ,
Հարբած իր արյամբ և մեր բերքերով,
Նահանջի մատնեց մեզ ծանր մի ժամ
Եվ այրված տունը դրացուն ասաց.
-Դեռ կգա՛ն մերոնք...
28.III.1947
Երևան
Հարազատներ
Հարազատնե՛ր,
Ես չմեռա, ես մնացի նորից կենդան,
Ես ապրեցի ձեզնից հետո...
Հարազատներ, որ թաղված եք մայր հողի տակ,
Հարազատնե՛ր:
Ես տեսա այն, ինչ դուք տեսաք-
Դեմքը մահի,
Բայց ընկնելով անժամանակ,
Դուք չտեսաք՝ ինչ տեսա ես -
Մարտից հետո եկավ ապրի՛լ, եկավ Մայի՜ս,
Եկավ Մայի՛ս ու հաղթանա՛կ:
...Հարազատնե՛ր,
Ես ի՞նչ երգով ձեզ ետ կոչեմ,
Իմ՝ զինվորի ձայնը խուլ է, մինչ սիրտն է խոր...
Հարազատնե՛ր,
Կրկին ստեպն է կանաչել,
Որ խեղդվել էր թնդանոթի թանձր ծխով:
Կրկին հիմա խարտիշահեր կազակուհին,
Շրջելով նույն ստեպներով,
Հանկարծակի հիշում է սուր կատակ մի հին,
Որ ձեզանից մեկն է ասել նրան մի օր,
Ու ինձ նման՝
Չի իմանում ժպտա՞, թե՞ լա...
Եվ շշնջում է միայն.
Հարազատնե՜ր...
30.V.1947
Երևան
Լեգենդը
Նա ծնվել էր այնտեղ, ուր կան լեռներ ժայռոտ,
Ուր քարափներ, կիրճեր, անտառներ կան,
Ուր ամեն քար այնպես մտերի՛մ է, ծանո՜թ,
Ամեն խութ՝ ժպտադեմ, ամեն թուփ՝ բարեկամ:
Ուր միակ թշնամին գարնան սելավն է ժանտ,
Որ սրբում էր - տանում ջրաղացը հացի,
Չթողնելով ձորում ուրիշ այլ մի նշան
Քարաշեղջից կախված նավախելից բացի:
Նա ծնվել էր այնտեղ - լեռնաշխարհում հայոց,
Ժայռաքարից կերտված մի հին տնում,
Բայց մարտնչեց, ընկավ - ընկավ իբրև հերոս
Ռուսական անափ տափաստանում:
Նույն հեղեղն էր վայրի, նույն սելավը դաժան,
Որ ուզում էր ողջը սրբել, քանդել՝
Հեռավոր Բեռլինից մինչև Կովկաս հասած,
Հեղեղ, որ ո՛չ ջրով, այլ արյամբ էր հորդել:
Նա մարտնչեց, ընկավ անափ տափաստանում,
Ուր քար չկա և ուր հողն է ավազ,
Որ այստեղ, քարաշատ, ժայռոտ Հայաստանում
Նրա ջրաղացը հայոց ցորենն աղա...
Հայոց ցորենն աղա, աղա հատի՜կ-հատի՜կ,
Առատ - ստեպների ավազի չափ,
Եվ ջրերի՛ն, ժայռի՛ն, նավախելի՛ն պատմի
Նրա կյանքի մասին... արդեն լեգենդ դարձած...
24.I.1047
Երևան
Աստծո քարտուղարը
Բանաստեղծները
Բոլորի պես՝
Նրանք նույնպես
Անկարող են ապրել առանց թթվածընի:
Սակայն նրանք
Ամեն վայրկյան նա՛խ այրվում են անթթվածին,
Հետո՛ միայն հրդեհվում են՝ քարածխի պես:
Նրանց լացը չի կտրվում
Ամե՜ն տեսակ քաղցրավենիք ստանալով:
Թե լալիս են՝
Ընդերկրյա անցուղո՛ւ պես:
Նրանք նաև ծիծաղում են,
Ու ծիծաղը
Զրնգում է մաքրահունչ դրամի՛ պես,
Եվ դրանից աշխարհն ինքն է հարստանում,
Բայց ո՛չ իրենք:
Թե քրտնում են՝ ո՛չ ամոթից,
Այլ միմիայն... ապակո՜ւ պես՝
Իրենց ներսի՛ տաքությունից,
Երբ որ... սաստիկ ցուրտ է դրսո՜ւմ:
Ու թե նրանք սուտ են ասում,
Ապա՝ շա՜տ-շա՜տ՝ որսորդի՛ պես,
Ո՛չ ավելի:
Իսկ թե ուրիշ կերպ են ստում՝
Այդ իրե՛նք չեն,
Այլ ծպտված ճարպըկորդիք,
Որ գործում են միայն նրանց անձնագրով:
Բոլորի պես՝
Նրանք նույնպես
Անկարող են ապրել առանց հաց ու ջրի,
Սակայն նրանք
Չեն էլ կարող ապրել միա՛յն հաց ու ջրով...
Անկեղծ ասած՝
Նրանց, իրոք, չնախանձել չի՜ կարելի,
Բայց լինում են և այնպիսի՛ ժամանակներ,
Երբ որ նրանց... պետք է խղճա՜լ:
09.X.1961
Երևան
Բանաստեղծի բախտը
Թեկուզ և ձեռքըդ գրչից էլ զրկեն,
Դու, միևնո՜ւյնն է, պիտի՛ որ երգես:
Թո՛ղ չտան ոչ մի լիազորություն,
Դու, մե՜կ է, սուտը պիտի՛ որ հերքես:
Քեզ կույր են կոչում,
Բայց տեսնում ես այն,
Ինչ որ շատերը չե՜ն կարող տեսնել:
Քեզ կաղ են կարծում,
Բայց այնտե՛ղ ես դու,
Ուր նրանք երբե՜ք չեն կարող հասնել:
Բախտի ճամփեքը տարբեր են լինում,
Նա ամեն մեկին տարբեր է սիրում
(Շատ անգամ նույնիսկ ատելությունը
Շուռ տված սիրո պատկեր է կրում):
Հաջողությունը թո՛ղ երես թեքի,
Հաջողությունը թո՛ղ քեզնից տա խույս...
Թո՛ղ նրանք լինեն հաջող որսի շուն,
Իսկ դու կմնաս ձախորդ հետախո՜ւյզ:
Թո՛ղ նրանք լինեն հայտնի թարգմանիչ,
Իսկ դու ուզում ես մնալ վերծանո՜ղ:
Թո՛ղ նրանք լինեն անցավ մանկաբարձ,
Իսկ դու մնում ես կարեվեր ծնո՜ղ:
Թո՛ղ նրանք լինեն դարի մունետիկ.
Իսկ դու մնում ես դարի գաղտնարա՜ն,
Նրա՛նք՝ թեկուզ և ծառայեցընող,
Դո՛ւ՝ ժողովրդի ինքնակամ ծառա՜ն...
...Բախտի ճամփեքը տարբեր են լինում,
Բախտն ամեն մեկին սիրում է տարբեր:
Նրանք ծնվել են, որ ապրեն հարբած,
Իսկ դու՝ որ քեզնով երբևէ հարբեն...
1961
Հիմն քարանձավի
Մենք դուրս ենք եկել մութ քարանձավից
Միլիո՛ն ու միլիո՛ն տարիներ առաջ:
Մենք դուրս ենք գալիս նո՛ւյն քարանձավից
Ամե՜ն ակնթարթ:
Նո՛ւյն քարանձավն է մեզ հետապնդում
Մեր ներսի՜ց արդեն:
Ու մեր երգածի կեսից ավելին
Նո՛ւյն քարանձավի արձագանքն է հենց:
Մնացած կեսով մենք հիմնն ենք երգում
Նո՛ւյն քարանձավի՝
Անեծքանման խոսքերով այն կույր,
Որոնց իմաստն ենք հասկանում այնքան,
Որքան պառավը՝ իր հմայական խառնակ խոսքերը,
Որքան երեխան՝ իր խառնիճաղանջ շուտասելուկը...
11.XI.1965
Չանախչի
Դիմակներ
Հարբեցողը
Նա հենվել է հին սեղանին արմունկներով
Ու ճոճվո՜ւմ է - ու ճոճվո՜ւմ է
Արդեն դատարկ գավի վրա,
Ինչպես... ահեղ մի անդունդի...
Անթարթ փայլը
Իր աչքերի ճմռթորված բոլորակի
Ասես լինի արտացոլք մի հեռավոր մոլորակի,
Որ չունի լույսն իր սեփական...
Եվ իր գլխով,
Ուր փլված է միջնորմ ամեն
Ու ջարդված է ամեն փական,
Պտտվելով դեգերում է այն քաոսը,
Որ եղել է ծնող մայրը
Այդ միևնույն մոլորակի...
Իր դեմ-դիմաց տնկված շիշը
Պատրաստ է, տե՛ս,
Կարծես երկինք սլանալու՝
Մի նորօրյա հրթիռի պես,
Որ վառելիք չունի սակայն...
Կրծած-թողած դեղին մեջքը աղաձկան
Շա՜տ է նման սղոցաձև լեռնապարի,
Որ սրա պիշ-չռված աչքում
Մեծանում է վայրկենապես
Ու... ճոճվո՜ւմ է,
Իսկ փուլ գալիս
Սրան՝ հերթով կախ է տալիս
Սղոցաձև ատամների կեռ-կատարից,
Կախ է տալիս,
Բայց չի խեղդում,
Որովհետև փոխարկվում է նորից ձկան...
Իսկ իր դիմաց հաց իսկ չկա,
Այլ փշրանքներ չոր ու ցրիվ
Հին սփռոցի ամպած-զամպած դեմքի վրա՝
Աստղերի պես...
Դեռ թեքված է
Ու ճոճվում է վաղո՜ւց դատարկ գավի վրա,
Ինչպես... ահեղ մի անդունդի:
Եվ գավի մեջ
Նա թերևըս պարզ տեսնում է
Մի ցամաքած հատակ... ծովի,
Հենց ա՛յն ծովի, որ կստացվեր,
Եթե կյանքում իր կոնծածը
Կուտակեին մի տեղ հանկարծ:
Մինչդեռ հիմա՝ դատա՜րկ մի շիշ,
Որ սեղանը դարձըրել է
Հրթիռարկման հրապարակ,
Եվ մի դատա՜րկ գավաթ ցմփոր,
Որի վրա,
Ինչպես ահեղ մի անդունդի,
Ինքը թեքվել ու ճոճվում է:
Ու ճոճվում է... լոկ կե՜նտ մի գավ բան խմելուց...
Եվ ինքն անգամ չիմանալով՝
Երազում է... հրազենի մի կե՜նտ գնդակ,
Որով իր դեմ տնկված շիշը, ինքն էլ մեջը,
Վեր կսուրար դեպի երկինք
Ու կտանե՜ր - կհասցընե՜ր
Իր իսկական... հայրենիքը՝
Քաոսային միգամածը...
30.III.1967
Արզնի