Հովհաննես Թումանյան
Գութանի երգը
Արի՜, գութան, վարի՜, գութան,
Օրն եկել է, ճաշ դառել,
Առը շո՜ւռ տուր, խոփիդ ղուրբան,
Օրհնյալ է աստված, հորովե՛լ:
Քաշի՜, եզը, ուսիդ մատա՛ղ,
Քաշի՜ , քաշենք, վար անենք.
Ճիպտի՜ն արա, քըշի՜, հոտա՜ղ,
Մեր սև օրին ճար անենք:
Պարտքատերը գանգատ գընաց,
Քյոխվեն կըգա, կըծեծի,
Տերտերն օրհնեց, անվարձ մընաց,
Կըբարկանա, կանիծի:
Էն օրն եկան թովջի արին,
Հարկ են ուզում տերության.
Ի՞նչ տամ կոռին ու բեգյարին...
Վարի՜, վարի՜, իմ գութան:
Ձեռըս պակաս, ուժըս հատած,
Հազար ու մի ցավի տեր,
Ինձ են նայում մերկ ու սոված
Մի տուն լիքը մանուկներ:
Արի՜, գութան, վարի՜, գութան,
Օրն եկել է, ճաշ դառել,
Առը շո՜ւռ տուր, խոփիդ ղուրբան,
Օրհնյալ է աստված, հորովե՛լ:
1887
Ամառվա գիշերը գյուղում
Լուսընկա գիշեր,
Երկինքը պայծառ,
Անհամար աստղեր
Ցոլցըլում են վառ:
Քընած է արդեն
Հովտում ողջ գյուղը,
Մըթնած ու լուռ է
Գյուղացու հյուղը:
Հոգնած գյուղական
Ընտանիքն ահա
Սրահում, կալում,
Կամ կըտրի վըրա:
Երկընքի դիմաց
Գըրկված են քընած,
Վերևիցն, ասես,
ժըպտում է աստված:
1887
Հին օրհնություն
Կանաչ, վիթխարի ընկուզենու տակ,
Իրենց հասակի կարգով, ծալպատակ,
Միասին բազմած,
Մի շըրջան կազմած,
Քեֆ էին անում
Եվ ուրախանում
Մեր հըսկա պապերն ու մեր հայրերը՝
Գյուղի տերերը:
Մենք, առույգ ու ժիր գեղջուկ մանուկներ,
Երեք դասընկեր,
Նըրանց առաջին գըլխաբաց կանգնած,
Ձեռքներըս խոնարհ սըրտներիս դըրած,
Զի՛լ, ուժեղ ձայնով նըրանց ըսպասում —
Տաղ էինք ասում:
Երբ զըվարթաձայն մեր երգը լըռեց,
Մըռայլ թամադեն բեխերն ոլորեց,
Նըրա հետ վերցրին լիք բաժակները
Բոլոր մեծերը
Ու մեզ օրհնեցին. — «Ապրե՜ք, երեխե՜ք,
Բայց մեզ պես չապրեք...»:
Ժամանակ անցավ, նըրանք էլ անցան,
Զըվարթ երգերըս վըշտալի դարձան.
Եվ ես հիշեցի մեր օրը լալիս,
Թե մեզ օրհնելիս
Ինչու ասացին. — «Ապրե՜ք, երեխե՜ք,
Բայց մեզ պես չապրեք...»
Խաղաղությո՛ւն ձեզ, մեր անբա՜խտ պապեր,
Ձեզ տանջող ցավը մե՜զ էլ է պատել:
Այժըմ, տըխրության թե քեֆի ժամին,
Մենք էլ` օրհնելիս մեր զավակներին՝
Ձեր խոսքն ենք ասում. — «Ապրե՜ք, երեխե՜ք,
Բայց մեզ պես չապրեք...»
1889
Երանություն էր խոստացել հույսս ինձ,
Բայց ես չըգտա նրան կյանքի մեջ,
Եվ քաջալերված պատիր խոստմունքից,
Կյանքի դեմ իզուր վարեցի ես վեճ:
Կարծում էի, թե մարդիկ անհամբեր
Ուրախությամբ ինձ սպասում էին,
Եվ ամեն քայլում խղճմտանք ու սեր
Մարդոց սրտերը միշտ հուզում էին:
Կարճատև՛ ցնորք, որ անցար արագ,
Ինչպես մի քամի, առավել չընչին,
Եվ ահա ընկած իբրե մի նավակ,
Որ կամեր լողալ ավազի միջին:
Դուն անցար, այո, դարձյալ աշխարհը
Կառավարվում է յուր օրենքներով,
Եվ դիմակ առած մեծ բարերարը
Մարդիկ է սպանում գաղտնի զենքերով:
Մահացու ախտով վարակվածն ահա
Անարատության հագած վերարկու,
Եվ խավարասեր ամբոխը նրա
Զազիր գործերին կանգնած խնկարկու.
Եվ հազարավոր անմեղ հոգիներ
Հալածված են չար կրքերից անսանձ,
Եվ, ի նախատինս բանականության,
Արդար է միայն զորեղը մարդկանց:
Ահա գետնաքարշ և չարախնդում
Խումբերըն անսիրտ մարդ-հրեշների
Վխտում են անվախ՝ հրապարակներում,
Իբրև առաջնորդ մարդոց մտքերի:
Ահա, խնդության ձայներ են թնդում,
Իբրև արձագանք չարության խոսքի,
Ի՞նչ են կամենում, էլ ի՞նչ են խնդրում
Պատահսաները մարդկային ազգի:
— Ի՞նչ եք կամենում դուք, մարդիկ ստոր,
Մա՞հը, կործանո՞ւմն արժանավորի.
Եվ այդ բոլորը միայն մի կտոր
Հացի համար է. սակայն, ո՞վ գիտի,
Գուցե խավարը ձեզ տվեց պաշտոն
Բանականության բռնավորների,
Եվ դուք, անմիտներ, ամբողջ մարդկություն:
Ձեզ հավիտենական կարծում եք գերի:
Խեղճե՛ր, նայեցե՜ք, ահա ձեր դիմաց,
Առանց նայելու ձեր կտոր հացին,
Բանականության զավակը կանգնած,
Սպասում է նա մոտ լուսաբացին:
Երանություն էր խոստացել հույսս ինձ.
Սակայն չըգտա նրան կյանքի մեջ.
Բայց չեմ վհատել. անսպառ մեկ իղձ
Դեռ ինձ մղում է դեպ հառաջ անվերջ:
Հառա՛ջ, կռվելով, և կըգա մի օր,
Որ կընկնի ներկան վատշվեր, դաժան,
Նրա ավերի վերա փառավոր
Ապագան լուսո կըկանգնի նշան:
1889
Վերջին խոսք
Հեռո՜ւ, ո՜վ սուրբ խաղաղության,
Մենք քեզ համար չունենք անկյուն
Մեր հալածված հայրենիքում
Եվ մեր ցաված սրտի խորքում:
Գնա դեպի այն լեռները,
Ուր որ հովիվն ու գառները
Ապահով են պատառողից,
Մենք ազատ չենք ահ ու դողից:
Գնա՜, հանգիր այն դաշտերում,
Ուր որ իրար էլ չեն տիրում
Եղբայր-մարդիկ, և հերկելով
Քեզ օրհնում են սուրբ երգերով:
Գնա դեպի երանավետ
Այն վայրերը, ուր կյանքի հետ
Խաղ չեն անում զվարճության
Կամ հեշտության համար միայն:
Իսկ մենք ցավով լեցուն սրտով
Անկարող ենք միշտ անվրդով
Ե՜վ քրդերի լուծը տանել,
Ե՜վ քեզ օրհնել, փառաբանել:
Հեռո՜ւ, ո՜վ սուրբ խաղաղություն,
Մենք քեզ, իբրև մի լոկ անուն,
Երանությամբ միշտ հիշելով
Պիտի կռվենք մեռցնող սրով:
Դեկտեմբեր.
1889
Ես նայում եմ. իմ առջև
Ահա տիրոջ աշխարքը.
Բերրի դաշտերը մինչև
Հեռու լերանց այն շարքը
Լայնարձակ, դալարագեղ
Տարածվում են և կորչում
Մշուշի մեջ, իսկ այնտեղ
Ճոխ անտառն է կանաչում:
Ուր որ ազատ շրջելով
Ապրում են երե, գազան,
Եվ թռչունքը ճախրելով
Երգ են ասում գոհության:
Ահա, շքեղ դաշտի միջով
Գալարվում է և անցնում
Հանդարտ գետը մրմունջով.
Հեռո՛ւ, հեռու է գնում:
Նրա դալար ափերում
Մինը հազար է բերում.
Սակայն ահա, մյուս կողմում
Կապույտ ծովն է մեղմ ծփում:
Ինչքա՛ն ճոխ է, հրաշալի
Այս աշխարհը լայն, արձակ,
Ամեն մի շունչ աչքը լի
Կապրի այստեղ համարձակ:
Ես նայում եմ, և մի միտք
Հղանում է ինձանում.
Ինչո՞ւ համար են մարդիկ
Իրար զրկում, սպանում:
1889
Մանկություն
Երբ որ գարշելով տեսնում եմ շուրջս
Մոլեգնած կյանքի պատկերը ցավոտ,
Հաճախ, մանկության, խռոված հոգուս
Ներկայանում ես ինչպես առավոտ:
Եվ մանկան նման արտասվում եմ ես,
Երբ այս օրերում, չարությամբ լցված,
Քեզ, սուրբ մանկության, հիշում եմ ինչպես
Երազի տեսիլք անհետ չըքացած:
Ինչպես արևի ճաճանչը վերջին
Թռչում է հանկարծ, տիրում է խավար,
Այնպես շողացիր և անցար կրկին,
Մնացի անզոր, ցոփ կյանքին ավար:
Թե հնար լիներ մի անգամ դարձյալ
Դառնալ քո գիրկը... ա՜խ, ի՞նչ եմ ասում,
Այդ անհնար է. — արդեն հանդերձյալ
Կյանքի ճամփան է իմ առջև բացվում:
Բայց մինչև այնտեղ, սոսկալի՛ ուղի,
Ահա բռնություն, պատիվ անարգած,
Ահա հառաչանք, արտասուք աղի,
Ահա սև նախանձ և սեր սակարկած...
Կըմեռնեմ և ես այս ցավերի տակ
Ինձ հետ տանելով շատ իղձ ու փափագ,
Իսկ այս աշխարհից և ոչ մի պսակ —
Միայն քո անմեղ, քո սուրբ հիշատակ:
Մի տխրատեսիլ գուցե գերեզման
Անցվորականից խնդրե մի բերան
Ողորմի ասել... ո՞վ գիտե, և այն
Կըլինի՞ արդյոք, կընայե՞ն նորան...
1889
Ների՜ր, ո՜վ կույս, որ հուզեցի
Խաղաղ կուրծքդ կուսական,
Մեղսոտ սրտով ես չուզեցի
Կործանել քո ապագան:
Այն մի անմեղ խաղ էր, հոգի՜ս,
Պատանեկան հասակի,
Որ անցնելով պատճառ դարձավ
Քո աչքերիդ արցունքի:
Ես գուշակել չըկարացի
Կյանքի վճիռն անարդար,
Անգիտությամբ ես հարուցի
Այդ փոթորիկն անդադար:
Ների՛ր, ո՜վ կույս, բուռն եռմունքին
Պատանեկան կրքերի,
Ների՜ր, հոգիս, որ մատնեցին
Քնքուշ սիրտդ վշտերի:
1889
Նախերգանք
Լեռնե՛ր, ներշընչված դարձյալ ձեզանով,
Թընդում է հոգիս աշխուժով լըցված,
Եվ ջերմ ըղձերըս, բախտից հալածված,
Ձեզ մոտ են թըռչում հախուռն երամով:
Ձե՛զ, ձեզ վերըստին, ամպամած լեռներ,
Կյանքի տխրության ամպերի տակից
Ես ձայն եմ տալիս ու ծանրաթախիծ
Հոգուս ձայները ձեզ բերում նըվեր:
Քեզ մոտ եմ գալիս, իմ հի՛ն տրտմություն,
Վեհափառ դայակ մանուկ օրերիս,
Այնժամ էլ, չէիր ինձ հանգիստ տալիս՝
Սըրտիս ականջին խոսելով թաքուն...
Ո՛վ, որ կանչում ես գիշեր ու ցերեկ
Հազար ցավերով, հազար ձևերով,
Ոգևորության հըզոր թևերով
Քեզ մոտ եմ գալիս, հայրենի՛ք իմ հեգ:
Գալիս եմ, բայց ոչ ուրախ երգերով
Քո ծաղիկներին ծաղիկ ավելցնեմ,
Այլ դառն հեծության հառաչանքներով
Էդ անդընդախոր ձորերըդ լըցնեմ:
Ձորե՛ր, ա՛յ ձորեր, սև, լայնաբերան,
Սըրտիս էս խորունկ վերքերի նըման.
Աստծու հարվածի հետքերն եք դուք էլ,
Քեզ մոտ եմ գալիս, ուզում եմ երգել:
Դուք էլ խոսեցե՛ք, դուք էլ պատմեցե՛ք,
Ձեր անդունդներով եկեք չափվեցե՛ք,
Դուք է՞լ եք, տեսնեմ, էնքան մեծ ու խոր,
Ինչքան իմ հոգու թախիծն ահավոր...
1890
Խորհրդածություն
Ո՞րն է դրախտը, — վայրն երանավետ,
Ուր պիտի ապրեմ գերեզմանից ետ.
Մի՞թե մարդկային տառապած կյանքը
Չըստեղծեց այն սուտ մխիթարանքը.
Եվ մի՞թե նորա մահից սարսափած
Ագահությունը չէ իրան խաբած...
Սակայն բարի է. — մի տանջված արդար,
Կամ իրան արդար համարող մի չար
Երկրային կյանքի վերջին վայրկյանին
Հանգիստ ու խաղաղ կավանդե հոգին,
Համաձայն իրան ճաշակի, կամքի,
Վայելքն հիշելով խոստացյալ կյանքի.
Եվ ահա միակ, բայց մեծ օգուտը,
Որ մարդկությանը տվեց այս սուտը:
Ա՞յս է մեր կյանքը. — լոկ խաբեություն.
Ո՛հ, մի՞թե և ես, ինչպես մի հնչյուն,
Այս իմ հույսերիս, ձգտումներիս հետ
Պիտի մեռանիմ, չքանամ անհետ...
Չէ՜, սիրելի է խոստումն երկնքի —
Հույսն հավերժական, անվախճան կյանքի.
Հեռո՜ւ ինձանից, հոգեմաշ կասկած,
Ողջույն քեզ, ողջո՛ւյն, ո՜վ կյանքի աստված.
Արի՜, հայտնվի՜ր, նշկահիր մահու
Տարակուսանաց տագնապն ահարկու
Եվ կույր հավատով զորացրու հոգիս —
Անմահություն տուր լքացած կյանքիս...
Բայց ի՞նչպես պիտի կյանք առնեմ կրկին,
Արդյոք լուսակազմ, աննյութ, անմարմին
Պիտի սավառնեմ անծայր եթերքում,
Թե՞ իբրև մի հունչ շրջեմ աշխարքում,
Թե՞ անփույթ, անգործ թափառեմ պիտի
Մարդոց աչքերին անտեսանելի,
Թե՞ ամպերի մեջ պիտի ես հանգչեմ
Եվ ոտքիս տակից կայծակներ իջնեն...
Օ՛, ներիր, աստված՝ ծածկագետ, անհուն,
Ներիր մեծամիտ, գոռոզ պատանուն.
Աննշան ճճիս չարաչար մեղա,–
Հանդուգն խորհրդով խորամուխ եղա,
Ձգտեցի պարզել քո աստվածային
Անհասանելի, անմեկին գաղտնին:
Ապրիլ.
1890
Մարգարե
Երբ որ վեհության կնիքը ճակատին
Եվ ճշմարտության սուրբ պատգամներով
Նա հայտնվեցավ մոլար աշխարքին
Եվ դարձ քարոզեց հրաթափ լեզվով,
Նրա աստվածային ձայնից սարսափած
Գիշերատեսիլ մարդիկ հուզվեցին,
Իրանց սեղանից վեր կացան հարբած,
Մոլեգնության մեջ աղաղակեցին.
Ո՞վ ես դուն, արի՜, այս մեր հանցավոր
Ուրախությանը մասնակից եղիր,
Կամ թո՜ղ վայելենք մեր կյանքն անցավոր.
Թե չէ՝ խիստ պատժի քարերից փախիր:
Սակայն անվհատ նա հառաջ գնաց
Անուշադիր յուր անձի վնասին,
Մոլորությունը ներելով մարդկանց՝
Հոգ տարավ նրանց փրկության մասին:
Եվ երբ որ լուսո նա ջահը ձեռքին
Մոտեցավ կորստյան փոսի եզերքին,
Ապերախտ ձեռքով ամբոխը խավար
Զարկեց, խորտակեց ջահը փրկարար:
ժամանակ անցավ. թշվառ ամբոխին
Արդեն փորձանքը վրա էր հասած,
Երբ ուշքի եկավ, վայ տվեց գլխին. —
«Նա մարգարե էր, նա իրավ ասաց»:
Մայիսի 1.
1890
Պոետին
Մեր ուշքն ինչո՞ւ ես կախարդում
Սիրո անհոգ երգերով,
Մեր աչքն ինչո՞ւ ես դու խաբում
Ցնորական պատկերով:
Այս օրերում հարկավոր չեն
Զբոսանքներ հոգեկան,
Նայի՜ր կյանքին, մեզ կանչում են
Մեր եղբայրներն օգնության:
Իսկ դու, անփույթ մեր տանջանքին,
Հարվածներին մեր բախտի,
Արբեցնում ես արթուն հոգին
Քաղցըր թույնով հեշտախտի:
Քո սիրային երգերի հետ,
Նայի՜ր, սուգ ենք մենք անում.
Բավակա՜ն է, կանգնի՜ր, պոետ,
Կյանքի կռվի սահմանում:
Եվ տարածիր աջըդ անզենք
Ընդդեմ չարին մահաբեր,
Մենք էլ այնժամ քեզ հետ կասենք
«Մնաք բարյավ, կույս և սեր»:
1890
Գիշերային առաջին աստղի դիմաց
Արևը թռավ. երկինք ու երկիր
Առավ խավարը գիրկն համատարած.
Դուն, փայլան աստղիկ, դարձյալ շողացիր,
Արդյոք այս գիշեր ի՞նչ բերիր մարդկանց:
Դուն ավետեցիր ժամը տեսության
Այն սիրատենչակ սիրահարներին.
Որ սրտատրոփ անհամբերությամբ
Սպասում էին խաղաղ գիշերին:
Դուն երևացիր խավար երկնքից...
Օ՛, նա սպասում էր քո երևալուն.
Ահա հուսահատ, զզված յուր կյանքից,
Խեղդվելու գնաց մարդկանցից թաքուն:
Դուն երևացիր և բազկատարած
Պատրաստվում է մեկն աղոթք անելու,
Այնինչ, մի ուրիշն յուր զենքերն առած՝
Գնում է անմեղ մարդ սպանելու:
Իսկ մեծատունը, խնջույքից հոգնած,
Հանգստանամ է. ա՛խ, թե նա հիշեր,
Որ յուր պալատի պատի տակ կանգնած
Թշվառն օթևան չունի այս գիշեր...
Դուն, փայլուն աստղիկ, որ շողշողում ես,
Ինչպես սիրուհու թրթռուն տենչանք,
Ամեն գիշեր ինձ համար բերում ես
Կրքերի հուզմունք և հոգու տանջանք:
Մայիսի 12.
1890
Չարամիտներին
Դո՜ւք, մեծ հայրերի ընկած զավակներ,
Դո՜ւք, ո՛վ ստրուկներ մոլի կրքերի,
Դո՜ւք, ո՛վ զեխության խղճալի հյուրեր,
Որ շվայտ կյանքին դարձել եք գերի.
Դո՜ւք, որ ընկնում եք ոչ պատերազմում
Թշնամու սրով և ոչ ձեր մահով,
Որ եղբայրադավ ժողով եք կազմում
Եվ տեսնող աչքից կարծում ապահով.
Դուք, որ պատրաստ եք անմեղին կապած
Սեղանավորի ոտքի տակ զոհել,
Որ ավազակի առջ սարսափած,
Ճշմարտությունն եք ուրանում խոսել.
Դո՜ւք, որ ուզում եք աշխարքին խաբել,
Եվ դատաստանի առաջ դողալով
Գիտեք կեղծավոր արտասուք թափել
Չարությամբ լեցուն, հանցավոր սրտով.
Դո՜ւք, որ մարդկերանց աչքերն եք կապում,
Ո՛վ սպասավորներ բանտի, խավարի,
Որ հարազատի արյունն եք թափում
Եվ ձեր եղբոր գույքն առնում ավարի.
Դո՜ւք, որ այրիի դառն արտասուքով
Շաղախեցիք ձեր սեղանի հացը,
Որ հպարտացած անօրեն գործքով
Հարցանում եք թե՝ ո՞ւր է աստվածը. —
Կըհասնի նա ձեզ, բարկությամբ արդար
Արժանի մահով պատուհասելու,
Եվ ո՞վ պիտի ձեզ ցույց տա ճանապարհ
Նորա բարկության պատժից փախչելու:
Մայիսի 20.
1890