ժամանակակից հայ գրականություն
Ճմրթվող թղթերի վրա ես քո անունն էի գրում հեռու երկինքներից ագռավները գալիս էին ու պատմում քո մասին
ես պատերը կրծում էի շաքարի պես
և օրերիս վրա կիտրոնի պես բարակ շերտիկներ էին մելամաղձի
Հասմիկ Սիմոնյան
Հասմիկ Սիմոնյան
Գրող, բանասեր
Ծնվել է 1987 թվին, Երևանում:
2003-2008 թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետում, իսկ 2008-2009 թթ. Կովկասի ինստիտուտի լրագրության բաժնում:
2005 թվին, հրատարակել է « Լուսնոտ բառեր» բանաստեղծությունների ժողովածուն, որն արժանացել է Սլավիկ Չիլոյանի անվան մրցանակի:
2010 թվին, լույս է տեսել «Թափթփված սենյակներ» բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն:
Տպագրվել է «Գրական թերթ», «Գրեթերթ», «Եղիցի լույս», «Գարուն», «Նարցիս», «Ցոլքեր», «Ինքնագիր»,«Հետք» և այլ պարբերականներում ու ինտերնետային կայքերում:
Արժանացել է տարբեր մրցանակների և կրթաթոշակների, որոնց թվում՝ 2006 թվին, Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակի «Գրականություն» բնագավառում:
2007 թվից, ՀԳՄ-ի անդամ է:
Պարբերաբար մասնակցել է երիտասարդ գրողների խորհրդաժողովների և այլ միջոցառումների՝ Հայաստանում, Արցախում, Վրաստանում, ՌԴ-ում, ինչպես նաև 2011թ. մայիսին, Ֆրանսիայում՝ պոետների 11-րդ բիենալին:
« Լուսնոտ Բառեր » 2005թ.
Հ. Սիմոնյանի գրականությունը
« Գրական Ժամ » կայքում
Եվ հեթանոս աստվածները զգուշացրեցին`
կգան օրեր
թռչունները կթռչեն հեռվում
ծառերը կանաչ կլինեն
երեխաներ կպառկեն հողի վրա և մատներով կճզմեն
ցանկությունները ծնողների
և ծնողները ուշացած կողբան օրերի հեռվում
և օրերի հեռվում աշուն կլինի
2009
Երկու րոպե հետո աշունը կվերջանա
աշունը կլքի քաղաքը
դռների մոտ կանգնած տղամարդիկ կօրորեն գլուխները
ու կանայք ավելի տաք կհագնվեն
ես շուռումուռ կգամ անկողնում
անձրևից փայլող փողոցում ետ ու առաջ կանեմ
կարթնանամ ու կքնեմ
ջրափոսի մեջ կլվանամ կոշիկներս
մեռելների հետ սեր կանեմ
կծխեմ գերեզմանաթմբին գլխահակ ու տխուր
իսկ երկու րոպե հետո աշունը կվերջանա
ու դռանս մոտ կանգնած տղամարդը կօրորի գլուխը
ու ես ավելի տաք հագնված
չեմ իմանա ինչպես ապրել այլևս
այս ծերացող քաղաքում
ում վաղուց լքել են հեթանոս աստվածները
2009
Այս աշունը մեր տան ամենացուրտ եղանակն էր.
լվացքի պարանին շորերը չէին չորանում,
ու ստիպված մենք էինք չորանում
հագուստների մեջ…
– ծեծից մարդիկ տաքանում են,
–գլուխս ձեռքերով պաշտպանած մտածում էի ես
ու թերթում Աստվածաշունչը,
որտեղ տաքանալու մասին ոչինչ չկար գրված…
– կյանքում հերդ ինձ մատով չի կպել,
–կրկնեց մայրս ու
ավլեց արցունքները,
որ անխնա թափել էինք բոլորս……
և երաժշտության հետ կտրատված կանաչին
աղցան չէր դառնում,
իսկ աշունը բնավ էլ դեղին չէր,
և արև կար, որ անհասանելի էր
դոլարների պես ու կապի…
հայրս ծխում էր…
մտովի ստացած ապտակներից
տաքացած գլուխս չբարձրացրեցի…
– անցեք քնելու, – ասաց հայրս,
և դժվար էր հասկանալ`
նա էր ծխախոտ ծխում, թե ծխախոտը` նրան……
և աշունը բնավ էլ դեղին չէր,
կանաչը ամենուր էր և շատ, մեր գրպաններից բացի,
ու աշունը, գլուխը ձեռքերով պաշտպանած,
թերթվում էր Աստվածաշնչի պես
ապտակներից տաքացած ու նյարդային դողով…
2006
– Կմրսես, – հիշեցրեց մայրս,
ու գիշերը նրա հետ հեռացավ
քնելու,
իսկ սենյակում մնացին
ծուխն ու
լացի մի տեսակը,
որի անունը չգիտեի…
…ծխապատ բիբերիս միջից
մորս հիշեցումը երբեմն-երբեմն
մրսում էր,
ու ջարդված ապակիների`
գլխի պես ցավոտ
ձայնը թարթում էր աչքերը,
հարևան հիվանդ ու միայնակ կնոջ պես,
որին շտապ օգնության մեքենան
հեռացրեց,
ու փողոցում նրանց ետևից
ձգվեց գիշերը`
ավելի սև ու ավելի երկար…
– Աիդա տատիկին տարան, –
ասաց մայրս` փակելով դուռը,
և օրերը դատարկ մանիկյուրների նման
խոսում էին սեղանի մյուս անկյունից.
հեռացող մարդկանց չուն
ձգվում էր երկնքի
բացված պատուհանից…
– կկարոտեմ, – հողի ձայնը տաք էր…
…ու ես մրսում էի,
միջիս մենակությունը ոռնում էր,
և գիշերվա ատամների մեջ
զսպված քրքիջ կար,
ես այն քաշքշում էի սանձի պես,
ու ծխապատ բիբերիս մեջ
լացի մի տեսակ կար,
որի անունը չգիտեի…
2006
1.
Օրերս չեն անցնում այլ վիժում են ինձ
ես մենակ եմ ինչպես առաջ
ինպես հետո
ինչպես միշտ
հայրս ծխում է
ես հայրս եմ
անասուններ գոռում եմ աղջկաս վրա
աղջիկս լացում է
սրիկա հայելի ինչ կեղծ ես դու
կփշրեի քեզ եթե իմը լինեիր
դու իմն ես ասում է հայելին ու փշրում ինձ
փշուրներս վազում են վազում են վազում եմ
բոլոր հայրերը չգնահատված փշուրներ են
հորդ հետ չես խոսում
ասում ես որ նրա համար մեռած ես
պատմեցիր որ երբ քո սենյակում փակված Մոցարտի ”Ռեքվիեմ”ն էիր լսում
դուռը կոտրելով հայրդ կատաղած մտել էր ներս
իսկ դու ընդամենը և միայն Մոցարտի ”Ռեքվիեմ”ն էիր լսում…
դու ամեն օր սպանում ես հորդ իր իսկ փրկության համար
հայրդ նախ շրջիկ դրամապանակ էր քեզ համար
հետո պատճառ որ խուսափեիր բանակից իբրև միակ խնամակալ
մորդ հետ ծանոթացա Սուրբ Սարգսի օրը
գերեզմանոցում
Ժաննա գրված էր գերեզմանաքարին
մորաքույրդ նայեց մեզ ու խոստացավ պահել մեր երեխաներին
սուր-սուր փշուրները խրվում են մարմնիդ մեջ ու խմում արյունդ
երջանկացած շոյում ես փշուրների ծայրերը ու լիզում մատներիդ արյունը
փշուրները քո երեխաներն են
դու փշուրիկ ես միշտ միշտ միշտ
պուճուր անպաշտպան փշուրիկ
երբ ծանոթացանք հայրդ ապրում էր իր սենյակում
ձեր վարձով տան մեջ
իր գրքերի հետ
հիշողությանդ մեջ մնացել է տանիքին բարձրացած հայրդ
քեզ գրկում պահած որ հանկարծ չընկնես
արնաքամ հայրդ փորձում է ժպտալ
քաղաքի որովայնին
վիրահատությունից մնացած հետքի պես
քիչ-քիչ բարակող
ձյուն
բոլոր հայրերը ժպտում են մեզ
2010
2.
Այս անվերջանալի անձրևներից հետո
այս կայքէջերի շփոթեցնող մարդկանցից հետո
այս ջութակների հրաշալի համերգից հետո
գրադարանում գոռացող գրքերի լեշահոտից
ամպամած երկնքի սրտխառնուքից հետո
ձրիակերի պես ուտելուց
ծխելուց
խմելուց
հայհոյելուց հետո
ես բախվում եմ սիրո բորբոսնած պատին
իմ չսիրած տղա, ոնց կսիրեի քեզ
բառ,
իմ միակ ճշմարտություն,
ես կորցնում եմ քեզ
թուղթ, կուլ մի տուր բառս, ինչպես հողը հարազատներիս
այլապես ես գիտեմ մկնդեղի տեղը
և դեղահաբերի, որ կարող են լուծել հաշիվները սրտիս հետ
և ուր է իմ վերջին հիստերիաների ձյունը
բարձրաձայն իջնող ձյունը
որ խցանվեր կոկորդիս մեջ
հայրական ապտակի պես կամ չմարսված կերակուրի
ուր ես, բառ
հայտնվիր իմ հերթական սիրեցյալի պես ու անհետացիր`
հայտնվելու համար լուսավոր ապագայում`
բազմազավակ և ոչ երբեք ինձ հետ
ուր ես, բառ, արի ամուսնանանք, ի սեր հարազատներիս,
ես սիրում եմ քեզ, ինչպես գլխատվածը իր գլուխը
սիրում եմ քեզ, ինչպես երբեք
սիրում եմ քեզ, ինչպես հիմա
հիմա,
երբ չգիտեմ ինչ բառերով զանգել քանաքարային
ու հարցնել` ոնց է հիվանդ մայրդ
երբ չգիտեմ ինչպես ցավակցել խանջյանին
ով կորցրեց հորը ու խմում է նորից
հիմա
երբ ինքս էլ բառերի կարիք ունեմ
և գաղափար չունեմ, թե որն է ճիշտ բառերի տեղը
և մեկն էլ իմ ներսում բաժակ բաժակի ետևից դատարկում է մաղձը
և միակ հարազատս հուսահատությունն է,
էն էլ մենակ ագռավի պես նստել ծառին ու կռռում է
այլ ելք չկա, բառ, հայտնվիր
ինչպես գնդակահարության պատի տակ կանգնածի
գանգը փշրող փամփուշտը
2010
3.
Տարվա վերջին օրվա պես`
ոտաբոբիկ ու անսեր
ես վազում եմ քաղաքում այս երևան
ես պարում եմ
ես հարբած եմ, մայրիկ, ու չեմ ամուսնանա
ես
մենակ եմ
ինչպես
հասմիկ սիմոնյանը
և ավելի դժբախտ,
քան գրական հայերենով գրված
բառը
բառը, ահա թագուհին, որ չունի թագավոր
նա չունի թագավոր
նա կիթառ ունի
և նվագում է
նա գլուխ ունի և թափահարում է
թագուհին ոտքեր ունի և վազում է
բոլոր թագուհիները վազում են նրա ետևից
բոլոր կանայք թագուհի են ու վազում են
օ, աստված իմ, մայրս էլ է վազում,
ոնց չէի նկատել, որ նա էլ է թագուհի
ես ուզում եմ կանգնել տեղում ու
ոտքով խփում եմ գետնին
չեմ ուզում լինել թագուհի
չեմ ուզում լինել կին
չեմ ուզում լինել մայր
ես տղամարդ եմ և սիրում եմ կանանց
բայց հարբած եմ ու
գլուխս կորցրած
սլանում եմ
-անասուններ…,- հարբած գոռում է բակը մաքրող կինը
ու քարշ տալիս անձրևից լխկած տերևներն ու զիբիլը
-անասուննեեեեեր…
օղու շիշը դատարկել են գետնին…
հարբած լիզում է գետինը
իսկ ոտքերը վազում են
նա էլ է թագուհի
վազում եմ խակ նյարդալարերիս վրայով
Սարտր պապիկը հուշում է
մեզ վիճակված է այս պատերազմը
և ես այն մղելու եմ
ես պարում եմ
ես հարբած եմ, մայրիկ, ու չեմ ամուսնանա
2010
Քեզ
Ես չեղա նավզիկե քեզ համար
չնայած երբ էլ դու եկար
եկար քրտնած ու թաց
ոսկորներիդ մեջ պտտահողմ տեսա, ալիքներ
թափառող
թափառիկ` պես մարդու մեռած հիշողության
ինչ կար քեզանից
գարուն ամառ աշուն
անկիսելի քաղաք պստիկ-մստիկ ցույցերով
և անշարժ աստվածներ սայլակում հաշմանդամի
ինձնից մի մարմին կար` որբանոց գրքերի
դու անտեր գրքի պես լուսնային մի գիշեր ոռնացիր երկար
ու ես գնացի
փնտրելու իմպեսներին
բայց ում էլ որ գտա
եկավ անձրևի հետ` աստվածային խաղաղ, ամնարդկային կրքոտ
ու լուսնային մի գիշեր
երբ մինի աստծված էի` միայնակ ու դժբախտ
ես հիշեցի ոռնոցդ քրքրված ու անտուն
քեզ բացեցի կամաց որ մաշված էջերդ հանկարծ չցավեցնեմ
ու կծկվեցի քո մեջ
ինչպես հարազատ դագաղում
գիրք իմ որ իմը չես
դու չեղար նավզիկե ինձ համար
չնայած ես միշտ եկա
որ մատներդ շոյել սովորեն ու աչքերդ դատարկ չմնան
ու լուսնային մի գիշեր երբ պտտահողմ ելավ
և ալիքներ բարձրացան
ես ջրհեղեղ ուզեցի ու բառը` իբրև նավ
ինձ բերեց քեզ մոտ
քեզ տեսնելու համար և սակայն չունենալու
գիրք իմ որ դու ես ու ես չեմ
գիրք իմ որ այդքան ես եմ
ներիր իմ սխալները
ես սովորական աստված եմ` ամեն քայլափոխի հանդիպող
վառիր աստղը քո կղզու
որ լուսնային այս գիշեր
ոսկորներիս պտտահողմը ավազներդ մաքրեն
կրակոց
Արտակ Նազարյանին
և հայրդ էլ քո հայրը չի լինի
չի ասի տաք խոսքեր
կամ մի գնա
փողոցը կընկնի ոտքերիդ տակ սպիտակ ու ճմրթված թղթի պես
(հիշիր, պա, օրերն այս, երբ ես հիվանդ էի գրիպով
ու քայլում էի անձրևի տակ տարտամ հույսով գտնելու աշխատանք
և մի ուհի մուրացկան անտաշ ու բթացած մատներ ուներ
կյանքը ծխել էր նրան ու թքել պատի տակ,
սրան հիշիր, պա, հետո մենք էլ ժամանակ չենք ունենա հիշելու)
հեռվում ավտոմատները կրակում էին շատ բարձր
մենք գոռում էինք, որ մեր ձայնը ավելի բարձր լինի
բայց ավտոմատները ձայնով խոցել գիտեին
և ինչ ամոթ էր, պա,
դու ոստիկան էիր,
իսկ ես ընդամենը բանաստեղծ,
թե դու էիր բանաստեղծ, արդեն չեմ հիշում,
երկինք կար` գետի պես ոլորված աջ կողմում
ձախում դու էիր,
հեռվում կինդ` նրբին մատներով,
խորը գրպանիդ մեջ նստած ապահով ու տաք
կյանքը ծխում էր նրան ու թքում գրպանիդ մեջ
ու երկինքը ոլորվում էր անվերջ
ու երկինքը լաբիրինթ էր պուճուր` խցկված նյարդերիդ մեջ
փողոցը մեծ էր, կուրացուցիչ սպիտակ թուղթ
հեշտ գրվող բառեր չէին
թաց մայթին կարևոր չի անձրևոտ, թե գրիպոտ
չասացիր տաք խոսքեր
կամ մի գնա
ոչինչ
փողոցն էր, ես էի ու դու
դե դու գնացիր
իսկ ես
մնացի կանգնած թիկունքում
ավտոմատները կրակեցին շատ բարձր
և ձայնը ինչ խորը խոցեց
փողոցն էր, թե սահմանը թղթի պես
արնոտված զինվոր-տառերով
հեշտ գրվող բառեր չէին
թաց մայթին կարևոր չի անձրևոտ, թե
երկինքը լայն էր` անտեր կանանցով լիքը
գետը` խորը ոլորուն երկնքի պես
Լաց
Ամենակարևորը քեզ ճիշտ հրաժեշտ տալն էր
հետո դուռը կփակես
թփթփացնելով կիջնես փոքր տղեկի պես
կսլանաս
կսահես
կսուրաս
կգնաս
կմնա
հատակին
հաստակաշի օձերի պես թափառող մի քանի գոտի
գալարվող մի երկու տուփ անձեռոցիկ
բզկտված-լխկած մարմին մինչև վերջ տրված
հուժկու աժդահա տորք անգեղ լացին
որ վերջացնելուց հետո աստվածային քացիներով կսրբագործի գոյդ
կդառնաս փխրուն ինչպես շոկոլադով տորթը
և մաքուր թթու դրված խոզի տոտիկների պես
կմնա
վռազ արված քո ֆոտոն
հեռախոսիս մեջ
դու քնած
կծկված վերմակի տակ չծնված երեխայի պես
սրբիչդ պատուհանից կախ գիշերվա լոգանքից հետո
սրբիչդ աշխարհի ամենամեծ թաշկինակի պես
պատուհանից քեզ հաջող անող
անհավանական կապույտ
այնքան որ թվում է հարազատ եղբայր ես գնացող բանակ
և մենակ եմ որովհետև չեկա քեզ ճանապարհելու
և մենակ ես որովհետև ճանապարհը գիտես
առաջ դեպի ռիո դե ժանեյրո
առաջ դեպի մալվինո սալվադոր
ահա ինքնաթիռները երկար-բարակ հաջողներից հետո
քեզ երկաթե սկուտեղով մեր երկնքից ձեր երկնքին շռայլող
ահա ավտոբուսները որոնց չեմ սիրում
երթուղայինը որտեղ հարյուր դրամով կգնես ատելությունս
ավտոմեքենան որ քշել չգիտեմ բայց ունեմ վարորդական իրավունք
և ահա ձիերը որ երազում եմ քշել լեռներով անտառներով ու դաշտերով
սրբիչդ որ կախարդական գորգի պես
վարժեցված կգնար քո հնարավոր հետքերով
եթե պատուհանի մեխին մնացած չլիներ ու այսքան նրբածփիկ չքանդվեր
ահա հարազատներդ
մայրդ
սրբիչ-թելի կծիկը ձեռքներին լաբիրինթոսի դռանը կանգնած
քիչ-քիչ վերածվող սասունցու արմատներով հույն արիադնաների
ես
չկամ
որովհետև արդեն մեծ տղա ես
և գիտես կտրատել շոկոլադով տորթը
և գիտես վերադառնալ անձնագրիդ ետևից
և գիտես երբ չասել բառեր սիրտ թափելու պես
և գիտես երբ բանալին լուռ սեղմել վզիս
և ոտքիդ չափսը թողնել մարմնիս
անհավանական կապույտ հետքերով
դու կենաց ասել էլ կիմանաս
որովհետև արդեն մեծ տղա ես
շատ մեծ տղա
Որս
Ես փակում եմ դուռ ու լուսամուտ
հագնվում եմ, կոճկվում,
փաթաթվում վզախեղդ շարֆով,
կապում եմ աչքերս,
ակնամոմով լցնում ականջներս, քիթս,
որ դու չգաս ոչ մի կերպ,
օդի միջով, բացիլների, շշուկների, ձայնի
չգաս ոչ մի ձև
մոռացվես, ցնդես
ողբեր եմ հորինում քո պատվին
ու հազար օղորմիներով մեռցնում քեզ
ծակծկում եմ դիակդ սիրուս մեջ թաթախված նետերով`
թունավոր ու սիրատարփ
քարշ եմ տալիս մարմինդ նկուղ`
խոնավ ու ցուրտ, անլույս ու անհս,
թողնում քեզ առնետներին կեր
լացում եմ փոքրիկ երեխայի պես քո ետևից
անխնամ ու չօգտագործված բառեր ասում քո հասցեին,
հիմնականում սիրային բնույթի
դռան կողպեքը նայում ինձ, չի հասկանում` բացվի, թե փակվի
աստիճաններն ասում են` հիմա քանդվենք, հս, թե± ոնց
քանդվել-մանդվել չկա,
ասում եմ հնարավորինս անտարբեր ու խաղաղ
հող ու փոշի դարձեք
ու նայում եմ երկնքին, որ արցունքներս չկաթկթեն ցած
ու լցված աչքերով չեմ տեսնում, բայց զգում եմ
էս ժամի արևը կտրված գլուխն է իմ
որ ես արնահոսեմ քո մասին այս մայրամուտով
ինչպես և ամեն սովորական օր
պարտաճանաչ պետական աշխատողի պես
օրվա վերջում հոգնած մոռանալով և ինձ և քեզ
և շարունակելով մոռանալ հրապարակից աբովյան ու հյուսիսային պողոտա
դժվար չի կռահել որ դիտմամբ ու նենգաբար
դու կգաս ընդառաջ` նկատելով ինձ դեռ հեռվից
կեսբերան կբարևեմ քեզ չտեսնող հայացքով
որ հանկարծ չիմանաս, որ այդ ես էի, որ մի օր ոռնացի օրագրումս`
թե` չհամբուրել շուրթերը քո, նույնն է թե չունենալ շուրթեր
թե` ողբեր եմ հորինել քո պատվին
ու հյուսել երգեր անհամար
ես չէի, սիրելիս
դու էիր,
այդ դու էիր ծակծկել մարմինս սիրուդ թունավոր նետերով
դու էիր սոված ու պսպղուն աչքերի վայրի փայլով
ցնծում հաջող որսիդ համար
կոկորդային հնչյուններ արձակում
և արնաքամ մարմինս
օրորվում էր խաղաղ ու անտարբեր, անտարբեր ու խաղաղ
քո մկանուտ ուսին
լեշահոտով, որ սեր էր լիովին
կտրված գլխով, որ չէր տեսնում, բայց զգում էր`
արնահոսում էի քո մասին, քո մասին, քո մասին…
Հանրակացարան
Սիրտս գետնանցումի թունել է
ով հասցրեց պատին մի բան գրեց
ով հասցրեց թքեց ու միզեց
ով հասցրեց մի երկու գրամ քաշեց կամ ծակվեց
ներարկիչը շպրտեց ու գնաց
ով հասցրեց սեքս արեց
օրորվելով ռեզինները տրորեց ու գնաց
սիրտս ավգյան ախոռ է հերակլեսը չկա
սիրտս անմաքրել տուն է անմամա ու անպապա
սիրտս մեր բակն է
առավոտից իրիկուն մանկական ճղճղոցով լիքը
ու ոչ մեկը մեր բակեցի չի
ուղղակի մեր այգին ա սիրուն
սիրտս ամերիկայի պես է
շնից շատ ազգություն
ամեն իրիկուն հայրենիքի մասին քիչիկ մը դարդոտվող
սիրտ իմ իսպանական պոեզիայի գիրք
կարդում եմ վախենում մեջը նշում անել
կարդում եմ ու մտածում ամոթն էլ լավ բան է հանձնեմ գրադարան
սիրտս տիգրան մեծի հայաստանի չափ էր
հիմա մեր անկախ հանրապետությունն է դարձել
ամեն օր հացադուլ
ամեն օր գործադուլ
ամեն օր կռիվ նախագահ-վարչապետի կամ մամա-պապայի հետ
բանտախցեր ու լաց-կոծ
ամեն օր մարտի 1 մարտի 2 մարտի 3 ու էդպես մինչև մարտի 7
էդ օրը իմ ծնունդն ա
էդ օրը ինձ սիրում են
էդ օրը ինձ քծնում են ու հաճելի է
էդ օրը ես միանգամյա օգտագործման արքայուհի եմ
ով ժամը 12ից հետո դառնալու ա մոխրոտիկ
դառնալու ա ժամը 10ից հետո բաղրամյանի վրա կանգնող աղջիկ
բաղրամյանի վրա հգմ
օրեցօր հգմ դարձող սիրտս
ով հասցնում իրեն աբգար ափինյան է զգում
ճղակոտոր սիրտս բզկտված պուճուրիկ
ասի բռունցքիս չափ ես
մատներս ջարդեցին
ասի կոլայի շիշ ա
մաքրեք խցանված կոյուղին ձեր կոկորդի
ասի սոված կլինեք խաշ-խորոված սարքեմ կերեք
ասի հոգնած կլինեք բզիկ-բզիկ անեմ պառկեք վրան քնեք
ասի ճամփեն երկար էր
նստեք սիրտս քամեմ ձեր ոտքերը լվամ
ասի ինչ եք ուզում
ասացին գնա
սիրտդ մեզ թող դու գնա
հանրակացարանի պետք ունենք
սիրտդ
թող
դու
գնա
և օրեր անց, և շաբաթներ, և տարիներ
բռի քայլերով, չոբանավարի, ինչպես բառի ոտք
ես հանգ ու վանկի դաշտերով կիջնեմ
և անապեստ ծաղկած ոստերով քորեյը թամբած կգամ քո քաղաք
ու սոնետի թարմ քրտնահոտ ինձնից կառնես
փոշոտ գազելի ու մաշված ռոնդոյի
արցունքներդ զսպելով կգաս ինձ ընդառաջ սպիտակ ոտանավորը ձեռքիդ
կսրբես ավելորդ բառերը ճակատիս
կհամբուրես ու կտանես ինձ տուն
և իբրև օրհնություն` իմաստունները ծեր
մեզ վերլիբրեր կմաղթեն
ոսկի ու մարգարիտ տառեր կտեղան մեր գլխին
և բոլոր միջակ ու թույլ բանաստեղծները կզոհաբերվեն աստվածներին
ու երկրագունդը կապահովվի հաշտ ու խաղաղ մարդկությամբ
Թրեյսիի վագր
Ահա մի քանի տող ծխախոտի մասին
մի քանի էջ բարձրաձայն նամակ Դ.Մ.-ի գրածներից
դեղձի կոնյակի
իտալիայի
արամ պաչյանի
քո
իմ
կանացի կտրտված ոտքերի պես
գետնին թափթփված վրձիների
գրքերի ու մեր մի քանի հոգանոց սերնդի մասին
արվեստագետի կարիերայի
արվեստագետի դերի մասին տանը և դրսում
մի քանի բառ մենակության
ընթերցող չունենալու
միզանտրոպության
մեզ դժբախտաբար սիրող մարդկանց
մեր հարազատների ու հատկապես մեր ծնողների մասին
գլխահակ գրվող մի քանի տող
անպարտաճանաչության մասին
ու մեր խեղճության
մի քանի բառ տականքորեն հանճարեղների մասին
որ պիկասոյի պես հարուստ էին
ու աղքատ վան գոգի չափ
և ահա կրկին մի քանի տող վերջացող ծխախոտի մասին
դատարկ գրպանների
չորացած հացի շպրտվող տոպրակի ու հնոտի արվեստի մասին
և աստծո որ ինքնակամ լքել է երկինքը ու գնացել կամ իտալիա կամ փարիզ
մի քանի հանգած ծխախոտ և մի լղարիկ բոհեմ
Էսթերի
Ինձ ոչ ոք չի սիրել քեզ նման
և ոչ ոք չի լքել քեզ պես
ճմրթվող թղթերի վրա ես քո անունն էի գրում
հեռու երկինքներից ագռավները գալիս էին ու պատմում քո մասին
ես պատերը կրծում էի շաքարի պես
և օրերիս վրա կիտրոնի պես բարակ շերտիկներ էին մելամաղձի
ես խմում էի հիշողությունը քո մասին
թունդ թեյի փոքրիկ բաժակներով
անընդհատ
անընդհատ
անընդհատ
բայց դու չէիր գալիս
չնայած քամին քո անունն էր շրխկացնում դեմքիս
և դռները փակվում էին իմ առաջ
և ժամերը խլացած գոռում էին`
ինչի չեկար
ինչի հետ չեկար
ինչի չեկար
ինչի հետ չեկար
ինտերնետում ես գտա նկարդ
համբուրեցի ողնաշարդ թափանցիկ
և մատով սահեցրի ականջիդ վրայով
հիմա, երբ ուզում եմ հիշել դեմքս, քո պրոֆիլն եմ հիշում
չձևավորված ու անկենդան հասարակության ֆոնին
հետո եկար կարճաթևով, հետո երկար, վերարկուով չեկար
ես չտեսա դու ոնց ես մրսում ձմռանը
ես չհասցրեցի տաքացնել ձեռքերդ
չերգեցի քեզ համար
չկարդացի քեզ համար
միայն խոսեցինք
շատ երկար
շատ երկար
գլխիս մեջ ցավում էիր
ատամիս մեջ փչանում
ոտքերս թուլանում էին
ու մարմնիս մեջ բացակայությունդ ցավում էր
ու ոչ մի դեղ քո մասին չգիտեր
քո անունը շշնջում էին ծառերն ու կանաչում աչքիս առաջ
քո անունով գիշերներ չքնած ու վատ տեսնող աչքերս լավանում էին
ու հստակ տեսնում թվերն ու տառերը և անգամ համարը`
կանգառին մոտեցող երթուղային տաքսու
քո անունը գրվում էր թղթերին` խզբզոցի տեսքով, իմ ստորագրության,
և վերջապես ինչ տարբերություն իմ անունն էր թե քո
դու հո լավ գիտես ինձ
բոլորից լավ
բոլորից լավ
դատարկ ու ջնջված բառերի կողքին երբեք տաք չի եղել
և չի լինի
իմ ամենատաք տեղը դու էիր
ես կնիհարեի քեզ համար
կհետևեի մաշկիս ու եղունգներիս
քեզ համար կդառնայի ամենասիրունը
ինչ տգեղ եմ ես
ներիր
որ էլ երբեք հետ չես գա
քեզ կփնտրեմ դեռահաս աղջիկների մեջ ու կսխալվեմ
կփնտրեմ տղամարդկանց մեջ ու չեմ գտնի
ու սիրտս սարսափելի կցավա քո կարոտից
երեխաների մասին խոսելուց ես լաց կլինեմ
ու կհեռացնեմ բոլորին
որովհետև առանց քեզ
ինձ նրանք միևնույն են
որովհետև դու նրանց մասին էիր
բայց նրանք քո մասին չեն
քո մասին չեն
ինչի
սառեցիր իմ թեյի ապակե բաժակում
ինչի էլ չես երգում
քո բացակայության կեղտաջրի մեջ պառկած
սրթսրթալով ծալում եմ մատներս
անուններ, ում կողքին տաք էր
ում կրծքին փայտացած մատներս հալվել են ու ծորացել մարմնից ներս
և պատահական ցնցումները` գրանցված տիեզերքում
և հեղափոխությունները` արյունոտ, ձյունոտ, անձրևե
և գահերից ցած սահող
կամ գահերից կառչած արքաները` սառած հետույքով
մի տանձի պոչ չարժեն
երբ այսքան հեռու ես
ու գնացել ես ջրերի խորքից էլ հեռու մի տեղ
և եթե լույսը անջատեմ ու անվերջ շոշափեմ մթությունը
չես լինի
և բացվող լույսս չի համբուրի քո բարակերիզ երակները կապույտ
ճակատիդ
թևիդ
կրծքիդ
քեզ հետ հեշտ չէր լինի, բայց առանց քեզ էլ մի բան չի
ոչ մի բան չի
դրա համար երկար եմ խոսում քո մասին
շատ երկար
որ քրքրվես, բարակես, փոշիանաս, գնաս
մազանոթների միջից իմ բառերի
լեզվի
շուրթերի
քթի
գնաս հեռու
գնաս
ուղղակի գնաս
իմ մաշկ
իմ ոսկոր
իմ սրտամկանի ցավ ու բռնված ձեռք
չգնաս, բայց գնաս
չմնաս, բայց մնաս
ծածկեմ քեզ վերմակով
համբուրեմ
նոր գնաս:
Ամառ
Ես նորից արևածաղիկներ էի գնել ու վազում էի իմ տուն, սիրելիս,
ես նորից ծաղիկներ գնեցի հենց քո պատշգամբի տակից
ու աչքով արեցի կնոջդ, ով լվացք էր փռում:
Ձեռքիս մրգերի տոպրակն էր,
ես դեղձ ու խաղող էի գնել…
հիշո՞ւմ ես՝ կայարանում վանաձորյան ռոք խմբի երգն էր միացրած
գնացքը չէր եկել. մենք նորից գնում էինք Թբիլիսին զավթելու,
մենք հարբած էինք ու երջանիկ ու համբուրվում էինք անվերջ
ու ծիծաղում մարդկանց շլմորած հայացքների ներքո
դու երգի բառերը չէիր լսում, իսկ ես սիրում էի նրանց վաղուց,
երբ երկուսս էլ սիրում էինք ուրիշներին,
երբ ծնկներս բաց էին ու քերծված
իսկ դու, ո՞վ էիր դու, իմ թղթե կոկորդիլոս՝ ճահիճներիս անծանոթ իմ ասպետ…
…ես վստահ եմ հիմա՝ դու միշտ էլ ինձ ես սիրել, և սպասել ես, որ ծնվեմ,
և սպասել ես, որ ժամանակը մեզ հասցնի իրար
բնականոն, ինչպես եղանակի փոփոխությունը,
և բնական էր, որ քեզ գտա ամուսնացած, սիրուհիների գրկում,
դու ինձ՝ տղաների միջից, սիրեկանների ու ծեր մարդկանց,
մեռելների գրքերից և բանաստեղծության փոշիներով օծուն…
սա կյանքն է, իմ սեր, որ հորդում է իմ միջից լայնահուն
և ինձ պետք է քո ձեռքի մակույկը,
որ շարունակվեմ ես ու ամառային այն օրը, երբ վազում էի տուն…
…անհասկանալի դեղին ու կարմրաթերթ արևածաղիկները ձեռքիս
և մեղուն էլ արևածաղկի ներսում
և դու էլ իմ ներսում մեղվի պես սրտիս ծաղկափոշին թարթիչներիս քսող ու անուշաբբզոցով
Ես բարձրանում էի փողոցով հևիհև
ու հիշում Նունեի՝ արևայրուքից թեժացած շքեղ կուրծքը,
որ հաստատ դու էլ կսիրեիր,
և կանաչ աչքերը, օ՜ Նունեի մուգ կանաչ աչքերը,
շուրթերի կնճիռներն ու ծեր բերանը, որ բարի լեզուներն ասում են` գիտի ինչպես անել ու երբ,
պոռնիկի մեկը, ասացի, արի պաչեմ, գնում եմ:
Ես վազում էի աստիճաններով, իմ սեր…
Տուն հասնելուց առաջ միշտ վախով եմ նայում կողպեքին,
որտեղ բանալիներ մտցնելուց առաջ միշտ ինչ-որ նամակներ եմ գտնում
Ջեմմա տոտայից, եսիմ ինչ ձաձայից`
շտապ մուծել, վերջին օրն ա, վաղը կանջատվի ու էլ երբեք, երբեք չի միանա:
Վաղը էլ երբեք էս առավոտը չի լինի, իմ սեր:
Դու ինձ չես զանգի թաքուն, մինչ կինդ մանկապարտեզ կհասցնի տղայիկիդ,
մինչ գնումներ կանի,
մինչ կտխրի ու կգա
դու ինձ վաղը չես զանգի
չես ասի` իմ մեծ սեր
չես ասի` էլի զզվու՞մ ես ինձնից
չես ասի բառեր, որոնք կմտնեն լեզվիս տակ խուտուտ կտան անծանոթ մրգի համի պես
չես ասի քնքշանուններ՝ շիթ առ շիթ մերկացող անզսպելի լացի պես
չես ասի՝ սերս,
որովհետև սա է առավոտը,
սա է իմ տունը,
սա է իմ պատը,
թարմ գնած ծաղիկները
և բոված արևածաղիկները պատի տակ` աններելի կանաչ գորգին:
Իսկ սրանք իմ վերքերն են՝
ուտելի բամբակի պես խցկված բժշկական տուփի մեջ:
Սրանք իմ ոտքերն են, որ դողում են ցավից:
Սրանք իմ ձեռքերն են:
Նրանք այլևս գրել չգիտեն, փոխարենը սովորեցին մատուցել սուրճ, պատրաստել սուրճ, կլլել սուրճ,
լինել սուրճ, մնալ սուրճ, մաքրել սուրճ:
Սրանք իմ ձեռքերն էին:
Սրանք իմ կրծքերն են:
Ձեռք տուր սիրելիս, բարձրացրու աջ կուրծքս, հետո ձախը,
որոնիր սիրտս, լավ որոնիր:
Ես գիտեմ, որ մանկուց փոքր թռչուններ ես սատկացրել,
եղել ես դաժան, չար, հեռու,
բայց հիմա, երբ մեծացել ես մի քիչ,
որոնիր կրծքավանդակիս ճաղերում թաքնված սիրտս,
որ չընտելացած թռչուն է մի,
որոնիր ու մի՛ սպանիր նրան
գոնե այս առավոտ, իմ սեր,
երբ ես գնել եմ տարատեսակ իրեր
ու վազել եմ զարդարելու իմ տունը, որ քոնն է,
ու վազել եմ զարդարելու ինձ
ու վազել եմ զարդարելու ինձնից հասանելիքը:
Ու վազել եմ զարդարելու մեր սերը,
Որ էլ չի լինի էսքան թունդ ու թեժ
երբեք,
երբեք,
երբեք,
երբեք,
որովհետև բանալին պտտվեց, մտա ներս
գտա ինձ,
մարմինս՝
թաց-սառած,
հատակին,
մինչև ոսկորներս թրջված
սառը ջրից խոսքերիդ,
և ժամկետն անց դեղահաբերը՝ իբրև ինքնապաշտպանական ակցիա,
կլլած ու մարսած:
Եվ օրեր շարունակ դեղահաբերի ակցիան՝
վրանների մեջ նստած մարմնիս հրապարակում:
Եվ բերետավոր բժիշկների մսագործունեությունը
դիահերձարանում՝
քրքրող մարմինս՝ թաղված հաբերի մեջ ու չմարսված բառերի:
Չմարսված՝ չգրված,
Չմարսված՝ բառերդ կոկորդովս ներս խցկած:
Երկու նամակ աղջկաս
Մ.- ին
1.
Անարյուն աղջիկ
մազանոթներիս մեջ անվերջ թռչկոտող,
վերջ տուր խաղիդ
և մի’ չորացիր հպարտ հպարտ,
երբ ջրում եմ քեզ, որ դու աճես
փակիր դեմքդ անձրևով,
երբ կսանրեմ մազերդ,
աչք-շուրթդ կներկեմ,
կօրորեմ քեզ, կասեմ` աաա՜
ես քո տիկնիկն եմ, հա՞
ես քո բարձն եմ, հա՞
ես չկամ, – բղավում ես սև ամպի նման,
ջրհեղեղում տունս, լեզուդ ցույց տալիս ու գնում քիթդ կախ
չկաս,
աղջիկ,
չկաս,
որովհետև շռայլ էր սիրտս, միամիտ,
և բոլոր օձերին դրեցի կրծքիս,
տաքացրեցի, երբ ցուրտ էր,
կերակրեցի մարմնովս,
ու երբ ինձնից ոչինչ չմնաց,
թքեցին դատարկ ստվերիս մեջ,
լիզեցին շուրթերը գոհ,
գնացին տաք անկյուն գտնելու
անկրակ սեղանիս հենված
լեզվով փորձում եմ արցունքներիս համը, որ երբեք նույնը չի,
նաև չափերն ու տեղատվության քանակը
տարին անձրևային է, աղջիկս, ասա կարկուտը քիչ լինի,
որ երբ ջրեմ` դու աճես,
մատներս մտցնեմ հողի մեջ, արմատներիդ խուտուտ տամ` ծաղկես
ուղարկիր ինձ հին մարդկանց, աղջիկս,
որ հմուտ այգեպան լինեն ու փխրեցնեն կոպիտ սիրտս` ճաքճքող արևի տակ
2.
Աղջիկս ես լվացի մազերս, հարդարվեցի
ներկեցի եղունգներս քո սիրած բաց արնագույնով
հիմա երբ ես գեղեցիկ եմ այսքան
աղջիկս
ուժ տուր ինձ
սպասելու համար քեզ
սպասելու համար մեր հայրիկին
և չխաբնվելու համար այս ջրափեսաներին
որ երգում են յոթ սարերից այն կողմ, յոթ ջրերից այն կողմ
կառուցած դղյակների մասին
ուր կիլոներով աստղեր կան
և ոսկուց մոլորակներ, որ կուղարկեն մեր մայրերին`
իբրև սիրո գին մեզ ծնելու համար
վախենում եմ աղջիկս շատ եմ վախենում
որ մեր նավի ղեկը ինքնակամ շրջվի
և փուչ ձայնի շքեղությամբ հմայված
մենք զարնվենք խութերին
և մեր հայրիկը որբ մնա
և ես որբ մնամ
և դու չծնվես
Մերրիին
Ոտքերը ասֆալտին խփում են թմբուկների նման
եռացրած մեղրի պես ջազն իջնում է շեփորի կոկորդով
հազում ես
շարֆդ բարակ է, տաբատդ մաշված
ծխիր ինձ, խնդրում ես, ծխիր
ինչպես գիշերամիզությունն է ծխում մարմինս
ինչպես ծնողներս են ծխում մանկությունս ու դրանից հետոն
ինչպես սերերս են լքում կ7չի ստացվում
ուզում եմ ժպտալ առաջվա պես
նույնը չի
ուզում եմ գալ քեզ մոտ պետքական իրի տեսքով
էլեկտրական կիթառի պես, մոլորակի, գրքի
ծափ տուր
աղջիկս
ծափ տուր
սիրտս ցավում է
դահլիճը դատարկ
ով կունենա քեզ համար երեխաներ աղջիկս
ով կասի նուրբ բառեր կշոյի ուսդ
ում ականջի բլթակը կկծես
կերգես անձրևի տակ
կգրես բառեր
ոտքերդ պինդ կլինեն ազդրերդ ձիգ
կապրես էլեկտրական կիթառի մեջ
կնստես մոլորակդ կգնաս հեռու
գիշերվա հազարին կզարթնեմ սարսափած
կոպերս ծանր կլինեն, կապարե
անկողինս թաց կդողդղա ինձ հետ
երևի կբացեմ աչքերս
կծխեմ
երևի կփակեմ աչքերս
ոչ ոք չի լինի կողքիս, ոչ ոք չի լինի
ցավի սուր հոտը միայն
որ ջազի պես կտարածվի օդում
հանգցրած ծխախոտի նման
կգոռամ անունդ
չես լսի
կգոռամ անունդ
չես լսի
կգոռամ
կամացուկ
որ չզարթնես հանկարծ
կիթառի նյարդերի տակ քնած իմ լարային աղջիկ
խաղաղ ինչպես ռոքը և ջազի պես ծեր
լսում ես, ոտքերը ասֆալտին խփում են թմբուկների նման
եթե անգամ նվագել չիմանայի
ես կվերցնեի շեփորն ու կպատմեի քեզ մի տխուր օրորոցային
կիսավերակ մարդկանց մասին, որոնց քանդելու են վաղը
ու սարքեն նոր պողոտա
լսում ես, ոտքերը ասֆալտին խփում են թմբուկների նման
մի օր երբ էլ բառերս ձեր կեղտոտ շուրթերով չեք մաքրի
երբ ես մեծ կլինեմ
երբ դեռահաս կլինեմ
ու համարյա չծնված
մի օր կբացեմ դուռը
կմտնեմ ներս
թեյնիկը կդնեմ որ եռա
բաժակս կդնեմ սեղանին
թուրմը շատ կլցնեմ ջուրը քիչ
կնստեմ ու կգրեմ
ձեր անիծյալ ցեղի մասին
կհայհոյեմ ձեր կծկված տաբուները
թե ծխող կանայք անբարո են
կթքեմ ձեր ճակատին
ու ծխախոտի փոխարեն ներս կշնչեմ լուցկու չոփը
ու անդուր համից սիրտս կխառնի
ու ես ինձ իրոք անբարո կզգամ
որովհետև գրելու ընթացքում
ծխելը պարտադիր պայման է
երբ մոխրամանի մեջ տրորում ես ավելորդ բառերը
և բանաստեղծությանդ առողջ մարմնում
միայն առողջ բառեր են հայտնվում` պինդ հոգով
և սլացիկ ինչպես գեղեցիկ կինը
և ճկուն
ծուխի պես
ձեզ շնչահեղձ անող
մի օր երբ գրեմ ու պատռեմ
երբ գրեմ ու պատռեմ
ձեր անզորությունից անզորացած
թքեմ ինձ վրա որ ծնել եք ինձ
հետ գնամ
ներս մտնեմ արգանդը ձեր
փաթաթեմ պորտալարը վզիս
և խոստանամ ծնվել
երբ աշխարհը ավելի ուրիշ կլինի
մի օր երբ ամաններս լվացած լինեմ
թեյս խմած
և լուցկու վերջին հատիկը ծամծմած ու ջարդած
2012
Աշուն
Ես շախմատ էի խաղում, դու ճառ էիր կարդում դատարաններում,
ես նկարում էի կատուներ դռներին ու բազմոցի գլխին,
դու գրադարակին քեզ ծանոթ մարդկանց ծաղրանկարներն էիր անում
երբեմն մենք կռվում էինք, երբեմն գիրք կարդում միասին
դու ինձ էիր գրկում, ես՝ քեզ
ես պատահաբար ինչ-որ բաներ էի շրջում՝ հյութով լի բաժակ, աթոռ սրճարանում, աթոռ տանը, աթոռները գրեթե միշտ շրջվում էին անխտիր բոլոր վայրերում
դու ծիծաղում էիր
ես ամաչում էի ու տխրում
ես բարկանում էի ու ջարդում բաժակները
դու գրկում էիր ինձ ու լեզվով արցունքներս հավաքում
ես բարկանում էի ու ծաղկամանը ծաղիկներով շրջում քո գլխին
դու հիվանդանում էիր ու գրում, որ ճանկռած տեղերը մրմռում են,
որ ջերմությունդ 38,5-ից չի իջնում,
որ ես քեզ բնավ չեմ սիրում, իսկ այ դու շարունակում ես սիրել համառորեն, բոլորից շատ
մենք որդուդ տանում էինք գազանանոց, նա վախենում էր ամեն ինչից, սիրելիս,
դու ամաչում էիր ու տխրում ու նրա քաջությունն ամրապնդելու համար վարգում էիր ձիով կատաղի,
բայց որդիդ վախենում էր, սիրելիս,
ու որպեսզի մեր որդին էլ չմեծանա վախլուկ, մենք խնդրեցինք նրան հեռանալ,
և իմ սիսեռահատիկ քաջ տղան հեռացավ, սիրելիս, որ մենք չամաչենք,
չունենանք խնդիրներ, դու՝ տանը, ես՝ հասարակության մեջ,
հետո բոլորը հեռանում էին քեզանից՝ կնոջդ հայրը, քո հայրը, երեխան,
իսկ, ընդհանուր առմամբ, դու գոհ ես,
բերքառատ տարի էր, շատ հաջող
ես բարկանում էի ու քեզ վռնդում տանից
դու հեռանում էիր ու քիչ անց վերադառնում
դու անվերջ թակում էիր դուռը, մինչ ես արցունքների ջրափոսում
քեզ ջնջում էի բոլոր հնարավոր տեղերից՝ սոցցանցեր, հեռախոս և այլն
հետո դու թակում էիր դուռը
հետո դու թակում էիր դուռը
հետո դռների արանքում վարդերի ծաղկեփունջ էիր խցկում՝ երկտողով, որ կարող եմ շպրտել
ես գրկում էի վարդերն ու հեծկլտում
հետո մեր նախկին սիրածները սկսեցին ամուսնանալ, սկզբում՝ քո, հետո՝ իմ,
մենք լուռ մրցակցում էինք, թե ով ավելի շատ սիրածի կամուսնացնի այդ ամառ,
հետո ես գրեցի թվիթերում,
զառան էլ քոմենթեց, որ իր սիրածները երբեք չեն ամուսնանում,
նրանք է՛ն գլխից են էդպիսին,
այո, սիրելիս, ձկնորսները ճանաչում են միմյանց թվիթերում ու կյանքում
հավասարաչափ
դու անընդհատ տրորում էիր վերքերդ
ես քո վերքերին աղ ցանեցի, սիրելիս, ու քո վերքերը կերա
հետո մենք նորից կռվեցինք, աստված իմ, ինչքան էինք մենք կռվում
օրվա մեջ մի քանի անգամ ես ձանձրույթից լվանում էի ձեռքերս,
դու ձանձրույթից միզում էիր կանգնած, հետո նստած, հետո լվանում էիր ձեռքերդ
հետո արդեն ամաչում էինք կռվելուց
մենք գիտեինք, ինչպես հպվել իրար ու սահում էինք փափուկ, ինչպես դանակը հասած սեխի միջով
մենք անընդհատ ցավեցնում էինք իրար
ու անվերջ փորձում էինք կիսել՝ տեսնելու մեր ներսի ցերեկները թաքուն և անունները՝ քնի մեջ բարձրաձայնած
մենք անընդհատ փնտրում էինք լավ ֆիլմեր, լավ երաժշտություն, իրար
ես կարոտում էի քեզ, դու լռում էիր,
ես կարոտում էի քեզ, դու համբուրում էիր թարթիչս ու գնում
մենք անընդհատ ինչ-որ բաներ էինք գտնում՝
ուրիշներին գրած նամակներ
եղևնու չոր ճյուղեր՝ հավաքած սևանի թաց ափից
և ամառվա դռնից ներս մտած բզեզ, մոծակ, մեծ ճանճեր,
որոնք, որպես կանոն, իմ ճիչերից սարսափած, պատեպատ էին խփվում, ես սարսափում էի ավելի ու ավելի,
բայց դու հերոսաբար սատկացնում էիր նրանց, և ես ինձ զգում էի փրկված ու երջանիկ
դու ինձ էիր գրկում, ես՝ քեզ
կյանքը փոքրիկ կատու էր, ում հարկավոր էր խնամել
ես քեզ համար սուրճ էի պատրաստում, դու հավաքում էիր սենյակը
մենք գիտեինք՝ սիրո խնամքը սկսվում է մանրուքներից
ես կանգնում էի թմրած ոտքերիդ, դու քայլում էիր ու ընկնում
մենք ծիծաղում էինք ու լռում բան պատմելու պես
մենք ժամերով խոսում էինք հեռախոսով և ապրելը կարելի էր թվում
…դու մոտեցար ինձ վախով, այդպես երկչոտ քնած վերքին են հպվում
ես տեսա քո ներսի կենդանուն, որ գեղեցիկ էր, ինչպես սպանված արքայազնի ձին
մենակությունը սուրում էր մեր բջիջների արանքով ու մենք մրսում էինք, սիրելիս
ես մրսում էի անընդհատ՝ անկախ եղանակից
դու միացնում էիր տաքացուցիչները, բայց ես լավ գիտեի՝
հենց հեռանաս,
մրսելու եմ
շատ
երկար,
շատ
երկար
շատ
մի օր...
մի օր երբ էլ բառերս ձեր կեղտոտ շուրթերով չեք մաքրի
երբ ես մեծ կլինեմ
երբ դեռահաս կլինեմ
ու համարյա չծնված
մի օր կբացեմ դուռը
կմտնեմ ներս
թեյնիկը կդնեմ որ եռա
բաժակս կդնեմ սեղանին
թուրմը շատ կլցնեմ ջուրը քիչ
կնստեմ ու կգրեմ
ձեր անիծյալ ցեղի մասին
կհայհոյեմ ձեր կծկված տաբուները
թե ծխող կանայք անբարո են
կթքեմ ձեր ճակատին
ու ծխախոտի փոխարեն ներս կշնչեմ լուցկու չոփը
ու անդուր համից սիրտս կխառնի
ու ես ինձ իրոք անբարո կզգամ
որովհետև գրելու ընթացքում
ծխելը պարտադիր պայման է
երբ մոխրամանի մեջ տրորում ես ավելորդ բառերը
և բանաստեղծությանդ առողջ մարմնում
միայն առողջ բառեր են հայտնվում` պինդ հոգով
և սլացիկ ինչպես գեղեցիկ կինը
և ճկուն
ծուխի պես
ձեզ շնչահեղձ անող
մի օր երբ գրեմ ու պատռեմ
երբ գրեմ ու պատռեմ
ձեր անզորությունից անզորացած
թքեմ ինձ վրա որ ծնել եք ինձ
հետ գնամ
ներս մտնեմ արգանդը ձեր
փաթաթեմ պորտալարը վզիս
և խոստանամ ծնվել
երբ աշխարհը ավելի ուրիշ կլինի
մի օր երբ ամաններս լվացած լինեմ
թեյս խմած
և լուցկու վերջին հատիկը ծամծմած ու ջարդած