Եղիշե Չարենց
Երեք երգ տխրադալուկ աղջկան 1913
Ճամփին…
Օրորվելով կառքն էր վազում սրընթաց
Դաշտի միջին, ճանապարհով ցեխապատ:
Թոնն էր մաղում միապաղաղ, ցուրտ ու թաց:
Օրն էր մարում հիվանդոտ ու մեղմ–վհատ:
Օրորվում էր կառքը, վազում ու վազում:
Կառապանը երգում էր մի ինչ–որ երգ:
Թոքախտավոր կինն էր մոտիս դառն հազում:
Մութն էր գրկում արևմուտք ու արևելք:
Թոնն էր մաղում միապաղաղ, ցուրտ ու թաց:
Ագռավները անցնում էին քրքջալով:
Թոքախտավոր կինը տխուր հեծկլտաց:
Քամին անցավ՝ մեկի մասին ողբալով:
Եվ կառապանն, օրորվելով, դեռ երկար
Երգում էր իր օրերի երգը անգույն:
Գնում էինք: Ո՞ւր – չգիտեմ: Վերջ չկար:
Գնում էինք: Անխոս: Անձայն: Ո՞ւ անքուն…
Հրո երկիր 1913-1916
Երազում եմ այն Երկիրը հեռավոր,
Ուր մարմինը, սեգ մարմինը ու հոգին՝
Աննյութացա՜ծ ու նյութացա՜ծ, լուսավոր՝
Ողջակիզվեն Արևի՜ մեջ, քույր իմ, կին:
Ու միանա՜ն սեգ մարմի՜նը ու հոգի՜ն…
Ու չլինի՜, ու չլինի՜ դու ու ես:
Աննյութացած – դու մարմնանաս – ու կրկին
Հրա՜շք դառնաս՝ անդունդները արևես…
Եվ երբ կանչեմ – դու գրկիս մեջ արևից
Ու տարփանքի՜ց, տառապանքի՜ց շիկացած –
Գրկես թևե՜րս մանկական ու անբիծ,-
Ա՜խ, կի՜ն – ցնորք, քո՜ւյր, Շամիրա՜մ ու
Աստվա՜ծ:
Տեսիլաժամեր 1915
Ես նստում էի անմարդ բուլվարում՝
Աշնան արևի համբույրին գերի:
Խմում էր հոգիս երկնքի հեռուն,
Լսում էր հոգիս երգը զանգերի:
Ու անթա՜րթ, անթա՜րթ նայում էի ես
Անսահման, անծիր երկնքի հեռուն:
Ու թաց աչքերով տեսնում էի քեզ –
Հավիտենության կապույտ դաշտերում:
Եվ երբ երեկոն մեռնում էր բոցում
Ու իջնում էր պարզ, աստղազարդ գիշեր –
Կապույտ ջրերի հեռու զնգոցում
Ես լսում էի քո շշուկը դեռ…
Հայրենիքում
Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր:
Երկինքներ, որպես երազներ հոգու:
Երկինքներ, որպես մանկական աչեր:
Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու:
Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն –
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կարոտը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն:
Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին:
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն,
Խառնելով հոգիս աստղային մութին…
Լիրիկական բալլադներ 1915-1917
Հ Ա Ր Դ Ա Գ Ո Ղ Ի Ճ Ա Մ Փ Ո Ր Դ Ն Ե Ր Ը
Սիրելի Վիվանին
И так мы живем, что нельзя нам не жить.
ФЕТ
Հարդագողի ճամփորդներ ենք մենք երկու
Երկու ճամփորդ պատառոտած շորերով:
Ու սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական կարոտներով ու սիրով:
Մենք սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական ինչ-որ կարոտ, ինչ-որ սեր:
Ու սիրում ենք առավոտից-իրիկուն
Ճամփա երթալ-ու հավիտյան երազել:
Աչքերիս մեջ մենք պահել ենք երկնային
Ճամփաների հեռուները դյութական-
Ու անցնում ենք ուղիներով երկրային,
Ուր բյո՜ւր մարդիկ երազեցին ու չկան:
Մշուշի պես մեր մանկությունը անցավ՝
Գորշ, անարև, անմխիթար մանկություն:
Զառանցանքի պես մանկությունը անցավ-
Ու հեռացանք: Ու չենք դառնա կրկին տուն:
Լո՜ւռ հեռացանք ու քայլեցինք անդադրում,
Երազելով հավերժական հեռուներ:
Կյանքը դարձավ հավերժական մի փնտրում-
Մութ, անհեթեթ, տարօրինակ կյանքը մեր:
Ու օրերում բազմագույն ու բազմազան
Վառվեց, վառվեց ողջակիզվող սիրտը մեր,-
Բայց աչքերը մեր – արևներ չտեսան,
Եվ մեր սրտերը – լուսավոր հեռուներ:
Ու մշուշոտ մեր աչքերը հավիտյան
Որոնեցին պատահական աչքերում
Հարդագողի ուղիները ոսկեման,
Նրա անծիր, անծայրածիր այն հեռուն:
Բայց աչքերում նրանք երկինք չգտան,
Ու սրտերում – արեգակներ ոսկեվառ.
Ու բզկտվեց հայացքներից անկենդան
Որբ սիրտը մեր՝ երազորեն – հոգևար:
Ես ուզեցի երգել գովքը աստծու,
Երգել փառքը պայծառ սիրո ու հացի.
Սիրտս լցվեց… բայց չգիտեմ, թե ինչու-
Գորշ օրերի տաղտկությունը երգեցի…
Թաղված մնաց իմ աչքերում մի անհուն,
Կապուտաչյա երջանկության առասպել.
Մի երկնային առնչության պատմություն –
Ու կարծրացավ սիրտս՝ անլույս ու անբեր:
Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ,-
Ու խնդացին լուսավո՛ր մեր աչքերին,
Բութ հեգնեցին մեր կարոտները հրկեզ –
Ու հեռացան: Ու ո՛չ մի լույս չբերին:
Քույրը խնդաց, բարեկամը ծիաղեց,
Օտար մարդիկ հայհոյեցին ու անցան:
Միայն պոռնիկը մշուշում համբուրեց
Եվ խելագարը բարևեց կիսաձայն:
Հոգ չէ, որ մեր օրերն անցան տենդի պես,
Կյանքը դարձավ անմխիթար զառանցանք.
-Մենք կժպտանք, գո՜հ կժպտանք մեռնելիս,
Որ երազում երազեցինք ու անցանք…
*
Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում,
Որ գնում ենք խանութներում գինի ու հաց,
Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն,
Բայց չենք գտնում՝ վազքով տարված ու զբաղված.-
Մենք բոլորս, որ, հոգնաբեկ, չենք նայում վեր-
Մոռանալով աշխարհային չարը, բարին՝
Տրտո՜ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր-
Ու կնայենք Հարդագողի ճանապարհին…
Ծիածանը 1916-1917
Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի.
Կապո՛ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…
Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…
Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՛ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…
Ոսկին
Կապույտի՜ մեջ, կապույտի՜ մեջ – արևի ոսկին:
-Քնի՛ր, քնի՛ր, կապո՛ւյտ աղջիկ, չզարթնես
ծեգին:
Կարապները լճերի մեջ, ջրերի վրա
Դեռ քնել են, դեռ նիրհում են. կարթնանան հիմա:
Ու զանգերը ղողանջում են՝ կարկաչուն, հնչուն,-
Փախցնում են աստղերի չուն և կանչո՛ւմ, կանչո՛ւմ:
Խա՛չը վանքի, ե՛րգը զանգի – կապույտում վերջին.
-Զարթնի՛ր, զարթնի՛ր, կապո՛ւյտ աղջիկ, ու
նայի՛ր խաչին…
Նա ոսկի՛ է, երկի՛նք նետած մի կտոր ոսկի.
Նա – մի երազ, ոսկի՛ միրաժ արթնացած խոսքի:
Ու արևի թևը ահա լճերի նիրհում
Հրդեհում է աստղանկար տրտմության հեռուն…
Ու մարում են, ու մեռնում են այն աստղերը, տե՛ս:
Արթնացել են կարապները ու կանչո՛ւմ են մեզ:
Քո՛ւյր, վայրկյանը սրբազա՛ն է – բռնկում ու մահ.
Կարապները, որ կանչում են, կմեռնեն հիմա:
Ու կմարի խաչը վանքի կապույտում վերջին.
-Զարթնի՛ր, զարթնի՛ր, կապո՛ւյտ աղջիկ,-ու
նայի՛ր խաչին…
Իրիկուն էր: Իրիկնային տրտմության
Հուշն էր հյուսվում – մայրամուտի մի երազ:
Դու հարազատ ու մոտ էիր ինձ այնքան՝
Քո աչքերով իրիկնային, ցողաթաց…
Քո աչքերի ու երկնքի կամարում
Ճառագայթները, այնքան հե՜զ, այնքան ջի՜նջ,
Ճախրում էին, հոգևարում ու մարում՝
Համբուրելով ծիածանը ամոքիչ…
Եվ լույսերը, որ ճախրեցին ու անցան,
Իրիկնային ժպիտի մեջ այն վերջին –
Անրջացած, երազ դարձած սրբացան,
Որպես դեմքը քո լուսավոր – իմ հոգին…
Ողջակիզվող կրակ 1918-1920
Իրիկունը
Նո՛ւյնն է կարոտս հիմա՝ անսփոփ ու որբ.
Նո՛ւյնն է աշխարհը վառվող ու արևը բորբ:
Նույնն է երկինքը կապույտ ու լճակը ջինջ –
Եվ չի՛ փոխվել իմ սրտում, իմ հոգում – ոչինչ:
Նույնն է սերը՝ կրակված իմ սրտում հիմա՝
Նո՛ւյնն է կարոտը անսփոփ ու անունը – Մահ:
Առավոտ
Իմ անցած օրերի պես,
Հնացած օրերի պես,
Ես արդեն հեռացել եմ,
Հնացել եմ ես.
Ես արդեն հնացել եմ,
Ես արդեն հիմա ծե՜ր եմ,
Հեռացել ու անցել եմ –
Ծերացել եմ ես:
Բայց այս վառ օրերի մեջ,
Երբ հողմերն աղմկում են,
Աղմկում ու երգում է
Անցած սիրտը իմ.
Ես կարծես դեռ ջահել եմ,
Ինձ կարծես հմայել են,
Եվ իմ սիրտը պահել է
Կրակները հին:-
Ախ, գիտեմ, որ այդ դո՛ւ ես,
Որ այդպես հմայում ես,
Հմայում ու նայում ես
Օրերում այս հուր.
Դու անուշ կարկաչում ես,
Դու կանչող մի հնչյուն ես,
Կարկաչում ու կանչում ես,
Չգիտեմ, թե ո՞ւր:
Եվ հիմա ես լսում եմ,
Որ վերջին երազում իմ
Քո կարոտն սկսում է
Իմ հոգին հուզել –
Ես կարծես ծերացե՜լ եմ
Ծերացել ու դարձե՜լ եմ
Ու նորից երազել եմ
Կարոտանք ու սեր…
Ինչպես երկիրս անսփոփ, ինչպես երկիրս
բախտազուրկ,
Ինչպես երկիրս ավերակ ու արնաներկ –
Մխում է սիրտս հիմա որբ, մխում է սիրտս
բախտազուրկ,
Մխում է սիրտս՝ ավերակ ու արնաներկ…
Եվ այս երգերը իմ կարմիր, ախ, այս երգերը իմ
կարմիր,
Որ երգում է անսփոփ սիրտս կրակուն –
Ինչպե՞ս պիտի արդյոք հնչեն, ախ, այս երգերը
իմ կարմիր –
Իմ ավերակ, իմ ո՜րբ երկրում…
Ինչպես երկիրս անսփոփ, ինչպես երկիրս
ավերակ –
Այնպես էլ սիրտս – անսփոփ, այնպես էլ
սիրտս – անուրախ,
Վե՜րք է դառնում սրտիս խորքում օրերի փա՛յլը
այս հրակ –
Ախ, սի՜րտ իմ՝ բո՜րբ ու անսփոփ,- երկի՜ր
իմ՝ ո՜րբ ու անուրա:
Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը –
Էշխը կրակ կըլի՝ արին կմնա:
Ուրիշ սրտի համար կհալվի խունկը,
Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը –
Գերեզմանիս մարմար քարին կմնա:
Էմալե պրոֆիլը Ձեր 1920
Սոնետ
Ես ինչպե՞ս Ձեզ չսիրեմ: -Դուք արվեստ եք
ու հոգի:
Օ, կարելի՞ է արդյոք պրոֆիլը Ձեր չսիրել:
Ով երգ ունի իր սրտում ու սովոր է գեղեցկի՝
Նա պարտավոր է Ձեզ բյուր, հազա՛ր սոնետ
նվիրել:
Դուք այնպես մե՜ղմ եք խոսում: Երբ Դուք կարդում
եք, տիկի՛ն,
Ձեր շրթունքները գունատ նմանվում են հասմիկի:
Եվ Ձեր աչքերը, գիտե՞ք, առանց ներքին կրակի,
Լուսաշող են՝ Ձեր կրծքի քարերի պես թանկագին:
Իսկ երբ ականջ եմ դնում ես Ձեր թեթև քայլերին –
Թվում է ինձ, թե նոքա տրիոլետներ են երգում
Եվ այդ երգով հմայված՝ սիրտս տխրում է լռին:
Եվ Դուք գիտե՞ք, որ սիրուց հիվանդացած իմ
հոգում
Ես միշտ լսում եմ թեթև, թավ թրթիռներ ջութակի –
Երբ համբուրում եմ ես Ձեր բարակ մատներն
ապակի:
Որպես մի ցնդած պոետ՝
Ես այսօր կուզեմ երգել
Էմալե պրոֆիլը Ձեր –
Եվ երգով լինել Ձեզ հետ:
Կուզեի հույսով արեգ,
Աչքերում Ձեր բիլ ու խոր
Գուշակել երգերը, որ
Դուք մի օր պիտի գրեք:
Ձեր կապույտ հրով վառված՝
Կուզեի լսել ես հար
Ձեր վճիտ երգերը վառ,
Որ այսօր դեռ չեն գրված:
Եվ որպես ցնդած պոետ –
Կուզեի անվերջ խմել
Լազուրե երգերը Ձեր –
Եվ երգո՜վ լինել Ձեզ հետ:
Ձեր դեմքի կարոտը վես
Իմ հոգում հեռու հրի
Մի կապույտ փայլ է վառում.
Կարծես ես տեսնում եմ Ձեզ
Մոգական մի լապտերի
Լուսազարդ, բիլ նկարում:
Մոգական մի լապտերի
Կապտավուն լույսի նման
Այս գիշեր կարոտս անծիր –
Ձեր հեռու հրին գերի
Ուղեղիս լաթի վրա
Նկարում է դեմքը Ձեր:
Տրիոլետներ
Իմ երգը միշտ Ձեզ է երգում՝
Դուք երգ ու հմայք եք, տիկի՛ն.
Լսեք, ախ, լսե՛ք, իմ երգին –
Իմ երգը միշտ Ձեզ է երգում:
Օ, թող իմ ամե՛ն մի երգում
Իր փայլը զգա Ձեր հոգին –
Իմ երգը միշտ Ձեզ է երգում,
Դուք երգ ու հմայք եք, տիկին:
Փողոցային պչրուհուն 1920
Շամիրամ
Նորից՝ անմար կարոտով գգվանքների ու հրի՝
Դու եկել ես տեսնելու քաղաքները Նայիրի:
Անհրապույր ու կանաչ քո աչքերը մեռելի
Ցանկությունով հրահրած՝ անհագ վառվել են էլի:
Դու անցնում ես ու տեսնում քաղաքները հիմա այն,
Որոնց տեղ խոտ էր բուսնում, երբ դեռ ապրում
էր Արան:
Ա՛յլ է աշխարհը հիմա, ա՛յլ է հիմա Նայիրին.
Ո՛չ մի արքա էլ չկա, որ չտրվի քո հրին:
Մտի՛ր ակումբը հիմա, մտիր թատրոն ու կաֆեն՝
Հազա՜ր արքա ու Արա կհանդիպեն ժպտադեմ:
Ո՛չ վեճ է էլ հարկավոր, ո՛չ պատերազմ մահառիթ.
Արքաների համար նոր – բավական է մի ժպիտ.-
Միայն ակնարկ մի թեթև – և կտրվեն նրանք քեզ,
Քո հմայիչ ու անթև տարփանքներին հրակեզ:-
Կգան մեկ – մեկ ու սիրով –ու կտանջես նրանց դու
Անհագ կրքի ու սիրո նիզակներով քո հատու:
Եվ այնպիսի՜ տարփանքներ նրանք կտան
հիմա քեզ,
Որ կամոքվի քո հոգին կարոտանքից սիրակեզ:
…Բայց կլինի մի գիշեր – ու հմայքով նայիրյան
Կբարձրանա մշուշից մանկաժպիտ քո Արան:
Նորի՜ց հոգիդ անսփոփ կարոտանքով կվառվի –
Ու սարսափով մի անօգ՝ նորից կելնես դու կռվի:
Եվ որպեսզի չտրվի նա ախտաժետ քո հրին –
Ոտքի կելնե նրա հետ հազարամյա Նայիրին:
Եվ դաշտերում Նայիրի կպարտվի նորից նա,
Կնահանջե զորքը հետ, երկիրը քեզ կմնա:
Նա կմեռնի, որպես զոհ – բայց չե՛ս հաղթի դու
նրան.
-Դառն է խորհուրդը սիրո, շամբշոտաշո՛ւրթ
Շամիրամ…
Շան կարոտներ
Պատուհանիս տակ հիմա որբ մղկտում է մի շուն.
Սիրտս լսում է նրան – և սիրտս քեզ է հիշում:
Նա տխում է ու մենակ, ոչ-ոք չունի հիմա նա –
Ու գանգատը դժնդակ լուսինը չի՛ իմանա:
Դուրսը ամպ է ու մշուշ, անաստղ երկինք ու գիշեր.
Մղկտում է այսքան ուշ, գանգատվում է առանց սեր:
Հեռուն թարթում է տարտամ գազե լապտերը
բեկուն.
Ինչ շո՜ւտ մարեց այս անգամ արևավառ երեկոն…
Ինչ շո՜ւտ մարեց ցերեկի զվարթ աղմուկը, ու մութ
Գիշերն իջավ՝ անհոգի, անմխիթար ու անգութ:
Ցերեկը լա՜վ է այնքան, ցերեկը խինդ է բերում –
Փողոցների խրախճան, անմխիթար դեգերում:
Խոհոնոցի դռան մոտ, կամ խանութի մոտ հացի –
Սպասումներ ու ամոթ՝ խո՜ւլ տագնապներ փողոցի:
Բայց ցերեկները չունեն մղկտուքը գիշերվա
Ու հոգու ցավը անհուն ցերեկը չի՛ երևա:
Մղկտում է հիմա նա, սիրտը գգվանք է ուզում,
Սիրտը ճչում է հիմա, մղկտում է անլեզու:
Բայց սիրտ չունեմ էլ քո խեղճ մղկտանքը լսելու.
-Քնի՜ր, քնի՜ր, եղիր խե՜ղճ, անոգնական ու հլու:
Չի ուղարկի ո՛չ մի փայլ մեզ լուսինը հիմա էլ –
-Շո՛ւն, կարոտի՜ իմ եղբայր, դառնաթախի՜ծ իմ
ընկեր…
Խեղկատակ
Ու գինու պես քո հոգին
Հորդ կթափվի նրանց մութ
Ու մահահոտ հատակին:
<<Խրախճանք>>, բալլադ 1-ին
Կուզե՞ք – երգեմ՝
Ձեզ համար,
Հիմա:
Այնպես երգեմ, որ զգաք –
Ի՛նչ որ կուզեք, կուզեք – սեր,
Կուզեք – մահ:
Ես երգում եմ, որ հուզեմ.
Տալիս եմ երգս լուսե
Ո՛ւմ որ կուզեք. թեկուզ նա
Լինի պոռնիկը վերջին.
Դուր չի՞ գալիս ձեզ միթե
Այս քնքշությունը –
Արջի:
Ես երգում եմ ակամա:
Ի՛նչ էլ երգեմ. կուզեք – սեր,
Կուզեք – մահ: –
Բայց չե՛մ կեղծում ես երբեք:
Լսե՛ք երգերս –
Ահա –
Լսեք երգերս, բայց թե –
Չհարբեք:
Ես չեմ ուզում, որ հարբեք.
Լավ չէ, գիտե՞ք, երբ որ մի
Անհո՜ւն կարոտ դառնում է քաղցր
Քամի…
Չե՞ք հասկանում:
Իզո՜ւր, իզո՜ւր: Դուք պե՛տք է որ
Հասկանաք:
Թռչե՞լ է պետք. սակայն ո՞ւր:-
Չե՞ք հասկանում. ես կուզեմ,
Որ իմ երգերը
Լուսե –
Ձեզ թուղթ թվան ու թանաք:
Չե՞ք հասկանո՞ւմ… -Դուք պե՛տք է որ
Հասկանաք:
Ուրիշ – ոչինչ:
Ու հիմա –
Նո՛ւյնն է նորից. ես երգում եմ, որ հուզեմ:
Ես երգում եմ – ակամա
Ի՛նչ էլ երգեմ. կուզեք – սեր,
Կուզեք – մահ:
Ես – խեղկատակ եմ հիմա…
Տաղարան 1920-1921
Մե ձեռքիս արաղ է, մեկելը գինի.
Երկուսն էլ քո անուշ կենացը, գոզալ:
Կարոտ եմ սուլթանի, սիրեկան խանի –
Անուշ է քո էշխի բերածը, գոզալ:
Սրտիս համար անուշ երազ ես հիմի,
Քնիս մեջ տված մուրազ ես հիմի,
Հեռու ես – Վարդաստան, Շիրա՛զ ես հիմի՝
Չի՛ լավանա էշխիդ էրածը, գոզալ:
Մե ձեռիս արաղ է, մեկելը գինի.
Երկուսն էլ քո անուշ կենացը, գոզալ:
Էշխդ թող թուր ըլի, իմ սիրտն հանի –
Անո՜ւշ կենա սրտիդ սիրածը, գոզալ:
Էսօր մեր փողոցով անցար – շրթերդ գինու
թաս էին,
Մազերդ օսկի – աբրեշում, աչքերդ ալմաս էին:
Փողոցում կեցած մնացի՝ աչքերս պղտոր ու գինով.
Արևը խաղում էր վրեդ՝ հագիդ շորերը խաս էին:
Մե աչքով վրես նայեցիր, ասի թե՝ սիրով է էլի.
Կարմրագույն կրակի նման այտերդ կարմիր-
կաս էին:
Ասի թե՝ ոտքերդ ընկնեմ, բայց տեղում կեցած
մնացի՝
Այտերիդ կարմիր կրակին աչքերդ անմաս էին:
Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա:
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա:
Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե – նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա: