top of page

      Ավետիք Իսահակյան

         

Ամեն գիշեր իմ պարտեզում
Լալկան ուռին, հեզ ուռին
Վշտատոչոր լաց է լինում,
Լաց է լինում իմ ուռին:

Եվ սըրբում է առավոտու
Կույս արևը նազելի
Հուր ծամերով հեգ ուռենու
Արցունքները բյուրեղի…

1891

Ալեքսանդրապոլ

 

 

Արևն իջավ սարի գըլխուն,

Դար ու դաշտում լույս չըկա.
Հավք ու թըռչուն մըտան խոր քուն, -
Ա˜խ, ինձ համար քուն չըկա:

Լուսնյակն ընկավ երթիկից ներս,
Կըշեռքն ելավ երկընքում,
Զով հովերն էլ մըթընշողես
Աստղերի հետ են զըրցում:

Սիրո՛ւն աստղե˜ր,  անուշ հովե˜ր,
Յարըս ո՞ւր է` էս գիշեր.
Պարզ երկընքի նըխշուն աչե՛ր,
Յարիս տեսա՞ք էս գիշեր:

Լուսը բացվավ, դուռը բացվավ,
Ամպ ու զամպ է, - թոն կուգա.
Ալ ձին եկավ, անտեր եկավ,
Ա˜խ, յարս ո՞ւր է, տուն չի գա…

1891
Էջմիածին

 

 

Անհուն եթերից, աստղի'կ լուսափայլ,
Երբ դու տեսնում ես մեր ոչնչություն,
Երկրային կյանքի խավարն ու մըռայլ,
Անմեղ զոհերի հառաչն ու արյուն,-

 

Նըսեմանում է հայացքըդ փայլուն,
Ճնշում է և' քեզ թախիծ դառնագին,
Դու աղոթում ես և լուռ արտասվում.
-Օ˜, նախանձում եմ ես քո արցունքին:

1891
Էջմիածին

 

 

Ա˜խ, ուռենի, վշտիս ընկե՛ր,
Գթոտ երկրի հառաչանք.
Սփռիր վերաս դողդոջ ստվեր
Անհույս սրտիս սփոփանք:

Անամպ երկի՛նք, սիրուն գիշե˜ր,
Լուսնի շողե˜ր ու աստղե˜ր.
Ես տխուր եմ, սփոփեցեք
Մռայլ սիրտս վշտաբեկ:

1892

Էջմիածին

 

 

Անտուն գիշերներ

Անտուն գիշերնե˜ր,
Անքուն գիշերնե˜ր,
Քուրի'կ, քեզ համար,
Այրված քո սիրով,
Կարոտիդ հըրով,
Ես շա'տ լացեցի,
Ես շա'տ տանջվեցի –
Անտուն գիշերնե˜ր
Անքուն գիշերնե˜ր…

1893

 

 

Ապրում եմ մենակ, մարդկանց մեջ օտար,
Նրանց աչքերը ինձ չեն ողջունում.
Մարդկանց սըրտերը փակ են ինձ համար
Եվ նրանց հոգին ձայնըս չի լսում…

Իմ ընկերները – իմ խոր մըտքերն են,
Որ վեհ թևերով անհունն են պատում.
Այն վառ աստղերը – գըթոտ աչքերն են,
Որ վըշտիս ժամին ինձ քաղցր են ժպտում…

1894
Լայպցիգ

 

 

Անհուն երկնում աստղերն անշեջ,
Գիտե'մ, շա˜տ են ինձ սիրում.
Վարդ – արշալույսն ամպերի մեջ
Ամենից շուտ ինձ է գըրկում.
Ե՛ս էլ, ե'ս էլ ձեզ իմ սըրտում
Գըրկած, պատած պաշտում եմ.
Դուք իմ սերն եք, իմ ընկերն եք,
Ես ձեր երգող շողիկն եմ:
- Ա˜խ, մենք շա˜տ խորն ենք,
Շատ բա˜րձր ու պայծառ.
Եվ մեզ համար
Երբե˜ք, երբե˜ք մահ չըկա…

1895

 

 

Ամպի մովը ընկավ ծովը`
Շափաղ դիպավ քարափին.
Կըշընկշընկա սուսան – հովը.-
Ես նըստեր եմ ծովափին:

Վազեց մարալն դուման – սարեն,
Ծովում լողցավ ու արծավ,
Վազեց աղբերս թըշնամու դեմ`
Գիշերն անցավ, չըդարձավ:

Ջա՛ն, մարա՛լ ջան, ասա` էսօր
Աղբերս ո՞ւր ա, - չե՞ս տեսեր,
Նեղն է՞ ընկեր, հասնիմ էնոր,
Մեջքըս դեմ տամ քանց ժեռ – լեռ…

1896
Երևան

 

 

Արտուտն` ուսին, վարդը` սրտին,
Գարունն եկավ, ջա'ն գարուն,
Տուղտը` ծոցին, աստղը` ճակտին,
Գարունն եկավ, ջա'ն գարուն…

Արտուտն անուշ երգում է սեր,
Սիրտըս լո˜ւռ է, քանց ձըմեռ,
Էս ի՞նչ կարմիր վառ արև' է,
Սիրտըս մո˜ւթն  է, քանց գիշեր:

1897

 

 

Աշնան պղտո՛ր, պղտո՛ր ամպեն
Արցունքի պես թոն կըգա.
Ա˜խ, ո՞ւր կերթա իմ սև ճամփեն,         
Ա՛յ բախտ, մի՞թե վերջ չըկա:                  

Արդյոք վշտոտ, չոր գլուխըս
Ո՞րտեղ պիտի քուն մտնի.-                    
Սիրած, կարոտ սրտի՞ վրա,                    
Թե՞ դաշտի մեջ ամայի…                       

Ա˜խ, աչքերըս ո՞վ պիտ ծածկե,-
Անգին մա՞յրըս` համբույրով,       
Թ՞ե ձյունն ու հող` քամին ծածկե     
Տատրակների վույ – վույով:    

1897
Հառիճ

 

 

Ամպի փեշով մեկ հավք անցավ,
Անուշ կանչեց իմ յարին.-
Անուշ ձենով սիրտըս լըցվավ.
Յարըս անցավ, կուժն ուսին:

Էս աղբուրը գըլգըլալով
Քարփեն ծո՛ւփ - ծո՛ւփ կըփըռվի
Ծով – ծամերըդ ալի՛ք - ալի՛ք
Մարմար կըրծքիդ կըփըռվի:

Ա˜խ, նազիկ ջան, եղնիկ – աղջիկ,
Նարին կուրծքըդ թող պագեմ.
Սերըս բոց է, սիրտըս խոց է,
Վառ – պաչերըդ  դարման են;

Չէ ո՛ր, յա՛ր ջան, դավրըդ կերթա,
Կուրծքըդ նըշխուն, շարմըղուն
Հող ու մոխիր պիտի դառնա,
Զուր ինչո՞ւ ես խընայում…

1897
Մարմաշենի վանք

 

 

Ա˜խ, ալ – վարդի, սիրո վարդի
Չո՛ր փշերը մնացին…
Էն փշերը մատաղ սիրտըս
Քրքրեցին ու կերա˜ն.
Կարմիր – կանաչ իմ օրերըս
Սիրո սգով սևացան…
Ա˜խ, ափսո˜ս իմ գարուն կյանքիս
Սո˜ւր փշերը մընացին…

1897
Ալեքսանդրապոլ

 

 

Ա˜խ, իմ ճամփես մոլոր գընաց,
Անտակ ծովին դեմ առա.
Վա˜խ, իմ սերըս անցա˜վ գընա˜ց,
Ետ կանչելու ճար չըկա:

Դումանն եկավ, ծովը ծածկեց,
Էն խաս հավքերն ի՞նչ եղան.                                             
Դարդը եկավ, սիրտըս ծակեց.
Էն ալ – վարդերս ի՞նչ եղան:

Ա˜խ, խաս հավքերն ծովում խեղդվան,
Ագռավն վըրես կըղռռա,
Սիրուս զառ – վառ վարդերն թոռման,
Բլբուլս անթև կըսըգա…
1897
Հառիճ

 

 

Ա˜խ, մեր սիրտը լիքը դարդ, ցավ,
Օր ու արև չըտեսանք.
Վա՛խ, մեր կյանքը սևով անցավ,
Աշխարհից բան չիմացանք:

Հարուստ մարդիկ կուտեն – խմեն
Աշխարհի ճոխ սեղանից.
Մենք աշխարհի խորթ տըղերքն ենք,
Մեզ փայ չըկա աշխարհից;

Խեղճ աղքատի հոգին դուրս գա,
Քարից – հողից հաց քամե.
Բեռով հացը հարըստին տա, -
Հարուստն իշխե, վայելե:

Խեղճ աղքատը դառը դատի, -
Դատարկ նըստի … Է˜յ աշխարհ,
Էլ ինչո՞ւ ես քարը թողնում
Քարի վըրա, քար - աշխա՛րհ:

Ա˜խ, մեր սիրտը լիքը դարդ, ցավ,
Օր ու արև չըտեսանք.
Վա՛խ մեր կյանքը սևով անցավ,
Աշխարհից բան չիմացանք:

1898
Օդեսա

 

 

Արևելքից մի հավք եկավ
Ոսկի հակինթ թևերով, -
Վառ արևի խորքից եկավ
Աշխարհով մեկ` ձայն տալով.

- ‹‹Ես եմ կյանքը. – կյանքն է երազ
Մեծ քնի մեջ աշխարհի.
Մարդն է ոգի, մարդն է ղողանջ
Մեծ զանգի մեջ աշխարհի››:

Եվ իմաստուն հավքը ճախրեց,
Թռավ դեպի արևմուտք.
Եվ  թևաթափ լուռ մխրճվեց
Մահվան ծովում` սև ու սուգ…
1899
Ղազարապատ

 

 

Այն  վառ աստղերը, որ ջինջ երկնքից
Իմ սրտի խորքում բուրմունք են ծորում,
Լուռ ասում են ինձ.
- ‹‹Տես մեզ. – մենք անվերջ, անհուն երկնքում
Միշտ թափառում ենք.
Ի˜նչպես կարող է վեհ, վսեմ ոգին
Կապվի, շղթայվի
Իր ստրուկների և տերերի հետ.
Ե՛լ և թափառի'ր, ո՛վ ազատ ոգի …››
- Այսպես են խոսում վառ աստղերն ինձ հետ …

1899

 

 

Ա˜խ, ես սիրու ճամփի ափում
Մենակ բուսած վայրի վարդ եմ.
Անց ու դարձի փոշին ծփուն
Վերաս իջած, կորած վարդ եմ:

Սիրունները պարտեզների
Քնքուշ պահած վարդն են սիրում.
Ես հուր – վարդն եմ ժեռ սարերի`
Սերս հասած արևներում:

Անց ու դարձող ինձ չի նայում,
Իսկ ես սիրու ծով – ծարավ եմ.
Ծարավ սիրտս փշեր բուսցուց,
Հիմա չար եմ ու նախանձ եմ …

1899 
Ժընև

 

 

Ա˜խ, անհուն սեր ես ունեի սրտիս մեջ,
Եվ վառ հավատ, ու բյուր հույսեր ունեի,
Բարձրաթռիչ, ինչպես արծիվ վեհափառ,
Կըսուրայի զառ թևերովս երկնի մեջ.

Ես ունեի չքնաղ ցնորք իմ հոգում,
Կըսիգայի մարդկանցից վե˜ր, երկրից վե˜ր.
Սավառնաթև, ինչպես արծիվ սևաթույր,
Շքեղ ցնորք ես ունեի իմ հոգում.

Բայց ցնորքս մնաց մենակ կյանքիս մեջ, -
Քանզի մարդիկ, որ դժմիտ են ու դաժան,
Խորտակեցին, հոշոտեցին իմ սիրտը
Եվ ցնորքը սոսկ թողին ինձ կյանքի մեջ…

1899

Անապատում, միրաժի մեջ մի բեդվին
Շողքն է տեսել մի աղջըկա գեղեցիկ,
Եվ փնտրում է հոգեսըլա՛ց, տենչագին
Ծով – կարոտով ա՛յն աղջկան գեղեցիկ:

Եվ ծարավուտ անապատում հըրավառ,
Տատասկներում, արևի տակ բոցափայլ
Փնտրում է նա՛ նրան անվե՛րջ, անդադա՛ր
Եվ մեռնում է վեհ սիրո մեջ հոգեզմայլ;

Եվ քընի մեջ – աննյութական, անվախճան,
Տեսնում է նա այնպե˜ս քնքո՛ւշ ու սիրուն
Շողքը չըքնաղ այն նազելի աղջկան
Եվ փնտրում է նրան հավերժ երազում…

1904

 

Այսօր ձեր տուն մեծ խնջույք կա,
Դու կըբուրես վարդի պես.
Չորս բոլորըդ հարուստ տղա,
Դու կըփայլես աստղի պես:
Ձեր տան առաջ` ձյուն ու գիշեր,
Ա˜խ, ես կանգնել կըդողամ.
Դու դահճի պես ա՛լ ես հագել,-
Ալըդ շողքն է իմ արյան…

1900
Ցյուրիխ

 

 

Արազին

 

Մեր սարերեն, խո՛ր ձորերեն
Պըղտո˜ր – պըղտո˜ր կուգաս, Արա'զ,
Մեր սրտերեն, խո՛ր աչքերեն
Արուն քամեր, կերթա՛ս, Արա՛զ…
Մեր սարերեն, մո՛ւթ ձորերեն
Ոլո˜ր – մոլո˜ր կերթաս, Արա˜զ,
Ա˜յ, սարե˜ր, ջան սարե˜ր,
Ալմաստի՛ սարեր…

Քանի˜ հարուր – հարուր տարի
Մեր սրտերեն ելեր, կերթաս.
Մեր դարդերով, մեր ցավերով
Խոլո˜ր – մոլո˜ր կերթաս, Արա'զ.
Մեր սարերեն, մո'ւթ ձորերեն
Մեր դարդերով կերթա˜ս, Արա'զ,
Ա˜յ սարեր, Հայ – սարե˜ր,
Ջան անո˜ւշ սարեր…

Ու դարերով, մեր դարդերով
Էս աշխարհի քար – ապառաժ,
Անգութ խըղճին միշտ զարնելով`
Տըխուր – տըրտում կերթաս, Ար˜ազ…
Մեր սարերեն, խոր ձորերեն
Արուն քամեր, կուգա˜ս, Արա˜զ.
Ա˜յ սարե˜ր, ջա˜ն ձորե˜ր,
Ջավահի˜ր սարե˜ր…

Ա˜խ, աշխարհը անխըղճմտանք
Քեզ չի գըթա, ազիզ – Արա՛զ,
Քու բողոքին, քու մորմոքին
Չի էլ լըսի, արնոտ Արա՛զ…
Մեր սարերեն, խոր սրտերեն
Տըխուր – տըրտում կերթա˜ս, Արա˜զ.
Ա˜յ սարե˜ր, Հայ ձորեր,
Զմրուխտի սարե˜ր.

Դուն էլ, Արա՛զ, մեր արունով
Էս աշխարհի խըղճի վըրա
Դիզվի՛ր, դարձի՛ր սև - դառըն ծով, -
Թո՛ւյն ու արո՛ւն, ազիզ –Արազ…
Մեր սարերեն, մեր սըրտերեն
Արուն քամեր, կերթա˜ս, Արազ.
Ա˜յ սարեր, Հայ սարե˜ր,
Ջա˜ն, անուշ սարե˜ր,
Ալմաստի սարե˜ր…

Վիեննա
1901

 

 

Անտուն թռչնակս, իմ խեղճ, տխուր երգ,
Դու իզուր թռար իմ սիրող սրտես.
Գլուխ դնելու մեկ տեղ դու երբեք,
Գիտեմ, չես գտնի, ինչքան թափառես:

Այս փուշ աշխարհում, քար – սրտերի մեջ,
Երգ ի՛մ, քեզ համար վայել վայր չըկա,
Դու` օտար թռչուն, ժեռ քարերի մեջ,
Դու` կյանք, դու` տանջանք – շուրջըդ անզգա…

1902

 

 

Արազի ափին բոստանըս լինի,
Սալվի ուռ տընկեմ, վարդեր ու լալա.
Հով ուռենու տակ քողտիկս լինի,
Օջախիս միջին կրակ բոցկըլտա:

Ու սրտով սիրած Շուշանս լինի,
Օջախիս կողքին գուրգուրենք իրար.-
Արազի ափին բոստանս լինի,
Ծով – քրտինք թափեմ Շուշիկիս համար:

1902
Բաքու

 

 

Անդարձ գնացած

 

Ամպերն են իջնում բարձր քերծերից,
Թռչնակըս ինչո՞ւ այսքան ուշացավ,
Դողում է սիրտս մռայլ կասկածից,
Ու մութը քանի գնաց , թանձրացավ:
Եվ ճեղքելով ամպ ու մշուշ`
Անգղն եկավ` ճանկերն արյուն…

Ու  մութը քանի գնաց, ծանրացավ,
Սիրտըս հուսաբեկ` լալիս է տխուր.
Իմ խողճ թռչնակս, արդյոք, ի՞նչ եղավ,
Վայում է քամին դաշտերում թափուր:
Եվ ճեղքելով մլարն ու մուժ`
Անգղն եկավ` կտուցն արյուն…

1903

 

 

Այս ջինջ գիշերիս անո՛ւշ կըխըշշան
Մարմանդ հովերով իմ սոսիներըս,
Ու երազներով սիրո հուշերըս
Ջարդված սրտիս մեջ շարեշար զարթնան:

Անցա՛վ, չըքացա՛վ բույրը իմ սրտից,
Մարան երգերս` շքե˜ղ, մարգարտյա՛,
Ա˜խ, գարուն – սերըս է՛լ ետ չի դառնա,
Ինչքա˜ն հեռու են կյանք, աշխարհն ինձնից:
Սիրուն աղջըկա քրքիջը հիմա
Ծակում է սիրտըս անհուն տանջանքով.
Թոշնան վարդերըս զառ կոկոնններով, -
Ա˜խ, գարուն – սերըս է՛լ ետ չի դառնա…

1903
Ալեքսանդրապոլ

 

 

Ազատության զանգ

 

Ազատության Զա՛նգ, դու վե՛հ ղողանջե՛ 
Կովկասյան վսե՛մ, վե՛ս բարձունքներից,
Ինչպես մըրրիկ` շաչե՛, շառաչե՛,
Մինչև սիգապանծ ազատն Մասիս:

Անհագ վըրեժի և ընբոստացման,
Ե՛վ բուռն ցասման բարբառը հնչե՛,
Ժողովուրդների անկա՛խ, ինքնիշխա՛ն`
Դաշն ազատական խրոխտ ղողանջե՛:

Լեռներից խրճիթ, և ձորերից – ձոր,
Եվ սրտերից սիրտ ձայնդ թո՛ղ թռչի,
Եվ ընդվըզումի պատգամդ հզոր
Հավիտյան անլուռ երբեք թո՛ղ չհանգչի;

Ըմբոստ ոգինե՛ր, թև առե՛ք, հասե՛ք,
Եվ զանգահարենք ամո՛ւր, միահամո՛ւռ.
Զանգն ազատության զանգահարեցե՛ք
Կովկասի համար հանո՛ւր, ընդհանո՛ւր:

Եվ որոտա՛, Զան˜գ, և արթնացըրու
Դարավոր նիրհից Մասիսն ու Կազբեկ,
Թափ տո՛ւր թևերդ, արծի՛վ լեռներո՛ւ,
Քընած առյուծներ, բաշերդ թոթվե՛ք:

Եվ բավական է` անարգ լըծի տակ
Մենք ստրուկ մնանք` ձեռներըս շըղթա,
Կապանք փշրելու մեզ թո՛ւյն ու կըրակ,
Մեզ ուժ և կորով, վըրեժ որոտա՛.

Եվ մեզ ամենքիս մըռնչա՛, կոչե՛ 
Մահվան ու փառքի դաշտը պայքարի.
Սըրբազան ռազմի շեփորը գոչե՛ 
Ընդդեմ բռնության, ամբարիշտ Չարի:

Եվ ազատության նորոգ արևի
Ոսկի ներբողըդ, Զա˜նգ, զըվարթ հընչե՛.
Բյուր գագաթներից ազատ Կովկասի
Սուրբ եղբայրության տոնին մեզ կանչե՛:

1903
Ղազարապատ

 

 

Ա՛խ, սիրտս անմեր ու սիրտս անմեր
Որբուկի նման,
Զօր – գիշեր կուլա, քուն – դադար չունի.
Ու ինչպես մորը, հարազատ մո˜րը, -
Սիրուս կըկանչե,
Որ գիրկըն ընկնի, ծով – կարոտն առնի…

Սերս մեռեր է ու կանանչ մեռեր,
Է՛լ հետ չի դառնա, -
Իմ խե՛ղճ, իմ ո՛րբ սիրտ, ինչքա˜ն մորմոքիս,
Է՛լ քեզ գուրգուրող ու քեզ գուրգուրող
Ազիզ մեր չըկա,
Ու նանիկ ասող, ար անո˜ւշ քնիս…

Ա˜խ, առանց ծաղկի ու առանց վարդի
Իմ գարունն անցավ,
Ու խեղճ բլբուլս շա˜տ կանուխ լռեց.
Էն սև˜ ուրուրը ու սև˜ ուրուրը
Չոր գլխովըս անցավ,
Բլբուլըս անհուն թևերը թափեց…

Է˜խ, իմ դարաքաշ ու իմ դարաքաշ
Չոր գլուխս առնեմ,
Գա՛մ թափառելու ափերդ, Արա՛զ.
Քարե – արցունքըս
Ջրերուդ խառնեմ,
Լա՛մ թափառելով ափերըդ, Արա՛զ… 
1903

 

 

Անտուն քամու պես փակ դուռըդ, գիտե՞ս,
Ես շատ եմ ծեծել ու դու չես բացել.
Սարերն եմ ընկել վշտից խելագար
Ժայռերին զարկվել ու շատ եմ լացել:

Սարերն են վկա, որ օրից մի օր
Վատ չեմ խոսացել, գանգատվել քեզնից.
Ավա˜ղ, լցրել եմ լացով սար ու ձոր,
Բայց չեմ գանգատվել, բամբասել քեզնից:

1904

bottom of page